Հայերը իտալական խոհանոց շատ են սիրում: Ու քանի որ պաստան այդ խոհանոցի խորհրդանիշներից է, հայերը նաեւ շատ են սիրում պաստա: Սակայն, հաշվի առնելով դրա տեսակների բազմազանությունը, ոչ բոլորը գիտեն յուրահատկությունները:
Այդ բացը լրացնելու համար GastroVino-ն` Հայաստանում Barilla բրենդի բացառիկ ներկայացուցիչ «Անդակո» ընկերության հետ համագործակցությամբ, յուրաքանչյուր շաբաթ կներկայացնի պաստայի մեկ տեսակ:
Արդեն պատմել ենք լինգվինիի մասին, իսկ այսօր հերթը ֆուզիլիինն է:
Ծագումն ու պատմությունը
Ֆուզիլին մակարոնի ամենահին տեսակներից մեկն է: Այն սկզբնավորվել է Իտալիայի հարավում եւ իր պատմության ընթացքում տարբեր մշակույթների ազդեցության է ենթարկվել, այդ թվում՝ արաբական։
Սիցիլիայում ֆուզիլին հայտնի էր որպես busiata, իսկ Սարդինիայում՝ busa։ Այս անվանումները կապվում են արաբերեն bus բառի հետ, որը նշանակում է «ձող» կամ «եղեգ»՝ այն գործիքը, որի շուրջը խմորը ոլորում էին Մերձավոր Արեւելքում եւ Միջերկրածովյան տարածաշրջանում։ Այդ տեխնիկան է համարվում ֆուզիլիի ոլորված ձեւի նախատիպը։
Մյուս կողմից, fusillo անվանումը նեապոլիտանական ծագում ունի եւ գալիս է fuso բառից՝ քառակուսի հատվածքով երկաթե գործիք, որն օգտագործվում է այս տեսակի մակարոնեղեն պատրաստելու համար եւ շատ նման է ջուլհակների կողմից օգտագործվող գործիքին։
Նույն տեխնիկան՝ խմորը կամ սպագետիի թելերը երկաթե ձողի շուրջ փաթաթելը եւ չորացնելը կիրառվել է նաեւ Իտալիայի հարավի տարբեր շրջաններում՝ ստեղծելով նմանատիպ մակարոններ, ինչպիսիք են՝ ստրոցապրետի, զուֆոլիտի, ֆիշիետի եւ լոմբրիչելի։
Ի սկզբանե ֆուզիլին Հարավային Իտալիայում ավելի երկար եւ բարակ էր, մինչդեռ երկրի հյուսիսում եւ կենտրոնում այն աստիճանաբար ստացավ ավելի կարճ ու հստակ պարուրաձեւ տեսք։
Այսօր մեզ հայտնի ֆուզիլին «ծնվել» է 1924 թվականին, երբ Նյու Յորքում բնակվող իտալացիներ Գվիդո եւ Աուրելիո Տանցիները արտոնագրեցին ֆուզիլի արտադրության մեքենան։
Պատրաստման տարբերակները
Ֆուզիլիի ոլորված ձեւը թույլ է տալիս սոուսին ամբողջությամբ կլանվել մակարոնի մեջ, ինչի շնորհիվ այն համարվում է ամենահարմար տեսակներից մեկը եւ՛ թեթեւ, եւ՛ ավելի խիտ սոուսների համար։ Իտալացի դերասանուհի Սոֆի Լորենն ասել է, որ «ֆուզիլին սիրով գրկում է սոուսին»: Այդ հատկության համար ֆուզիլիի սիրահար էր նաեւ Ջեյմս Բոնդի մասին գրքերի հեղինակ Իեն Ֆլեմինգը:
Առավել հաճախ պատրաստվող ուտեստներն են Ֆուզիլի ալա սորենտինան՝ լոլիկով եւ հալված մոցարելլայով, Մոլիզեի ավանդական ռագուով՝ գառան, հորթի մսով եւ երշիկով կամ սիցիլիական դասական Ֆուզիլի ալա նորմա՝ լոլիկով եւ սմբուկով։
Եթե ցանկանում եք տանը պատրաստել ֆուզիլի տոմատի եւ օղու սոուսով, այցելեք Barilla-ի կայք եւ ծանոթացեք բաղադրամտոմսին.
https://www.barilla.com/en-au/recipe/all/fusilli-with-tomato-vodka-sauce


×




Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: