Կորոնավիրուսի համավարակը խախտել է բնական գինիների արտադրությամբ զբաղվող Alluria գինեգործարանի ծրագրերից մի քանիսը, բայց այս օրերին աշխատանքներ են ընթանում խաղողի այգիներում։
Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերի ժամանակ AlluriaWines-ի գինեգործ եւ համահիմնադիր Սամվել Մաչանյանը խոսել է բնական գինիների արտադրության ու «գաղտնի նախագծի» մասին։
«2020-ի երկրորդ կեսի համար վերականգնվելու պլաններ ունենք, իսկ մինչ այս շատ ծրագրեր ունեինք։ Շուկա էինք մտել երկու տեսակի գինով, պատրաստվում էինք ներկայանալ մեկը մեկից հետաքրքիր ու խենթ 8 արտադրանքով։ Թվով 8-րդ գինին մեր գաղտնի նախագիծն է։ Այն, հավանաբար, շուկա կմտնի հոկտեմբերի վերջին: Համավարակի ավարտից հետո գործարան այցելողները հնարավորություն կունենան համտեսել այն։ Այդ գինին յուրահատուկ է ու տարբեր մեր նախորդ արտադրանքներից»,- ասել է գինեգործը։
Լուսանկարը՝ Philipp Buckup
Համավարակը անորոշ ժամանակով հետաձգել է նաեւ Alluria գինեգործարանի՝ «աշխարհը գրավելու» ծրագրերը։ Սամվել Մաչանյանն ասել է, որ պլանավորել էին իրենց գինիներից երկուսն ուղարկել Հոլանդիա եւ Ֆրանսիա, սակայն փաթեթավորված արկղերը դեռ սպասում են թռիչքի։
Բնական գինին ու հավելյալ բարդությունները
Ուղիղ եթերի հիմնական թեման եղել է բնական գինիների արտադրությունը։ Էջի հետեւորդների համար պարզաբանել են, թե որոնք են բնական եւ օրգանական գինիների տարբերությունները։ Նշվել է, որ եթե օրգանական գինիների խմորման ընթացքում թույլ է տրվում որոշակի սահմանափակումներով ավելացնել օժանդակ նյութեր, ապա բնական գինիների արտադրությունում բացառվում է, եւ սա հավելյալ բարդություններ է առաջացնում։
AlluriaWines-ի գինեգործ Սամվել Մաչանյանը պատմել է, որ բնական գինիներ արտադրության պրոցեսում ծագող խնդիրների հետեւանքով ամեն տարի ունենում են մի քանի տոննա չստացված արտադրանք։
Սամվել Մաչանյանը | Լուսանկարը՝ Ս. Մաչանյանի արխիվից
«Երբ հարցնում են՝ ո՞վ է մեր գինեգործը, պատասխանում ենք՝ բնությունը, իսկ մենք Սանտա Կլաուսի էլֆերն ենք, պարզապես օգնում ենք, որ գինին հնարավորինս լավ զգա, հանգիստ լինի այս միջավայրում եւ ճիշտ զարգացում ունենա։ Բնական գինիների արտադրության հարցում սա ամենամեծ խնդիրն է, քանի որ, երբ թողնում ես ինքնահոսի, գինին պատրաստվում է ոչ թե մեկ, այլ հազարավոր՝ տարբեր բնավորություն ունեցող խմորիչների միջոցով։ Երբ ընտրում ես բնական գինիների ստեղծման փիլիսոփայությունը, պետք է հոգեբանորեն պատրաստ լինես գինի փչացնելուն, այլ կերպ հնարավոր չէ»,- ասել է Սամվել Մաչանյանը։
Վիրտուալ տուր եւ հետաձգված այցեր գինեգործարան
Սամվել Մաչանյանը ուղիղ հեռարձակման ժամանակ վիրտուալ տուր է կազմակերպել Alluria գինեգործարանի տարածքում, ցույց տվել «գինու համալսարանը»: Սա գործարանի այն հատվածն է, ուր հնեցվում են գինիները։
Պատմել է «գինու բանկի» մասին, որի պահատուփերում պահվում են հաճախորդների գնած գինիները։
«Երբ գինին հայտնվում է պահատուփում, գնորդը դառնում է Alluria-ի ակումբի անդամ, ստանում պահատուփի բանալի, սերտիֆիկատ, թե որ պահատուփում ինչ տեսակի եւ որքան գինի ունի։ Նաեւ առաջնային իրավունք է ստանում յուրահատուկ գինիների մասին տեղեկություն ստանալու, սահմանափակ քանակով գինիներ ձեռք բերելու ու դրանք հենց գործարանի տարածքում վայելելու»,- ասել է նա։
Սամվել Մաչանյանը՝ այցելուների հետ | Լուսանկարը՝ Ս. Մաչանյանի արխիվից
Նա պատմել է, որ 2020 թվականը գործարանի համար տուրիզմի առումով շատ ակտիվ է սկսել, ծրագրեր են եղել տեղային տուրիզմի զարգացման ուղղությամբ։ Ըստ գինեգործի՝ այն հատկապես հետաքրքիր է, քանի որ հնարավորություն է տալիս, որպեսզի արտադրողը շփվի իր գինու պոտենցիալ սպառողի հետ։ COVID-19-ն այս հարցում եւս խոչընդոտներ է ստեղծել։
Էմոցիոնալ խմիչքը եւ գինեգործի կոչը
Սամվել Մաչանյանը նշել է, որ «գինին կենդանի օրգանիզմ է, ստեղծումը՝ շատ յուրահատուկ երեւույթ»։ Նա գինեսերներին հորդորել է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կարանտինից հետո այցելել Հայաստանում գտնվող գինու գործարաններ։
«Մենք ունենք հրաշալի գործարաններ, որոնք ունեն հրաշալի գինիներ, անկրկնելի միջավայր։ Գնացեք այդ վայրերը, տեսեք, թե ինչպես է գինին պատրաստվում, ծանոթացեք ձեր սիրելի գինի արտադրողին։ Համոզված եմ՝ հետո այլ աչքով կնայեք գինուն, որը էմոցիոնալ խմիչք է։ Պատրաստման պրոցեսում այն էներգետիկա է կուտակում ու հետո փոխանցվում մարդկանց։ Գինեգործության մեջ սա իմ ամենասիրելի դրվագն է»,- ասել է Սամվել Մաչանյանը։
Անի Խչոյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: