Հայերը իտալական խոհանոց շատ են սիրում: Ու քանի որ պաստան այդ խոհանոցի խորհրդանիշներից է, հայերը նաեւ շատ են սիրում պաստա: Սակայն, հաշվի առնելով դրա տեսակների բազմազանությունը, ոչ բոլորը գիտեն յուրահատկությունները:
Այդ բացը լրացնելու համար GastroVino-ն` Հայաստանում Barilla բրենդի բացառիկ ներկայացուցիչ «Անդակո» ընկերության հետ համագործակցությամբ, յուրաքանչյուր շաբաթ կներկայացնի պաստայի մեկ տեսակ:
Արդեն պատմել ենք լինգուինիի, ֆուզիլիի եւ պեննեի մասին, իսկ այսօր հերթը սպագետտիինն է:
Սպագետտին, թերեւս, աշխարհի ամենաճանաչված պաստան է։ Եթե գոյություն ունի մակարոն, որը կարելի է իտալական խոհանոցի «դեսպան» անվանել, դա հենց սպագետտին է։
Encyclopaedia Britannica-ն նշում է, որ «spaghetti» բառը ծագում է spaghetto բառից, որը իտալերենից թարգմանաբար նշանակում է «փոքր թել» կամ «բարակ լար»։
1154 թվականին արաբ աշխարհագրագետ Մուհամադ ալ-Իդրիսին նկարագրում է Սիցիլիայում արտադրվող երկար մակարոնը, որը չորացվում էր եւ արտահանվում այլ շրջաններ։ Շատ պատմաբաններ սա համարում են ժամանակակից սպագետտիի ամենահին փաստագրություններից մեկը։ Այս տվյալները կարեւոր են, քանի որ լեգենդ կա այն մասին, որ սպագետտին Իտալիա հասել Չինաստանից՝ Մարկո Պոլոյի շնորհիվ։
Սպագետտին աշխարհում ամենաշատ վաճառվող տեսակներից է: Միջին իտալացին ուտում է մոտ 24 կգ մակարոնեղեն, որի մեծ մասը՝ սպագետիի տեսքով:
Իտալիայում սպագետտի ուտելը արարողակարգային է։ Իտալացիները երեխաներին փոքրուց սովորեցնում են, թե ինչպես պատառաքաղների վրա ճիշտ պտտեցնել սպագետին։ Իտալիայում սպագետտին դանակով չեն կտրում եւ գդալով իրենց չեն «օգնում»։
Լուսանկարը՝ Barilla
Սպագետտին խոռոչ կամ ակոսներ չունի։ Բարակ, ամբողջական կառուցվածքը հատկապես լավ է համադրվում թեթեւ եւ էմուլսիոն սոուսների հետ։
Անկախ նրանից՝ սպագետտին տնական է, թե խանութից, այն պետք է եփվի al dente եղանակով։
Սպագետտիի ամենահայտնի տեսակը Spaghetti alla Carbonara-ն է՝ ձվով, պեկորինո կամ պարմեզան պանրով եւ պանչետայով:
Spaghetti aglio e olio-ն եւս շատ բաղադրիչ չունի՝ ձիթայուղում թեթեւ տապակված սխտոր եւ չիլի պղպեղ։
Spaghetti al Pomodoro–ն էլ, չնայած բաղադրիչների համեստությանը, իտալական խոհանոցի համաշխարհային խորհրդանիշներից է։ Այն պատրաստվում է լոլիկի սոուսով, ձիթայուղով, սխտորով եւ թարմ ռեհանով։
Սպագետտին մեծ համբավ ունի ոչ միայն Իտալիայում, այլեւ ադապտացվել է տարբեր մշակույթների խոհանոցներում։ Միացյալ Նահանգներում լայն տարածում ունի Մսագնդիկներով սպագետտին, որը ստեղծվել է 19-րդ դարում իտալացի ներգաղթյալների շնորհիվ։
Լուսանկարը՝ Barilla
Ֆիլիպիններում սիրված է սպագետտիի քաղցրահամ տարբերակը՝ բանանային կետչուպով, իսկ Մեքսիկայում հայտնի է Espagueti verde-ն՝ խորոված poblano պղպեղով, թթվաշ սերուցքային սոուսով եւ պանրով։
Եթե ցանկանում եք տանը սպագետտի պատրաստել, Barilla-ի կայքում 24 բաղադրատոմսեր կգտնեք.
https://www.barilla.com/en-us/recipe/inspiration/spaghetti-recipes


×




Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: