×

Լենա Թաչջյանը

Հայկական վեգան խոհանոցի մասին աշխարհին պատմող Լենան

Կանադայում բնակվող Լենա Թաչջյանը երկու տարի առաջ սկսել է վարել յութուբյան Vegan Armenian Kitchen ալիքը հայկական եւ մեր խոհանոցի մասը դարձած վեգան ուտեստների մասին: Ղափամա, անուշապուր, տարեհաց, թերթանուշ (փախլավա). Լենան պարբերաբար նման ուտեստներ է առանձնացնում ու բացատրում դրանց պատրաստման ձեւերը: Շուտով նաեւ հայկական վեգան խոհանոցային գիրքը կհանձնի տպագրության:

Թե ինչպե՞ս է սկսել հետաքրքրվել հայկական խոհանոցով, ինչքանո՞վ է ծանոթ Հայաստանին, ու արդյոք հաջողվում է նրան հայկական վեգան կերակուրները ճանաչելի դարձնել աշխարհին, GastroVino-ին պատմել է Vegan Armenian Kitchen յութուբյան ալիքի հիմնադիր Լենա Թաչջյանը:

Ուրիշ Հայաստան

Առաջին անգամ Հայաստանում եղել եմ 2011-ին, երեք ամսով էի եկել, արդյունքում մնացի վեց տարի: «Դեպի Հայք» (Birthright Armenia) ծրագրի կամավոր էի, շատ տարբեր աշխատանքներ էի անում Արմավիրում, Արարատում, Վայոց ձորում: Սկզբում գյուղատնտեսությանն աջակցող ՀԿ-ի կամավոր էի, ֆերմերների հետ էի գործ անում, հետո որպես գրող էի աշխատում:

Ինձ դուր էր գալիս բացահայտել Հայաստանը, ճամփորդել երկրով. այն շատ տարբեր էր այն Հայաստանից, որի մասին Կանադայում հայկական դպրոցում էի սովորել:

Ուրիշ ճաշատեսակներ

Մայրիկիս կողմը Ստամբուլից է, հորս կողմը՝ Երուսաղեմից. ես մեծացել եմ այս տարածաշրջանի ուտելիքներով: Անկեղծ ասած, երբ Հայաստան եկա, մտածում էի՝ Արեւմտյան Հայաստանի խոհանոցին շատ նման պետք է լինի, բայց շատ ուտեստներ չէի ճանաչում:

Ղափաման


Ղափամա, պասուց տոլմա, ժենգյալով հաց, ավելուկ երբեւէ չէի կերել: Իմ ընտանիքում «Հեյ ջան, Ղափամա» երգը գիտեինք, բայց չգիտեինք՝ ղափաման ինչ է նշանակում:



Մինչ Հայաստան գալն իմ սիրելի կերակուրները ոսպով ապուրն ու ոսպով քյուֆթան էին, նկատի ունեմ կարմիր ոսպը, որը եփելիս դեղնում է: Հայաստանում ամեն տեղ փորձում էի ոսպով ապուր գտնել, իսկ ինձ միշտ կանաչ կամ սեւ ոսպ էին առաջարկում:

Ոսպով ապուրը


Ոգեշնչել են շուկաները

Սկսեցի հետաքրքրվել ու հմտանալ խոհարարության մեջ, երբ վեգան դարձա, որովհետեւ արդեն ինքս ինձ համար էի ճաշեր պատրաստում: Հայաստանում մթերային շուկաների շնորհիվ սկսեցի ավելի շատ պատրաստել: Որտեղ ապրել եմ, մի շուկա անպայման եղել է մոտակայքում, որն ինձ ստիպում ու ոգեւորում էր ավելի շատ պատրաստել: Կանադայում մեկ օր գնում ես առեւտրի, երկու բան ես գնում, հետո ստիպված ես հաջորդ օրն էլ գնալ խանութ. ամեն ինչ շատ հեռու է ու դժվար ձեռքբերելի:

Վեգա՞ն ես, հա՞վ կուտես

Երբ Հայաստան եկա, վեգան էի: Հաճախ էին մարդիկ ասում՝ բան չկա ուտելու, մինչեւ չսովորեցի ասել՝ պահքի կամ պասի ուտեստներ եմ ուզում: Հատկապես Երեւանից դուրս երբ ասում էի՝ վեգան եմ, միեւնույն է, դեռ հարցնում էին՝ հավ, գառան միս կամ ձուկ կուտե՞ս: Քանի որ շատ հայեր են կրոնական պատճառով պահք պահում, ավելի հեշտ է այդ տեսանկյունից վեգանիզմի մասին խոսել, որովհետեւ չեն հասկանում, երբ ասում ես հավկիթ կամ պանիր չեմ ուտում:

Ոսպով քյուֆթան


Կանադայում հինգ տարի վեգան էի, Հայաստանում մեկ տարի վեգան եղա ու անցա բուսակերության. հյուրընկալող ընտանիքի հետ սկսեցի ապրել ֆերմայում, քանի որ Հայաստանում այլ կերպ են կենդանիների հետ վարվում, քան Կանադայում, որոշեցի կաթնամթերք օգտագործել: Հիմա, երբ վերադարձել եմ Կանադա, կրկին վեգան եմ:

Ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ

Բլոգ էի վարում, որտեղ հայկական ուտեստների բաղադրատոմսերի ու ճամփորդություններիս մասին էի գրում: Մի անգամ դժվարանում էի բաղադրատոմսի մի հատված բացատրել, որոշեցի միայն այդ մասը նկարել ու տեսանյութը կցել գրածիս: Հետո մտածեցի՝ ինչու ամբողջ գործընթացը չեմ նկարում, նաեւ հասկացա, որ դեռ ոչ ոք չի սկսել հայկական վեգան խոհանոցի մասին պատմել YouTube-ում, մինչդեռ այլ վեգան խոհանոցների ալիքներ շատ կան:



Առաջին տեսանյութը ղափամայի մասին պատրաստեցի. այն գրեթե վեգան է, կարելի է միայն կարագ ու մեղր չավելացնել: Ուզեցի ղափամայով սկսել, որովհետեւ այն շատ գեղեցիկ է, ու շատերը չգիտեն այդ կերակուրի մասին:

Մսից բացի էլի ուտելիքներ կան

Հետեւորդները միայն վեգաններ չեն, շատերը հետեւում են, որ տեսնեն առողջ ու բուսակեր սնունդ: Հայերի ու արտասահմանցիների գեղեցիկ միքս է հավաքվել. նամակներ եմ ստանում մարդկանցից, որոնք ասում են՝ երբեւէ չեն լսել հայկական խոհանոցի մասին, հարցեր են տալիս եւ ուզում են ճամփորդել Հայաստան հատուկ ուտեստների համար:

Լենա Թաչջյանը


Ես ուզում եմ՝ մարդիկ տեսնեն, որ եթե անգամ միս են ուտում, միեւնույն է, կան շատ համեղ այլ կերակրատեսակներ, որ կարելի է փորձել: Հայկական վեգան ուտելիքները շատ ստեղծարար են, բազմազան ու առողջարար՝ ի տարբերություն Հյուսիսային Ամերիկայի, որտեղ վեգանիզմը շատ պարզ է՝ գետնանուշի կարագ, ավոկադո, սոյա…

Մի շարք ուսումնասիրությունների արդյունքում

Իմ օգտագործած յուրաքանչյուր բաղադրատոմս պատահական չեմ ընտրում, մի շարք ուսումնասիրություններ եմ անում, փորձում եմ պատմություններ գտնել դրա հետ կապված, նաեւ հարցազրույցներ եմ վարում տարբեր մարդկանց հետ: Յուրաքանչյուր հայ, որն ի վիճակի է խոսել իր ընտանիքի ավանդական բաղադրատոմսերից, շատ երջանիկ է քեզ հետ կիսել այդ պատմությունը:

Շուտով նաեւ խոհարարական գիրք կլինի

Երբ տեսանյութերի համար սկսեցի ավելի շատ հետաքրքրվել ուտեստների պատմությամբ, հասկացա, որ յուրաքանչյուր բաղադրատոմս իր հետեւում պատմություն ունի, բայց չգիտեի ինչ անել այդ ամբողջ ինֆորմացիայի հետ: Լոս Անջելես էի գնացել գործով, հանդիպեցի ներկա բիզնես գործընկերոջս, որի հետ յոթ տարի առաջ էի ծանոթացել Հայաստանում: Մեր զրույցի արդյունքում խոհարարական գիրք ստեղծելու գաղափարը ծագեց: Նա լուսանկարներն ու դիզայնն է անում, ես՝ մնացածը:


Մեկուկես տարի աշխատել ենք գրքի վրա. շուտով կավարտենք, նոյեմբերին կհանձնենք տպագրության, եւ հուսամ՝ մինչեւ Սուրբ Ծնունդ պատրաստ կլինի: Գիրքն անգլերեն է, մյուս տարի հայերեն կթարգմանենք, նաեւ առցանց կտեղադրենք: Վաճառելու ենք մեր կայքի միջոցով, նաեւ ԱՄՆ-ում, Կանադայում եւ Հայաստանում մի քանի գրախանութի ենք հանձնելու:

Indiegogo հարթակով դրամահավաք (crowdfunding) արշավ ենք արել այս ծրագրի համար, որոշ մարդիկ վճարել են ու նախօրոք պատվիրել գիրքը: Մենք նաեւ աջակցություն ենք ստացել ամերիկյան եւ հայկական ընկերություններից, ում արտադրանքը ներառել ենք գրքում:

Լենա Թաչջյանը


Կոլոլակ, մուսալոշ, ապուխտ

Խոհարարական գրքում օգտագործում ենք ուտեստների հայկական անվանումները:

Երբ ուսումնասիրություններ էի անում, հաճախ նկատում էի, որ մեր օգտագործած շատ բառեր արաբերեն են կամ թուրքերեն, մինչդեռ մենք ունենք դրանց հայկական տարբերակները, օրինակ՝ ունենք «կոլոլակ» բառը արաբերեն «քյուֆթա» բառի փոխարեն: «Լահմաջոյի» փոխարեն կարող ենք ասել «մուսալոշ»՝ ըստ պատմաբանների:

Լահմաջո-մուսալոշը


Լահմաջո՝ նշանակում է հաց եւ միս, մուսալոշը լրիվ նույն իմաստն ունի: Լահմաջոյի ծագումն անհայտ է, բայց հայերն ունեցել են լահմաջո պատրաստելու իրենց հատուկ ոճը՝ ավելի կարճ ու հաստ է եղել: Հայերը, թուրքերը, արաբները, հույներն ունեն մուսալոշ, եւ քանի որ ես չգիտեմ՝ ով է ստեղծել այն, օգտագործում եմ հայերեն բառը եւ այն չեմ անվանում հայկական ուտեստ: «Բաստուրմայի» համար էլ կա նաեւ «ապուխտ» բառը:

Մենք օգտագործում ենք մյուս ժողովուրդների բառերը, այդ պատճառով էլ մարդիկ ասում են՝ այս ուտեստը հայկական չէ:

Ստիպված ջնջում է մեկնաբանությունները

Մի անգամ «թերթանուշ» բառն էի օգտագործել «փախլավայի» փոխարեն, որն ինձ բավական դժվարությունների առջեւ էր կանգնեցրել: Օգտագործել էի այդ բառը, որովհետեւ այն հայերեն է եւ իմաստ ունի՝ թերթերով անուշ, բայց չեմ ասել, որ ուտեստը հայկական է: Ի դեպ, մարդիկ կան, որ անգամ ասում են՝ փախլավան էլ է հայերեն է, «փախ»-ը «պահք» բառն է:



Արդյունքում ստիպված եղա ջնջել մի քանի մեկնաբանություն, որովհետեւ տարբեր ազգերի մարդիկ սկսել էին կռվել:

Մեկն ինձ ասել էր՝ Այնթապի քաբաբն ամենահամեղն է, մինչդեռ հայերն էլ ասում են՝ այդ պատրաստման ձեւն իրենցն է, նրանք են այդտեղ ապրել ու պատրաստել, բայց երբ մեկին հարցնես՝ որտեղ է Այնթապը, կպատասխանի՝ Թուրքիա: Թվում է՝ ուտեստը քաղաքական թեմա չէ, բայց իրականում շատ զգայուն թեմա է, մարդիկ բարկանում են, երբ ուտեստների ծագումը սկսում է քննարկվել:


Երբեմն մարդիկ փնտրում են իմ ինստագրամյան նկարները ու մեկնաբանություն գրում, օրինակ, տոլմայի նկարի տակ, որ այն հայկական չէ: Հույները, թուրքերը, ադրբեջանցիները, լեհերը, Մերձավոր Արեւելքի ժողովուրդները նույնպես ունեն տոլմա: Բնական է՝ տարբեր ժողովուրդներ կարող են ունենալ նմանատիպ ուտեստ, որովհետեւ ի վերջո բոլորս իրար հետ կիսել ենք մեր ուտեստները:

Ամալի Խաչատրյան

Լուսանկարները՝ Լենա Թաչջյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին