×

Հրո Եղիազարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Hans&Franz-ի կրակային «շոուն» եւ սթեյքի գաղտնի «ֆիշկաները»

Լավ սթեյք ուտելու համար պետք է ռեստորան այցելել: Իհարկե, խոհարարական շնորհ ունենալու դեպքում տանն էլ կարող եք փորձել սթեյք պատրաստել հատուկ թավայով։ Բայց իսկական, գրիլի վրա պատրաստվող սթեյքի համից ու հոտից կզրկվեք, վստահ է Hans&Franz-ի խոհարար Հրո Եղիազարյանը։

Հրո Եղիազարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Նրա պատրաստած սթեյքի հոտը դժվար զգաք մուտքի մոտից (օդափոխության համակարգն Hans&Franz-ում լավն է), բայց բավական կլինի ճաշացանկը ձեռքը վերցնել, մոտենալ նրան, ու պարզ կդառնա, որ ընտրություն կատարելուց հետո Երեւանի լավագույն սթեյքերից մեկն եք փորձելու։

Ի՞նչն է ուրիշ

Hans&Franz-ում որ կողմ պտտվես, քեզ ամեն ինչ կհուշի, որ ճաշացանկից սթեյք ընտրես, կամ էլ այն պարունակող ինչ-որ այլ ուտեստ, ասենք՝ Mix XXL։

4 հոգու համար նախատեսված ուտեստն այստեղ ամենավաճառվողներից է։

Պատրաստվում է 30-40 րոպեում ու որպես վերջնարդյունք սեղանին հայտնվում  է այպիսի հավաքածու. ստրիպլոյն սթեյք, հնդկահավի ֆիլե, «Վիենական Վիա Գրա» (ոսկրածուծն է իր միջուկով), խոզի մատեր, գերմանական երեք տեսակի նրբերշիկ, լոլիկ ու տապակած կծու պղպեղ։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Չորս հոգու համար նախատեսված Mix XXL-ը կարող է բավարարել նաեւ 6 հոգու՝ չափաքանակները բավականին մեծ են։

Դրա պատրաստմանը կարելի է հետեւել իրադարձությունների զարգացման էպիկենտրոնում՝ բաց խոհանոցում։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Այստեղ առավոտից երեկո խոհարարական շոու է տեղի ունենում։ Հենց այդտեղ էլ պարզ է դառնում, թե ինչու է Hans&Franz-ում միշտ այդքան մարդաշատ։

Գաղտնի «ֆիշկաները»

Սթեյքերը Hans&Franz-ում պատրաստվում են բացառապես տեղական մսից ու բացառապես գրիլի վրա։

-Ոչ մի ջեռոց մեզ մոտ չի օգտագործվում այն պատրաստելու համար, որովհետեւ ջեռոց պարզապես չունենք, - ասում է Հրո Եղիազարյանը։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Այս ռեստորանում աշխատում է արդեն երեք տարի ու խոստովանում է՝ մթնոլորտը շատ լավն է, բայց ամենակարեւորը տեղական մսով ստեղծագործելու հնարավորությունն է։

- «Hans&Franz»-ը առաջին եւ միակ հայկական սթեյք-հաուսն է, որտեղ սթեյքը միայն հայկական մսից է պատրաստվում։ Մեր այցելուներին հենց դա է գրավում, գիտեն, որ տեղական, թարմ ու բարձրորակ միս են ուտում։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ըստ Հրոյի՝ տեղական միսը առանձնանում է համով, հյութեղությամբ, բայց ներկրված մսին զիջում է նրբությամբ։

Ռեստորանի համար միսը կտորներով են ընտրում, այն մատակարարում է ռեստորանը սպասարկող մսի հատուկ արտադրամասը։

- Օրինակ, T-bone սթեյքի համար ընտրված մսի կտորի քաշը պետք է լինի 800 գրամ՝ ոչ ավել, ոչ պակաս: Տավարի չալաղաջի համար անհրաժեշտ մսի քաշը 700 գրամից 1 կիլոգրամ է։ Միսն արտադրամասից ստանում ենք արդեն մշակված, մեզ մոտ այն մեկ օր մնում է հատուկ մարինադի մեջ, հաջորդ օրն արդեն օգտագործում ենք։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


- Իսկ ի՞նչ մարինադներ են օգտագործվում։

- Օհ, դա մեր գաղտնիքն է, ափսոս, չենք կարող բացահայտել։ Դա հենց մեր «ֆիշկան է»։ Նույնիսկ մեր ռեստորանային ցանցում միմյանց չենք ասում սթեյքերի մարինադների գաղտնիքը, ինչի արդյունքում, օրինակ, «Ալյասկա»-ի սթեյքը արմատապես տարբերվում է։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


- Մարինադացման բաղադրատոմսը հեղինակայի՞ն է, ճի՞շտ հասկացա։

- Մեր նախորդ շեֆ-խոհարարից եմ սովորել, բայց որոշ հավելումներ ինքս եմ արել։

Սթեյք պատվիրողի ազգությունը միանգամից է երեւում

Hans&Franz-ում սթեյքի եփվածության 6 տեսակներ կան. Blue (Row)՝ 45 °С (եփվում է՝ 1-2 րոպե), Rare-ի դեպքում այն 50°C է, Medium Rare-ի դեպքում՝ 55°C , Medium-ի դեպքում՝ 60°C , Medium Well-ի դեպքում՝ 65°C, Well Done-ը՝ 70°C ։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


- Եթե այցելուն պատվիրում է Medium կամ Medium Well սթեյք, հաստատ տեղացի է, եթե Blue, Rare, Medium Rare՝ արտասահմանցի։

- Իսկ հաճա՞խ են սթեյքը վերադարձնում, պնդելով, որ միսը «հում» է։

- Լինում է։ Պատվիրում են միջին եփվածության սթեյք, հետո ասում են՝ «վայ, չէ, ինչ կլինի, տարեք բարակ-բարակ կտրատեք, երկու կողմից լավ տապակեք, բերեք»։ Մեր հայկական քիմքը խորովածին է սովոր, - ծիծաղում է Հրոն։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


-Սթեյքի հետ նաեւ սոուսներ են պատվիրում՝ պանրով, բլյու չիզ, չիլի, փեյփր, սնկով կամ քաղցր չիլի սոուս։ Ճաշակի հարց է, բայց, իմ կարծիքով, սոուսը թույլ չի տալիս
սթեյքի համն ամբողջությամբ ընկալել, - ամփոփում է խոհարարը:

Լուսին Մկրտչյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին