×

Անուշ Միրզոյանցը՝ աջից Լուսանկարը՝ Sputnik

Շեֆերը քննադատել էն հայկական խոհանոցի ցածր միավորները WPR վարկանիշում

Հայ շեֆ-խոհարարներ Անուշ Միրզոյանցը եւ Սեդրակ Մամուլյանը ՏԱՍՍ-ի հետ զրույցում քննադատել են World Population Review /WPR/ վիճակագրական կազմակերպության վարկանիշը, որտեղ հայկական ուտեստները ամենահամեղ խոհանոցների 100-յակի վերջնամասում են։

WPR-ի վարկանիշում երկրներին տրվում է գնահատական՝ 1-ից 5 միավորի սահմաններում՝ հիմնվելով մոտ 400 հազար անհատական կարծիքների վրա։ 2025 թվականին առաջին տեղը զբաղեցրել է Հունաստանը՝ ստանալով միջինում 4,6 միավոր։ Նրան հաջորդում են Իտալիան 4․59, Մեքսիկան 4․52 եւ Թուրքիան 4․5։

Հայաստանը զբաղեցրել է 93-րդ տեղը՝ 3.9 գնահատականով։

Շեֆ-խոհարարների կարծիքով՝ նման արդյունքի պատճառը կարող է լինել հայկական խոհանոցի անհամապատասխանությունը առողջ սննդի համաշխարհային միտումներին։

«Հայկական խոհանոցում շատ է կենդանական սպիտակուցը եւ հատիկավորները՝ այն դեպքում, երբ աշխարհում հիմա տարածված է առանց գլյուտեն սննդի համընդհանուր մոդան։ Հայկական խոհանոցն ունի դարավոր ավանդույթներ, մեծ պատմություն, որը պահպանվել եւ փոխանցվել է տատիկներից թոռնիկներին, սակայն շատ քիչ են այդ պատմությունը վերաիմաստավորելու եւ այն աշխարհին ավելի ճանաչելի դարձնելու փորձերը՝ ինչպես արվում է, օրինակ, Իտալիայի կամ Հունաստանի խոհանոցների դեպքում», - ասել է շեֆ-խոհարար, մոսկովյան «Мир Ануш» խոհարարական դպրոցի հիմնադիր Անուշ Միրզոյանցը։


Նա ընդգծել է, որ հայկական խոհանոցը «ձեռքի աշխատանք է, բուտիկային պատմություն եւ ոչ թե mass market»։

Շեֆ-խոհարար, «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում եւ պահպանում» կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանն էլ նշել է, որ 
շատ է շփվում զբոսաշրջիկների հետ, եւ նրանք բոլորը գոհ են հայկական խոհանոցից։

«Մի քանի տարի առաջ National Geographic-ը հարցում էր հրապարակել, որի արդյունքներով հայկական խոհանոցը մի քանի չափանիշներով ընդգրկվել էր ամենազարգացած եւ ամենահամեղ խոհանոցների լավագույն հնգյակում։ Այդ պատճառով ես այնքան էլ չեմ հավատում այսպիսի վարկանիշներին», - նշել է նա։

Անուշ Միրզոյանցի խոսքով՝ վարկանիշում դիրքերի բաշխման վրա կարող էր էական ազդեցություն ունենալ նաեւ զբոսաշրջային ուղղության ճանաչելիության գործոնը։

«Հայաստանը դեռ բավականին երիտասարդ խաղացող է համաշխարհային զբոսաշրջային դաշտում։ Մեր երկրի մասին քիչ բան գիտեն, եւ այստեղ կարեւոր է հենց պետության կողմից երկրի առաջմղման քաղաքականությունը, ինչպես նաեւ լուրջ, համակարգային ներդրումները», - ասել է նա։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին