Տարատեսակ գինիներ, համեղ խորտիկներ ու ջերմ զրույցներ՝ Ֆրանսիական շանսոնի ներքո, բայց ոչ թե Փարիզում, այլ Թամանյան 2 հասցեում. Wine Republic Yerevan-ը տոնում է 10-ամյակը:
«Գինու հանրապետությունը», որ տասը տարի առաջ հեղափոխեց հայաստանյան ռեստորանային ոլորտը՝ հանդես գալով նոր հայեցակարգով ու ընկերական ջերմ միջավայր ստեղծելու մղումով, այսօր արդեն իր հստակ տեղն ունի թե´ երեւանցիների, թե´ հյուրերի՝ հիշարժան երեկոներ ունենալու ծրագրերում:
Մայիսի 1-ից 10-ը «Գինու հանրապետության» մշտական «քաղաքացիներն» ու այդպիսին դառնալ ցանկացողները հնարավորություն ունեն միասին տոնելու հոբելյանը, ծանոթանալու նոր ճաշացանկին ու լսելու հայ գինեգործների պատմությունները:
GastroVino-ն ներկա է եղել Wine Republic-ի հոբելյանական միջոցառմանը, զրուցել ռեստորանի հիմնադիր Արսեն Հովհաննիսյանի հետ ու ներկայացնում է սպասվող անակնկալները:
Ճիշտ ժամանակին ու ճիշտ տեղում
Արսեն Հովհաննիսյան. Եվրոպայում հաճախ ենք հանդիպում շատ հին ռեստորանների ու սրճարանների, եւ 10 տարի առաջ Wine Republic-ը ստեղծելիս նման հեռանկար ունեինք աչքներիս առաջ: Այս իմաստով 10-ամյակը մեզ համար հանգուցային իրադարձություն է, որով ամեն ինչ վերաիմաստավորում ենք ու հասկանում, որ Wine Republic-ն իսկապես պահանջված է: Միեւնույն ժամանակ, այս հայեցակարգը հնարավոր է շարունակաբար զարգացնել՝ առաջ շարժվելով դեպի հաջորդող 10 տարիներ ու այդպես շարունակ:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Չնայած սկսելիս հստակ պատկերացնում էինք, թե ինչ ենք ուզում ստանալ, բայց հիմա արդյունքն ունենալով՝ հետահայաց ավելի հեշտ է վերլուծել: Եթե մենք չբացեինք Wine Republic-ը, ապա ինչ-որ մեկը, վստահաբար, անելու էր դա:
Կարողացանք ճիշտ ժամանակին եւ ճիշտ տեղում հայտնվել, քանի որ Երեւանում իսկապես կար «casual dining» հայեցակարգի, գինու եւ խոհանոցի ճիշտ համադրության կարիքը՝ միեւնույն ժամանակ դրա մատչելի մատուցմամբ:
Արսեն Հովհաննիսյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Այս տարիների ընթացում հաջողեցինք ստեղծել յուրահատուկ մթնոլորտ, որտեղ բոլորն ընկերներ են: Մեր մոդելն ավելի մոտ է եվրոպական սրճարաններին ու ռեստորաններին, սակայն մեր հաճախորդներից շատերը Եվրոպայում իրենց արձակուրդից վերադառնալիս երբ այցելում են մեզ, մշտապես ընդգծում են, որ վերադարձել են իրենց ավելի հարազատ միջավայր: Այսինքն՝ կարողացել ենք ոչ միայն կայացնել եվրոպական մոդելը, այլեւ այն տեղայնացնել հատուկ հենց երեւանյան միջավայրի համար:
Շարունակելով նորարարությունների ավանդույթը
Այս օրերին շատ ենք խորհում, վերագնահատում ու վերարժեւորում անցած ճանապարհը: Տեսնում ենք, որ ոլորտում իսկապես մի շարք նորարարություններ ենք բերել, որոնք հետագայում կիրառվել են նաեւ այլ ռեստորատորների կողմից:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Այսօր Հայաստանի գաստրոնոմիկ քարտեզը բավականին զարգացած է, լավագույնն է տարածաշրջանում, նաեւ մրցունակ է համաշխարհային համատեքստում: Կարծում եմ, անհամեստություն չի լինի պնդել, որ մենք դրանում մեծ դեր ենք ունեցել: Այսօր Երեւանում մեր խոհանոցները բազմազան են, տարբերվում են իրենց հայեցակարգերով, եւ դրանցից յուրաքանչյուրն իր տեղն ունի:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Պետք է երբեք չվախենալ հավակնոտ ծրագրերից ու երբեք չասել՝ «սա դժվար է, Հայաստանում սա չի ստացվի»: Եթե կա մի բան, որը դուք համարում եք՝ կսիրվի, ապա ամեն ինչ էլ հնարավոր է:
Երբ տարիներ առաջ սկսեցինք թարմ ծովամթերքը հասանելի դարձնել Հայաստանում, դա փոքր-ինչ անհնար էր թվում, բայց փաստ է, որ այսօր ունենք շատ ավելի թարմ ծովամթերք, քան մի շարք եվրոպական երկրներում: Եթե նախկինում դա շքեղություն էր համարվում, ապա մենք կարողացանք դրանք մատուցել հասանելի գնով:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Wine Republic-ը նաեւ մեծ դեր է ունեցել գինու հանրայնացման հարցում: Ընտրեցինք այնպիսի գնային քաղաքականություն, որով կարողացանք մեր ռեստորանում գինին առաջարկել սուպերմարկետի գնով: Արդյունքում, մեր հաճախորդները սկսեցին օղու փոխարեն գինի նախընտրել: Այս նորարարությունները շարունակելու ենք. դրանք կլինեն թե´ մենյուի տեսքով, թե´ մթնոլորտի, եւ թե´ միջոցառումների:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
10-ամյակը եւս տոնում ենք նոր մոտեցմամբ: Մայիսի 1-ից 10-ը տարբեր միջոցառումներ ենք ունենալու, որոնց ընթացքում մեր հյուրերը հնարավորություն կունենան համտեսելու նոր մենյուն, որը հասանելի կլինի մայիսի 10-ից հետո:
Տարբեր երկրներից շեֆ խոհարարների եւ գինեգործների, նաեւ հայ գինեգործների հետ ենք աշխատել, որոնք այս օրերին համտեսների ժամանակ կուղղորդեն մեր հյուրերին: Փորձելու ենք նոր մենյուն համադրել լավագույն գինիների հետ՝ մեր հյուրերին նոր համերի բացահայտման հնարավորություններ ընձեռելով «food pairing»-ի ձեւաչափով:
«Եթե .... մեր հետեւից հասնել այլեւս չի լինի»
Եթե ինձ տարիներ առաջ հարցնեիք, թե ինչ է պետք Հայաստանի գաստրոնոմիկ ոլորտի զարգացման համար, երեւի թե առաջին հերթին կասեի բազմազանություն, մրցակցություն եւ պրոֆեսիոնալիզմ, սակայն հիմա այս մարտահրավերները մեծ հաշվով հաղթահարված են: Հիմա անհրաժեշտ է սննդային տարբեր բաղադրիչների հասանելիություն, որպեսզի մեր խոհարարները կարողանան ավելի ազատ ստեղծագործել: Մյուսը խոհարարների պրոֆեսիոնալիզմի զարգացումն է:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Անհրաժեշտ է, որ խոհարարներն իրենք կամ գործարարները ներդրումներ կատարեն ու զարգացնեն խոհարարական հմտությունները: Տաղանդը կա, սակայն այն պետք է հղկել ու նոր մակարդակի հասցնել: Կարծում եմ, որ եթե այս ուղղություններով շարունակենք աշխատել, մեր հետեւից՝ որպես երկիր, այլեւս հասնել չի լինի:
Wine Republic-ի 10-ամյա հոբելյանը նշելու, գինու եւ սննդի նոր համադրություններ փորձելու համար շտապեք ամրագրումներ կատարել առաջիկա օրերին:
Մայիսի 3, 19:30՝ Վենետիկյան լագունայի երեկո (իսկական վենետիկյան ընթրիք՝ 5 ճաշատեսակով եւ համադրված հատուկ կոկտեյլների ու գինու հետ),
Մայիսի 4, 12:00-16:00՝ Հոբելյանական բրանչ` համեղ սննդով ու լավ երաժշտությամբ,
Մայիսի 4, 19:00՝ Հանդիպում ստեղծողների հետ (3 ճաշատեսակ՝ զուգորդված հայկական գինիներով ու հայ գինեգործների պատմություններով),
Մայիսի 5-ից 8-ը, 19:00՝ Հանդիպում ստեղծողների հետ (3 ճաշատեսակ՝ զուգորդված հայկական գինիներով ու հայ գինեգործների պատմություններով),
Մայիսի 9, 20:00՝ Պանրի եւ գինու երեկո՝ ֆրանսիացի շեֆի հետ (10 տեսակի գինի 10 տեսակի պանրի հետ համադրված, երեք ճաշատեսակ՝ համտեսի խորհրդատվությամբ),
Արսեն Հովհաննիսյանի հետ զրուցել է Գայանե Ենոքյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: