×

Նվեր եւ Նարինե Ղազարյանները Լուսանկարը՝ ONEArmenia

Նվերը, Նարինեն եւ ONEArmenia-ի օգնությամբ ստեղծված «Մոմիկ»-ը

«Մոմիկը» գինու համտեսի առաջին սրահն է (WineCube) Հայաստանում, որը 2018 թվականին կառուցվել է ONEArmenia-ի իրականացրած դրամահավաքի արդյունքում: Համտեսի սրահը գտնվում է Արենի գյուղում, այստեղ այցելուները հնարավորություն ունեն ճաշակելու կարմիր, սպիտակ եւ վարդե գինիներ, նաեւ համտեսելու տեղում պատրաստված ուտեստներ: 

«Մոմիկ» համտեսի սրահում կհանդիպեք նաեւ ամուսիններ Նվեր եւ Նարինե Ղազարյաններին. սրահը նրանց խաղողի այգում է գտնվում: ONEArmenia կազմակերպությունն է ընտրել Ղազարյաններին ու դրամահավաքի միջոցով աջակցել նրանց ընտանեկան բիզնեսին՝ կառուցել սրահը եւ այգու խաղողով արտադրել «Մոմիկ» գինիները: 

Գինեգործության աջակցման ծրագրի, «Մոմիկ» գինիների, սրահի բացման, ինչպես նաեւ նոր դրամահավաքի մասին մանրամասն պատմում է WineCubes of Armenia ծրագրի պատասխանատու Ակացիա Փոլադյանը: 


Ակացիա Փոլադյանը (ձախից առաջինը) Լուսանկարը՝ ONEArmenia

Ինչո՞ւ եւ ինչպե՞ս 

2017-ին ONEArmenia-ի իրականացրած դրամահավաքը նպատակ ուներ աջակցելու գինեգործ փոքր ընտանիքներին եւ ներկայացնելու համտեսի սրահի նոր մոդելը: 

Գինու ոլորտում լուրջ զարգացումների հետ մեկտեղ մենք հասկանում էինք, որ հիմնականում խոշոր ընկերություններն են կարողանում գործարան հիմնել ու ընդլայնել իրենց բիզնեսը, մինչդեռ Հայաստանի այգիների մեծ մասը պատկանում է տեղացի ընտանիքներին, որոնք աջակցության կարիք ունեն: 


Լուսանկարը՝ ONEArmenia

Դրամահավաքի արդյունքում մեզ հաջողվել էր հավաքել մոտ $ 35 000: Հայաստանի գինեգործության զարգացման համար նվիրատվություն էին կատարել աշխարհի տարբեր ծայրերից: Այս գումարով մեզ հաջողվեց աջակցել Արենի գյուղից ամուսիններ Նվերին ու Նարինեին եւ նրանց այգում բացել գինու համտեսի յուրօրինակ սրահը: 


Լուսանկարը՝ ONEArmenia

Նման հաջողություն չէինք ունենա, եթե չլիներ այս ընտանիքի տրամադրվածությունը եւ պատրաստակամությունը: Հիմա ունենք ոչ միայն համտեսի սրահ, այլեւ որակյալ գինի եւ շատ լավ աշխատող բիզնես: Սա էր մեր նպատակը՝ աջակցել նման ընտանիքների, որպեսզի հետագայում նրանց հանձնենք կայուն բիզնես: Այս ընտանիքը մեզ հետ համագործակցության արդյունքում եռապատկել է իր տարեկան եկամուտը:

«Մոմիկ». ոչ միայն սրահ, այլեւ գինիներ

Ծրագիրը սկսվել է ONEArmenia-ի եւ WineWorks ընկերության (Vineyards of Armenia) համագործակցությամբ: WineWorks-ի աջակցությամբ արդեն երկրորդ տարին է՝ արտադրվում են «Մոմիկ» գինիները՝ կարմիր, սպիտակ եւ վարդե: Ուզում էինք ոչ միայն աջակցել բիզնեսին, այլեւ դուրս գալ տնական գինեգործության մակարդակից եւ որակյալ գինի ստանալ:


Լուսանկարը՝ ONEArmenia

Կամիրն ու վարդեն արտադրված են Արենի սորտից, սպիտակը՝ Ոսկեհատ: 

2017 արտադրությունն ամբողջովին վաճառել ենք՝ մոտ 1700 շիշ, 2018-ի բերքահավաքի արտադրությունը (2600 շիշ) ներկայում վաճառվում է ե՛ւ համեստի սրահում, ե՛ւ երեւանյան գինետներում ու սրճարաններում: 2018-ի գինին բացառիկ լավ արձագանք ունի, բոլորը հավանում են համային փունջն ու որակը: 


Լուսանկարը՝ ONEArmenia

20 տարի սպասելուց հետո

Նվերի եւ Նարինեի ընտանիքները 50 տարվա գինեգործության պատմություն ունեն, ամուսինների համատեղ պատմությունն էլ 20 տարվա է: Երբ մենք նրանց հետ ծանոթացանք, երկուսով տանը գինի էին արտադրում, ունեին շատ գեղեցիկ այգի, վաճառում էին նաեւ իրենց խաղողը, բայց չէին կարողանում լավ որակյալ գինի ստանալ ու շուկա մուտք գործել: 


Նվեր եւ Նարինե Ղազարյանները Լուսանկարը՝ ONEArmenia

Նվերը մի անգամ ասել է, որ 20 տարի նման ծրագրի էր սպասում, պատկերացրեք՝ նա նվիրել է իր կյանքը գինեգործությանը, բայց դժվարացել է ներկայանալ շուկային, իսկ հիմա զարմանում է՝ ինչպես է այլ գինեգործների հետ մրցակցության մեջ մնում: 


Նվեր Ղազարյանը Լուսանկարը՝ ONEArmenia

Ընտանիքներն իրենք են որոշում սրահի անվանումը: Նարինեի նախահայրերն աշխատել են Մոմիկի հետ, եւ քանի որ նա մինչեւ հիմա համարվում է Վայոց ձորի խորհրդանիշներից մեկը, սրահը անվանել են հայտնի ճարտարապետի անունով: Ի դեպ, Նարինեն նաեւ խաչքարագործուհի է եւ վարպետության դասեր է անցկացնում սրահում, այցելուներից շատերին խաչքարագործություն է սովորեցնում: 


Նարինե Ղազարյանը Լուսանկարը՝ ONEArmenia

Ինչո՞ւ է յուրահատուկ

Մեր առաջարկած համտեսի սրահը (WineCube) դասականից տարբերվում է նրանով, որ գինեգործարանի կամ որեւէ մեկի տան հարեւանությամբ չի գործում, այլ գտնվում է հենց գինեգործների այգում: Ուզում ենք, որ այցելուն ստանա գինեգործության փորձառությունը, տեսնի խաղողները, հետեւի դրանց մշակման աշխատանքներին:

Սրահն ունի փոքրիկ խոհանոց, ներսում եւ դրսում դրված սեղան-աթոռ, որ մարդիկ կարողանան միաժամանակ ճաշել եւ գինի համտեսել:


Լուսանկարը՝ ONEArmenia

2019-ին այս սրահում հյուրընկալել ենք 500-ից ավելի այցելուների՝ հիմնականում զբոսաշրջիկներ: Անցկացնում ենք զբոսանք խաղողի այգով, պատմում ենք Հայաստանի գինեգործության պատմությունը, ներկայացնում ենք խաղողի տեսակները: Ունենք տարբեր փաթեթներ՝ համտեսներ, թեթեւ ուտեստներ, նախաճաշեր:

Նոր ընտանիք, նոր գյուղ, նոր սորտեր

Տեսնելով մեր առաջին փորձի հաջողությունը՝ այս տարի շարունակում ենք ծրագիրն ու այժմ դրամահավաք են անում նոր ընտանիքի համար: Նրանք Արագածոտնի մարզի Աղձք գյուղից են՝ հայր, մայր եւ դուստր: Հայրն ու աղջիկը գինեգործ են, ընտանիքի պապը նույնպես գինեգործ է եղել. ավանդական գինեգործության կրողներ են, բայց աղջիկը նաեւ ուսանել է EVN Wine Academy-ում: Սպասում ենք ժամանակակիցի ու ավանդականի համադրությանը:


Լուսանկարը՝ ONEArmenia

Ներկայացնելու ենք նաեւ նոր սորտեր՝ Կախեթ, Հաղթանակ, Մուսկատ: Օնլայն դրամահավաքը կտեւի մինչեւ 2020 թվականի փետրվար:

Համագործակցության ընտրությունը կատարվում է հետեւյալ սկզբունքով՝ ընտանիքը պետք է հարմարավետ վայրում այգի ունենա, այսինքն՝ այն գտնվի տուրիստական ճանապարհի վրա: Շատ ենք կարեւորում ընտանիքի պատրաստակամությունը: 

Ձգտում են 10 WineCubes-ի 

Ի տարբերություն նախորդ տարիների՝ 2019-ի բերքն ավելի շատ է լինելու. պահանջարկն իսկապես մեծ է, երկու ընտանիքների արտադրությունը կլինի 7000 շշից ավելի: Ապագայում գուցե նաեւ արտահանենք:


Լուսանկարը՝ ONEArmenia

Դրամահավաքից ակնկալում ենք մոտ $ 50 000, որպեսզի կարողանանք նոր համտեսի սրահ բացել ու նաեւ «Մոմիկին» աջակցել: Մեր ապագա նպատակն է ունենալ 10 գինու համտեսի սրահ Հայաստանով մեկ: Ուզում ենք WineCubes of Armenia-ն մոդել դառնա նաեւ այլ երկրների համար:

Կարեւոր է նաեւ արձանագրել՝ մեկ ընտանիք չէ, որ օգտվում է այս ծրագրից, տեղացիներից շատերը զբոսաշրջիկների համար ուտեստներ են պատրաստում, վաճառում կամ մեքենա վարում: Ես միշտ ասում եմ՝ «Մոմիկ» գինու շիշը բացելիս պետք է գիտակցել, որ օգնում ես մեկ ընտանիքի:

Սեղմելով այստեղ՝ կարող եք մասնակցել դրամահավաքին:

Ամալի Խաչատրյան 

Լուսանկարները՝ ONEArmenia-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին