×

Ջոն Լին, Արա Զադան եւ Քեյթ Լեհին Լուսանկարը՝ Raffi Youredjian

«Lavash» գրքի հեղինակները բացահայտում են հայկական խոհանոցը

Հոկտեմբերի 30-ին կկայանա «Lavash» գրքի շնորհանդեսը։ Գրքում հեղինակները պատմում են տնային պայմաններում լավաշ թխելու եղանակների մասին, ինչպես նաեւ ներկայացնում բազմաթիվ ճաշատեսակներ, որոնք զարդարում է այն՝ ապուրներ, շոգեխաշած եւ խորոված միս, բանջարեղեն, աղանդեր։

«Այս ճկվող բարակ հացն այնքան կարեւոր է երկրի համար, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն այն ճանաչել է որպես հայկական ժառանգություն: Բաղադրատոմսերից զատ՝ գրքում պատմություններ ու լուսանկարներ են, որոնք պատուհան են բացում դեպի 21-րդ դարի Հայաստան: Իր հիմքում լավաշն ընկերների եւ ընտանիքի հետ հաց կիսելու տոն է, որն այս կենսուրախ, գեղեցիկ երկրին հատուկ արժեք է»,- ասում են գրքի հեղինակները։

Լուսանկարը՝ «Lavash»


««Lavash»-ն աներեւակայելի ամբողջական գիրք է Հայաստանի ուտեսների մասին. այն բաղադրատոմսերի գիրք է, միեւնույն ժամանակ՝ սուրճի սեղանի ժուռնալ եւ պատմական գիրք։ Հայաստանը հնագույն եւ խորը խոհարարական մշակույթ ունի, այն երկրի մարդկանց ու մշակույթը հասկանալու լավ ճանապարհ է, իսկ այս գիրքն ու Ջոն Լիի անհավատալի նկարներն իսկապես արժանին են մատուցում խոհարարական ավանդույթներին»,- ասում է System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը։ 

«Lavash» գրքի հեղինակներն են Ջոն Լին, Արա Զադան եւ Քեյթ Լեհին։

Արա Զադա, շեֆ-խոհարար, սննդի ոճաբան

Ես մեծացել եմ հայ-եգիպտական ընտանիքում, Հարավային Կալիֆոռնիայում։ Բավական շատ ժամանակ եմ անցկացրել խոհանոցում՝ եփելով եւ ուտելով։ Պապիկս ինձ «կոլ-կոլ» մականունն էր տվել, ինչը արաբերենում նշանակում է «կեր-կեր»։ Ես ամեն ինչ ուտում էի։ Դեպի խոհանոց ձգողականությունը միայն ուտելիքով չէր պայմանավորված. պարզապես ցանկանում էի խաղալ դանակներով, եւ դա միակ տարբերակն էր, որ մայրիկը թույլ տար խաղալ դրանցով։ Խոհարարություն եմ սովորել Le Cordon Bleu-ում եւ աշխատել Ջեյմի Օլիվերի Food Revolution հեռուստանախագծում։ 

Լուսանկարը՝ «Lavash»


Այնուհետեւ աշխատել եմ ABC-ում, CBS-ում, NBC-ում, and Food Network-ում՝ որպես սննդի ոճաբան, ինչպես նաեւ Ջեյմի Օլիվերի Food Foundation-ի՝ մոբայլով խոհանոցային դասընթացների ուսուցիչ եմ եղել։

Խոհարարական դասընթացներ եմ վարել տարբեր վայրերում, այդ թվում՝ Հայաստանում։ Այժմ Fresh Gourmet Cuisine-ի գլխավոր խոհարարն եմ, որտեղ բաղադրատոմսեր եմ մշակում Լաս Վեգասի հյուրանոցների եւ սուպերմարկետների համար։

Լուսանկարը՝ «Lavash»


Երբ փոքր էի, իմ տեսած միակ հայկական խոհարարական գիրքը (The Complete Armenian Cookbook, Including Favorite International Recipes) ամբողջական չէր ներկայացնում հայկական ուտեստները։ Ես ցանկանում եմ, որ «Լավաշ»-ը բարձրացնի հայկական խոհարարական գրքերի սանդղակը՝ խոհարարների համար ճանապարհ բացելով դեպի հայկական ուտելիքի իրական ու իսկապես հին աշխարհ:

Ջոն Լի, լուսանկարիչ

1996-2005 թթ. Chicago Tribune-ի լուսանկարիչն էի, լուսաբանել էի նախագահական քարոզարշավները, Չինաստանի վերելքը, Հայիթիում քաղաքացիական անկարգությունները, Պակիստանում եւ Ինդոնեզիայում իսլամական ֆունդամենտալիզմն ու Իրաքի պատերազմը:

Նաեւ Tribune-ի լրագրողական թիմից էի, որը 2001-ին Պուլիտցերյան մրցանակ էր ստացել։ Chicago Tribune-ից 2005 թ. հեռանալուց հետո լուսանկարել եմ երկու տասնյակ խոհարարական գրքեր։

Լուսանկարը՝ «Lavash»


Սննդի լուսանկարչությանը սիրում եմ մշակութային տեսանկյունից մոտենալ, ինչը կարելի է տեսնել իմ նախորդ նախագծում ՝ «Burma Superstar. ուշագրավ բաղադրատոմսեր Հարավարեւելյան Ասիայի խաչմերուկից» (2017 թ.):

Քեյթ Լեհի, գրող

Այդ թեմայով իմ առաջին հրապարակումը Explorations հետազոտական ամսագրում էր՝ «Սնվելու նոստալգիա. խոհարարական գրքեր եւ հայ-ամերիկյան ինքնություն» վերնագրով։ Դա մեկ տարվա քրտնաջան աշխատանքի արդյունք էր՝ ներառյալ այցերը Կալիֆոռնիայի պետական գրադարանի արխիվներ, հայ-ամերիկյան համայնքի բոլոր հասանելի խոհարարական գրքերի ընթերցումները, ինչպես նաեւ Ֆրեզնո հասնելն ու մի շարք այլ բաների թվում լահմաջո ուտելը։ Հետո երկար տարիներ մի կողմ դրեցի հայկական ուտելիքների թեման։ Հյուսիսարեւմտյան համալսարանի Լրագրության Մեդիլ դպրոց ընդունվելուց հետո գրել եւ համահեղինակել եմ մի քանի գիրք, որոնցից «A16 Food + Wine»-ը արժանացել է IACP-ի տարվա լավագույն խոհարարական գրքի մրցանակին։

Քեյթ Լեհին Լուսանկարը՝ «Lavash»


Այնուամենայնիվ, ես երբեք լիովին չեմ մոռացել Հայաստանի, սննդի եւ մշակութային ինքնության միջեւ կապերի մասին, որոնք ինձ դրդեցին մեկ տարի հետազոտել մի երկիր, որը ե՛ւ շատ հեռու էր, ե՛ւ, միեւնույն ժամանակ, շոշափելիորեն մոտ էր ինձ:

«Լավաշ»-ի միջոցով վերադառնալով հայկական սննդի թեմային՝ թվում է՝ շարունակում եմ այնտեղից, որտեղ կանգ էի առել։

***

GastroVino-ն «Lavash»-ի ստեղծման եւ առանձնահատկությունների մասին զրուցել է գրքի համահեղինակ Արա Զադայի հետ։

- Ինչպե՞ս եւ ե՞րբ ծագեց հայկական լավաշի եւ ուտեստների մասին գիրք գրելու միտքը։

- Առաջին անգամ 5 տարի առաջ այցելեցի Հայաստան եւ սիրահարվեցի այս երկրի յուրաքանչյուր հատվածին։ Թեեւ նկատեցի, որ սնունդը նման չէր իմ մանկության ուտելիքին։ Իմ գտած շատ ուտեստների մասին նախկինում երբեք չէի լսել եւ չգիտեի, թե ինչ են դրանք։ Որպես Ամերիկայում մեծացած հայ՝ ասեմ, որ շատ հայկական ուտեստներում կան բազմաթիվ ազդեցություններ այն երկրներից, ուր Հայոց ցեղասպանությունից հետո տեղափոխվել են հայերը։ Չեմ ասում՝ բացասական ազդեցություն է, պարզապես տարբեր են։ Շատ հայկական գրքերում սփյուռքում տարածված ճաշատեսակներն ու այն ուտելիքներն էին, որոնք հեղինակները հավանել էին։ Դրանք ոչ մի կապ չունեին Հայաստանի հետ։

Գիտեի, որ հայկական խոհանոցի գեղեցկությունն ընդգծելու համար ինչ-որ բան կարելի էր անել։ Ծանոթացա Ջոն Լիի հետ Մարի Լու Փափազյանի (Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն - հեղ․) միջոցով, որտեղ երկուսս էլ դասընթաց էինք վարում։

Լուսանկարը՝ «Lavash»


Նա նույնպես սիրահարվել էր Հայաստանին Թումոյում իր անցկացրած ուտեստների լուսանկարչության երկշաբաթյա դասընթացից հետո, եւ նրա մոտ հայկական խոհարարական գիրք ստեղծելու գաղափար էր ծագել։

Նա իր միտքը պատմել էր ընկերոջը` Քեյթ Լեհիին, ով մեկ այլ խոհարարական գրքի վրա էր աշխատում։ Քեյթը հայ ընկերներ ուներ եւ հավանել էր հայկական խոհարարական գիրք գրելու գաղափարը։ Երեքս հավաքվեցինք, գրեցինք գրքի առաջարկ՝ գտնելու հրատարակչական գործակցություն առաջին ազգային եւ միջազգայնորեն ներկայացված հայկական խորհարարական գրքի համար։

- Որքա՞ն ժամանակ պահանջվեց գրքի բովանդակությունը հավաքելու եւ տպագրության համար։ Մի փոքր պատմեք այդ ընթացքի մասին՝ ի՞նչ հաջողություններ ունեցաք եւ ի՞նչ դժվարություններ հաղթահարեցիք։

- Տեղեկություններ հավաքելու համար երկու անգամ եկանք Հայաստան՝ 12 եւ 16 օր տեւողությամբ այցերով։ Մեքենա վարձեցինք եւ շրջեցինք ամբողջ երկրով՝ անցնելով քաղաքներով, գյուղերով, եւ փորձելով գտնել հնարավորինս շատ տիպիկ տեղական ուտեստներ։ 

Այցերը բավական հոգնեցնող էին, քանի որ շատ խիտ հանդիպումներ էինք պլանավորել, եւ մեր միակ ազատ ժամանակը մեքենայով երթեւեկելու ընթացքում էր։

Լուսանկարը՝ «Lavash»


Ամենաբարդ բաներից մեկն այն էր, որ ի վիճակի չէինք ուտել ամեն կանգառի ժամանակ, եւ պետք էր «տեղ պահել» հաջորդ տանը որեւէ ուտեստ փորձելու ու նոր ինֆորմացիայի համար։ Ինչպես գիտեք, հայկական հյուրասիրությունն աշխարհի լավագույն բաներից է, եւ նրանք չեն ընդունում որեւէ մերժում կամ «կուշտ եմ» պատասխանը։ Թումոյի եւ մեր որոշ ընկերների օգնությունը մեծ նշանակություն ունեցավ մեզ համար։ Գնում էինք խոհանոց եւ առանձնացնում ուտեստի բաղադրիչները, իսկ Ջոնը լուսանկարներ էր անում։

Լուսանկարը՝ «Lavash»


Ի վերջո, մի քիչ զրուցելուց եւ սուրճ խմելուց հետո սկսում էինք եփել։ Հայաստանում գրեթե բոլորը եփում են «աչքաչափով», այնպես որ, ես ու Քեյթը ստիպված էինք շատ մոտիկից հետեւել եւ արագ հասկանալ, թե յուրաքանչյուր ուտեստի մեջ ինչ քանակի բաղադրիչ է օգտագործվում։ Կարծում եմ՝ հաջողությամբ էինք անում։ Բոլոր բաղադրատոմսերը հավաքելուց հետո վերադարձանք ԱՄՆ եւ երկու տարի փորձարկեցինք բոլորը, դրանք համապատասխանեցրինք ամերիկյան շուկային ու գրեցինք գրքի բովանդակությունը։

Երեքս էլ անթիվ ժամեր անցկացրինք Skype-ով տեսազանգերի վրա եւ վերջապես արեցինք դա։

- Ինչո՞ւ որոշեցիք գիրքը անվանել «Լավաշ»։

- Դժվար չէր ընտրել «Լավաշ» անունը։ Մենք մի քանի այլ անունների տարբերակներ էլ ունեինք, բայց «Լավաշ»-ը լավագույնն էր իմաստային առումով։ Լավաշը հայկական սեղանի առանցքում է, այն յուրաքանչյուր ուտելիքի ուղեկիցն է։ Լավաշն ամբողջ աշխարհում միջազգայնորեն ճանաչվել է հայկական ժառանգության մաս։ 

- Պատմե՛ք, խնդրում եմ, գրքի բովանդակության մասին։ Ի՞նչ է իր մեջ ներառում եւ ինչո՞ւ արժե ունենալ գրապահարանում։

- Գրքի բովանդակությունը հիմնված է ժամանակակից իրականության վրա՝ Հայաստանն այսօր եւ վերջին տարիներին։

Լուսանկարը՝ «Lavash»


Թեեւ Հայաստանն ու խոհանոցը շատ արագ են զարգանում, բայց կոնկրետ տարածաշրջանների հայերը կարող են ճանաչել գրքի որոշ ուտեստներ, որոշներն էլ կճանաչեն բոլոր հայերը։ Լավաշը կարելի է թխել ցանկացածի տանը՝ թոնիրով կամ առանց դրա։ Մենք ունենք այնպիսի ուտեստներ, ինչպիսին երկրի հյուսիսում հայտնի «Պանր խաշ»-ն է՝ զարմանալիորեն հարմար ուտեստ՝ լցված լավաշով։ Շատ մարդիկ Գյումրիում մեծացել են այդ ուտեստն ուտելով, թեեւ երկրի հարավում հնարավոր է նույնիսկ չիմանան դրա մասին։ Ներառել ենք բոլորին հայտնի «Ղափաման», խորովածը, տոլման, ժենգյալով հացը։

Լուսանկարը՝ «Lavash»


Գրեթե բոլորը ուտեստները հավաքվել են գյուղից գյուղ ճամփորդելով, այնպես որ, գրքում այն ուտեստներն են, որոնք այսօր ուտում են հայերը։ Նման գիրք երբեւէ չի հրատարակվել, եւ այս գրքով աշխարհը կճանաչի հայկական խոհանոցը։

Մարի Թարյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին