×

Ռիտա Պետրոսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Ecosnack-ից մինչև Ecospace. Ռիտայի առողջ սննդի սրճարանը

2021 թվականի նոյեմբերին GastroVino-ն պատմել էր Ռիտա Պետրոսյանի եւ նրա՝ մրգային չիպսեր ու բնական պաստեղներ արտադրող Ecosnack ընկերության մասին

EcoSnack-ն այսօր ունի իր շարունակությունը՝ Ecospace սրճարանը: 

GastroVino-ն կրկին հանդիպել է Ռիտային, զրուցել Սարյան 24 հասցեում բացված սրճարանի, բուսակերներին ու հումակերներին առաջարկվող մենյուի մասին:

Սրճարան բացելու հատուկ նպատակ չեմ ունեցել: Այստեղ տեղափոխվել էինք որպես խանութ, քանի որ EcoSnack-ի արտադրական ծավալները փոխվել էին, կարիք ունեինք արտադրամասը մեծացնել եւ խանութ ունենալ: Շուտով հասկացա, որ այն կարելի է առողջ սննդի սրճարան դարձնել: Որպես սրճարան` Ecospace-ը սկսեց գործել 2025 թվականի գարնան վերջից: 

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Քանի որ սրճարանն EcoSnack-ի տրամաբանական շարունակությունն է, այն ենթադրում էր, որ սրճարանի մենյուն էլ պետք է ամբողջությամբ բնական բաղադրիչներից լիներ: Որոշեցի, որ սրճարանը կլինի բուսակերների (vegan) եւ հումակերների (raw) համար: 

Ecospacе-ում ամեն ինչ բուսական ծագման է, կաթնամթերքից պատրաստվող ոչինչ չունենք` մեզ մոտ ամեն ինչ «lactose free, gluten free, sugar free» է: Քանի որ ես էլ մեկ տարի առաջ առողջական խնդիրների պատճառով ստիպված էի սննդակարգ պահել, սրճարանների բազմազանության մեջ շատ դժվարությամբ էի կարողանում գտնել այնպիսի վայրեր, որտեղ ինձ պես սնվողներին հարմար մենյու կգտնեի: 

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Երբ սկսեցի Ecospacе-ի մենյուն կազմել, սկզբում ներառեցի raw տորթերն ու դեսերտները: Նախկինում հրուշակագործությամբ զբաղվելու փորձն օգնեց, որ դեսերտներն ավելի համարձակ պատրաստեմ: Բայց մենյուն այլ ուտեստներով հարստացնելու, հումակերների ու բուսակերների խոհանոցին ավելի խորը տիրապետելու համար հատուկ դասընթաց անցա, որ ամեն ինչ կարողանամ ճիշտ ձեւով պատրաստել: Դրանից հետո միայն մենյուում ավելացրեցի ապուրներ (քեշյու, բազիլիկ, քարի, տոֆու), raw պելմենի, spring ռոլեր, տոստեր, սենդվիչներ, բուրգերներ, պիցցաներ: 

Բուսակերության եւ հումակերության մեջ ընդունելի է չորացնելու տարբերակը: Այսինքն՝ raw պիցցանները, կրեկերները, հացիկները, բուսակերական «միսը», որը մեր դեպքում պատրաստվում է լոլիկաչրով եւ դդմի կորիզներով, չորացնում ենք 45 աստիճանի ներքո: Սա այն թույլատրելի ջերմաստիճանն է, որում պահպանվում են մթերքների օգտակար նյութերը: Չորացնելու համար օգտագործում ենք այն նույն սարքերը, որոնցով մեր մրգային չիպսերն ենք պատրաստում:

Ռիտա Պետրոսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Հումակերական պիցցայի խմորները մի քանի տեսակ են լինում, պատրաստվում են ընկույզից, նուշից, կտավատից կամ չիայից: Ecospacе-ում երեք տեսակի պիցցա ունենք՝ սնկով, վեգան պեպերոնիով եւ վեգան մսով: Օրինակ՝ պեպերոնին մեզ մոտ պատրաստվում է նուշի խմորով, լոլիկաչրի սոուսով, հումակերական պեպերոնիով, քեշյու սոուսով եւ վեգան պարմեզանով: Իսկ սնկով եւ վեգան մսով պիցցաները պատրաստում ենք չիայի խմորով:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Բուրգերի երկու տեսակ ունենք, որոնցից մեկը հումակերական է, մյուսը՝ բուսակերական: Վեգան բուրգերի հացիկը պատրաստվում է ծլեցված կանաչ հնդկաձավարից, այն թխվում է սովորական հացի ձեւով, իսկ raw բուրգերը պատրաստվում է նուշի խմորից՝ չորացման տարբերակով: Այս բուրգերների միջուկ են կազմում վեգան «միսը», քեշյու մայոնեզը, լոլիկը եւ ֆերմենտացված սոխը: 

Տորթերի դեպքում չորացմանը փոխարինում է սառեցումը: Կարելի է դասական եւ սիրված թխվածքների raw տարբերակներ գտնել՝ չիզքեյքներ, շոկոլադով եւ մրգային տորթեր, տիրամիսու: Դրանց խմորները եւս ստանում ենք ընկույզներից, նուշի կամ կոկոսի կաթից, կակաոյի յուղից: Ընկույզները թրջվում են, ֆերմենտացվում, որի ընթացքում նրանց օգտակարությունը մի քանի անգամ մեծանում է, որոնցից նոր արդեն պատրաստվում են թխվածքները: Տորթերի գունավորումը եւս ստանում ենք բնական ճանապարհով՝ մրգերից, հատապտուղներից: 

Ռիտա Պետրոսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Չենք անտեսել նաեւ պաղպաղակի սիրահարներին: Այն պատրաստում ենք կոկոսի կաթից, մրգերից եւ հատապտուղներից: Դեսերտների ցանկում ունենք նաեւ պուդինգներ եւ բոուլներ:

Vegan եւ raw մենյու ունենալը մի քիչ բարդ է: Ամեն ինչ չէ, որ հնարավոր է չորացնել ցածր ջերմաստիճանի տակ կամ սառեցնել առանց որակի կորստի։ Բացի այդ՝ բոլոր անհրաժեշտ բաղադրիչները տեղական շուկաներում միշտ չէ, որ հասանելի են: Քանի որ այս մենյուն ամբողջովին հիմնված է թարմության վրա, անհրաժեշտ է ամեն ինչ գրեթե ամեն օր նորից ապահովել։ Ֆերմենտացված ուտեստներն էլ, որոնք կարեւոր դեր ունեն raw սննդակարգում, երկար պահպանման հնարավորություն չունեն եւ պահանջում են լրացուցիչ վերահսկողություն։

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին