ԱՄՆ-ում լույս է տեսել հայկական վեգան խոհանոցային գիրքը՝ The Vegan Armenian Kitchen Cookbook: Հեղինակներն են Կանադայից Լենա Թաչջյանը եւ ԱՄՆ-ից Սիրուն Պարսեղյանը։ Հայկական եւ մեր խոհանոցի մասը դարձած վեգան ուտեստների մասին պատմող գիրքը տպագրվել է անգլերենով, հեղինակները խոստանում են՝ ապագայում այն հայերեն էլ կթարգմանեն։ Սիրունը եւ Լենան այժմ ԱՄՆ-ում մասնակցում են տարբեր միջոցառումների եւ ներկայացնում են իրենց գիրքը լայն լսարաններին։ Գրքի առաջին տպաքանակը գրեթե սպառված է։
Ի՞նչ
265 էջանոց գրքում հավաքել են 119 բաղադրատոմս՝ ե՛ւ Հայաստանից, ե՛ւ Սփյուռքից։ Տեսականին բազմազան է․ նախաճաշ, ընթրիք, աղցան, ապուր, օշարակ, խմիչքներ, բրնձով ու բլղուրով խորտիկներ, աղանդեր, տաք ուտեստներից՝ տոլմա, լոբով ճաշեր...
Բաղադրատոմսերը բարդ չեն ու երկար ժամանակ չեն պահանջում պատրաստելու համար։ Չեն ներառել այն ուտեստները, որոնք իրար նման են եղել։ Հեղինակներն ասում են՝ գրքից դուրս մնացած բաղադրատոմսերը հետագայում կհրապարակեն կայքում։
«Գիրքը վաճառում ենք մեր կայքի միջոցով, նաեւ ԱՄՆ-ում, Կանադայում եւ Հայաստանում մի քանի գրախանութի ենք հանձնելու: Indiegogo հարթակով դրամահավաք (crowdfunding) արշավ ենք արել այս ծրագրի համար, որոշ մարդիկ վճարել են ու նախօրոք պատվիրել գիրքը: Մենք նաեւ աջակցություն ենք ստացել ամերիկյան եւ հայկական ընկերություններից, ում արտադրանքը ներառել ենք գրքում»,- GastroVino-ի հետ զրույցում պատմել է Լենա Թաչջյանը:
Ովքե՞ր
Լենան Տորոնտոյից է, Սիրունը՝ Լոս Անջելեսից։ Լենան վեգան է դարձել դեռ քոլեջում սովորելու ժամանակներից, մինչդեռ Սիրունը 2011-ին է որոշել վեգան լինել, երբ նայել է Forks over Knives վավերագրական ֆիլմը։
Առաջին անգամ Լենան Հայաստան է եկել 2011-ին՝ որպես «Դեպի Հայք» (Birthright Armenia) ծրագրի կամավոր. պլանավորած երեք ամսվա փոխարեն մնացել է վեց տարի: Հայաստանի մի շարք մարզերում տարբեր աշխատանքներ է արել՝ ֆերմերական գործերից մինչեւ գրող։
Սիրունը կրկին «Դեպի Հայք» ծրագրով է Հայաստան եկել, որտեղ էլ հանդիպել է Լենային։ Նա, սակայն, չորս ամիս է այստեղ ապրել։ Հետագայում Սիրունն իր ամուսնու հետ ԱՄՆ-ում լուսանկարչական ընկերություն է հիմնել, որտեղ զբաղվել են մասնավորապես ապրանքների լուսանկարչությամբ։ Մի հաճախորդի համար ուտեստ է նկարել ու սիրահարվել լուսանկարչական այս ուղղությանը։
Երբ Լենան է Հայաստանից վերադարձել Կանադա, սկսել է բլոգ վարել ու YouTube-ում հիմնել Vegan Armenian Kitchen ալիքը, որտեղ պատմում է հայկական եւ մեր խոհանոցի մասը դարձած վեգան ուտեստների մասին։ Սիրունն այդ ընթացքում կապ է հաստատել Լենայի հետ, որպեսզի մի քանի բաղադրատոմսեր ճշտի։ Հետագայում Լենան այցելել է Լոս Անջելես, հանդիպել Սիրունին ու վեց ամիս անց նրանք սկսել են միասին աշխատել։
«Երբ իմ յութուբյան ալիքի տեսանյութերի համար լուրջ ուսումնասիրություններ անել ու ավելի շատ հետաքրքրվել ուտեստների պատմությամբ, հասկացա, որ յուրաքանչյուր բաղադրատոմս իր հետեւում պատմություն ունի, բայց չգիտեի ինչ անել այդ ամբողջ ինֆորմացիայի հետ։ Սիրունի հետ զրույցի ժամանակ է գիրք ստեղծելու միտքը ծագել։ Մեկ տարի հեռավորության վրա միասին աշխատեցինք ու 2019-ի վերջին գիրքը հանձնեցինք տպագրության»,-պատմում է Լենան:
Սիրունը լուսանկարներն ու դիզայնն է արել, պատմություններն ու տեքստը՝ Լենան: Սիրունը պատմում է, որ ուտեստները նկարելու համար երբեմն ստիպված է եղել մի քանի անգամ նույն ուտեստը պատրաստել, որ վերջնական տեսքը գեղեցիկ լինի։ Հաճախ էլ որոշ ապրանքներ ԱՄՆ-ում բնակվող հայկական ընտրանքներից է խնդրել կամ հայկական խանութներից գնել, որպեսզի նկարների ամբողջական պատկերը համահունչ ստացվի։
Ինչո՞ւ
Գիրքը նպատակ ունի փոխելու պատկերացումները վեգանիզմի մասին, ինչը երբեմն ասոցացվում է հատուկ եւ բարձրարժեք մթերքների հետ։
Հեղինակները փորձում են ներկայացնել հայկական խոհանոցը բոլորովին նոր լսարանի, ինչպես նաեւ ուզում են ապացուցել, որ մեր խոհանոցը չի վերջանում միայն կենդանական ծագման մթերքներով։
«Ես ուզում եմ՝ մարդիկ տեսնեն, որ եթե անգամ միս են ուտում, միեւնույն է, կան շատ համեղ այլ կերակրատեսակներ, որ կարելի է փորձել: Հայկական վեգան ուտելիքները շատ ստեղծարար են, բազմազան ու առողջարար՝ ի տարբերություն Հյուսիսային Ամերիկայի, որտեղ վեգանիզմը շատ պարզ է՝ գետնանուշի կարագ, ավոկադո, սոյա»,-պատմում է Լենան։
Ինչպե՞ս
Խոհարարական գրքում օգտագործել են ուտեստների հայկական անվանումները: Երբ Լենան ուսումնասիրություններ է արել, հաճախ նկատել է, որ մեր օգտագործած շատ բառեր արաբերեն են կամ թուրքերեն, մինչդեռ մենք ունենք դրանց հայկական տարբերակները, օրինակ՝ ունենք «կոլոլակ» բառը արաբերեն «քյուֆթա» բառի փոխարեն:
««Լահմաջոյի» փոխարեն էլ կարող ենք ասել «մուսալոշ»՝ ըստ պատմաբանների։ Լահմաջո՝ նշանակում է հաց եւ միս, մուսալոշը լրիվ նույն իմաստն ունի: Լահմաջոյի ծագումն անհայտ է, բայց հայերն ունեցել են լահմաջո պատրաստելու իրենց հատուկ ոճը՝ ավելի կարճ ու հաստ է եղել: Հայերը, թուրքերը, արաբները, հույներն ունեն մուսալոշ, եւ քանի որ ես չգիտեմ՝ ով է ստեղծել այն, օգտագործում եմ հայերեն բառը եւ այն չեմ անվանում հայկական ուտեստ: «Բաստուրմայի» համար էլ կա նաեւ «ապուխտ» բառը։ Մենք օգտագործում ենք մյուս ժողովուրդների բառերը, այդ պատճառով էլ մարդիկ ասում են՝ այս ուտեստը հայկական չէ»,-մեզ հետ զրույցում պատմել է Լենան:
Բացի բաղադրատոմսերից Լենան գրքում ներկայացրել է նաեւ իր պատմությունն ու կիսվել ընտանեկան սովորություններով։ Ներկայացնում ենք գրքից մի հատված․
«Քանի որ ե՛ւ հորս, ե՛ւ մորս կողմը Հայոց ցեղասպանության վերապրածներ են, ես հասկացել եմ, որ ուտեստը նշանակություն ունի եւ այն քաղաքական է։ Իմ տատիկ պապիկներն օգտագործել են խոհանոցի մասին իրենց հուշերը որպես միջոց՝ պատմելու այն հողերի մասին, որտեղից նրանց բռնի կերպով վտարել են։ Նրանք այդ պատմությունները փոխանցել են սերունդներին, որպեսզի պահպանեն այդ չճանաչված պատմությունը։
Հայկական խոհանոցը Հայաստանում եւ Սփյուռքում ասոցացվում է երբեք չվերջացող առատության ու հյուրասիրության հետ, ու թողնում է այն զգացումը, երբ տատիկը սիրով կամ նույնիսկ ստիպողաբար ուզում է, որ բոլորը կուշտ լինեն»։
Ամալի Խաչատրյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: