2024 թվականի վերջին Երեւանում բացվեց French Bubbles նոր ռեստորանը, որն առաջարկում է ամբողջական ճաշացանկ եւ քաղաքի շամպայնի ու փրփրուն գինիների ամենամեծ ընտրանին:
Ռեստորանի համահիմնադիրներ Մովսես Մակարյանը եւ Արտյոմ Նազարովը նշում են, որ French Bubbles-ը վայր է փրփրուն գինով նախաճաշերի, անմոռանալի ճաշերի եւ մթնոլորտային ընթրիքների համար սիրելիների ու մտերիմների հետ.
«Մեր ռեստորանը տոնի մասին է՝ անկախ ամսաթվից կամ օրվա ժամից»:
GastroVino-ի հետ զրույցում նրանք պատմել են մթնոլորտի ստեղծման գործընթացի եւ իրենց կյանքի փիլիսոփայության մասին, որը դրված է French Bubbles-ի հիմքում:
«Ցանկանում էինք կիսել կենսուրախությունը քաղաքի հետ»
Մովսես Մակարյան
Ես եւ Արտյոմը ձեռնարկատերեր ենք: Ծանոթացել ենք աշխատանքի բերումով մոտ երկու տարի առաջ եւ այդպես սկսվեց մեր լավ ընկերությունը: Պատահում է, որ հանդիպում ես մարդու եւ հասկանում, որ դուք շատ նման «բեքգրաունդ», ընտանեկան արժեքներ եւ կյանքի տեսլական ունեք: Մենք հայեր ենք, թեեւ երկար ժամանակ այստեղ չենք ապրել: Ես ծնվել եմ հրաշալի Վանաձոր քաղաքում, իսկ 14 տարեկանում մեկնել եմ Սինգապուր՝ սովորելու, հետո ապրել եմ Էմիրություններում, Ֆրանսիայում, Ավստրալիայում եւ ԱՄՆ-ում:
Մովսես Մակարյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Հայաստանը միշտ շատ եմ սիրել, եւ այս հարցում եւս Արտյոմի հետ մեր մոտեցումները համընկան: Մեզ համար կարեւոր էր համատեղ նախագիծն իրականացնել հենց մեր երկրում:
Դիտարկում էինք տարբեր գաղափարներ եւ մոտ մեկ տարի առաջ որոշեցինք, որ ցանկանում ենք ռեստորան բացել: Տարածքի որոնումը հեշտ չէր, բայց մեզ հաջողվեց գտնել այս վայրը՝ Մոսկովյան 33 հասցեում: Նախկին սեփականատերերը նախատեսում էին այստեղ ծաղկի խանութ բացել՝ համատեղված բարի հետ, որտեղ կարելի է շամպայն խմել:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Մենք ամբողջությամբ փոխեցինք կոնցեպցիան՝ պահպանելով միայն շամպայնի գաղափարը, քանի որ մեր տրամադրությունը շատ էր համընկնում հենց այս ըմպելիքի հետ: Մենք միշտ փորձում ենք կատակել, նույնիսկ դժվար ժամանակներում: Մենք ցանկանում էինք կիսել այս կենսուրախությունը քաղաքի հետ:
«Շամպայնը թեթեւության եւ երջանկության մասին է»
Արտյոմ Նազարով
Այսօր French Bubbles-ը նախեւառաջ ռեստորան է՝ ամբողջական ճաշացանկով եւ ըմպելիքների մեծ ընտրանիով, հատկապես՝ փրփրուն գինիների: Իսկ զգացողություններով՝ սա տոների վայր է, որովհետեւ շամպայնը միշտ թեթեւության եւ երջանկության մասին է: Այն չեն խմում, երբ տխուր են լինում:
Արտյոմ Նազարովը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ռեստորանում մի քանի լոկացիաներ կան, որոնց տաք եղանակին կավելանա նաեւ ամառային վերանդան: Հիմնական սրահում կարելի է նստել թե՛ սեղանի շուրջ, թե՛ բարի մոտ: Մեր գինու մառանը շատ հարմարավետ տեղ է, որը հաճախ ամրագրվում է միջոցառումների անցկացման համար:
Լուսանկարը՝ French Bubbles
French Bubbles-ը բաց է առավոտյան 9-ից եւ մինչեւ օրվա ժամը 13:00-ն առաջարկում է տարբեր նախաճաշեր: Մինչեւ ժամը 11:00-ը հյուրերին փրփրուն գինի ենք հյուրասիրում:
Ինչպես հուշում է անվանումը, մեր կոնցեպցիան հիմնված է շամպայնի եւ աշխարհի տարբեր երկրների փրփրուն գինիների վրա: Եվրոպականներից բացի, մեզ մոտ ներկայացված են նաեւ հայ արտադրողները, որոնք շատ արժանի արտադրանք ունեն: Վերջին հաշվարկներով, փրփրուն գինիների 46 տեսակ ունենք:
Bubbles-ում կա նաեւ այլ ալկոհոլ՝ գինի, վիսկի, կոնյակ, ռոմ, տեկիլա:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Շատ հյուրեր զարմանում են, որ եվրոպական խոհանոցի ամբողջական ճաշացանկ ունենք, քանի որ շամպայնը հաճախ ասոցացվում է թեթեւ նախուտեստների հետ: Մեր ճաշացանկում մոտ 60 ուտեստ կա, եւ յուրաքանչյուրը տպավորիչ է:
«Գիտակցաբար հեռացանք «բետոնե տուփից»»
Մովսես Մակարյան
French Bubbles-ի բացումից առաջ շատ ժամանակ ենք անցկացրել քաղաքի այլ ռեստորաններում եւ եկանք այն եզրակացության, որ այս ոլորտում շատ կարեւոր է մթնոլորտը: Ուտելիքը միանշանակ պետք է համեղ լինի, սպասարկումը՝ լավը, ինտերիերը՝ գեղեցիկ, բայց եթե այս ամենին հոգի չավելացնես, անհրաժեշտ մթնոլորտը չստեղծես, վայրը սիրելի չի դառնա:
Լուսանկարը՝ French Bubbles
Հաճախ գործարարները ռեստորան են բացում, վարձում են կապալառուներ, շինարարներ եւ առաջադրանք են տալիս՝ «կառուցեք սա»:
Մովսես Մակարյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Մենք որոշեցինք, որ այդպիսի մոտեցմամբ հնարավոր չէ ստեղծել ռեստորանի մթնոլորտն ու հոգին: Դրա համար պետք է ինքդ ներթափանցես գործընթացի մեջ, մտածես յուրաքանչյուր մանրուքի մասին: Այսպես, օրինակ, ստիպված եղանք մեկ ամիս պատերը վերաներկել, մինչեւ չստացանք հենց այն երանգը, որը սկզբնապես էր մտածված:
Լուսանկարը՝ French Bubbles
Հիմա շատ հաճելի է հյուրերից լսել, որ նրանց դուր են գալիս ոչ միայն ուտելիքն ու ըմպելիքները, այլեւ մթնոլորտը:
«Բիզնեսում կարեւոր է ազնվությունը»
Արտյոմ Նազարով
Կա երկու ճանապարհ՝ առաջնորդել հասարակությանը կամ հետեւել նրան:
Մենք նախընտրում ենք առաջնորդել հասարակությանը, առաջարկել ինչ-որ նոր բան, բայց միեւնույն ժամանակ պահպանել հավասարակշռությունը եւ լսել մեր հյուրերի կարծիքը:
Մովսես Մակարյան
Թե՛ կյանքում, թե՛ բիզնեսում մեզ համար կարեւոր է ազնվությունը: Հայաստանի ռեստորանային ոլորտում կան հարցեր, որոնց հետ մենք այնքան էլ համաձայն չենք:
Լուսանկարը՝ French Bubbles
Օրինակ՝ 10 տոկոս սպասարկման վճարը: Հաճախ ռեստորանները վերցնում են այն՝ պատրվակելով, որ այդ գումարը գնում է մատուցողներին կամ դա վճար է սպասարկման համար՝ աթոռ, սփռոց, սպասք: Բայց եթե ես ռեստորան եմ եկել, ապա, իհարկե, պետք է նստեմ աթոռին եւ օգտվեմ սպասքից:
Մեզ մոտ այդ վճարը գործում է միայն հինգ հոգուց ավելի խմբերի սպասարկման դեպքում:
Ուտեստ, որը «երազում կտեսնեք»
Արտյոմ Նազարով
Շատ դժվար է առանձնացնել մեր ուտեստներից որեւէ մեկը: Արժե փորձել բոլորը: Եթե խոսենք աղանդերի մասին, ապա մեր լավագույն ուտեստներից մեկը կրեմ-բրյուլեն է: Արդեն մշտական հաճախորդ ունենք, ով իր ամեն առավոտը սկսում է Bubbles-ում՝ սուրճով եւ կրեմ-բրյուլեով:
Լուսանկարը՝ French Bubbles
Իմ սիրած ուտեստներից մեկը ֆիլե մինյոնն է ֆուա-գրայով: Մենք օգտագործում ենք հայկական տավարի միս եւ ընդհանրապես՝ երբ դա հնարավոր է, փորձում ենք հայկական մթերքով աշխատել:
Լուսանկարը՝ French Bubbles
Ճաշացանկի յուրաքանչյուր ուտեստ կարող է հյուրերի համար սիրելի դառնալ, բայց եթե խոսենք փաստերի լեզվով, ապա թիվ մեկ ուտեստը վաճառքի եւ կրկնակի պատվերների առումով Բեֆ-բուրգինյոնն է կամ միսը բուրգունդյան ձեւով՝ գինու սոուսով եփված տավարի թուշիկներ, որոնք մատուցվում են տրյուֆելային պյուրեով: Մեկ անգամ փորձելով այս ուտեստը, դուք երկար ժամանակ այն երազում եք տեսնելու (ժպտում է – խմբ.): Մեր շեֆ-խոհարարը շատ լավ է զգում համերը:
Մովսես Մակարյան
Ֆիրմային կոկտեյլները պատրաստվում են փրփրուն գինիներից: Եթե պետք է առանձնացնել որեւէ մեկը, ինձ համար դա կլինի Parfum de Provence-ը:
Parfume de Provance կոկտեյլը | Լուսանկարը՝ French Bubbles
Իր գաղափարախոսությամբ այն նման է հենց Bubbles նախագծին՝ նույն գույնի, հատապտղային համով եւ ծաղկային բույրով: Դրանում օգտագործվում են մրգային լիկյորներ եւ օշարակներ, որոնք ինքներս ենք պատրաստում:
«Ընտրեք տոնը»
Արտյոմ Նազարով
French Bubbles ռեստորանը տոնի մասին է, բայց դա կոնկրետ ամսաթիվ կամ տարվա եղանակ չէ: Դա ջերմության եւ ուրախության զգացողությունն է, այն բոլոր պահերը, երբ մենք մեզ երջանիկ ենք զգում:
Արտյոմ Նազարովը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Մեր փիլիսոփայությունն այն է, որ երջանիկ լինելը մարդու գիտակցված ընտրությունն է: French Bubbles-ի միջոցով փորձում ենք փոխանցել հենց այդպիսի վերաբերմունք կյանքին՝ թեթեւ, փրփրուն եւ տոնական: Վատ ժամանակները, ինչպես եւ լավերը, միշտ անցնում են: Այնպես որ՝ այսօր ընտրեք տոնը:
Յանա Շահրամանյան
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: