×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Երեմյան Փրոջեքթսը» նոր ռազմավարություն է մշակում

«Երեմյան Փրոջեքթս»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանն ասել է, որ ընկերությունը, ստեղծված իրավիճակից ելնելով, ստիպված է «սառեցնել» որոշ ծրագրեր, փոխել զարգացման ուղղությունը, նոր ռազմավարություն մշակել ։

«Երեմյան փրոջեքթս»-ի կազմի մեջ են մտնում «Լիվինգսթոն», «Սմոքինգ շեֆ», «Պանդոկ Երեւան գետափին»,  «Շերեփ», «Լավաշ» ռեստորանները, «Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանցը, «Երեւանի Շաուրմա» արագ սննդի ռեստորանների ցանցը:

Civilnet-ին տված հարցազրույցում նա հիշեցրել է, որ մարտի վերջին պետք է սկսեր աշխատել իտալական Casa Nostra ռեստորանը, իսկ սպրիլին՝ բարձր հեղինակային խոհանոցով Renommée ռեստորանը:

Դավիթ Երեմյանն ասել է, որ 2020 թվականի համար ընդհանուր առմամբ ռեստորանային չորս նոր նախագիծ էին նախատեսել, բայց այդ ծրագրերը ժամանակավորապես կասեցված են:

«Չենք կորցնում լավատեսությունը, բայց ներուժն ուղղել ենք դեպի այլ բնույթի նախագծեր, որոնք ավելի ուշ էինք նախատեսում կյանքի կոչել, օրինակ, մեր գյուղատնտեսական նախագծերը», - ասել է նա:

Դավիթ Երեմյանն ասել է, որ «այս պահի դրությամբ խուսափել ենք կրճատումներից՝ ձգտելով պահել մեր պրոֆեսիոնալ ու նվիրված թիմը»։ 

Խոսելով կառավարության աջակցության ծրագրերի մասին, «Երեմյան Փրոջեքթս»-ի ղեկավարն ասել է, որ նախատեսում են օգտվել անտոկոս վարկավորումից նախեւառաջ աշխատավարձերի եւ հարկերի վճարումներն ապահովելու համար։ 

«Ինձ համար կարեւոր է, որ մեր պետությունն իր հնարավորությունների շրջանակում առավել թիրախային, հստակ խնդիրների լուծմանն ուղղված եւ նպատակադրված իրականացնի այդ աջակցությունը, որպեսզի մենք կարողանանք այս ճգնաժամից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալ։  Այսօր պետությունը, առավել քան երբեւէ, պետք է գործարարի կողքին լինի, քանի որ բիզնեսն է տնտեսության շարժիչ ուժը։ Անհրաժեշտ է տնտեսությունում շրջանառվող միջոցների ապահովումը, որ տնտեսությունը կարողանա շնչել։ Կարեւոր է նաեւ գիտակցելը, որ բիզնեսի աջակցության ծրագրերն անհրաժեշտ են ոչ միայն բուն այս ճգնաժամի ընթացքում։ Նաեւ հետճգնաժամային պետական ծրագրեր են պետք, որպեսզի գործարար ոլորտն արագ ոտքի կանգի ու զարգացնի երկրի տնտեսությունը», - ասել է Դավիթ Երեմյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք այստեղ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին