Սեւաչքենի, Գառան դմակ, Ջրջրուկ, Թոզոտ, Կարմիր կոթ, Կողբենի, Մովուզ… Էյմին խաղողի այս անունների մասին մեծ նվիրումով ու սիրով է խոսում, սրանցից յուրաքանչյուրի հետ կապված նա հսկայական աշխատանք ու նպատակներ ունի:
Zulal ընկերության հիմնադիր Էյմի Քեուշգուերյանի համար պարզապես հազվագյուտ տեսակի խաղողի սորտեր չեն սրանք, այլ Հայաստանի պատմությունն են, մարզերը, հողը, կլիման, ջուրը, որոնք երիտասարդ աղջկան վերադարձրել են հայրենիք ու նվիրել գինեգործությանը:
Էյմի Քեուշգուերյանը GastroVino-ի հետ զրույցում պատմել է գինեգործության հետ կապի, Հայաստան վերադարձի ու Zulal-ի պատմության մասին:
Ֆլորենցիան եւ գինեգործությունը
Գինեգործությանն առաջին անգամ ծանոթացել եմ Ֆլորենցիայում, որտեղ ապրել եմ 12 տարի: Հայրս՝ Վահե Քեուշգուերյանը գինեգործարան եւ խաղողի այգիներ ուներ Տոսկանայում եւ Պուլիայում: Այնուհետեւ բարձրագույն կրթություն ստանալու նպատակով տեղափոխվել եմ ԱՄՆ, որից հետո հաջորդ կանգառս եղել է Հայաստանը:
26 տարեկան էի, երբ հայրս ինձ հրավիրեց մասնակցել իր հիմնադրած «Քյոշ» ընկերության առաջին բերքահավաքին, ու հենց դրանից տպավորված որոշեցի մնալ Հայաստանում եւ գինեգործությամբ զբաղվել: Սկզբում ղեկավարում էի «Քյոշ» նախագիծը, հետո քայլ առ քայլ ամեն ինչ ավելի զարգացավ ու սկսեցի զբաղվել արդեն WineWorks գինու խորհրդատվական ընկերության կառավարմամբ, որի նպատակն է զարգացնել ու խթանել գինու արդյունաբերությունը Հայաստանում:
2017 թվականին սկիզբ դրեցի սեփական ստորագրությամբ ու ձեռագրով բրենդի ստեղծմանը:
Zulal-ի ծնունդը
Տարբեր նախագծերի շրջանակում աշխատելու ընթացքում խաղողի այնպիսի սորտերի էի հանդիպում, որոնց հետ մինչ այդ ոչ ոք չէր աշխատել, ինչն էլ առիթ դարձավ, որ Zulal ստեղծման նպատակը դարձնեմ խաղողի տեղածին, հազվագյուտ, մաքուր եւ «կորած» տեսակների բացահայտումն ու դրանց հետ աշխատանքը:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Բրենդի անվան հետ կապված մեծ ցուցակ ունեի, որտեղ թագավորների, թագուհիների, հայոց պատմության, միջավայրի հետ կապված անուններ կային: Ցուցակում էր նաեւ «Զուլալ»-ը, հասկացա, որ դա կարող է դառնալ ամենապարզ ու լավագույն դրսեւորումն այն ամենի, ինչն ուզում եմ ներկայացնել այս գինիներով:
«Մինչեւ քո երազած գինին ստանաս»
Կողբենի, Կարմիր կոթ, Ճիլար, Ջրջրուկ, Թոզոտ, Խնդողնի, Կախեթ. սրանք այն սորտերն են, որոնց հետ արդեն հասցրել ենք աշխատել եւ գինի ստանալ: Բայց մինչեւ քո երազած գնին ստանաս, պիտի պատրաստ լինես երկար ու համբերետար աշխատանքի: Փնտրում, գտնում ենք ամենատարբեր ֆերմերների, գյուղացիների եւ այգի առ այգի ընտրում մեզ հետաքրքրող խաղողի սորտը:
Արտադրության համար մեզնից պահանջվում է կոնկրետ սորտի խաղողից այն քանակությամբ գտնել, որ առնվազն հազար շիշ գինի կարողանանք ստանալ:
Կան սորտեր, որոնք գտնում, հավաքում ես, փորձեր անում, հետո հասկանում ես, որ ներուժն այդքան էլ մեծ չէ՝ հետագայում շարունակելու համար: Օրինակ Ջրջրուկ տեսակի պարագայում, որն աճում է Տավուշի մարզում, մենք կարողացել ենք հավաքել մեկ տակառի խաղող, որից ընդամենը 300 շիշ գինի է ստացվում:
Էյմի Քեուշգուերյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Բացի փոքր քանակությունից՝ այլ խնդիրների էլ կարող ես բախվել, ինչը եղավ Վայոց ձորում աճող Թոզոտի պարագայում: Թոզոտից կարմիր գինի ենք ստացել 2017-ի եւ 2019-ի բերքահավաքից, իսկ 2018-ին նույն ֆերմերի բերքն այնքան էլ պատրաստ չէր կարմիր գինի դառնալու համար: Ամեն տարի գյուղացիները չեն կարողանում նույն որակը ապահովել, ինչն էլ արդեն ավելի մեծ գյուղատնտեսական խնդիր է:
Բացահայտումներն ու փորձերը շարունակվում են
Ինչքան աշխատում եմ, այնքան ցանկությունս մեծանում է նոր սորտեր գտնելու եւ դրանց դրսեւորումները բացահայտելու:
Wine Works ընկերության հետ համատեղ քարտեզի տեսքով ներկայացրել ենք Հայաստանի տարբեր մարզերում աճող խաղողի բոլոր տեսակները, դրանց մեջ են նաեւ այն սորտերը, որոնց գինի դառնալու ներուժը կբացահայտենք առաջիկայում:
Ներկայում փորձերի համար մեր տեսադաշում են Վայոց ձորում աճող Մովուզը, Աշտարակի Սեւ խարջին, Արմավիրի Գառան դմակը, Տավուշի Կապուտկենին ու Սեւաչքենին: Սյունիքում եւս խաղողի «կորած» սորտեր կան, որոնց հետ ուզում ենք աշխատել:
Zulal-ի դասականը
Սահմանափակ քանակությամբ գինիներ ստանալուն զուգահեռ Zulal-ը թե՛ տեղական, թե՛ եվրոպական ու ամերիկյան շուկային ներկայանում է Արենի եւ Ոսկեհատ տեսակի խաղողից ստացվող դասական ու ռեզերվ գինիներով: Մեզ համար բիզնես կոմպոնենտ համարվող գինիները այս սորտերից պատրաստվողներն են:
Ի տարբերություն էքսպերեմենտալ տարբերակների՝ այս պարագայում քանակի խնդիր չունենք, աշխատում ենք միեւնույն այգու եւ միեւնույն ֆերմերի հետ, որպեսզի կարողանանք պահպանել որակն ու վերահսկողությունը՝ այգու եւ արտադրության աշխատանքներում, ինչը չենք կարող անել հազվադեպ հանդիպող սորտերի դեպքում:
Արփի Ջիլավյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: