×

Թոնիրի լավաշ Ստեփանակերտում

«Lavash»-ի հեղինակները նոր գրքով գովերգում են մինչպատերազմյան Արցախը

Հայկական խոհանոցը բացահայտած «Lavash» գրքի հեղինակները Արցախին եւ արցախյան խոհանոցին նվիրված նոր գիրք-ամսագիր են հրատարակել։ Վառ գույներով եւ սահմանափակ քանակությամբ տպագրությունն արցախյան ուտեստների բաղադրատոմսերի եւ պատմությունների միջոցով ներկայացնում է Արցախը մինչեւ 2020 թվականի պատերազմը, իսկ վաճառքի ողջ հասույթն ուղղվելու է Հայաստան համահայկական հիմնադրամին՝ օգնելու Արցախից տեղահանվածներին։

«Artsakh» գիրք-ժուռնալը որակյալ դիզայնով եւ ավելի քան 40 բնօրինակ լուսանկարներով հրատարակություն է, որը ներկայացնում է Արցախյան խոհանոցի՝ հեղինակների բացահայտած բաղադրատոմսեր, այդ թվում՝ «ժենգյալով հաց», «կուրկուտ», «թոնրի լավաշ» եւ այլն:

Արա Զադան, Ջոն Լին եւ Քեյթ Լեհին


Գովերգելով մինչպատերազմյան Արցախը

2020-ի սեպտեմբերին Արցախում պատերազմ սկսվեց, որի հետեւանքով հազարավոր հայեր, ովքեր ապրել են Արցախում սերնդեսերունդ, այժմ տեղահանվել են եւ իրենց կյանքը զրոյից են սկսում Հայաստանում՝ ունենալով միայն այն, ինչ կարողացել են իրենց հետ տանել մեքենաներով եւ տոպրակների մեջ: Շատերն էլ առաջնագծում կորցրել են իրենց սիրելիներին։

«Ժենգյալով հաց»՝ Ստեփանակերտի կենտրոնական շուկայում


«Մեր առաջին ուղեւորությունը Արցախ կատարեցինք 2015թ․-ին, երբ «Lavash»-ի համահեղինակ Ջոն Լին՝ Թումո-ի իր ուսանողի հետ, բացահայտում էին Ստեփանակերտի կենտրոնական շուկան եւ այնտեղի «ժենգյալով հաց» պատրաստողներին, Ալլա Արզումանյանի խոհանոցը՝ Ասկերանի «Մայրիկ» սրճարանում եւ Սարո Սարյանի խորովածը՝ Շուշիում:

Խորոված Շուշիում


Համահեղինակներ Քեյթ Լեհին եւ Արա Զադան Արցախում հետազոտություններ էին արել Tumo-ի Մարի Լու Փափազյանի հետ՝ 2017-ի նոյեմբերին: Եվ մենք՝ բոլորս, միասին եւս մեկ անգամ մեկնել էինք Արցախ 2018-ի ապրիլին, երբ, ի միջի այլոց, պարզեցինք, թե ինչ կանաչիներ են մտնում «ժենգյալով հացի» բաղադրատոմսում:

Ստեփանակերտի շուկան


Ուստի ծանր սրտով եւ հիասթափությամբ մենք ականատես եղանք տեղի ունեցող բռնություններին եւ ավերածություններին: Հայաստանի մեր այն ընկերները, ովքեր օգնել էին մեզ գրքի համար ուսումնասիրությունների ընթացքում, տեսնում էին, թե ինչպես են իրենց իսկ ընկերներն ու ընտանիքի անդամները մեկնում առաջնագիծ կռվելու: Եվ ոմանք, դժբախտաբար, զոհվեցին։

Սա ստիպեց մեզ հետադարձ հայացքով նայել որոշ նկարներ, որ արցախյան ուղեւորությունների ժամանակ արել է Ջոնը. հանգիստ եւ խաղաղ ժամանակներ, երբ Արցախի ուժեղ եւ կենսուրախ քաղաքացիները մեզ ցույց էին տալիս իրենց հյուրընկալությունը, հումորը եւ հնարամտությունը: Պետք է նորմալը լինի այս նկարներում պատկերված Արցախը: Ողբերգությունը, որին ականատես ենք, զզվելի սխալ է։

Artsakh գիրք-ամսագիրը


Մեր սրտերը կոտրում է այն, որ Արցախի հայերը՝ իրենց տների հետ մեկտեղ թողնում են նաեւ դարերի պատմությունն ու մշակույթը: Որոշ շենքեր եւ պատմական ժառանգության օբյեկտներ այժմ ընդմիշտ կորսված են: Ահա թե ինչու մենք հրատարակեցինք «Artsakh»-ը` նվիրված այն ամենին, ինչ մենք տեսանք մեր ճանապարհորդության ընթացքում: Մենք ցանկանում էինք պատերազմից առաջվա Արցախի «ժամանակի պարկուճ» ստեղծել», - ասում են հեղինակները:


Artsakh from John Lee on Vimeo.


Վառ պահելով ժառանգությունը

“Artsakh” գրքի հեղինակներն են Արա Զադան, Ջոն Լին, Քեյթ Լեհին եւ Ալիս Չաուն: Թիմն, ընդհանուր առմամբ, խոհարարական գրքեր ստեղծելու, նախագծելու, գրելու եւ հրատարակելու ավելի քան մեկ տասնամյակի (եւ ավելի քան 125 վերնագիր) փորձ ունի։

Արա Զադան շեֆ-խոհարար է, հեռուստատեսային դեմք, ով մեծացել է հայ-եգիպտական ընտանիքում, իսկ այժմ ապրում է Լոս Անջելեսում: Ջոն Լին մրցանակակիր լուսանկարիչ եւ կինոռեժիսոր է, մասնագիտացած է խոհարարական վիդեո-ստեղծման մեջ, բնակվում է Սան Ֆրանցիսկոյում եւ Սինգապուրում: Քեյթ Լեհին գաստրո թեմայով մրցանակակիր գրող է, ապրում է Սան Ֆրանցիսկոյում: Ալիս Չաուն արթ-ղեկավար եւ գրքերի դիզայներ է, բնակվում է Սան Ֆրանցիսկոյում:

Թոնիրի լավաշ Ստեփանակերտում


Հեղինակները ցանկանում են «համոզված լինել, որ Արցախից երջանիկ հիշողություններն առհավետ չեն կորել»:

«Պատերազմի պայմաններում մշակույթը պաշտպանելը սարսափելի խնդիր է, բայց կարեւոր է պահպանել ժառանգությունը, աջակցություն ցուցաբերել նոր տեղահանվածներին, ովքեր նոր սկիզբ են սկսում Հայաստանում», - ասում են նրանք:

Քեյթ Լեյհին՝ Դոմեն Ավետիսյան գինեգործարան տանող ճանապարհին


GastroVino-ն «Artsakh»-ի ստեղծման շուրջ զրուցել է Քեյթ Լեհիի հետ.

Գաղափարը

Մեր ընկեր Ալիս Չաուն, ով արթ-ղեկավար եւ գրաֆիկական դիզայներ է, մեզ դիմեց հրատարակության շուրջ համագործակցության առաջարկով, որը ընդգծելու էր Արցախը պատերազմից առաջ:

Ալլա Արզումանյանի խոհանոցը Մայրիկ սրճարանում, Ասկերան


Նա մեզ հետ Երեւանում էր թավշյա հեղափոխության ժամանակ եւ անցած աշնանը հետեւում էր բռնկված պատերազմի մասին լուրերին: Նա ուզում էր մեզ օգնել՝ ինչ-որ բան ստեղծել, որը ինչ-որ բան վերադարձնելու հնարավորություն կտար:

Իրագործումը

Բարեբախտաբար, մենք արդեն շատ ուսումնասիրություններ էինք արել, երբ աշխատում էինք «Lavash» գրքի վրա։ Այս ծրագրի համար, քանի որ դրամահավաք էր անցկացվում, մեր նպատակն էր հնարավորինս արագ ունենալ գեղեցիկ հրատարակություն, որպեսզի կարողանանք այդ կերպ աջակցել այն մարդկանց, ովքեր տեղահանվել են պատերազմի պատճառով եւ այժմ իրենց կյանքը սկսում են նորից: Գաղափարի մասին մենք սկսեցինք խոսել նոյեմբերից եւ շուտով սկսեցինք գրել այն: Մենք նաեւ ստիպված էինք միջոցներ հայթայթել Indiegogo-ում դրամահավաքի միջոցով, որպեսզի կարողանայինք ֆինանսավորել տպագրությունը:

Թթի բերքահավաք Շուշիում


2021թ. փետրվարի վերջին մենք պատրաստ էինք տպագրության: Սա շատ արագ է: «Lavash»-ի դեպքում մենք սկսել էինք աշխատել 2016 թվականից եւ այն չէր հրապարակվել մինչեւ 2019 թվականը:

Բովանդակությունը

Դա մի քիչ փոքր է գրքից եւ մի քիչ ավելին, քան մեծ հրատարակություն։ Կարող եք համարել կոլեկցիոների ամսագիր։ Էջերը մեծ են՝ ընդգծելու Ջոն Լիի լուսանկարչությունը, ով լուսանկարներ էր արել Արցախում 2015-ին եւ 2018-ին։ Նրա լուսանկարներում պատկերվածի մի մասն այժմ ավերված է, այնպես որ լուսանկարչությունը մինչպատերազմյան ժամանակի պարկուճի պես մի բան է։ Կադրերում են Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնը, Խորովածի տոնը եւ Ղազանչեցոց տաճարը Շուշիում:

Շուշի Սբ. Ամենափրկիչ եկեղեցին


«Lavash»-ի վրա աշխատելիս մենք նաեւ Արցախի ուտեստների բաղադրատոմսեր էինք հավաքել, որոնք չէինք ներառել նախորդ գրքում, քանի որ դրանք բավական մոտ էին այլ բաղադրատոմսերի։ «Lavash»-ում կա «ժենգյալով հացի» բաղադրատոմսը, բայց «Artsakh»-ում բաղադրատոմսն ավելի ընդարձակ ենք ներկայացրել ու ներառել ենք բոլոր բույսերի եւ կանաչիների լուսանկարները, որ ներառված են բաղադրատոմսում եւ որոնք օգտագործում ենք Ստեփանակերտի շուկայում «ժենգյալով հաց» թխողները։

Ժենգյալով հարց՝ Ստեփանակերտի շուկայում


3 ուտեստ Արցախից

Ես նշեցի «ժենգյալով հարցը», որովհետեւ դա առաջին բանն էր, որի մասին մեզ ասել էին Երեւանում, երբ հարցնում էինք Արցախի ուտելիքների մասին։ «Ժենգյալով հացը» զվարճալի բաղադրատոմս է կիսվելու նրանց հետ, ովքեր սիրում են բարակ հաց եւ կանաչեղեն։ Աշխարհի տարբեր երկրների մարդիկ կարող են սիրելի մի բան գտնել այդ ուտեստում։

Մեկ այլ ուտեստ, որ մենք ուտում էինք Հայաստանում, անվանում ենք «Արցախի հավ», որը ոգեշնչված է բրնձով լցոնված հավից։ Միջուկի մեջ առկա հոնը իսկապես կենդանություն է հաղորդում ուտեստին։

Արցախի հավ


Մենք նաեւ սիրում ենք «կուրկուտը», որը, ինչպես մեզ ասացին, հարիսայի արցախյան տարբերակն է, որում օգտագործվում է խոզի կամ բադի միս՝ հավի մսի փոխարեն։ Այն հարուստ համ ունի եւ ջերմացնող է, մենք վայելել էինք ուտեստը։

Մարի Թարյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին