2020 թ.-ի հունիսի 29-ին Դիլիջանի TAVA ռեստորանը հայտարարեց, որ շուտով փակվելու են, քանի որ այլեւս չեն կարողանում վճարել տարածքի վարձը։ Երեք օր անց ռեստորանը կրկին իր ֆեյսբուքյան էջում գրեց՝ դեռեւս աշխատում են ու փորձում գոյատեւման տարբերակներ գտնել։ Սակայն այս շաբաթ ընդունվեց վերջնական որոշումը՝ հուլիսի 20-ին TAVA-ն փակվում է։
TAVA-ն Դիլիջանում հայտնի է որպես տուրիստական մեծ խմբերին սպասարկող, կերակուրները չուգունից թավաներով փռում պատրաստող ու հեղինակային խոհանոց ներկայացնող ռեստորան։ TAVA-ի հետ միասին փակվում է նաեւ նույն շինության առաջին հարկում գտնվող LOSH ռեստորանը, որն ավելի հայտնի է իր մատչելի խոհանոցով ու թխուկներով։
Լուսանկարը՝ TAVA
TAVA, LOSH, Kchuch, Arishta ռեստորանների ցանցի հիմնադիր Վարդա Ավետիսյանը խոստանում է՝ TAVA-ն եւ LOSH-ը փակվում են միայն ժամանակավոր եւ վերաբացվելու են նոր տեղում, երբ Հայաստանի սահմանները բացվեն ու կյանքը վերադառնա բնականոն հունին։ Վարդա Ավետիսյանը մեզ հետ զրույցում պատմել է համավարակի պայմաններում ռեստորանների գոյատեւման պայքարի, Դիլիջանում TAVA-ի կարեւորության ու ձեռնարկվող քայլերի մասին։
TAVA-ն միավորում էր տարբեր համայնքներ
TAVA ռեստորանն արդեն երկու տարի է՝ ներկայացնում էր ժամանակակից Դիլիջանը։ Այստեղ ոչ մի իր ուղղակի գնված չէր, դրանք մեզ նվիրել էին մարզի բնակիչները․ մենք այդ ամենը վերամշակել ու նորովի օգտագործում էինք։ TAVA-ն միայն ռեստորան եւ բիզնես չէր, այն մի ամբողջ թիմի աշխատանք էր, որը ստեղծվել էր առանց մեծ միջոցների. սա բազմաթիվ նոր սկսվող նախագծերի համար ոգեշնչող օրինակ էր։
Այս ռեստորանն իր վառ գույներով, բազմամշակույթ խոհանոցով եւ ինտերիերով ցույց էր տալիս մեր այսօրվա Դիլիջանի բազմազանությունը եւ խթանում էր գաստրոտուրիզմը։ TAVA-ում դրել էինք «արագ ու տժտժ» գաղափարը, որտեղ հատուկ դեր էր տանում տեղական խոզի միսը, տարբեր տեսակի լոբազգիները, բանջարեղենները, կանաչիները։ Այսինքն՝ այն ամենը, ինչ արագ ու թարմ պատրաստվում եւ դուրս է գալիս փռից՝ տժտժացող չուգունի թավաներով։
Լուսանկարը՝ TAVA
TAVA-ի փակվելու համար ամենաշատ ափսոսում են մեր տուրիստական ընկերությունները. բացի յուրօրինակ ուտեստներից զբոսաշրջիկներին գրավում էր նաեւ մեր վերամշակված իրերի գաղափարը, ինչի շնորհիվ մի ամբողջ քաղաքի պատմություն էր ներկայացվում։ TAVA-ի հիմնական եկամուտն ապահովում էին տուրիստական սեզոնը եւ պարբերաբար մեզ այցելող տուրիստական մեծ խմբերը։ Ռեստորանը հենց այդ գաղափարի շուրջ էր ստեղծվել, քանի որ մինչ այդ այստեղ տուրիստական մեծ խմբերին ընդունող ռեստորան չկար։
TAVA-ն նաեւ յուրօրինակ հարթակ էր UWC Dilijan քոլեջի ուսանողների համար։ Նրանք ոչ միայն մեզ շատ հաճախ էին այցելում, այլեւ այստեղ էին կազմակերպում տարբեր համերգներ, թատրոններ, ցուցադրություններ։ Վերջին շրջանում Դիլիջանում է հավաքվել նաեւ արտահաստիքային աշխատողների համայնք, որոնք Երեւանից տեղափոխվել են Դիլիջան ու աշխատանքը հեռավար շարունակում են։ Այս յուրօրինակ համայնքը նույնպես մեր մշտական այցելուն էր։
Թիմը եւ ղեկավարը
Մեր թիմը պարզապես աշխատողներ չեն, նրանցից ոչ ոք պրոֆեսիոնալ չի եղել, երբ ընդունվել է։ Մեծ մասը տնային տնտեսուհիներ էին, շինարարներ, որոնք հիմա վարպետներ են դարձել։ Մեզ շատ հաճախ նաեւ միացել են ուսանողներ, որ հիմա ընտիր բարմեններ ու սպասարկողներ են։ 2016-ին, երբ Դիլիջանում հիմնեցի Kchuch ռեստորանը, հասկացա, որ մեր ամենամեծ խնդիրը թիմակիցներ հավաքելն է։ Դիլիջանում չկային մասնագետներ, սպասարկողներ, համապատասխան խոհարարներ. ամենադյուրին տարբերակը նոր մասնագիտություն ձեռք բերելու ցանկություն ունեցող մարդկանց աշխատանքի ընդունելն ու սովորեցնելն էր։
Լուսանկարը՝ TAVA
Մեր ճաշացանկը աշխատողների հետ միասին ենք մշակել, փուռն ինձ համար նույնպես նորություն էր։ Մեր խոհարարներին ես ինքս եմ սովորեցրել պատրաստել, կրթությամբ հոգեբան-սոցիոլոգ եմ, բայց ուսանող ժամանակվանից աշխատել եմ ԱՄՆ-ի տարբեր ռեստորաններում՝ աման եմ լվացել, սենդվիչ սարքել, սպասարկել, նաեւ խոհանոց ու ռեստորան ղեկավարել։ Այդ տարիներին եմ հասկացել, որ շատ եմ սիրում «խաղալ» մթերքների հետ ու ստեղծագործել։ Մեր բոլոր ճաշացանկերը իմ հեղինակայինն են, շատ եմ սիրում հայ ավանդական ուտեստները նորովի ներկայացնել՝ շեշտադրելով դիլիջանյան անտառային մթերքները։
Վարդա Ավետիսյանը | Լուսանկարը՝ TAVA
Իմ առաջին նախագիծը Երեւանում իրականացրել եմ 2009-ին, Պուշկինի փողոցում փոքրիկ խորտկարան էի բացել, որը, չնայած իր հաջողություններին, կարճ կյանք ունեցավ, որովհետեւ այդ ժամանակ ես դեռ Հայաստանում չէի ապրում։ 2013-ին եմ տեղափոխվել: Դիլիջան եկել էի կարճ գործով, բայց երբ տեսա քաղաքի ենթակառուցվածքների փոփոխությունը, որոշեցի երեխաներիս հետ Չիկագոյից հենց Դիլիջան տեղափոխվել։
Կվերաբացվի, բայց այժմ թիմը մնում է գործազուրկ
Մենք ամենաշատը ափսոսում ենք TAVA-ի պատերի ներքո ստեղծված պատմությունը. վեց ամիս մեր ձեռքերով ենք այս ամբողջը սարքել։ Նաեւ շատ տխրում ենք, որ մի ամբողջ թիմ մնում է առանց աշխատանքի։ Մնացած դեպքերում չենք զղջում այս փորձության համար, քանի որ TAVA-ն իր ամբողջ գաղափարով շատ շուտով վերաբացվելու է. մեր բոլոր իրերը համարակալած պահելու ենք։
Վարդա Ավետիսյանը | Լուսանկարը՝ TAVA
Ինչ սկսվել է համավարակը, TAVA-ն եկամուտ չի ապահովել, եւ քանի որ այս ռեստորանի տարածքը շատ մեծ է ու բավականին բարձր գումարով է վարձակալած, մենք այլեւս չենք կարողանում վարձը մուծել։ Ուղղակի հոգնել ենք անիմաստ բանակցություններից ու այլեւս չենք ցանկանում շինության սեփականատերերի հետ շարունակել ոչ հեռանկարային համագործակցությունը։
Հիմա ես Հայաստանում չեմ գտնվում. հունվարի վերջին եկել էի Թաիլանդ` երկու ամսով հանգստանալու եւ ապրիլի 1-ին Հայաստան վերադառնալու ակնկալիքով։ Քանի որ սահմանները փակվեցին, ստիպված եղանք մնալ Թաիլանդի կղզիներից մեկում: 3-4 օրում մի քանի թռիչք փոխելով՝ հնարավոր է հասնել Հայաստան, բայց հիմա հղիության 37-րդ շաբաթում եմ եւ չեմ կարող երկար ճամփորդել։ Դժվարանում եմ ասել՝ արդյո՞ք իրավիճակն այլ կլիներ, եթե հիմա Հայաստանում լինեի. ես այստեղից մշտապես թիմի հետ կապի մեջ եմ, վերահսկում եմ ամբողջ ընթացքն ու վարում բանակցությունները։ Գուցե եթե Հայաստանում լինեի, մեր նոր նախագծերն ավելի ակտիվ ընթացքի մեջ կլինեին ու թիմն առանց աշխատանքի չէր մնա։ Սակայն TAVA-ն միեւնույն է փակվելու էր, քանի որ վերջին ամիսներին ռեստորանը մեծ դժվարությամբ էր աշխատում։ Մենք արդեն մեծ ցավով թիմը 40 հոգուց կրճատել էինք 28-ի, իսկ հուլիսի 20-ից այս անձնակազմը նույնպես մնում է գործազուրկ։
Լուսանկարը՝ TAVA
Երբ հայտարարեցինք TAVA-ի փակվելու մասին, մարդիկ գրում էին մեզ ու աջակցություն առաջարկում, անգամ իրենց պապական տուննն էին առաջարկում, միայն թե չփակվենք, բայց այս պահի դրությամբ ինչքան էլ մենք փորձենք այդ ամենն արագ կազմակերպել, միեւնույն է, տունը ռեստորանի վերածելը մի քանի ամիսների գործ է։ Այս շրջանում մեզ նաեւ տարբեր ներդրողներ են գրել, որոնց հետ արդեն սկսել ենք բանակցել, որպեսզի մյուս տարի ավելի մեծ ռեստորան բացենք։
Ամալի Խաչատրյան
Լուսանկարները՝ TAVA ռեստորանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: