Viet Nam News-ն անդրադարձել է Վիետնամի մայրաքաղաք Հանոյում գործող միակ հայկական ռեստորանին։ Ներկայացնում ենք “Armo-House: bread, barbecue, belonging” հոդվածի հայերեն թարգմանությունը` որոշ կրճատումներով:
Հանոյի «Տայ Հո» թաղամասում գտնվող «Տո Նգոկ Վան» փողոցը վաղուց է հայտնի իր բազմազանությամբ։ Այստեղ կողք կողքի կարելի է տեսնել իտալական խանութներ, ֆրանսիական բիստրոներ, գերմանական ոճի պանդոկներ եւ վիետնամական ուտեստներ։
Լուսանկարը՝ Armo-House
Այս խոհարարական գանձերի փողոցի մեջտեղում առանձնանում է մի վայր, որն աչքի է ընկնում նույնիսկ այս հարուստ միջավայրում։ Կարմիր սալիկներով ծածկված բաց բակը, փորագրված սյուներն ու ոճավորված որմնանկարները հեռու են այն ամենից, ինչ սովորաբար սպասում ես վիետնամական ռեստորանից։ Կորաձեւ փայտը, մեղմ նարնջագույն լուսավորությունն ու սեղանների կենտրոնում տեղադրված սփռոցները կարծես տանում են դեպի Արեւմուտք, սակայն վառ գույներն ու երկրաչափական նախշերը շփոթեցնում են։ Մթնոլորտը հանգիստ է, մարդիկ գինի են խմում, հնչում է անծանոթ երաժշտություն։
Սա Հայաստանի փոքրիկ անկյուն է՝ Armo-House-ը՝ Հանոյի առաջին եւ, որքան մեզ հայտնի է, միակ հայկական ռեստորանը։
Տարածքը ձեւավորել են Ռոբերտն ու Լյուսին՝ միավորելով արեւելյան եւ արեւմտյան տարրեր՝ այնպիսի համադրությամբ, որը սովորաբար տեսնում ենք ուղեւորությունների գրքույկներում կամ ֆիլմերում։
Լուսանկարը՝ Armo-House
Սակայն այստեղ կա մի բան, որը ես շատ լավ եմ ճանաչում՝ լավ համեմված մսի բույրը։ Սեղանին առաջինը հայտնվեց հացը՝ ինչպես ընդունված է Հարավային Կովկասում, որտեղ այն խոհանոցի հիմքն է։ Մատնաքաշը հաստ է, ակոսավոր ու խմորոտ, իսկ լավաշը՝ բարակ, առանց ավելորդությունների։ Երկուսն էլ մատուցվում են զամբյուղով՝ թեթեւ ձաձիկիի, խիտ հումուսի, ծխահամ քեսաբի (kessab) եւ աջիկայի հետ, որն իմ նախընտրած մուգ կարմիր սոուսն է։
Երբ մեր ամբողջ խումբը հավաքվեց, սկսվեց ծանոթության հաջորդ փուլը։ Առաջին ուտեստների շարքում էին հայկական բլիթները՝ փոքր, փափուկ եւ իտալական տորտիլյաներ հիշեցնող։ Վրան դրված թթվասերը հավասարակշռում էր խոզի եւ տավարի խառնուրդով լցոնը։
Լուսանկարը՝ Armo-House
Հաջորդը տոլման էր։ Այն աղացած տավարի մսի ու բրնձի համադրություն է՝ փաթաթված հայկական խաղողի տերեւների կամ էլ բանջարեղենի մեջ:
Եթե հունական խոհանոցը բնորոշվում է ձիթայուղով, կիտրոնով եւ ծովամթերքով, իսկ թուրքականը՝ գառի մսով ու պղպեղային համերով, ապա Հայաստանի համային քարտեզը ձգվում է Միջերկրական ծովից մինչեւ Պարսկաստան, որտեղ չոր մրգերն օգտագործվում են ինչպես համի, այնպես էլ՝ զարդարանքի համար: Թեմաներն ու մշակույթներն ուտեստ առ ուտեստ, երբեմն, համընկնում են, երբեմն՝ տարանջատվում։
Լուսանկարը՝ Armo-House
Հայաստանն առաջինն է, որ քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն: Այստեղ խոզի միսը կարեւոր տեղ ունի, ինչը այն առանձնացնում է մահմեդական խոհանոցներից։
Լուսանկարը՝ Armo-House
Ձուն, հացը, միսը եւ պանիրը գրեթե անպարտելի համադրություն են, դրանք հագեցնում են եւ ուրախացնում գրեթե բոլորին։ Տավարի մսով լահմաջոյից մինչեւ ձվով ու պանրով «հացի նավակ»՝ «Աջարական խաչապուրին», եւ այդ համադրությունը մեզ էլ լիովին բավարարեց։
Լուսանկարը՝ Armo-House
Լահմաջոն հաճելի համեմված էր, իսկ խաչապուրին՝ պարտադիր փորձելու ուտեստ է, որտեղ ձվի դեղնուցը խառնվում է երեք տեսակի հալված պանրի հետ։ Բոլոր ուտեստները հրաշալի համադրվում էին մրգային «կոմպոտի» հետ, որից մի քանի կուժ դատարկվեց։
Լուսանկարը՝ Armo-House
Ռոբերտն ու Լյուսին ջերմ են, հյուրընկալ եւ անհրաժեշտության դեպքում պատրաստ են ուղղորդել, բայց թողնում են, որ ձեր ախորժակն ինքն ընտրի ճաշացանկի ուղղությունը։
Լուսանկարը՝ Armo-House
Մի բացառությամբ՝ մեղմ հուշում են փորձել խորովածը։ Սա այն խորհուրդն է, որն անիմաստ կլինի անտեսել։ Միսը պատրաստված է լավագույն ձեւով։
Լուսանկարը՝ Armo-House
Հաջորդ օրը կրկին վերադարձա՝ պատշգամբում մայրամուտին կոկտեյլներ փորձելու համար։ Դրանք պատրաստված էին ազգային ոգով՝ հայկական ARARAT կոնյակով։ Թորումից ստացվող չոր մրգերի, ընկույզի եւ համեմունքների նրբերանգները հստակ զգացվում էին, խմիչքն իսկապես ինքնատիպ էր։
Լուսանկարը՝ Armo-House
Վերջում՝ ռեստորանի անվան մասին։ Այն պատահական չէ։ Սա ընտանեկան ռեստորան է, եւ Ռոբերտն ու Լյուսին ուզում են, որ այն ոչ միայն տան, այլեւ օջախի տպավորություն թողնի։ Մոտ տասը տարի Չինաստանում ապրելուց հետո զույգը տեղափոխվել է Վիետնամ՝ ներկայացնելու հայկական խոհանոցն ու հյուրընկալությունը։ Լյուսիի մայրն էլ Երեւանից է եկել դարձել գլխավոր խոհարարը։ Ուտեստները նրա ձեռքի գործն են՝ սերնդեսերունդ փոխանցված բաղադրատոմսերով, որոնք ապահովում են իրական համը։
Պատրաստեց Անի Խչոյանը


×




Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: