×

Հայկ Վեյշտորտը Լուսանկարը՝ անձնական արխիվից

Հայկ Վեյշտորտ. Երբեք չէի մտածում, որ կվերադառնամ Երեւան

Չափահաս դառնալուն պես Հայաստանից հեռացած հայտնի շեֆ-խոհարար Հայկ Վեյշտորտը Ռուսաստանից վերջերս է հայրենիք վերադարձել Seasons ռեստորանի հրավերով: Կարճ ժամանակում այցելուները հասցրել են նրան սիրել, ճանաչել ու համտեսել նրա յուրօրինակ հայկական ուտեստները: Տարբեր երկրներում ապրելուց, աշխատելուց ու սովորելուց հետո Հայկը որոշել է կյանքի այս փուլում մնալ հայրենիքում ու փոխել ռեստորանների, խոհարարների եւ խոհանոցի հանդեպ ունեցած «մեծամասնության սխալ վերաբերմունքը»: 

Հայկը հենց իր օրինակով է նոր մշակույթ բերում. նորովի մատուցում է հայկական ուտեստները, դուրս գալիս խոհանոցից ու ճանաչում իր այցելուներին եւ յուրաքանչյուր ուտեստի մեջ նոր գաղափար դնում: Շեֆ-խոհարարը մեզ հետ զրույցում պատմում է Հայաստան վերադառնալու, պլանավորած փոփոխությունների, երիտասարդներին աջակցելու եւ համեղ ուտելու մասին: 

Seasons Armenia-ի ճաշացանկում առաջարկվող Հայկ Վեյշտորտի եզակի ուտեստների մասին կարդացեք այս հղումով

Վեյշտորտ Հայկ Կոստանտինի 

Ես հայ եմ ոչ հայկական ազգանունով: Հորս կողմը հայ է, մայրական կողմը՝ լեհերի ու հրեաների խառնուրդ, ավելի շատ՝ հրեա. ես մորս ազգանունն եմ վերցրել: Միայն Հայաստանում են հարցնում, թե ի՞նչ ազգի եմ, մյուս բոլոր երկրներում այդ հարցը չեն տալիս: 

Երեւանում եմ ծնվել, մինչեւ ութերորդ դասարանը Հայաստանում եմ ապրել:

13 տարեկանից աշխատել եմ ընկերոջս հետ, սկսել ենք ավտոլվացման կետից մինչեւ խոհանոց: Կենտրոնում մի սրճարան կար, այնտեղ դիմել էինք նաեւ աման լվացողի աշխատանքի համար, ասացին՝ հաջողություն: Իսկ ես հիմա ընդունում եմ աշխատանքի 15-16 տարեկան երիտասարդների: Ի դեպ, հիմա նույն ընկերոջս հետ եմ աշխատում, իմ սու-շեֆն է: 

Հենց անձնագիրս ստացա Հայաստանում, միայնակ հեռացա երկրից: Գնացի ճակատագրի հետեւից: 2000-ականներին այստեղ ապագա չկար. բոլորը խորոված էին սարքում, իսկ ես չէի ուզում դա անել: Եթե ուզում ես մի բանի հասնել, պետք է հարմարավետության տիրույթիցդ (comfort zone) դուրս գաս: 

Ճակատագրի հետեւից 

Մեկնեցի Կիեւ, խոհարար էի աշխատում: Սկզբում փորձաշրջան էր, հետո մի քանի տարի աշխատեցի ու դարձա շեֆ-խոհարար: Երբ սկսեցի նորմալ գումար վաստակել, խնայողություն արեցի ու սկսեցի մասնակցել ստաժավորումների ու վարպետության դասերի, որոնք էժան չեն, կարող են մինչեւ 10 հազար եվրոյի հասնել: 6 տարի առաջ էր առաջին այդպիսի դասընթացը, կինս այդ ժամանակ հղի էր, Ղազախստանում էինք ապրում, իսկ ես Մոսկվայում սովորում էի, զանգեց, ասաց՝ շտապ արի, երեխան շուտով կծնվի: 

2011-2013 թվականներին Ղազախստանի մայրաքաղաքում VIP անձանց համար նախատեսված փակ ձեւաչափի ռեստորանում եմ աշխատել (նախագահի, պատվիրակությունների համար նախատեսված ծառայություններ, արտագնա բանկետներ բնության գրկում): 2013-2015-ը Բելգորոդ քաղաքում Зима ռեստորանային հոլդինգի բրենդ-շեֆն էի: Եղել եմ նաեւ Ginza project-ի 7 ռեստորանի բրենդ շեֆը: Մինչ Հայաստան վերադառնալը հրավիրված էի Մոսկվա Selection ռեստորանը բացելու համար: 


Seasons ռեստորանի ուտեստներից

Ստաժավորվել եմ մադրիդյան La cabra (շեֆ՝ Խավյեր Արանդա, մեկ Միշլենյան աստղ), Coque (շեֆ՝ Մարիո Սանդովալ, երկու Միշլենյան աստղ) ռեստորաններում, սովորել եմ Բարսելոնայի «Հոֆման» խոհարարական դպրոցում:

Սիրտը կանչեց 

Եկա Հայաստան՝ տեսնելու Seasons ռեստորանը, պայմանով՝ եթե հավանեի, կմնայի: Սրտումս ինչ-որ բան կատարվեց, Հայաստանի հանդեպ սերն արթնացավ: Երեւանում զգացի, որ ուղեղումս լռություն է տիրում, հիմա էլ վերհիշում եմ ու փշաքաղվում… 

Մոսկվայում մշտապես ինչ-որ տեղ ես շտապում, ինչպես սկյուռն ակի մեջ կվազի: Այստեղ հանգիստ է, լուռ. տանն ես: Այդ պատճառով որոշեցի, որ ժամանակն է վերադառնալ հայրենիք, չնայած նման ծրագրեր ընդհանրապես չունեի: Մի վայրկյան անգամ չեմ մտածել, որ մի օր կվերադառնամ: 

Չորս երկիր եմ փոխել՝ Իսպանիա, Ուկրաինա, Ղազախստան, Հայաստան: Մի օր հաստատ տեղափոխվելու եմ Բարսելոնա ապրելու: Երեխաներս մի փոքր մեծանան. մեծը 5 տարեկան է, իսկ երրորդ երեխաս շուտով կծնվի:

Ուտեստի մեջ գաղափար դնելու մասին 

Երեւանում շատ վայրեր եմ այցելել ու նկատել եմ՝ հիմնականում ուտեստները կրկնվում են: Քիչ են ստեղծագործում: Limone Cascade ռեստորանն եմ հավանել. դա կառանձնացնեմ։ Ուտեստի մեջ պետք է գաղափար լինի, շատ տեղեր, ասես, ճաշարան լինեն, բայց ռեստորան են կոչվում: 


Հայկ Վեյշտորտը Լուսանկարը՝ անձնական արխիվից

Համային զգացումը պետք է զարգացնել, անընդհատ նոր բաներ փորձել: Բացի ստաժավորվելուց, աշխարհի լավագույն ռեստորաններում շատ տարբեր ուտեստներ եմ փորձել: Օրեր առաջ ապշել էի. մի մարդու առաջարկում էի մի նոր բան փորձել` հորթի այտեր: Թվում էր՝ զարգացած մարդ է, բայց ասում է՝ չեմ փորձի, որովհետեւ չեմ հասկանում՝ ինչ է դա: Բացատրում եմ՝ միս է, գեղեցիկ միս է, ինքն էլ ասում է՝ ես Կեսար աղցան կուտեմ…

Պետք է թեկուզ քիչ-քիչ, բայց համով ուտել: Դեռ կա այդ մտածելակերպը՝ քիչ գումար տալ, շատ ուտել: 

Խոհարարները խենթ են

Ռեստորանի սիրտը շեֆ-խոհարարն է: Գնում ես հաց ուտելու, չե՞ս ուզում իմանալ՝ ով է պատրաստում այն: Ուտեստի հետեւում միշտ պատմություն կա, մարդկային ճակատագիր, կյանք:

Ռեստորատորը չպետք է ստրուկի նման վերաբերվի շեֆ-խոհարարին, ասի՝ քո տեղը միայն գազօջախի կողքին է. չէ՞ որ շեֆն է նրան գումար բերում: Երբ ռեստորատորի եւ շեֆ-խոհարարի միջեւ տանդեմ կա, շեֆը գալիս է առաջին պլան: 


Seasons ռեստորանի ուտեստներից

Չնայած պետք է նաեւ շեֆ-խոհարարները զարգացած լինեն, որ կարողանան հետաքրքիր խոսել, բան ունենան պատմելու: 

Եկել եմ փոխելու 

Ուզում եմ փոխել մարդկանց վերաբերմունքը շեֆերի ու առհասարակ խոհարարների նկատմամբ: Արեւմուտքում շեֆ-խոհարարները երբեմն ռոք-աստղերից էլ հայտնի են, իսկ այստեղ ովքե՞ր են: 


Seasons ռեստորանի ուտեստներից

Դրսում բոլորը գիտակցում են, որ շեֆ-խոհարարի աշխատանքը շատ ծանր է. ամեն օր 16 ժամ ոտքի վրա աշխատում ես, անձնական կյանք չունես: Ես հինգ տարի անդադար արձակուրդ չեմ ունեցել, փոխարենը գնացել եմ դասընթացների: Խոհարար դառնալը գիտակցված որոշում է, ես խոհարարներին խելագարներ եմ անվանում: ԱՊՀ-ում ամենաանշնորհակալ աշխատանքն է. մի ամբողջ տարի իդեալական աշխատում ես, մեկ անգամ սխալվում ես, վերջ, դու վատն ես: Արեւմուտքում մի փոքր այլ է:

Մեկս մյուսով

Ուզում եմ օգնել այստեղի երիտասարդ խոհարարներին: 

Իմ խոհարարներից չորս երիտասարդ սեպտեմբերին կմեկնեն Սանկտ-Պետերբուրգ։ Ես եմ ուղարկում նրանց վարպետության դասերի իմ ընկեր շեֆ-խոհարարների մոտ՝ ամբողջովին անվճար։ Փորձում եմ ապահովել երիտասարդների ե՛ւ կեցությունը, ե՛ւ սնունդը, որովհետեւ այնտեղ բոլորն իմ ընկերներն են, ու մենք միշտ իրար աջակցում ենք։ 


Հայկ Վեյշտորտը Լուսանկարը՝ անձնական արխիվից

Շուտով արտասահմանցի հայտնի շեֆ-խոհարար ընկերներս կայցելեն ինձ, կսկսենք նրանց հետ միջոցառումներ կազմակերպել Հայաստանում: Կստեղծենք նաեւ մի միություն, որ հայկական նոր խոհանոցի հետ կապ ունեցող բոլոր ստեղծագործ երիտասարդները միանան մեզ, ու նրանց համար դասընթացներ կկազմակերպենք: 

Վերջերս արտերկրից շատ ստեղծագործ հայ երիտասարդներ գրում են ինձ ու ասում՝ ուզում են գալ Հայաստան, օգնել ինձ իմ գործում, մոտ 10 հոգի դիմել է: Դա շատ ոգեւորիչ է: 

Ամալի Խաչատրյան

Լուսանկարները՝ Հայկ Վեյշտորտի եւ Seasons Armenia-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին