×

Արայիկ Ամզայանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Արայիկ Ամզայանի եւ ընկերների «Կենտրոնական խոհանոց-Հայաստան»-ը

Պատերազմի թեժ օրերին, երբ մարդիկ համախմբված էին տարբեր գաղափարների շուրջ՝ Երեւանի դեռ չբացված ռեստորաններից մեկում խոհարարները պայքարի նոր ճակատ էին ձեւավորել։ Կամավոր-խոհարարները շուրջ երկու ամիս սնունդ էին պատրաստում Հայաստան տեղափոխված մի քանի տասնյակ արցախցիների համար։

Կամավորները համախմբվել էին շեֆ-խոհարար Արայիկ Ամզայանի առաջարկով, ով մինչ պատերազմը զբաղված էր տարբեր գաստրոնոմիական նախագծերով, կոնսուլտացիոն աշխատանքներով (մենյուների կազմում, անձնակազմերի վերապատրաստում, մաստեր կլասեր)։

Լուսանկարը՝ Ա.Ամզայանի արխիվից


Արայիկ Ամզայանը GastroVino-ին պատմել է «Կենտրոնական խոհանոց-Հայաստան» նախաձեռնության, այդ ընթացքում զինկոմիսարիատից ստացած ծանուցման եւ խաղաղ պայմաններում խոհարարների անելիքների մասին։

«Կենտրոնական խոհանոց-Հայաստան» (Central kitchen Armenia)

«Կենտրոնական խոհանոց»-ի գաղափարն ու անվանումը պատկանում է իսպանացի-ամերիկացի շեֆ խոհարար Ժոզե Անդրեսին, ով ֆորսմաժորային իրավիճակներում գնում է որեւէ երկիր, արագ կազմում խոհարարական թիմ ու սկսում սնունդ պատրաստել։

«Կենտրոնական խոհանոց-Հայաստան»-ի միտքը ծնվեց պատերազմի թեժ օրերին, երբ արցախցիները տեղափոխվում էին Հայաստան։ Այդ ժամանակ իմացա, որ կան մարդիկ, որոնց կացարաններում խոհանոց չկա։ Նրանք հաճախ ստանում էին չոր սնունդ, ձեթ, բայց ոչ պահելու եւ ոչ էլ պատրաստելու հնարավորություն չունեին։ Բացի այդ, լինում էին դեպքեր, երբ մարդիկ գալիս էին ու ժամեր շարունակ սպասում, որ իրենց տեղավորեն որեւէ կացարանում։

Մտածեցի, որ մարդիկ կարող են արագ համախմբվել, կազմակերպվել եւ առանց մեծ ծախսերի ստեղծել նախաձեռնություն, որը կօգնի ամեն օր գոնե մեկ անգամ տաք սնունդ ուղարկել Հայաստանում ապաստանած արցախցիներին։

Ամեն ինչ սկսեց ֆեյսբուքյան գրառումից, առաջինն արձագանքեց իմ խոհարար ընկերներից մեկը՝ Լեւոն Մկրտչյանը, նա տարածք տրամադրեց Երեւանի դեռ չբացված ռեստորաններից մեկում։

Լեւոն Մկրտչյանը եւ Արայիկ Արայիկ Ամզայանը Լուսանկարը՝ Ա.Ամզայանի արխիվից


Հետո սկսեցի զանգել տարբեր մատակարարների, խոհարարների, մեկը տրամադրեց մսամթերք, մյուսը՝ բանջարեղեն, մեկանգամյա օգտագործման սպասք, չոր սնունդ։ Մի քանի օր անց ի հայտ եկան այլ լավ ընկերներ ու օգնեցին նաեւ գումարով կամ այլ միջոցներով։

Առավելագույնը օրական կերակրել ենք 250 մարդու։ Ամեն օր շուրջ 20 հասցեով ուղարկում էինք խավարտ, մսային ուտեստ, աղցան եւ հյութեր։ Առաքումները հիմնականում լինում էին Երեւանում կամ մոտ մարզերում։ Մեր կամավոր վարորդներն աշխատում էին հերթափոխով։

Լուսանկարը՝ Ա.Ամզայանի արխիվից


Լեւոն Մկրտչյանը զբաղվում էր խոհանոցի կազմակերպչական աշխատանքով, ադմինիստրատիվ հարցերը կարգավորում էր շոկոլադագործ Սյունե Միքայելյանը, մեզ միացել էին նաեւ այլ հրուշակագործներ, որոնց օգնությամբ արցախցիներին նաեւ աղանդեր էինք ուղարկում։

Խոհանոցում, հիմնականում, աշխատում էին կամավորները։ Խոհարարների աշխատանքը սկսում էր առավոտյան 9-ին եւ շարունակվում մինչեւ երեկո։ Այդ ընթացքում բազմաթիվ խոհարարներ արձագանքեցին, բայց մեր ունեցած խոհանոցի տեխնիկական հնարավորությունների պատճառով թիմը չէր կարող մեծ լինել։

Լուսանկարը՝ Ա.Ամզայանի արխիվից


Մեր նախաձեռնությունները փորձում էինք կապել խոհարարության հետ, այսպես, օրինակ, մենք արցախցի երեխաների համար հետաքրքիր օր կազմակերպեցինք, նրանք մեզ հետ միասին բուրգերներ, քաղցրավենիք պատրաստեցին։

Լուսանկարը՝ Ա.Ամզայանի արխիվից


Այն, ինչ ծրագրել ու պատկերացրել էի՝ ստացվեց իմ ընկերների օգնությամբ։ Մենք համարում ենք, որ արել ենք այն, ինչ պիտի անեինք, բայց ամենամեծ նվաճումն այդ օրերի համախմբվածությունն էր։

Պայքարի երկրորդ ճակատը՝ Մուրացան հոսպիտալ

Երբ «Կենտրոնական խոհանոց-Հայաստան»-ի թիմը կազմավորվել էր եւ հաջորդ օրն արդեն պետք է սկսեինք աշխատանքները, զինկոմիսարիատ ներկայանալու մասին ծանուցում ստացա։ Մի փոքր շփոթվեցի, մտածեցի՝ ինչ է լինելու նախաձեռնության հետ, հետո հասկացա՝ գաղափարը պարզ է, կարող է աշխատել։ Տղաներին ցույց տվեցի աշխատանքի հիմնական ուղղություններն ու անելիքները, ամեն ինչ թողեցի այն հույսով, որ նախաձեռնությունը կյանքի կկոչվի ու ներկայացա զինկոմիսարիատ։

Հայտնի էր, թե Արցախի որ հատված եմ մեկնելու, բայց մի քանի ժամ անց՝ որոշ հանգամանքների բերումով, պարզվեց, որ մնում եմ Երեւանում։ Այսպես՝ առաջարկեցին միանալ «Մուրացան» հոսպիտալում գործող խոհանոցի աշխատանքներին, որտեղ ամեն օր շուրջ 1 500 մարդու համար կերակուր էր պատրաստվում։

Արայիկ Ամզայանը Լուսանկարը՝ Ա.Ամզայանի արխիվից


Ինձ վստահեցին մսի ու տաք ուտեստների բաժինը։ Մի ուրիշ կռիվ էլ հենց խոհանոցում էր գնում ու օգնական ուժ էր անհրաժեշտ մեծ քանակությամբ սնունդ պատրաստելու, փաթեթավորելու եւ ուղարկելու համար։ Խնդիրները կարգավորվեցին մեզ միացած կամավորների օգնությամբ։

Առավոտյան 8-ից մինչեւ երեկոյան 8-ը ծառայում էի հոսպիտալի խոհանոցում, իսկ երեկոյան՝ զբաղվում «Կենտրոնական խոհանոց-Հայաստան»-ի աշխատանքներով։

«Մուրացանի» խոհանոցն իմ տեսած ամենամեծ խոհանոցն էր։ Ես այդ քանակությամբ ուտեստներ երբեք չեմ պատրաստել, հետաքրքիր էր, խոհարարական իմ փորձն օգնեց ավելի լավ կազմակերպել աշխատանքը, հեշտացնել ընթացքը։

Զինվորական սնունդը մի փոքր այլ է։ Շատերը բանակի սննդի մասին պատկերացումներ չունեին, բայց բոլորս գիտենք, որ պատերազմի ընթացքում զինվորների համար ամեն բան մի փոքր այլ էր արվում։ Հոսպիտալի խոհանոցում աշխատող խոհարարները մարդասիրական մեծ աշխատանք էին անում՝ խղճով ու որակով։

Ընթացքում տարբեր տեղեկություններ էինք լսում ռազմաճակատից։ Որոշ լուրեր ուղղակի թեւաթափ էին անում, բայց հասկանում էինք՝ յուրաքանչյուրիս գործից է կախված արդյունքն ու եթե բոլորս մեր գործը լավ անենք, պիտի մի բան ստացվի։ Ինչպես որ ազգն էր համախմբվել պատերազմի օրերին, նույնը մեր երկու խոհանոցներում էր։ Վստահ եմ, այլ տեղերում մի քանի անգամ ավելի մեծ նախաձեռնություններ են եղել ու ինձ համար դա էլ հաղթանակ էր, մնացածը եղավ այն, ինչ եղավ։

Խոհարարություն՝ խաղաղ օրերին

«Կենտրոնական խոհանոց-Հայաստան»-ի ծրագիրն աշխատեց մոտ երկու ամիս։ Երբ հասկացանք, որ տեղահանված արցախցիների հետ կապված ֆորսմաժորային իրավիճակն այլեւս չկա՝ հետզհետե դադարեցրեցինք։ «Կենտրոնական խոհանոց-Հայաստան»-ը հետաքրքիր եւ ունիվերսալ նախաձեռնություն է, կարելի է դրա վրա էլի աշխատել, լուծել տարբեր հարցեր։ Թող կարիքը չլինի, բայց անհրաժեշտության դեպքում ավելի լավ կազմակերպված կլինենք։ Խոհարարները զարգացած են, խելացի, դիմացկուն, կազմակերպված ու կարող են օգտակար լինել ամեն տեղ ու ամեն ինչում։

Նախաձեռնության օրերին համացանցում տեղեկություններ չէինք տարածում, չէինք ցանկանում որեւէ բան ցույց տալ։ Հետո որոշեցինք էջ ունենալ ու կազմակերպություն ստեղծել, որ մարդիկ իմանան, թե ինչ ենք անում՝ ավելի շատ մարդ ներգրավվի, տեսնեն, որ այն, ինչ գալիս է դեպի մեզ, հետո արդյունք է ունենում։


Մեր լոգոն չորս մարդուկներ են, հին հայկական զարդանախշ է, կոչվում է «միություն», խորհրդանշում է Հայաստանը, Արցախը, Սփյուռքն ու աշխարհը։

Նախաձեռնության կոնցեպտն ու ձեւաչափը շատ ունիվերսալ է։ Այն կարող է լինել խոհարարներին միավորող հարթակ։ Խաղաղ պայմաններում շատ հետաքրքիր ու օգտակար գործեր կարելի է անել։

Վերջերս «Կենտրոնական խոհանոց-Հայաստան»-ը կազմակերպեց դասընթաց արցախյան խոհանոցի թեմայով, որի ընթացքում պատրաստեցինք արցախյան լոբի նախուտեստը, ժենգյալով հացը, որը մատուցեցինք բաստուրմայով ու պանրով՝ քամած մածունի համադրությամբ։ Պատրաստեցինք նաեւ արայան հայտնի փլավը, որը տնական արգանակի հիմքի վրա պատրաստվող բրինձն է, բայց եփվում է աղ դրած հոնի չրով, որն այստեղ գրեթե չի հանդիպում։ Նաեւ պատրաստեցինք դոշաբով կոլոնդրակ (փոխինձ)։

Լուսանկարը՝ Ա.Ամզայանի արխիվից


Ես արմատներով Արցախից եմ, թեպետ մեր տանն այդ ամենը չի պատրաստվել, բայց երեւի արյան կանչ կա։ Բացի այդ, իմ զինվորական ծառայությունն էլ անցել է Արցախում, ծառայության տարիներին փորձել եմ ծանոթանալ արցախյան խոհանոցին, սովորել ամեն հնարավոր բան։

Անի Խչոյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ Արայիկ Ամզայանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին