×

Քրիստիան Բրասկ Թոմսենը Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Խոհարարության Ինդիանա Ջոնսը» բացահայտում է Հայաստանի ԴՆԹ-ն

Այս օրերին Հայաստանում են գաստրոնոմիայի ոլորտում մասնագիտացված միջազգային 14 լրագրողներ, որ եկել են բացահայտելու մեր երկրի խոհարարական պոտենցիալն ու գաղտնիքները: Հայաստանում նրանց առաջնորդում է աշխարհի առաջին գաստրո դեսպանատան՝ Bon Vivant Communications-ի հիմնադիր, խոհարարության դեսպան Քրիստիան Բրասկ Թոմսենը:

Քրիստիանն աշխարհում հայտնի է գաստրոնոմիկ խենթ փորձառությունների կազմակերպմամբ: Նրա հեղինակած Dining Impossible քառօրյա ընթրիքին մասնակցելու համար հյուրերն օվկիանոսներ են հատում՝ ժամանելով տարբեր մայրցամաքներից:

Մեդիամաքսի հետ զրույցում խոհարարության դեսպանը պատմել է այցելության նպատակի մասին ու քննության առել Հայաստանի գաստրոնոմիկ պոտենցիալը:

Խոհարարության Ինդիանա Ջոնսը

Քրիստիան Բասկ Թոմսենին նաեւ այլ անուններով են կոչում, օրինակ՝ «Հաճույքի դեսպան»: Հայկական խոհանոցին ծանոթանալուց հետո «Լավաշի սիրահար» դիմելաձեւին էլ դեմ չէ: Սա Քրիստիանի երկրորդ այցն է Հայաստան:

«Առաջին այցս 2021թ. հունիսին էր: Նպատակը ծանոթացումն էր ձեր պատմությանը, մարդկանց, մշակույթին եւ մթերքներին՝ մաքուր կերպով փոխանցելու այդ գիտելիքը աշխարհահռչակ շեֆ-խոհարար Մեդս Ռեֆսլունդին, որը երեք շաբաթ Ծաղկունք գյուղի «Tsaghkunk Restaurant & Glkhatun» ռեստորանում հատուկ ընթրիքներ էր պատրաստում: Այս հետազոտությունն անհրաժեշտ էր, որպեսզի Մեդսը կարողանար Հայաստանն ավելի խորությամբ զգալ ու այդպիսով գաղափար կազմեր՝ ինչպես նոր էջ բացել հայկական խոհանոցի համար»,- պատմում է նա:

Մեդս Ռեֆսլունդը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Հայաստանով շրջելը որքան գեղեցիկ է, այնքան էլ մարտահրավերային, որովհետեւ ճանապարհներն այստեղ արկածային ֆիլմերի տեսարանների հետ կարող են համեմատվել: Քրիստիանն անգամ այս պարագայում կարողանում է գտնել հետաքրքրական բաղադրիչ. «Խոհարարական ոլորտի Ինդիանա Ջոնսն եմ, որ անցնում է մոռացված տարածքներով իր խոհարարական-մշակութային որոնումներում»:

Բացահայտելով Հայաստանի ԴՆԹ-ն

Առաջին ճանաչողական այցն օգնել է Քրիստիանին կազմել լավագույն ծրագիրը միջազգային լրագրողների նախատեսվող այցի համար: Նրա խոսքով՝ գաստրո ոլորտի աշխարհի լավագույն հեղինակներին փորձել է գրավել հայերի անկեղծությամբ:

«Հեշտ է հյուրերին տանել մի շքեղ վայրից մյուսը, իսկ վերջում կատարյալ պատկեր ներկայացնել: Բայց մեր նպատակն ամենեւին էլ դա չէ: Ցանկանում ենք, որ նրանք սիրահարվեն Հայաստանին անկեղծության միջոցով»,- ասում է Քրիստիանը:

Հայաստան ժամանած հեղինակները ներկայացնում են հետեւյալ երկրները. Պերու, Ռուսաստան, Լեհաստան, Իսպանիա, Դանիա, Ուկրաինա, Իտալիա, ԱՄՆ: Նրանցից եւ ոչ մեկը նախկինում Հայաստանում չէր եղել: Շրջել են ինչպես Երեւանով, այնպես էլ մարզերով: Եղել են Մատենադարանում՝ տեսնելու խոհարարական հնագույն բաղադրատոմսեր, այցելել Էջմիածին, որն իրենց բնորոշմամբ հայկական Վատիկանն է: Տարբեր մարզերում գտնվող գինեգործարաններ այցերով էլ ծանոթացել են հայկական գինուն ու դրա պատմությանը, բացահայտել գողտրիկ անկյուններում թաքնված ռեստորանները, տեսել են Հայաստանը նաեւ թռչնի թռիչքի բարձրությունից՝ շրջելով ուղղաթիռով: Ըստ Քրիստիանի՝ այս ճանապարհորդության նպատակը «Հայաստանի ԴՆԹ-ն բացահայտելն է»:

Համի զգայարանները՝ երկիրը ճանաչելու միջոց

Ծաղկունք գյուղի «Tsaghkunk Restaurant & Glkhatun»-ում հատուկ ընթրիքին մասնակցությունը լրագրողներին հատկապես տպավորած դրվագներից է: Նրանք ականատես են եղել լավաշ թխելու արարողությանը, որն ըստ Քրիստիանի՝ իսկական կախարդանք է:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Գաստրոնոմիկ ներկայացումը, որին ականատես եղան միջազգային հեղինակները, պարզապես հրաշալի ուտեստների ցուցահանդես էր: Երեւում էր, թե շեֆն ինչպես է ձուլվել միջավայրին ու դրանից դուրս բերել հափշտակող համադրություններ, որոնք միանգամայն նոր համեր են ինչպես հայերի, այնպես էլ արտերկրյա հյուրերի համար: Լրագրողները օրեր շարունակ ձգտել էին սեփական փորձառությամբ ճանաչել Հայաստանի անցյալն ու ներկան մշակույթի, հոգեւոր կյանքի, պատմության վերելքների ու վայրէջքների միջոցով, իսկ հետո կարողացան տեսնել Հայաստանի ապագան ու պոտենցիալը՝ հայկական խոհանոցին առերեսմամբ: Ակնհայտ է, որ սնունդը համընդհանուր լեզու է իր տարատեսակ բարբառներով, եւ այն հրաշալի միջոց է ճանաչելու երկրի պատմությունն ու մշակույթը համի զգայարանների միջոցով»,- մանրամասնում է խոհարարության դեսպանը:

Նա համոզված է, որ լրագրողները տպավորիչ հոդվածներ կհրապարակեն, որովհետեւ արդեն սիրահարվել են Հայաստանին: Առաջիկայում նախատեսվում է տպագրել 25 հոդված մոտ 10 տարբեր լեզուներով աշխարհի առաջատար գաստրոնոմիկ թերթերում եւ ամսագրերում:

«Վստահ եմ, որ այս հոդվածները կօգտագործի նաեւ ձեր կառավարությունը, ինչպես զբոսաշրջության զարգացման, այնպես էլ գուցե արտահանումը խթանելու համար: Հուսով ենք, որ այս մասնավոր նախաձեռնությունը ընծա կդառնա նաեւ Հայաստան պետության համար»,- նշում է Քրիստիանը:

Զարգացման հնարավորություններ եւ խոչընդոտներ

Ըստ փորձագետի՝ գաստրոտուրիզմի զարգացման համար Հայաստանը պետք է շեշտադրի իր հիմնական մի քանի առավելությունները՝ յուրահատուկ մթերքները, ջերմությունն ու առատաձեռնությունը: Սակայն սա բավարար չէ: Անհրաժեշտ է այս ամենը նորովի մատուցել, ստեղծագործ մոտեցումներ առաջ քաշել՝ ձեւավորելով նոր խոհարարական լեզու: Սա հենց այն է, ինչի համար էլ Հայաստանում են Քրիստիանը, շեֆ Մեդս Ռեֆսլունդը եւ այլք:

«Օրինակ՝ Մոսկվայում հայկական ավանդական ռեստորաններն այդքան էլ պահանջված չեն, դոմինանտ են վրացականները: Եթե դուք ցանկանում եք դուրս գալ վրացական խոհանոցի ստվերից, պետք է փոփոխություններ իրականացնելու կամք ունենաք, նոր էջ բացեք ձեր խոհարարական լեզվում: Մենք կօգնենք, որպեսզի լիարժեք իրացնեք ձեր ներուժը»,- նշում է Քրիստիանը:

Այս ծրագիրն ամբողջապես ֆինանսավորվում է «ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման եւ մրցունակության հիմնադրամի կողմից: Հեղինակներն այժմ մտածում են՝ ինչպես զարգացնել այն: Քրիստիանը համոզված է, որ ավելի մասշտաբային փոփոխության համար կարեւոր կլինի կառավարության ներգրավվումն այս աշխատանքներում:

Քրիստիան Բրասկ Թոմսենը Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Չի կարելի ակնկալել, որ մասնավոր նախաձեռնությունները մշտապես միայնակ պետք է ջանք ներդնեն: Եթե Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը հետաքրքրված է երկրի խոհարարական ապագայով ու գաստրո զբոսաշրջությամբ, ապա պետք է քայլեր ձեռնարկի, այլապես գործն առաջ չի գնա: Իհարկե, սա չի նշանակում, որ մենք դադարեցնելու ենք մեր գործունեությունը, հարցը միայն սնրանում է, թե ինչ ճանապարհով առաջ կշարժվենք»,- ասում է Քրիստիանը:

Տպավորված բնությամբ ու մարդկանցով

Խոհարարության դեսպանին այս երկու այցերի ընթացքում մեծապես տպավորել է մարդկանց ջերմությունն ու բնության բազմազանությունը:

«Ձեր Stonehenge-ը՝ Քարահունջը, Տաթեւի վանական համալիրն ու «Տաթեւեր» ճոպանուղին մոգական են: Հատկապես հրաշալի են մայրամուտին երկնքի երանգները՝ դեղձագույնն ու մանուշակագույնը, լեռները, որտեղից ամպերն այդքան մոտ են: Թվում է, թե հիմա կտեսնես՝ ինչպես է Չինգիզ Խանն անցնում Մետաքսի ճանապարհով՝ ձգտելով նվաճել Եվրոպան: Այս լեռնային գեղեցկությանը համադրվում են ձեր հրաշալի մթերքներն ու հյուրասեր բնավորությունը: Եթե ես Հայաստանում ապրեի, շատ կարճ ժամանակում կգիրանայի. այստեղ մշտապես ցանկանում են, որ բոլոր տեսակի ուտեստներից անպայման փորձես»,- ժպտում է Քրիստիանը:

Չնայած հայերի մի շարք դրական որակներին, որոնց մասին հիացմունքով նշում է Քրիստիանը, մի թերություն է նկատել. հայերը շատ պահպանողական են, չեն սիրում նորություններ փորձել, ինչն էլ կարող է զարգացման համար խոչընդոտ դառնալ:

«Ստեղծագործ եւ գիտակ մարդկանց խմբերի համար, ինչպիսին է, օրինակ, Ծաղկունքի թիմը, մեծ մարտահրավեր է ստանալ նորույթ, երբ ձգտում ես աշխատել ինչպես սովորաբար է արվում: Ես հասկանում եմ, որ տեղացիների համար պարզ չէ, թե ովքեր են այս մարդիկ, որոնք մեզ հորդորում են փոփոխություններ մտցնել, բայց մեր փորձը բավականին համոզիչ է: Հաջորդ անգամ տեղի մեր գործընկերներին հորդորելու ենք, որ ավելի ազատամիտ լինեն»,- ամփոփում է խոհարարության դեսպանը:

Գայանե Ենոքյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին