Տերյան փողոց, 91։ Այս հասցեում արդեն գործում է ոչ միայն «Պանդոկ Երեւան» ռեստորանային ցանցի «Տերյան» մասնաճյուղը, այլեւ խոհարարական արվեստի եւ հյուրընկալության «Երեմյան ակադեմիան»։ Հայաստանում այն առաջինն է ու դեռ միակը։
Հաջողության բաղադրատոմսը
Ակադեմիայի դռան խորհրդանշական մեծ բանալին «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը հանձնեց Նազելի Նավասարդյանին։ Այսօրվանից սկսած հենց նա է ամեն օր բացելու ակադեմիայի դռները բոլոր նրանց համար, ովքեր ուզում են խոհարարական արվեստ, հրուշակագործություն, ռեստորանային մենեջմենթ ու սպասարկում սովորել։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Սահմանափակումներ չեն լինելու, ակադեմիա կարող են գալ եւ պրոֆեսիոնալները՝ վերապատրաստվելու, եւ ուսանողները՝ երկրորդ մասնագիտություն ձեռք բերելու, եւ տնային տնտեսուհիները՝ ճաշացանկը կատարելագործելու։
«Քո հաջողության բաղադրատոմսն է՝ գիտելիք, նպատակ եւ հոգի»։ Սա «Երեմյան ակադեմիա»-ի կարգախոսն է:
Ներդրում ապագայի համար
Ակադեմիայի խոհանոցը վերազինված ու ընդարձակ է, առաջին ուսանողներն էլ արդեն ներսում են։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Չորս տղա խոհարարություն են սովորում, եւս չորսը՝ մատուցման հմտությունները։
Դասերը ներառում են նաեւ լեզուների, շփման ու մատուցման, աշխատակազմ ղեկավարելու եւ աշխատակազմի մաս լինելու մշակույթի դասընթացներ։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Ուսման վարձը ճկուն է ձեւավորվելու եւ կախված կլինի նրանից, թե մարդն ինչ եւ ինչի համար է ուզում սովորել։ Խոհարարական դասերի համար վարձավճարը ներդրման պես մի բան է լինելու: Մարդը ներդրում է անելու, որպեսզի ձեռք բերի գիտելիք եւ մասնագիտություն, որն ամենաբարձր վարձատրվողներից է աշխարհում», -ասում է Նազելի Նավասարդյանը։
Դավիթ Երեմյանը, Անահիտ Գեւորգյանը եւ Նազելի Նավասարդյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Մանրամասնում է՝ մենք ձգտում ենք զարգացնել զբոսաշրջությունը, հյուրընկալության ոլորտում ուզում ենք դառնալ լավագույնը, եւ սա հրաշալի հնարավորություն է իրագործելու այդ ցանկությունը։
Ցանկությունների հետքերով՝ Լոնդոնից Երեւան, Երեւանից Լոնդոն
Խոհարարական արվեստի եւ հյուրընկալության ակադեմիայի շրջանավարտները ստանալու են «City of Oxford College»-ի խոհարարական արվեստի դիպլոմ, Երեմյան Ակադեմիայի եւ City of Oxford College-ի խոհարարության, հյուրընկալության եւ մենեջմենթ ծրագրերի միասնական ավարտական վկայականներ։
Ֆրանցիս Լոուսոնը (ձախից) | Լուսանկարը՝ Մեդիամաքս
«City of Oxford College»-ի ներկայացուցիչ Ֆրանցիս Լոուսոնը ասում է, որ տպավորված է հայկական խոհանոցի որակով։
«Հայկական ճաշատեսակներն ու հայկական խոհարարական արվեստը պետք է ավելի ճանաչված դառնան։ Այն, ինչն այստեղ ամենաշատն եմ հավանել՝ հացն է։ Աշխարհում այն լավագույններից մեկն է։ Ինձ շատ է դուր եկել նաեւ այն ամենը, ինչ դուք մատուցում եք նախաճաշին՝ թթվասեր, կաթնաշոռ, ձու, մեղր։ Սա սնվելու շատ առողջ եւ լավ տարբերակ է։ Բայց ամենաշատը ինձ դուր է գալիս ձեր ռեստորանային մթնոլորտը։ Այստեղ մարդիկ ռեստորան են գալիս, որովհետեւ ուզում են շփվել ընտանիքի եւ ընկերների հետ եւ լավ տրամադրություն ունենալ։ Սա քիչ հանդիպող տեսարան է ժամանակակից աշխարհում»,- մեզ պատմում է Ֆրանցիս Լոուսոնը։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Հեռանալուց առաջ էլ չի մոռանում ակադեմիա եկող նորեկներին իր ամենասիրելի պատմությունը պատմել։
«Մի անգամ ԱՄՆ նախագահ Քենեդին այցելում է Տիեզերագնացության ազգային գործակալություն (NASA) եւ հանդիպում է մաքրուհիներից մեկին։ Հետաքրքրվում է, թե նա ինչով է սովորաբար զբաղվում։ Կինը պատասխանում է. «Ես մարդկանց Լուսին եմ ուղարկում»։ Կարծում եմ՝ այս ակադեմիայում սովորող յուրաքանչյուր մարդ պետք է հիշի այս պատմությունը ու այստեղ գա այն հստակ մտադրությամբ, որ հենց ինքն է իր երկրի ռեստորանային արվեստը աշխարհին ցույց տալու»։
Բիզնեսը արվեստի վերածելու երազողը
«Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանն է գաղափարի հեղինակը։
Ո՞վ է սիրելի խոհարարն ու ո՞րն է սիրելի ուտեստը, չի բացահայտում, ասում է ՝ շատ են, չեմ կարող առանձնացնել, բայց Հայաստանում լավ խոհարարների ու պրոֆեսիոնալիզմի պակաս կա, սա հաստատ է։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Սա բացառիկ կառույց է եւ դժվար է առաջինը լինել։ Ակադեմիան ստեղծելու ընթացքում խոչընդոտներ չեն եղել, լավագույններին մեկ հարկի տակ հավաքելու գործընթացն էր բարդ։
Դավիթ Երեմյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Հայկական շուկային ակադեմիան տրամադրելու է բարձրորակ խոհարարներ ու նաեւ նպաստելու է մրցակցության աճին, դառնալու է նախադեպ ու օրինակ՝ պետական ուսումնարանների ու քոլեջների համար»,- ասում է Դավիթ Երեմյանը։
Ակադեմիային կից գործելու է նաեւ «Լաբորատորի» սրճարանը, որտեղ այցելուները կարող են տեղում ծանոթանալ սովորողների հմտություններին։
Լուսին Մկրտչյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: