Հայկական գինեգործության նոր սերունդն այսօր ստեղծում է ոչ միայն գինի, այլեւ ձեւավորում գիտելիքի ու մշակույթի նոր միջավայր։ Այդ սերնդի ներկայացուցիչներից է Արփինե Մանուկյանը, որը նոր էջ է բացել Հայաստանի գինեգործական կրթության մեջ՝ հիմնելով Armenian Wine School-ը (AWS):
Նա նաեւ Wine & Spirit Education Trust (WSET) միջազգային կրթական ծրագրի սերտիֆիկացված դասավանդող եւ Master of Wine–ի թեկնածու է։
GastroVino-ի հետ զրույցում Արփինեն պատմում է, որ գինեգործություն է եկել լեզվաբանությունից: Ասում է՝ տարբեր մշակույթների հանդեպ սերը նրան տարել է դեպի գինու աշխարհ, որտեղ կարողանում է համադրել ե՛ւ լեզուները, ե՛ւ մշակույթը, ե՛ւ գիտությունը, ե՛ւ ստեղծագործականությունը:
Առաջին քայլերն ու առաջին տիտղոսը
Գինեգործության մեջ առաջին լուրջ քայլս կատարել եմ 2014 թվականին, երբ ընդունվեցի EVN գինու ակադեմիա։ Ավարտելուց հետո հասկացա, որ ինձ ավելի խորացված, միջազգային կրթության կարիք ունեմ։ Այդ ժամանակ ակադեմիայի տնօրենը Զառա Մուրադյանն էր։ Նրա խորհրդով ընդունվեցի Հայաստանի Ագրարային համալսարանի մագիստրատուրա, որտեղից էլ հնարավորություն ստացա մեկ կիսամյակ սովորել Գայզենհայմում՝ Էրասմուս ծրագրով, ինչը շատ կարեւոր փորձ էր իմ համար։ Այնտեղ առաջին անգամ ծանոթացա WSET միջազգային կրթական ծրագրին, որը նախատեսված է գինիների եւ սպիրտային խմիչքների ոլորտի մասնագետների վերապատրաստման եւ որակավորման համար։
Արփինե Մանուկյանը | Լուսանկարը՝ անձնական արխիվ
WSET-ը 4 մակարդակ (level) եւ շատ համակարգված ու հիմնավորված մեթոդաբանություն ունի։ Որոշեցի անպայման դիմել եւ սովորել ծրագրով: Միանգամից 4-րդ մակարդակի համար դիմեցի Wine Academy Austria, որի կրթական ծրագիրն անցկացվում էր չորս երկրում՝ Շվեյցարիա, Ավստրիա, Իտալիա, Գերմանիա:
2020 թվականին Հայաստանից առաջինն էի, որ դարձա WSET Level 4 դիպլոմակիրը։ Այնտեղ նաեւ ստացա Weinakademiker տիտղոսը, որը տրվում է այդ մակարդակը հաջողությամբ ավարտածներին:
Արփինե Մանուկյանը | Լուսանկարը՝ անձնական արխիվ
Համաշխարհային գինեգործական միջավայրում WSET-ը «դռներ է բացում», այն լեզու է, որը բոլորը հասկանում են: Այն աշխարհում ամենահայտնի եւ ամենաշատ կիրառվող կրթական համակարգերից է, որը ճանաչում են թե՛ գինեգործները, թե՛ սոմելյեները, թե՛ միջազգային մասնագետները։
Master of Wine-ի թեկնածու դառնալու բարդ ճանապարհը
Արփինե Մանուկյանը նաեւ Master of Wine-ի միակ հայաստանցի թեկնածուն է:
Եթե մի բան սկսում եմ, ուզում եմ մինչեւ վերջ գնալ (ծիծաղում է-հեղ․): Որոշեցի, որ WSET դիպլոմակիր դառնալուց հետո տրամաբանական շարունակությունն արդեն Master of Wine ծրագրին դիմելն է։ Այն գինու ոլորտի ամենաբարդ, ամենաբարձր մասնագիտական որակավորումն է, որին դիմելու համար պետք է գինեգործության, գինու բիզնեսի եւ համտեսման մեծ փորձ կամ կրթություն ունենալ։
Արփինե Մանուկյանը | Լուսանկարը՝ անձնական արխիվ
Master of Wine-ի առանձնահատկությունը այն է, որ այն ամբողջությամբ ինքնուրույն սովորելու ճանապարհ է: Չունենք դասավանդողներ, ուսուցիչներ, քանի որ ակնկալվում է, որ յուրաքանչյուր ապագա Master of Wine պետք է կարողանա ինքնուրույն ուսումնասիրել, վերլուծել եւ ձեւավորել սեփական մասնագիտական կարծիքը։ Մինչեւ հիմա աշխարհում ընդամենը 425 Master of Wine-եր կա։ Սա ցույց է տալիս, թե ինչքան բարդ է այդ ճանապարհը անցնելը։
Armenian Wine School-ի հիմնումը Հայաստանում
WSET դիպլոմ ստանալուց հետո շատ էի ուզում, որ Հայաստանում եւս ցանկացողները հնարավորություն ունենան այդ ծրագիրն անցնել։ 2025 թվականին WSET Global-ն ինձ իրավունք տվեց Հայաստանում հիմնադրել Armenian Wine School-ը (AWS), որն առաջարկում է WSET-ի միջազգային ճանաչում ունեցող Level 1-3 դասընթացները՝ հասանելի դարձնելով այն կրթությունը, որի համար նախկինում ստիպված էինք երկրից դուրս մեկնել:
Armenian Wine School-ը հիմնվեց հենց այս բացը լրացնելու համար՝ Հայաստան բերելով միջազգային հեղինակություն ունեցող ծրագիր, որը հնարավորություն է տալիս տեղում ստանալ այն նույն որակավորումը, ինչ աշխարհի առաջատար գինու կենտրոններում։ Դպրոցի շնորհիվ էլ Հայաստանն ընդգրկվել է WSET Global կրթական քարտեզում։
Արփինե Մանուկյանը | Լուսանկարը՝ անձնական արխիվ
Armenian Wine School-ում դասավանդվող ծրագիրը նախատեսված է բոլորի համար՝ սկսնակներից մինչեւ ոլորտի մասնագետներ, սոմելյեներ, ռեստորանների եւ հյուրանոցների անձնակազմ, գինեգործներ, վաճառքի մասնագետներ կամ պարզապես գինու սիրահարներ։ Դպրոցում ուսումնասիրում են աշխարհի հիմնական գինեգործական շրջանները, խաղողի տեսակներն ու գինու ոճերը, սովորում են համտեսել համակարգված մեթոդով եւ գնահատել որակը։ Դասերի ընթացքում բացահայտում են, թե ինչպես են կլիման, տեղանքը եւ գինեգործական տեխնիկաները ձեւավորում գինին: Ինչու է, օրինակ, Շարդոնե սորտը Շաբլիում մի ոճ ունի, Կալիֆորնիայում՝ բոլորովին այլ։
AWS-ի կրթական ծրագիրը հարստացրել եմ նաեւ Իտալիայում, Գերմանիայում, Արգենտինայում, ԱՄՆ-ում եւ Հայաստանում ունեցած իմ արտադրական փորձով։ Տարբեր երկրների գինեգործական մշակույթների հետ շփվելը ինձ առարկայական ու կիրառական գիտելիք է տվել՝ սկսած խաղողի մշակությունից մինչեւ գինու արտադրություն, համտես, որակի վերահսկում եւ շուկայական կողմնորոշում։ Այս բազմազան միջավայրերում ձեռք բերած փորձը թույլ է տալիս, որ AWS-ի ուսուցումն անհամեմատ ավելի պրակտիկ, ժամանակակից եւ ինտեգրված լինի։
Վերլուծական հմտություններ եւ վստահություն՝ AWS-ում
AWS-ում ուսանողները սովորում են հասկանալ գինու կառուցվածքը, որակը, տերուարը, շուկայական ներուժը։ Դասընթացներն անցկացվում են փոքր խմբերով եւ այնպիսի մեթոդաբանությամբ, որը զարգացնում է վերլուծական հմտությունները:
Լուսանկարը՝ անձնական արխիվ
Դպրոցի նպատակը պարզապես գիտելիք տալը չէ, այլ այնպիսի մասնագետներ պատրաստելը, որոնք կբարձրացնեն գինեգործության մակարդակը Հայաստանում։
Մեր առաջին ուսանողները արդեն սկսել են իրենց դասընթացները Level 1-3 մակարդակներում, իսկ դպրոցն աստիճանաբար դառնում է այն վայրը, որտեղ գալիս են ոչ միայն սովորելու, այլ՝ ապագա կերտելու։
Արփի Ջիլավյան


×




Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: