Խաղողի այգիներում դռներ չկան, բայց գինեգործ Զառան գինու աշխարհ «մտել» է հենց դռնով, որը բացվել է խոհանոցից։ Շուրջ 10 տարի առաջ սոցիալական հոգեբան Զառան որոշել է փոխել աշխատանքը, զբաղվել մի գործով, որը շոշափելի արդյունք կունենա։ Նա մասնագիտական փոքրիկ կանգառ է արել խոհանոցում, որից էլ նոր աշխարհ է բացահայտել, որտեղ նրա ստեղծած արդյունքը ոչ միայն շոշափվում է, այլեւ կյանքը հարստացնում բույրերով ու համերով։
Զառա Քեչեչյանն այժմ «Թուֆենկյան Հոսփիթալիթի»-ի գինեգործն է: GastroVino-ի հետ զրույցում նա պատմել է գինու աշխարհում հայտնվելու մասին եւ կիսվել՝ ինչպես է գինեգործական յուրաքանչյուր սեզոն հարստացնում գիտելիքն ու բարդացնում աշխատանքը։
Դուռը, որ բերեց խաղողի այգիներ
Ինչպես այս ոլորտի շատ մարդիկ, ինձ նույնպես դեպի գինու աշխարհ առաջնորդել է կիրքը, բայց ճանապարհը հարթ չի եղել։ Սոցիալական հոգեբան եմ ու երկար տարիներ աշխատել եմ մարդկային ռեսուրսների ոլորտում։ ՄՌ-ի հետ երկար աշխատանքից հետո ցանկանում էի այլ աշխատանքով զբաղվել, խոհանոցը ինձ համար դարձավ ստեղծագործելու միջավայր։ Խոհանոցն ու գինին փոխկապակցված են, եւ երբ սիրահարվում ես խոհանոցին, սկսում ես համադրել ուտեստներն ու գինիները, հետաքրքրվել դրանց բազմազանությամբ։ Այսպես էլ խոհանոցի «միջով» անցա դեպի գինու աշխարհ ընկած ճանապարհը։
Զառա Քեչեչյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
2014 թվականն էր՝ EVN գինու ակադեմիան առաջին անգամ հայտարարեց իր դասընթացների մասին։ Գինու մասին գրեթե ոչինչ չգիտեի՝ նոր ձեւավորվող գինեսեր էի, բայց դիմեցի եւ ընդունվեցի։ Հետաքրքիր կուրս էր հավաքվել, EVN-ի առաջին շրջանավարտները՝ իմ համակուրսեցիները, այսօր ոլորտում ակտիվ աշխատող մարդիկ են։ Երբ նոր էինք սկսում, ոչ ոք հստակ չէր պատկերացնում՝ ուր ենք գնում, բայց անկեղծորեն սիրում էինք գինի խմել։ Այդ ժամանակ գինեգործության սիրահարներն էլ քիչ էին։
Մեծ գործարանի փոքր էքսպերիմենտները
Որքան շատ ես խորանում գինու աշխարհում, այնքան պարզ է դառնում, թե որքան բազմաշերտ է այն։ Գինին հնարավորություն է տալիս գտնել քեզ հարմար անկյունը, կարող ես ընտրել խաղողագործությունը, վաճառքը, մարքեթինգը, սոմելիեի աշխատանքը կամ համտեսի ուղղությունը։ Եթե գտնում ես քոնը, բացահայտելու անսահման շատ բան կա։
Գինեգործությամբ զբաղվելու որոշումս սպոնտան էր։ Ակադեմիայում սովորելու ընթացքում սկսեցի աշխատել WineWorks-ում՝ ադմինիստրատիվ մասով, եւ հենց այդ ժամանակ մի ծրագրով մեկնեցի Գայզենհայմ։ Դեռ չէի վերադարձել, բայց արդեն երկու աշխատանքի առաջարկ ունեի։ Մինչ այդ հասցրել էի մեկ վինտաժ աշխատել Արգենտինայում, մի սեզոն էլ՝ Իսպանիայում ու հասկացել էի, որ արտադրությունն ինձ իսկապես հետաքրքրում է։ Բայց եթե այդ առաջարկները չլինեին, չգիտեմ՝ ինչպես կդասավորվեր ճանապարհը։ Դրանք հնարավորություն տվեցին կրթությունից անմիջապես պրակտիկ աշխատանքի անցնել։
Վերադարձա ու աշխատանքի անցա «Կարասում»՝ որպես երկրորդ գինեգործ։ Գինու հետ աշխատանքը մեծ պատասխանատվություն է։ Հաճախ թվում է՝ ամենակարեւոր գործերը խաղողի բերքահավաքի ընթացքում են արվում, բայց իրականում աշխատանքն անընդհատ է, նախ՝ այգիներում, ապա՝ գործարանում։ Բոլորն էլ լուրջ գործընթացներ են՝ սկսած բերքի կամ պատրաստվող գինու տեղափոխությունից, շշալցումից ու ցանկացած մանիպուլյացիայից։ Մի փոքր անուշադրությամբ կարող ես փչացնել լավ պրոդուկտը եւ այն ամբողջ աշխատանքը, որը մարդիկ կատարել են՝ խաղող աճեցնելուց սկսած։ Գինեգործության ամենաբարդ կողմը հենց այդ պատասխանատվությունն է։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Հիմա գինու ոլորտը սոցիալական էջերում հիմնականում գեղեցիկ շղարշով է ցուցադրվում, բայց այն նաեւ իր բարդ կողմն ունի. պահանջում է ֆիզիկական աշխատանք, հատկապես, եթե գինեգործն իսկապես ներգրավված է ամեն ինչում։ Այգում աշխատանքը հաճելի է, բայց հայկական այգիներ տանող ճանապարհներն իսկական արկած են, հետո էլ այնպես չէ, որ գինեգործն ամբողջ օրը գինու բաժակով շրջում է այգիներով (ծիծաղում է- խմբ.)։
Զառա Քեչեչյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Կարասում» աշխատել եմ ավելի քան հինգ տարի։ Դա նոր գիտելիք ստանալու ժամանակահատված էր՝ թե՛ արտադրական գործընթացներին տիրապետելու, թե՛ անձնական զարգացման տեսանկյունից։ Գինեսերների շրջանում կարծիք կա, որ «Կարասը» դասական ընկերություն է, բայց «ներսում» բաց մթնոլորտ էր, որտեղ նոր գաղափարները միշտ քննարկվում էին։ Կարող էի այգիների հետ կապված որեւէ նոր բան կարդալ, սովորել ու առաջարկներով հանդես գալ։ Դրանք երբեք չէին անտեսվի։
Մեծ գործարանը փոքր էքսպերիմենտների հնարավորություն է տալիս։ Փոքր քանակներով փորձեր անելը մեծ արտադրության համար ոչինչ չի փոխում, բայց մասնագետի համար մեծ ճանապարհ է բացում՝ աճելու, հասկանալու, գտնելու՝ ինչն է իրեն հետաքրքրում։ Տարբեր փորձեր անելու հնարավորությունն ինձ համար մեծ զարգացման ճանապարհ էր։
Քայլ առ քայլ՝ դժվարություններից մինչեւ ուրախություն
Գինու համայնքը մեծ չէ, բոլորը միմյանց ճանաչում են ու սա նաեւ նոր մարդկանց հետ ծանոթանալու հնարավորություն է տալիս։ Հենց այս ոլորտի իմ գործընկերների միջոցով եմ ծանոթացել Ջեյմս Թուֆենկյանի հետ։
Զառա Քեչեչյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
2022 թվականի ձմռանից աշխատում եմ «Թուֆենկյանում»։ Մենք պատրաստում ենք բիոդինամիկ եւ օրգանական գինիներ։ Եթե «Կարասում» բնական խմորման եղանակը փորձած չլինեի, գուցե չիմանայի, որ այս ուղղություններն ինձ հոգեհարազատ են։
Այս նախագծում չորս բերքահավաք եմ ունեցել եւ ամեն մեկը յուրահատուկ մարտահրավերն է եղել։ Յուրաքանչյուր գինեգործական տարի ունի իր ծանր եւ ուրախ պահերը։ Նախ՝ տարվա մեծ մասը անցնում է այգում՝ բերքահավաքից դեռ շատ առաջ։ Իսկ արդեն բերքահավաքի ժամանակ, երբ խաղողը լավն է, բավարարվածության պահն է գալիս։ Սա գինեգործության իրական ուրախությունն է։
Բերքահավաքի բարդ շրջանում տեղափոխվում ենք գինեգործական շրջաններ, որտեղ մթնոլորտը շատ հետաքրքիր է։ Ես սովորաբար գնում եմ Արենի, շփվում համախոհների, այլ գինեգործների, տեղացիների հետ։ Ծանր օրվանից հետո գինու շուրջ հավաքվելը եւս այս պատմության հաճելի կողմերից է։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Որքան լավ ես տիրապետում գինեգործությանը, այնքան մեծ խնդիր ես ինքդ քո առաջ դնում։ Ամեն տարի փորձում ես կատարելագործել այն, ինչ անում ես։ Միեւնույն ժամանակ, աշխատանքը ծանրանում է՝ ավելի մանրակրկիտ ես վերահսկում ամեն ինչ, ուշադրություն դարձնում ավելի շատ գործոնների։ Դրանք կարող են լինել պրակտիկ, տեխնիկական խնդիրներ, օրինակ՝ երբ մի անհարմար պահի պոմպը փչանում է, հաճախ ինքդ պետք է լուծում գտնես։
Զառա Քեչեչյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Այստեղ անընդհատ ուսանելու տեղ կա։ Միգուցե, 80 տարեկանում, երբ 50 վինտաժ արած լինես կամ 50 տարի աշխատես ռեստորանում որպես սոմելիե, ձեռքիդ տակով աշխարհի լավագույն գինիներն անցկացնելով, կարող ես ասել, որ լիովին տիրապետում ես մասնագիտությանդ։ 10 տարի ոլորտում լինելով, սակայն, հասկանում եմ՝ դեռ ավելի շատ սովորելու բան ունեմ, քան արդեն գիտեմ։
GastroVino-ն Զառա Քեչեչյանի հետ զրուցել է նաեւ «Թուֆենկյանի» սկզբունքների, գինիների, հին ու նոր այգիների, բնական գինեգործության, կենսաբազմազանությունն ու բնությունը «հարգող» մոտեցման մասին։ Զրույցի շարունակությունը կհրապարակվի առաջիկայում։
Անի Խչոյան
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի


×




Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: