«Ալյասկա»-ի, «Hans&Franz»-ի եւ «Լուի Շարդեն»-ի՝ բազմահամ ու բազմագույն խոհանոցների կողքին գործում են հայկական՝ «Չինար»-ը, «Ծիրանի տուն»-ը, «Ծիրանի այգի»-ն ու «Ոստան»-ը՝ հայկական ծանոթ, ավանդական, անծանոթ ու բոլորովին նոր ուտեստների առաջարկներով։ «MBG Hospitality»-ի կազմում ներառված ռեստորանների ստեղծման եւ գործունեության պատմությունը GastroVino-ին պատմել է ընկերության հիմնադիր եւ սեփականատեր Կարեն Մարգարյանը։
Մեր առաջին նախագիծը
Մեր ռեստորաններից յուրաքանչյուրը կյանքիս մի փուլում է ստեղծվել՝ ըստ իմ հոգեվիճակի ու գերիշխող տրամադրության։
«Լուի Շարդենը» ցանցի առաջին նախագիծն է, հենց այդ պատճառով էլ այն ամենաթանկն է ինձ համար։
Երեւանում գործող ֆրանսիական ոճի այս սրճարանում կարող ես առավոտը սկսել դասական ֆրանսիական նախաճաշից՝ կրուասանով ու սուրճով։ Լանչին կարող ես սնվել հատուկ բաղադրատոմսով պատրաստված պաստաներով, իսկ ընթրիքն անցկացնել սիրելիիդ հետ՝ վայելելով հայկական գինի եւ եվրոպական խոհանոցի բազմապիսի ուտեստներ:
Լուսանկարը՝ MBG Hospitality
Սրճարանի առաջին հարկում էլ փոքրիկ խանութ կա, որտեղ վաճառվում են թարմ ու տեղում թխված հրուշակեղեն, աղանդեր եւ ֆրանսիական հացերի տեսականի:
Անձամբ շատ եմ սիրում «Hans&Franz»-ը
Այստեղ դրայվ, հետաքրքիր էներգետիկա, ազատություն կա։ Այն առաջին սթեյք հաուսն էր Երեւանում, որը հաջողությամբ մշակեց հայկական մսից պատրաստվող համեղ սթեյքի բաղադրատոմսը։ Գուրմաններն այստեղ կգտնեն 12 տեսակի սթեյք՝ պատրաստված մսի ամենահամեղ կտորներից եւ շուրջ 10 տեսակի գրիլի վրա պատրաստվող այլ մսային ուտեստներ։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ռեստորանը նման է մարդու
Մեր ռեստորանների անվանումներից յուրաքանչյուրի հետեւում մի մեծ պատմություն կա եւ ամեն ռեստորան իր բնավորությունն ունի: Օրինակ, «Hans&Franz»-ն ազատ է, «Լուի Շարդենը»՝ ռոմանտիկ, «Չինար»-ը դասական ու արարողակարգային է։
Օրինակ, երբ կար «Ալյասկա»-ի գաղափարը, հստակ էր մեկ բան՝ սա լինելու է մի ռեստորան, որտեղ մատուցվելու է ծովամթերք եւ մսի տեսականի՝ վայրի եւ ընտանի կենդանիների, թռչնամսի։ Հասկացանք, որ այս ամենը բնության մեջ գոյություն ունի հենց Ալյասկայում ու այդպես էլ ծնվեց անվանումը։
Լուսանկարը՝ MBG Hospitality
Հետո ստեղծվեց լեգենդը Հանսի եւ Ֆրանցի շուրջերկրյա ճանապարհորդության մասին: «Hans&Franz»-ն արտասանելիս սկզբում բոլորը շփոթում էին Հանսից հետո արտասանվող բառը։ Բայց հասկացանք, որ դա նույնիսկ լավ է, որովհետեւ անունը դաջվում է հիշողության մեջ։
Այս սթեյք-հաուսի ստեղծման ընթացքում ես շարունակ մտածում էի, որ պետք է ստեղծենք մի վայր, որտեղ կգան խմբով, կուրախանան, կշփվեն միմյանց, խոհարարների, մատուցողների ու բարմենի հետ։ Հասկացանք, որ այստեղ սթեյքից բացի նրբերշիկներ էլ կարելի է մատուցել ու ծնվեց անվանումը։
«Hans&Franz»-ը երկու ընկերների պատմություն է: Հանսը կարճահասակ գիրուկ տղա է, որը նրբերշիկներ է պատրաստում, Ֆրանցը՝ նիհար եւ բարձրահասակ, եւ զբաղվում է նոր սոուսների բաղադրատոմսերի մշակմամբ։
«Լուի Շարդենի» անվանումը մշակել ենք բրենդինգային ընկերություններից մեկի հետ։ Լուին հացթուխ է, ով անհույս սիրահարված է Աննային։ Հանուն նրա տղան թողնում է ամեն ինչ եւ սլանում աղջկա հետեւից։ Սրճարանի անվան համար մի քանի ազգանուն էինք մտածել, եւ քվեարկություն կազմակերպեցինք։ Հաղթողը «Շարդեն» տարբերակը չէր, բայց ես վստահեցի ներքին ձայնիս՝ պնդելով հենց այդ տարբերակը: Հետո ծնվեց նաեւ «Լուի» անվանումն ու սրճարանի անունն ամբողջացավ։ Ռոմանտիկ անվան ու պատմության շնորհիվ այս վայրը հատկապես սիրված է աղջիկների կողմից։
Հայկական ռեստորանների էվոլյուցիան
Շատերն այսօր վերականգնում են հին հայկական բաղադրատոմսերը եւ փորձում անփոփոխ առաջարկել դրանք: Ես կարծում եմ, որ եթե այս կամ այն բաղադրատոմսը չի «ապրել», ուրեմն, կան հիմնավոր պատճառներ:
Հայկական շատ կերակուրներ ծանր են, մեծ քանակությամբ սխտոր կամ այլ խնդրահարույց բաղադրիչներ են պարունակում եւ այլն: Սակայն այդ բաղադրատոմսերը կարելի է վերափոխել, ժամանակակից մատուցմամբ ներկայացնել եւ զարմացնել հայ հաճախորդին:
Հայկական խոհանոցն ապրեցնելու մյուս եղանակը հայկական մթերքներից բոլորովին նոր ուտեստ ստանալն է:
Կարեն Մարգարյանը | Լուսանկարը՝ MBG Hospitality
Օրինակ, «Չինար» ռեստորանում մատուցում ենք հետաքրքիր ու շատ սիրված աղցան՝ պատրաստված բլղուրից, բաստուրմայից եւ հատուկ սոուսից:
Ավանդական բաղադրատոմսից ու բաղադրիչներից բոլորովին նոր բան ենք ստացել՝ անչափ համեղ, ժամանակակից տեսքով եւ ժամանակակից մատուցմամբ: Դրա շնորհիվ այն սիրված է եւ մեծահասակների կողմից, ովքեր սիրում են հին հայկական խոհանոցը, եւ հայ երիտասարդների, ովքեր ավելի շատ նախընտրում ենք եվրոպականը։
«Չինար»-ը յուրահատուկ հայկական ռեստորան է
«Չինար» ռեստորանը ստեղծելիս մտածում էինք, որ Երեւանում պետք է լինի մի վայր, որտեղ մարդիկ կգան պաշտոնական ընթրիքների, հանդիպումների, կհյուրընկալեն իրենց արտերկրից ժամանած հյուրերին եւ կճաշեն դասական կանոններով։
Ուզում էինք, որ այդ վայրը ներկայացնի Հայաստանն իր գույներով ու ավանդույթներով, բայց միեւնույն ժամանակ դիզայնով հետ չմնա եվրոպական լավագույն ռեստորաններից։ Սկսեցինք մտածել «Չինար» տարբերակի մասին։ Չինարի ծառ աշխարհի շատ երկրներում կա, բայց հենց Հայաստանում կարող ես այդ ծառի տակ նստել, հաց ուտել։ Երկարակյաց ծառ է, որի հետ կապված բազմաթիվ ավանդույթներ կան։
Լուսանկարը՝ MBG Hospitality
Արդյունքում ստեղծվեց «Չինարը» ու դարձավ ամենադասական, ընտանեկան ռեստորաններից մեկը։ Այստեղ ներկայացված են ոչ միայն հայկական եւ անդրկովկասյան, այլեւ մյուս էթնիկ ժողովուրդների խոհանոցների ավանդույթները եւ բաղադրատոմսերը։
«Ծիրանի այգի» ռեստորանն ամենամեծն է Հայաստանում
«Ծիրանի այգի» ռեստորանի տարածքը 4 հեկտար է, այն ամենամեծ ընտանեկան ռեստորանն է Հայաստանում։
Անվան ծագումնաբանությունը դժվար չէ կռահել՝ այստեղ ծիրանի ավելի քան 300 ծառ կա։
Լուսանկարը՝ MBG Hospitality
Այս ռեստորանում մենք վերարտադրել ենք հայկական գյուղի ապրելակերպը՝ հայկական հաց՝ լավաշ թխելու եւ տնական օղի արտադրելու գործընթացների ցուցադրությամբ, եւ ստեղծել ենք բոլոր պայմանները՝ ազգային խոհանոցի համը բացառիկ ջերմ, ընտանեկան միջավայրում վայելելու համար։ Հենց դա է պատճառը, որ այն այդքան սիրված է Հայաստան այցելող զբոսաշրջիկների կողմից:
«Ծիրանի» տուն-ռեստորանն էլ գործում է Երեւանի սրտում՝ Հյուսիսային պողոտայում։ «Ծիրանի»-ի՝ հայկական մշակույթի ու ավանդույթների տարրերով հարուստ ինտերիերում մատուցվում են հայկական եւ կովկասյան բազմաթիվ ճաշատեսակներ։ Այս ռեստորանում մենք ստեղծել ենք բոլոր հնարավոր պայմանները, որպեսզի հյուրն իրեն զգա այնպես, ինչպես տանը, ու ռեստորանի կարգախոսն էլ այդ գաղափարախոսության շրջանակում ենք ընտրել. «Համեղ՝ ինչպես տանը»:
«Ոստան» ռեստորան
Այս ռեստորանը յուրահատուկ է նախ վայրով ու շենքով, որտեղ այն գտնվում է։ Քաղաքի ամենահին ու պատմական շենքերից մեկն է, այն կառուցվել է 1884-ին։
Լուսանկարը՝ MBG Hospitality
Այս ռեստորանն էլ, ինչպես մեր մյուս հայկական ռեստորանները, ունի չկրկնվող ճաշացանկ: Այն, ինչ կարող եք գտնել «Ոստան»-ում, չկա «Ծիրանի այգում» եւ «Չինարում»։ Այստեղ ճաշացանկում կարող եք գտնել ռեստորանի անվանը համապատասխան («Ոստան» նշանակում է թագավորանիստ քաղաք) եւ տաք կերակուրներ («Արգիշտի թագավորի սիրած ուտեստը», «Ոստանի կայսրուհի»), եւ աղանդեր («Ոստանի վարդ»):
Լուսանկարը՝ MBG Hospitality
«Ոստան» այցելում են զգալու ու տեսնելու պատմությունը, գալիս են ավանդույթի ուժով եւ շատ հաճախ նաեւ՝ նորը, պատմականը, անսովորը բացահայտելու ու ճաշակելու մղումով։
Լուսին Մկրտչյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: