×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Jivan. ռուսական եւ հայկական խոհանոցները նոր մեկնաբանությամբ

Հայկական եւ ռուսական խոհանոցներն ու ավանդական համերը միավորվել են մայրաքաղաքի գլխավոր հրապարակի հարեւանությամբ բացված Jivan ռեստորանում:

Խորհրդային տարիներին շատերի սիրելի ուտեստների կողքին ռուս-հայկական նորաբաց ռեստորանում կարելի է գտնել երկու ազգերի ավանդական ուտեստների ամենահետաքրքիր միքսերը՝ տոլմա-պելմենիի օրինակով:

Տիգրան Մաթեւոսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Jivan ռեստորանի մենեջեր Տիգրան Մաթեւոսյանը GastroVino-ին ներկայացրել է 2020-ի դեկտեմբերի 12-ին բացված ռեստորանի կոնցեպտն ու պատմել խոհանոցի առանձնահատկությունների մասին:

Երկրներ միավորող ռեստորանը

Jivan-ը միավորել է երկու երկրի թե՛ խոհանոցը, թե՛ ազգերի մշակույթը, ինչը այցելուին նկատելի է դառնում ոչ միայն մենյուից, այլեւ ռեստորանի դիզայնից ու կահավորումից:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Քանի որ նախապես կատարվել էր սպասարկման ոլորտում ընդհանուր շուկայի վերլուծություն, պարզ էր դարձել, որ քաղաքում շատ քիչ են ռուսական խոհանոց ներկայացնող ռեստորանները: Հենց այդ պատճառով էլ որոշեցինք հայկականին կից ներկայացնել նաեւ ռուսական խոհանոցը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ռեստորանը 70-ից ավելի աշխատակից ունի, որոնք երկու ազգի ներկայացուցիչներ են: Նրանք կարողանում ենք թիմային իդեալական աշխատանք տանել եւ հասնել ակնկալվող արդյունքներին։


Մինչ ռեստորանի բացումը գրեթե 6 ամիս նախապատրաստական աշխատանքներ, թրեյնինգներ են անցկացվել անձնակազմի հետ՝ սպասարկման, վաճառքի, խոհանոցի եւ բարի առանձնահատկությունների հետ կապված:

Ռեստորանում կարելի է կազմակերպել ցանկացած ֆորմատի միջոցառում:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Jivan-ի ստեղծման հիմքում շատ կարեւոր շեշտ է դրվել՝ ռեստորանը դիտարկել ոչ թե բիզնեսի, շահութաբերության վայր, այլ հասանելի գներով այնպիսի միջավայր, ուր այցելուները կցանկանան վերադառնալ:

Jivan = Ջիվան եւ Իվան

Ռեստորանի անվան ընտրությունն անմիջական կապ ունի մաեստրո Ջիվան Գասպարյանի հետ: Այն կոչել ենք աշխարհին հայտնի մեծանուն արվեստագետի պատվին: Ջիվան Գասպարյանը գիտի դրա մասին, բայց դեռեւս չի հասցրել այցելել ռեստորան:  

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Բայց, քանի որ ռեստորանի թե՛ դիզայնը, թե՛ խոհանոցը ռուս-հայկական են, բրենդինգի արդյունքում մտահղացում առաջացավ անվան մեջ էլ «խաղ» ստանալ: Ջիվան անվան դեպքում երբ «Ջ»-ն փակում ենք, ստացվում է Իվան, այսինքն հայ եւ ռուս տղամարդկանց անունն ենք ստանում:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


160 անուն ներառող մենյու

Ռեստորանի մենյուն բավական ծավալուն է, այն ներառում է 160 անուն՝ հացի տեսականուց սկսած մինչեւ շոկոլադ: Ռեստորանի խոհանոցում կիսաֆաբրիկատներ չկան, ամեն ինչ պատրաստվում է թարմ մթերքից, զրոյից:

Հացի, թթվի, սալի տեսականին, կոմպոտները եւս ամբողջությամբ պատրաստվում է այստեղ: Փորձել ենք տնական, թարմ վիճակ ստանալ։

Պոժարսկի կոտլետներ Լուսանկարը՝ Jivan


Ճաշացանկանում ներառված են ինչպես հայկական ազգային, ավանդական բաղադրատոմսեր, այնպես էլ՝ ռուսական։ Ուտեստների ավանդական մատուցումից բացի՝ նաեւ նորովի մատուցման տարբերակներ են մշակվել:

Պելմենի սաղմոնով Լուսանկարը՝ Jivan


Պելմենիների շատ հետաքրքիր տեսականի ունենք՝ բադի մսով, սաղմոնով, պելմենի- տոլմա, որը պատրաստված ամբողջությամբ տոլմայի ֆարշից:

Ծովախեցգետնով տոլմա՝ քինոայի եւ իմբիրի րիզոտոյով Լուսանկարը՝ Jivan


Հայկական խոհանոցի ավանդականից բացի՝ եվրոպականին հարող հետաքրքիր տարբերակներ կան: Օրինակ, ծովախեցգետնով տոլմա՝ քինոայի եւ իմբիրի րիզոտոյով:

Սիբաս սնկով Լուսանկարը՝ Jivan


Jivan-ը ներկայանում է նաեւ շեֆ խոհարար Տիգրան Ղամբարյանի հեղինակային ուտեստներով, մսամթերքի եւ ձկան սթեյքերով:

Փախլավա, բուբլիկ, կոնյակ ու «մեդովուխա»

Հրուշակեղենը նույնպես ամբողջությամբ պատրաստվում է տեղում՝ հայկական գաթա, փախլավա, ռուսական «վատրուշկա» (ватрушка), բուբլիկներ:

Փորձել ենք թե ռուսականի, թե հայկականի համն ու հոտը պահպանել, եղել են այնպիսի հյուրեր, որոնք ասել են, թե զգացել են ԽՍՀՄ տարիներին ունեցած իրենց մանկության քաղցրավենիքի համը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ռեստորանն ունի նաեւ Jivan հրուշակեղենի խանութ-սրահը, որտեղ կարելի է պատվիրել ցանկացած տեսակի խմորեղեն: Շուտով կգործի նաեւ առաքման ծառայությունը:

Կոնֆետներ Լուսանկարը՝ Jivan


Ռեստորանի բարը ներկայանում է բավականին մեծ գինիների ցուցակով, հայկական կոնյակներով, մրգօղիներով: Մեր բարմենները պատրաստում են նաեւ ռուսական հայտնի «նաստոյկաներ»՝ «մեդովուխա», «կլյուկովկա»:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մենյուում ներառված կոկտեյլներից բացի՝ այցելուները հնարավորություն ունեն տեղում պատվիրել ցանկացած կոկտեյլ՝ իրենց նախընտրած բաղադրիչներով:

Արփի Ջիլավյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ Jivan ռեստորանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին