×

Վահան Զանոյանը (ձախից) Լուսանկարը՝ ONEArmenia

Waking Noah’s Vines. Վահան Զանոյանի նոր գրքի թեման գինին է

Ապրիլի 19-ին ONEArmenia կազմակերպությունն աշխարհի տարբեր ծայրերում ապրող գինեսերներին հրավիրել էր հեռավար կապով մասնակցելու սփյուռքահայ գրող Վահան Զանոյանի վերջին վեպի ներկայացմանը։ GastroVino-ն հետեւել է միջոցառմանը, առանձնացրել ուշագրավ դրվագներն ու ներկայացրել Waking Noah’s Vines գրքի ստեղծման պատմությունը։

Առցանց միջոցառմանը մասնակցում էր նաեւ ԱՄՆ-ում բնակվող դերասանուհի եւ ռեժիսոր Նորա Արմանին, գրքի ներկայացման ժամանակ նա պարբերաբար վեպից հատվածներ էր կարդում։ Waking Noah’s Vines գեղարվեստական գրքի ներկայացմանը հաջորդեց երեք հայկական գինիների համտեսում. Koor սպիտակ, Van Ardi կարմիր, Tushpa կարմիր։ Վիրտուալ համտեսի ընթացքում Վահան Զանոյանը ներկայացրեց ընտրված գինիների սորտերն ու ընդգծեց առանձնահատկությունները։ Հանդիպման «առցանց հյուրերը» նախապես տեղեկացվել էին ընտրված գինիների մասին, որպեսզի դրանք ձեռք բերեին եւ ուղիղ հեռարձակման ընթացքում միաժամանակ ըմպեին՝ հարցեր ուղղելով Վահան Զանոյանին։

Տեսնելով գինեգործության վերածնունդը

Որպես գինու մեծ սիրահար եւ սպառող՝ Վահան Զանոյանը Waking Noah’s Vines գրքի միջոցով աշխարհին ներկայացնում է Հայաստանի գինեգործության դարավոր ավանդույթները։ Զանոյանի վերջին արկածային վեպը պատմում է մի խումբ գինեգործների մասին, որոնք արտադրական ճանապարհորդություն սկսելով, փորձում են վերակենդանացնել Հայաստանում 6000 տարվա վաղեմություն ունեցող գինու արտադրությունը։

«1989-ի դեկտեմբերին առաջին անգամ Հայաստան եկա. Գյումրիի երկրաշարժից մեկ տարի էր անցել, Հայաստանը դեռեւս Խորհրդային միության կազմում էր... Բայց հայերն ինչպես միշտ շատ հյուրասեր էին, նրանք մեզ մի շարք տարբեր խնջույքների էին հրավիրում։ Չնայած սեղաններին քիչ ուտեստներ կային, սակայն ռուսական օղին եւ հայկական կոնյակը միշտ անպակաս էին։ Մի օր էլ հարցրի՝ արդյո՞ք գինի ունեն, որովհետեւ լսել էի հայկական գինու, գինեգործության ավանդույթների ու դարավոր մշակույթի մասին։ Պատասխանեցին, որ ունեն ու բերեցին այնպիսի գինի, որը բառացիորեն խմել չէր լինում: Խորհրդային միությունն էր որոշել՝ Հայաստանը պետք է կոնյակ արտադրեր, Վրաստանը՝ գինի։ Այդ տարիներին գինու արտադրությունն ու սպառումն անհետացել էին Հայաստանից։

Դրանից հետո մի քանի անգամ էլ Հայաստան այցելեցի, նկատում էի՝ տարիներ էին անցնում, բայց նույն վիճակն էր ոլորտում. 20-25 տարի պահանջվեց, որ փոփոխություն լինի։ Իմ գիրքն այս ամենի մասին է։ Քանի որ հաճախ էի Հայաստան գալիս ու անձամբ հանդիպում էի այդ փոփոխություններն իրականացնողներին, որոշեցի իմ նոր գիրքը նվիրել այս թեմային՝ գեղարվեստականորեն ներկայացնել Հայաստանի գինեգործության վերածնունդը»,-պատմում է Վահան Զանոյանը։

Չորս թեմա

Waking Noah’s Vines գիրքը լույս տեսել 2019-ի դեկտեմբերին։ 300 էջանոց գրքի պատմությունները 80%-ով իրական են, փոխված են միայն հերոսների անունները։ Հեղինակը նշում է, որ այս գիրքը շատ է տարբերվում իր նախորդ գործերից, քանի որ այստեղ չկա մեկ գլխավոր հերոս, մեկ սյուժե․ կերպարները շատ են ու յուրաքանչյուրն ունի իր պատմությունը: Ըստ հեղինակի, հնարավոր չէ պատմել հայկական գինեգործության վերածննդի մասին ընդամենը մեկ սյուժեով։

Հեղինակը գրքի ներկայացման ժամանակ առանձնացրեց ու մանրամասնեց վեպում արծարծվող չորս հիմնական թեմաները՝ գինու տարիքն ու դերը, մշակույթների բախումն եւ տեսլականը։

Վահան Զանոյանը Լուսանկարը՝ անձնական արխիվից


Զանոյանը վեպում ընդգծում է՝ մեր մշակույթում գինու արտադրությունը շատ ավելի հին պատմություն ունի է, քան Հայաստանի պատմությունն է, գրքում խոսվում է ամենաքիչը 6000 տարվա մասին։ Վեպում շեշտը դրվում է նաեւ մեր մշակույթում գինու դերի վրա, ներկայացվում է, թե ինչպես է գինին հանդիսացել շատերի պաշտամունքի առարկա, այն ոչ թե խմել են հարբելու, այլ աստվածներին երկրպագելու համար, գինին եղել է ժողովրդի հավատքի կարեւոր մասը։

Մյուս կարեւոր թեման տարբեր մշակույթների բախումն է։ «Երեւանում այնքան տարբեր համայնքներ են ապրում. բնիկ երեւանցիներ, նոր եւ հին երեւանցիներ, ռուսախոս երեւանցիներ, այս բոլոր մարդիկ տարբեր արժեքներ ունեն։ Վեպում ընդգծել եմ կերպարների մշակույթների տարբերությունը. հերոսներից մեկը Մոսկվայից է, մյուսը Լիբանանից, գինու արտադրության ժամանակ նրանք մշակութային բախումների մեջ են հայտնվում, բայց պատմության վերջում բացահայտում են, որ երկուսն էլ նույն արմատներն ունեն, երկուսի պապերն էլ Արեւմտյան Հայաստանի նույն գյուղից են եղել»,- մանրամասնում է հեղինակը։

Լուսանկարը՝ ONEArmenia


Waking Noah’s Vines գրքի վերջում խոսվում է նաեւ գինեգործության տեսլականի եւ կանխատեսումների մասին, այստեղ ընդգծվում է հետեւյալ միտքը. «Հայաստանը փոքր երկիր է, մենք չենք կարող աշխարհի գինեգործության ոլորտում փոփոխություն բերել ծավալներով, մենք պետք է փոփոխություն բերենք գինու որակով»։

Ուղղված է ոլորտի զարգացմանը

Հայկական գինեգործության տեսլականի թեման շարունակելով՝ հեռավար հանդիպման մասնակիցները խոսեցին նաեւ ONEArmenia-ի գինեգործության աջակցման ծրագրերի մասին։ ONEArmenia-ի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ Waking Noah’s Vines գրքի վաճառքի շահույթի մի մասը ուղղվում է WineCubes of Armenia ծրագրին։

Հանդիպման հետեւողներին ներկայացվեց «Մոմիկ» գինու համտեսի սրահի պատմությունը (WineCube), որը 2018 թվականին կառուցվել է ONEArmenia-ի իրականացրած դրամահավաքի արդյունքում։ Նման նախագծերի աջակցման շնորհիվ է կազմակերպությունը պատրաստվում 10 գինու համտեսի սրահ հիմնել Հայաստանով մեկ:

Ամալի Խաչատրյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին