Ապրիլին Երեւանում բացվել է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության «Խոհարարական արվեստի եւ հյուրընկալության» ակադեմիան: GastroVino-ն հնարավորություն է ունեցել ներկա լինել ակադեմիայի դասերից մի քանիսին եւ մի քանի հոդվածով կպատմի դրանց մասին:
Ուտեստի կամ խմիչքի մատուցումը մասնագիտություն է եւ ոչ սպասարկման հմտություն։ Սա օրենքի պես յուրացնում են «ԵրեմյանՓրոջեքթս»-ի «Խոհարարական արվեստի եւ հյուրընկալության» ակադեմիայում։
Ներկա ու ապագա մատուցողների համար նախատեսված դասընթացի հիմքը՝ «մատուցող աշխատելն ամոթալի գործ է» կարծրատիպի կոտրումն է։
Սպասարկումը մշակույթ է
Կան ուտեստներ, որոնք ուտելն արգելում է կրոնը կամ մշակութային առանձնահատկությունը։ Արաբները եւ հրեաները խոզի միս չեն ուտում, տավարի միս չեն օգտագործում հնդիկները, ղազախների մոտ չպետք է հիշատակել խեցգետնային ուտեստները։
Ի՞նչ պետք է անել, երբ սրճարանում կամ ռեստորանում ճաշում են, օրինակ, վերը թվարկված ազգերի ներկայացուցիչները։ Ճիշտ է, պատրաստ պատասխանը գրպանում ունենալ, որովհետեւ մենյուն թողնելու ընթացքում ու հետո, այցելուները հաստատ սկսելու են մանրամասներ ճշտել եւ հենց այդ պատասխաններից է կախված լինելու ռեստորանի համբավն ու գնահատականը (օրինակ, հենց Tripadvisor կայքում)։
Պատասխաններն իմանալու մեկ տարբերակ կա՝ մինչեւ աշխատանքի անցնելը կամ էլ ընթացքում, սովորել աշխարհի մշակութային առանձնահատկությունները։ Ի վերջո՝ բարձրակարգ եւ որակյալ սպասարկումը նախ եւ առաջ մշակույթ է։ Հայկական սպասարկման ոլորտում սա ամենամեծ «բացերից է»։
«Պանդոկ Երեւան» ռեստորանում | Լուսանկարը՝ «Պանդոկ Երեւան»
«Must learn» գիտելիքները
Այս բացը լրացնել սովորեցնում են օրինակ Հայաստանի դեռեւս միակ խոհարարական` Երեմյան Ակադեմիայում։
Բոլոր նրանք, ովքեր այստեղ մատուցողի մասնագիտությունն են ուսումնասիրում-սովորում, երկու անգամ քննական թեստ են հանձնում։ Ընթացքը վերահսկողներից ու գնահատողներից մեկը՝ ակադեմիայի սպասարկման եւ մենեջմենթի գծով ծրագրերի ղեկավար Աննա Սինանյանն է։
Յուրաքանչյուր թեստ ունի 28 հարց։ Առաջին թեստի պատասխանների արդյունքներով են ընտրվում բարձրակարգ սպասարկման հմտությունների դասընթացի ուսանողները եւ դրա պատասխաններից է կախված, թե ինչ եւ որքա՞ն պետք է սովորել։
Երկրորդ թեստավորումն անցնում են դասընթացի ավարտից հետո։ Անցողիկ միավորներ չհավաքածները շարունակում են սովորել այնքան, մինչեւ կատարյալ արդյունք գրանցեն։
Դասերի բովանդակությունը
Խմբում շատ են մարդիկ, որոնք սովորում են մատուցողի մասնագիտությունը, որովհետեւ սիրում են աշխատանքային արագ ռիթմ, հաղորդակցվել ու շփվել։ Քիչ չեն ուսանողները, որոնց համար սա երկրորդ կամ երրորդ մասնագիտությունն է։
Անկախ նրանից, թե ինչ գիտելիքներով են եկել խոհարարական ակադեմիա, նախ սովորում են՝
- արտաքին տեսքի պահանջներին համապատասխանելու կարգը,
- պարտականությունների ճիշտ կատարումը,
- սպասարկման եւ մատուցման տեխնիկաները։
Այստեղ նաեւ առանձին տեղ են հատկացնում ճաշացանկի իմացության եւ ուտեստների ճիշտ համադրման հմտությունների ուսուցմանը։
«Մատուցողի համար չափազանց կարեւոր է իմանալ, թե ինչպես են պատրաստվում ուտեստները, ինչ բաղադրիչներով, ինչն է դիետիկ, ինչն է բուսական, ինչ է ներառված տվյալ ճաշացանկում։ Այդ ամենը սովորում ու կիրառում են գործնական տարբերակով՝ մեր հյուրընկալության դասերին», - պատմում է Աննան։
Ժամանակի կառավարումը
Վերապատրաստման արդյունքում մատուցողները սովորում են նաեւ առաջին օգնություն ցուցաբերել։
Թվում է, մանրուք է, բայց կարեւոր է ապահովության այն զգացողությունը, որ եթե հանկարծ ձեռքդ վնասես բաժակդ անզգույշ կոտրելու արդյունքում, առաջին օգնությունը հենց մատուցողներից մեկը կցուցաբերի։
Օտար լեզուների՝ ռուսերենի ու անգլերենի ուսուցումը կարեւորագույն դասընթացներից է, իսկ մասնագիտական տերմինաբանությունը՝ պարտադիր յուրացվող դասերից մեկը։
«Soft Skills»-ին էլ քիչ դասաժամեր չեն հատկացվում։ Ամենակարեւոր հմտություններից մեկը դառնում է ժամանակի կառավարման եւ ճիշտ հաղորդակցվելու ունակությունը։
Լուսին Մկրտչյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: