Ողջ աշխարհում գինու մասնավոր ներդրողները գինիներ են գնում ան-պրիմյոր համակարգով, պահում են դրանք բոնդային պահեստներում եւ իրացնում գինու աճուրդներում: Հաջող գործարքի դեպքում, կարելի է, օրինակ, կազմակերպել ձեր դստեր հարսանիքը, ինչպես դա արեց գինու հայտնի բրիտանացի փորձագետ եւ Decanter ամսագրի խմբագիր Սթիվեն Սպուրյեն: Նրանք շահութաբեր ֆյուչերսային պայմանագրեր են կնքում՝ հազվագյուտ գինիների գնման համար, որոնք կսպասեն իրենց տերերին գինու պահեստների անդորրում:
Հայաստանն էլ ունի իր Գինու բանկը:
«Ռուս՝ Մոսկվայից, տեղացի հայ, Կիպրոսի հայ, այս երկուսը՝ ամերիկահայեր, աջից երկրորդը՝ Սիրիայի հայ, վերեւում՝ Մոսկվայի հայուհի, իսկ այս մեկը Բավարիայից է,- «խախտում» է բանկային ավանդների գաղտնիքը գինեգործ Սամվել Մաչանյանը եւ մատնանշում ամենամեծ պահատուփը: «Նա մեզ մոտ հյուր էր եկել եւ որոշել էր փորձարարական տակառից գինի գնել. նրան դուր եկավ բնական Խնդողնին, որը հնեցվում է արցախյան կաղնու մեջ»:
Բավարացու պահատուփը դեռ դատարկ է: Հաճախորդը, ով որոշել է, որ այդ գինին հիթ է դառնալու, պատրաստ է սպասել՝ մինչ այն կհասունանա: «Եթե պիտակի վրա գրված է Alluria, միայն մենք ենք որոշում՝ երբ է գինին շշալցելու ժամանակը: Նույնիսկ եթե նախապես վճարել եք գինու համար, դա ձեզ իրավունք չի տալիս պահանջել գինին, եթե այն պատրաստ չէ եւ դեռ պետք է մնա տակառում: Երբ մենք եղբայրներով կհասկանանք, որ ժամանակն է, իսկ հայրս կհաստատի մեր կարծիքը, այդ ժամանակ էլ հաճախորդը կստանա իր Alluria-ն»,- ասում է Սամվելը:
Սամվել Մաչանյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Դավաճանելով իր առաջին սիրուն՝ տեղեկատվական անվտանգությանը, Սամվել Մաչանյանը «կապվեց» Alluria Wines-ի հետ: Նա 17 տարի աշխատել է բանկային ոլորտում, իսկ երբ հասկացել է, որ կյանքում պակասում է ռոմանտիկան, սկսել է զբաղվել գինեգործությամբ՝ բնական գինիների արտադրության ընտանեկան ավանդույթները վերածնելու եւ առեւտրայնացնելու համար:
«Ես ու եղբայրներս որոշեցինք, որ պատանի տարիներից մեզ հարազատ եւ ծանոթ յուրահատուկ գինու համը պետք է դուր գա նաեւ սպառողին: Ես էությամբ վաճառող չեմ, այնպես որ կարող եմ վաճառել միայն այն, ինչում վստահ եմ: Բացի այդ, հայաստանյան շուկայում բնական գինիների հատվածը դատարկ էր»,- պատմում է Սամվելը:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Alluria Wines-ն արագ նվաճեց շուկան եւ երկրպագուների բանակ ձեռք բերեց: Գինու բանկի «զբաղվածությունը» 100 տոկոսանոց է: Գինու բացակայությունը մի քանի պահատուփերում չի ազդում այս ցուցանիշի վրա՝ այդ գինիների տերերը համբերատար սպասում են շշալցմանը: Բուտիկային գինեգործարանի արտադրական ծավալն այնքան էլ մեծ չէ, ուստի հեռատես գնորդները նախապես են կնքում պայմանագիրը, որպեսզի երաշխավորված ստանան Alluria-ի իրենց շիշը:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Սակայն եղբայրները գինեգործարանում գինու բանկը ստեղծել են այլ պատճառով. «Սկսեցինք կիրառել գինու ֆյուչերսներն այն ժամանակ, երբ հորս ընկերները հրաժարվեցին գինին որպես նվեր ընդունել: Որոշեցին աջակցել մեր բիզնեսին եւ մի քանի տասնյակ շիշ գնեցին՝ տակառներում հնեցման փուլում: Այդ ամենը պետք էր ինչ-որ տեղ պահել»,- հիշում է գինեգործը:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Այդ ժամանակ էլ Մաչանյան եղբայրները որոշեցին գինու բանկ բացել, որտեղ հնարավոր կլինի ավանդել Alluria գինիները: Բանկիր հայրն աջակցեց որդիների հերթական գաղափարին, որոնցից երկուսն այսօր էլ զբաղված են ֆինանսների ոլորտում՝ միջնեկ եղբայր Արամը եւ ավագ եղբայր Սամվելը, որը «պահպանում է մարտական ոգին»՝ շարունակելով տարբեր ընկերություններին խորհրդատվություն տրամադրել տեղեկատվական անվտանգության հարցերում: Իսկ Alluria գինու բանկն արագորեն ընդլայնվում է այն հաճախորդների շնորհիվ, որոնք ամրագրում են պահատուփերը, կնքելով ֆյուչերսային պայմանագրեր հազվագյուտ գինիներ գնելու համար:
Էռնա Ռեւազովա
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: