×

Վարդա Ավետիսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Քoլի»-ի յուրօրինակ պատառներն ու Վարդայի մարդ-ռեստորանները

Դժվարություններից, մեկ ռեստորան փակելուց եւ ֆինանսական կորուստներից հետո՝ Vardo group ընկերությունն իրականացրել է վաղեմի երազանքն ու բացել միջոցառումների առանձին բաժինը։

«Կճուճ», «Լոշ» ռեստորանների, «Հաղարծնի գաթա» սրճարանի կողքին ավելացել է «Քօլի» ծառայությունը, որը խոստանում է հետաքրքիր ռոլերը, թխուկները, գաթա տախտակներն ու մյուս համեղ, ավելորդությունից զերծ ուտեստները հասցնել Կալավանից մինչեւ Երեւան, մայրաքաղաքից մինչեւ սար ու դաշտ։

Vardo group-ի հիմնադիր Վարդա Ավետիսյանը GastroVino-ին պատմել է կիսատ թողած ծրագրերը շարունակելու, համավարակի ընթացքում «դրախտում» փակվելու եւ պատերազմի օրերին հայրենիք վերադառնալու մասին։

Հյուրասիրություն՝ «քոլի» ձեւով

Դեռ 2019-ի վերջին որոշել էինք առանձնացնել մեր միջոցառումների բաժինը, քանի որ շատ ենք սիրում միջոցառումներ կազմակերպել, սա մեր ամենասիրած զբաղմունքներից, ծառայություններից մեկն է։ 2020-ի սկզբին երկու ամսով մեկնեցինք Թաիլանդ՝ հանգստանալու, եւ վերադարձանք միայն ամիսներ առաջ։

«Քօլի» ծառայության սկիզբն այնպիսի շուքով չեղավ, ինչպես ուզում էինք, բայց հասկանում էինք, որ ինչ-որ տեղից պետք է սկսել։ Բազմատեսակ ծառայություններ ենք մատուցում, կորպորատիվ միջոցառումներ, հյուրասիրություններ, պաշտոնական եւ ոչ ֆորմալ, դաշտում, սարի վրա, մինչեւ Կալավան, մինչեւ Կուրթան։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Քօլի»-ի անունը կարծես արտասահմանյան հնչողություն ունի, բայց բառի նշանակությունը շատ պարզ է. Տավուշում, որտեղից ես գալիս եմ, «քոլ» բառն օգտագործվում է դաշտ, հանդ, սար իմաստով։ Տավուշցին առանց իր քոլի, բնության կյանք չունի։ Նախկինում, երբ հյուրասիրություններ էինք պատրաստում, ասում էինք՝ «քոլի» ձեւով, օրինակ՝ ռոլերն անվանում էինք «քօլի սուշի»։ Տարիներ շարունակ «քոլ»-ը մեր թիմի անդամներն օգտագործել են կատակելիս ու այն այնքան գեղեցիկ է հնչում։ Հայտնի է, որ մեր ստեղծագործություններին ամենաուղիղ անվանումներ ենք տալից, այսպես էլ առաջացել է «Քօլի» անվանումը։

«Ուտելիքի հետ չենք խաղում»

Մեր հյուրասիրություններն այնպես են մատուցվում, ինչպես ինքս կուզեի ուտել կամ հյուրասիրել թանկագին հյուրին։ Շատ սիրում ենք հենց քոլում հյուրասիրություններ, միջոցառումներ կազմակերպել եւ դա անում ենք շատ տարբեր ձեւերով։ «Քօլի»-ն շատ բազմազան է, սկսվում է փոքրիկ ֆուրշեթային հետաքրքիր հյուրասիրությունից, մինչեւ տարբեր տեսակի միջոցառումների պլանավորում, մենք էլ ամեն անգամ նորովի ապրում ենք մեր պատվիրատուի հետ, մեր միջոցառումները շատ տարբեր են։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Երբ մարդիկ մեզ հարցնում են՝ «կարո՞ղ է այս կերպ լինել», մենք պատասխանում ենք՝ «խոսք ենք տալիս, որ գոհ կլինեք, բայց չենք կարող խոստանալ, որ հենց նույնը կլինի», որովհետեւ ամեն անգամ ստեղծագործում ենք տարբեր մթերքներով, դեկորներով, ծաղիկներով՝ կախված տարվա եղանակից, բնությունից։

Այս տարին մեր հասարակության համար անկեղծության տարի է, ինձ համար 2021-ն այդպես է սկսվել։ Դժվար փորձություններից հետո, ինձ թվում է, մարդիկ ավելի կարեւորում են այն, ինչն իսկապես արժեք ունի նրանց համար, այն ամենը, ինչ ձեւական է, պոկվում է, գնում, դրա համար էլ ոչ ժամանակ ունեն, ոչ գումար, ոչ էլ ավելորդի հավես։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Քօլի»-ն իր ոճով համադրում է ուտելիքի գեղեցիկ մատուցումը՝ «ֆուրշեթ» ասվածը, եւ ավելի բնական շփումը, մատուցում է համեղ, յուրօրինակ պատառներ, առանց ձեւականության, դրանք գեղեցիկ են, սեզոնային, գյուղական ոճ ունեն։ Ուտելիքի հետ չենք խաղում, չենք նստում ու ժամերով դեկոր պատրաստում, ամեն ինչ շատ ավելի բնական է, հյութեղ։

«Կարեւորը խոհանոցն է»

Դիլիջանում հյուրասիրությունների համար վաղուց էին դիմում մեզ, Տավուշում մեծ միջոցառումները շատ են, քանի որ «Լոշ»-ը Երեւանում է, որոշեցինք, որ «Քօլի»-ն կգործի նաեւ այս խոհանոցից, որովհետեւ մեր պատվիրատուների մեծ մասը Երեւանից է։

Խոհանոցն ամենակարեւորն է, մնացած ամեն ինչը գալիս է դրա կողքից։ Ե՛ւ «Կճուճ»-ը, ե՛ւ «Լոշ»-ը սկսել են խոհանոցից։ Առհասարակ, նոր նախագծերի ժամանակ ինձ համար առաջնահերթ է խոհանոցի կոնցեպտը։ Ամեն ռեստորանի, նախագծի հիմքում ինչ-որ կոնցեպտ է, սննդի մատուցման ձեւ, ասելիք, բնավորություն, համ, ինձ համար դրանք նույնիսկ անձնավորություններ են։ «Կճուճ»-ը հյուրընկալ կին է, «Լոշ»-ը՝ երիտասարդ, ուսանող, մի անգամ հարցրեցին՝ իսկ «Քօլի»-ն ի՞նչ է, պատասխանեցի՝ քաղաքացի աղջիկ է, ով ամուսնացել, տեղափոխվել է Դիլիջան, հետո բաժանվել ու սկսել է ֆուրշեթով զբաղվել (ծիծաղում է- հեղ.)։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մեր նախագծերը շատ են, տարբեր են, իրենց ասելիքն ունեն, մեր մշակույթի, մեթոդների վրա ստեղծագործություններ են։ Վերցրել ենք մեր ազգային ուտեստները, սովորությունները զարգացրել, ստեղծագործել ենք սեզոնային, ժամանակակից ձեւով, որը, ինչպես տեսնում եմ, դուր է գալիս մարդկանց։

Սննդով ստեղծագործելը իմ տարերքն է, այնպես է ստացվել, որ 19 տարեկանից նաեւ իմ աշխատանքն է։ Կրթությամբ խոհարար չեմ, բայց ամենաշատը խոհանոցում ու սպասարկման ոլորտում աշխատելու փորձ ունեմ։ Շատ եմ սիրում իմ աշխատանքը։

«Նախագծեր ու մտքեր թողել ենք կղզում»

2020-ը բոլորիս համար կորուստների ու ձեռքբերումների տարի էր։ Գործնական առումով էլ՝ տարին դժվար էր։

Ինչպես նշեցի՝ 2020-ի սկզբին մեկնել էինք Թաիլանդի կղզիներից մեկը։ Երկու տարի շարունակ չէի հանգստացել։ Այդ ընթացքում նաեւ բալիկի էի սպասում ու կարեւոր էր գործերից կտրվելը։ Ապրիլին պետք է վերադառնայինք, բայց մարտի վերջին՝ համավարակի պատճառով, կղզին փակվեց։

Մեզ փակեցին դրախտում ու ասացին՝ պետք է հանգստանաք։ Մեր փորձությունը շատ դրական էր՝ ի տարբերություն աշխարհի մյուս կետերում գտնվող մարդկանց։ Կղզին անվտանգ էր, համավարակի դեպքեր չեղան։

Թաիանդի դրախտային կղզիներից մեկում նստած՝ ամեն ինչ կորցնում էինք։ Այդ ընթացքում փակվեց «Թավա» ռեստորանը, որը մեր ամենամեծ նախագիծն էր, որի վրա ամենաշատ ջանքն էինք դրել։ Մեր սեփական ձեռքերով հին կահույք վերանորոգելով՝ ստեղծել էինք ահռելի մեծ ռեստորան։ Կարելի է ասել՝ «Թավա»-ն դարձել էր հին ու նոր Դիլիջանի թանգարան։ Շատ սիրված էր։

Վարդա Ավետիսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Կղզին փակ էր, ռեստորաններն էլ չէին գործում եւ մենք սկսեցինք կղզում մնացած զբոսաշրջիկների համար վեգան սնունդ պատրաստել։ Վեգանները խնդիր ունեին թարմ սնունդ գնելու, պատրաստելու։ Վարձել էինք փոքր վիլլա, որն ուներ մեծ խոհանոց։ Ընդունում էինք պատվերներ, պատրաստում եւ առաքում, երկու ամիս այսպես վաստակեցինք, ապրեցինք, դրանից հետո մտածում էինք գործն ընդլայնելու մասին, նույնիսկ որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերեցինք։

Երբ զբոսաշրջիկները սկսեցին գնալ կղզուց, Հայաստան չվերթ չկար, ես էլ գնալով ավելի էի «հղիանում» (ժպտում է- հեղ.)։ Երբ քիչ թե շատ նորմալ թռիչք կար, արդեն ի վիճակի չէի ինքնաթիռ նստել։ Մնացինք այնքան, մինչեւ մեր փոքրիկը ծնվեց կղզում, պատրաստվում էինք մի քանի ամիս էլ մնալ, բայց Արցախում սկսեց պատերազմը եւ որոշեցինք վերադառնալ։ Շատ ընկերներ ու նախագծեր, մտքեր թողել ենք կղզում, դրանք կարող են վերածվել հետաքրքիր գործերի։

Այժմ վերադարձել ենք նախկինում կիսատ թողած գործերին, որ ընդհատվել էին 2020-ին։

Ֆինանսական մեծ կորուստներ ենք ունեցել՝ ինչպես ոլորտում բոլորը, ում գործը կախված է զբոսաշրջիկներից։ Մայրաքաղաքում, հնարավոր է, շատերը չտուժեցին, բայց Դիլիջանում մեր գործը կախված է թե՛ Երեւանից, թե՛ դրսից եկած զբոսաշրջիկներից։ Դրա համար մեզ վրա շատ ազդեց այս ամենը։

Միշտ ասում եմ՝ թող կորուստները միայն ֆինանսական լինեն։ Առողջ ենք, ոգեշնչված ենք, ստեղծագործելու համար միշտ պատրաստ։

Անի Խչոյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին