Վնասակար կոնֆետները փոխարինող քաղցրավենիք փնտրելու ճանապարհին Ռիտա Պետրոսյանը ստեղծել է «EcoSnack» ընկերությունը, որը մրգային չիպսեր եւ բնական պաստեղներ է արտադրում։
Արտադրամասն ունի խոհանոցային հատված եւ պահեստ, որտեղ պահվում են գույնզգույն վակուումային տարաները՝ լի ֆրիպսերով ու չիպսերով, սենյակի տարբեր հատվածներում ընկերության արտադրած տարատեսակ պաստեղներն են, նվերի տուփերն ու մյուս արտադրանքը, որ պահում են սառը եւ չոր պայմաններում։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«EcoSnack»-ի հիմնադիր Ռիտա Պետրոսյանը GastroVino-ին պատմել է տնից արտադրամաս տեղափոխվելու, «լոքդաունի» շրջանում բիզնես սկսելու համարձակության եւ «նուրբ» արտադրանքի մասին։
Ամեն ինչ սկսեց առաջին դեհիդրատորից
«EcoSnack»-ը գոյություն ունի 2020 թվականի սկզբից։ «Բանկային գործ»-ի մասնագետ եմ, բայց երբեք այդ աշխատանքով չեմ զբաղվել։ Տարիներ առաջ կարճ ժամանակահատված զբաղվել եմ հրուշակագործությամբ։ Աղջկաս առաջին տարեդարձի տորթը պատրաստեցի, բոլորը հավանեցին, հետո սկսեցի պատվերներ ստանալ ու տանը տորթեր պատրաստել։ Այն ժամանակ արտադրամաս ունենալու համարձակություն չունեցա, դրան հաջորդեց մի քանի տարի դադար։
Ծնվեց տղաս ու երբ շուրջ մեկ տարեկան էր, սկսեցի մտածել՝ ի՞նչ անեմ, որ երեխան չուտի վնասակար քաղցրավենիք եւ մրգային պաստեղներ գտա։ Այդ ժամանակ դեռ չիր պատրաստելու սարքերի՝ դեհիդրատորների մասին չգիտեի, պատահաբար տեսա, պատվիրեցի եւ սկսեցի տանը չիպսեր պատրաստել։ Այնուհետեւ մտածեցի պատվերներով աշխատելու մասին։
Ելակի առաջացրած խառնաշփոթը
Աշխատանքները մեկնարկեցին ու սկսվեց կորոնավիրուսի համավարակով պայմանավորված «լոքդաունը»։ Ռիսկերը շատ էին, բիզնեսի համար բոլորովին նպաստավոր ժամանակ չէր, բայց հետ չկանգնեցի։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Սկզբում, երբ ձմեռ էր, պատրաստում էի բանանի, կիվիի, նարնջի չիպսեր, հետո՝ պաստեղներ։ Հրուշակագործության փորձն ինձ օգնեց ավելի արագ կազմակերպվել, մտածեցի, որ այս անգամ չպետք է պահը բաց թողել։
Լուսանկարը՝ EcoSnack
«Խառնաշփոթը» սկսեց ելակի չիպս արտադրելուց հետո, հենց այդ ժամանակ մարդիկ ավելի շատ ճանաչեցին մեզ, սկսեցին հերթագրվել՝ գնելու համար։ Պահանջարկը մեծ էր, ես հասկանում էի, որ պետք է սեզոնի ընթացքում հասցնել ոչ միայն այդ պահին եղած պատվերները բավարարել, այլեւ ձմռան համար պաշար պատրաստել՝ նվերների տուփերում դասավորելու համար, որովհետեւ դրանք յուրահատուկ գեղեցկություն են տալիս։
Լուսանկարը՝ EcoSnack
Եւս մեկ դեհիդրատոր պատվիրեցի, բայց այդպես էլ չկարողացա բավարարել ամբողջ պահանջարկը։ Երրորդ սարքը տանը տեղադրելն անիմաստ էր։ Ամեն ինչ անսպասելի ու միանգամից ստացվեց, ընդամենը երկու-երեք ամիս հետո արդեն արտադրամասը կար։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«EcoSnack»-ի արտադրամասի խոհանոցում այժմ աշխատում է երեք մարդ, եւս մեկն օգնում է ադմինիստրատիվ հարցերում։ Ես արտադրամասում լինում եմ ամեն օր, մինչեւ բալիկիս քնելը՝ ժամը 13։00-ն, եւ ավելի ուշ։ Մինչեւ վերջերս պաստեղներն ինքս էի պատրաստում, բայց այժմ աշխատակիցներն են սկսել զբաղվել դրանով։ Հիմա գալիս եմ, նայում, թե նախորդ օրն ինչ են արել, հետեւում պատվերներին ու մնացած գործերին, նաեւ՝ մասնակցում։
Առանց շաքարի եւ այլ հավելումների
Պատրաստում ենք 20 տեսակի մրգային, 8 տեսակի բանջարեղենային չիպս եւ 35 տեսակի մրգային պաստեղ։ Պատրաստման ընթացքում չենք օգտագործում շաքար եւ այլ հավելումներ՝ արտադրանքի բնական համն ու որակը պահպանելու համար։
Լուսանկարը՝ EcoSnack
Հաճախ են հարցնում, թե ինչպե՞ս է, որ չիպսերը գեղեցիկ են մնում, պահպանում գույնը, արդյոք չե՞նք ծխեցնում ծծումբով։ Մի փոքր նեղսրտում եմ այս հարցից։ Երբեմն սոցցանցի իմ հետեւորդներին ցույց եմ տալիս պատրաստման ընթացքը, բացատրում, որ պարզապես լվանում ենք մրգերը, կտրատում եւ չորացնում դանդաղ, ցածր ջերմաստիճանով։ Նույնը կարող ենք անել օրվա մեջ մի քանի անգամ, ավելի արագ, բարձր աստիճանով, բայց նախընտրում ենք դանդաղ չորացումը, որի արդյունքում պահպանվում են նաեւ բոլոր վիտամինները։
Պաստեղներ
Պաստեղները տեսքով, գուցե, նման են մեր իմացած «թթու լավաշներին», բայց իրականում տարբեր են, քանի որ, եթե «թթու լավաշների» մրգերը երկար եփվում են մինչեւ որոշակի զանգված ստանալը, ապա պաստեղների հումքը չի եփվում, այն եւս չորանում է ցածր աստիճանում։ Գրեթե բոլորին ավելացնում են եփված խնձոր՝ որպես կոնսիստենցիա ապահովող միջոց։
Լուսանկարը՝ EcoSnack
Ունենք տարբեր համադրություններ եւ դրանք առաջանում են զանազան փորձերի ժամանակ: Օրինակ՝ երբ առաջին անգամ փորձեցի դդումով պաստեղ պատրաստել, այնքան էլ չհավանեցի, մտածեցի՝ համադրել նարնջի հետ, զգացի, որ ե՛ւ գույնն է գեղեցիկ, ե՛ւ համն է հաճելի: Դրանից հետո նման մի փորձարկման արդյունքում էլ ստեղծվեց մեր «ղափամա» պաստեղը՝ դդում, մեղր, դարչին համադրությամբ։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Քանի որ շաքարավազ չենք օգտագործում՝ որոշ պաստեղներ քաղցրացնելու համար ավելացնում ենք բանան։ Դդումի, կիտրոնի, լայմի հետ էլ ավելացնում ենք մեղր, մյուսները պատրաստվում են իրենց համերով։
Ամեն ինչ չորացնելու ցանկությունը
Այն պահից, ինչ զբաղվում եմ այս գործով, ուզում եմ ամեն ինչ չորացնել, հետաքրքիր է, թե որ միրգը կամ բանջարեղենը չոր վիճակում ինչպիսին կլինի։ Աշնանը, երբ մրգերը հիմնականում վերջացել էին, մտածեցի, թե էլ ինչ կարելի է չորացնել։ Ձմռան լոլիկն ու վարունգը, գիտեք, թե ինչ վատն են լինում։ Լոլիկի չիրն ինձ ծանոթ էր, այսպես որոշեցի սեզոնի բանջարեղենը՝ վարունգ, բազուկ, պղպեղ, եւս չորացնել։
Լուսանկարը՝ EcoSnack
Բանջարեղենի պահանջարկը մի փոքր ավելի քիչ է, քան մրգերինը, գուցե պատճառն այն է, որ մարդիկ դեռ ծանոթ չեն, դրա համար վերջերս զեղչեր արեցի, որ հնարավորություն ունենան գնել ավելի ցածր գնով։ Առայժմ մեր բանջարեղենային չիպսերի հիմնական սպառողը վեգաններն են։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Բանջարեղենի չիպսերն ավելի բարակ են կտրատվում, քան մրգերը, քանի որ հաստ շերտերը չորանալուց հետո դժվար են ծամվում։ Բարակ կտրատելու հաշվին կարող է դեհիդրատորն աշխատել ամբողջ գիշեր, բայց արդյունքում ստանալ 300 գրամ չիպս։ Բանջարեղենը մրգերի համեմատ ավելի էժան է, բայց պատրաստման ձեւն է ավելի ծախսատար, սա է պատճառը, որ թարմ բանջարեղենի եւ չիպսի արժեքը մի փոքր տարբեր է։
Կնոջ հոգսը թեթեւացնող պրոդուկտ
Վերջին երկու տարի անընդհատ փորձարկումներ եմ անում, որոնց արդյունքում ստեղծվում են նոր պրոդուկտներ։ Վերջինը, օրինակ, չիպսերի փոշուց պատրաստված կոնֆետներն են՝ մեղրով ու ընկույզով, բայց դրանք դեռ պատվերով ենք պատրաստում։
Կա եւս մեկ արտադրանք, որի նպատակը կանանց հոգսը մի փոքր թեթեւացնելն է։ Խոսքը մեր համեմունքի մասին է, որում կա գազար, կանաչ եւ կարմիր պղպեղ, կանաչ սոխ եւ նեխուր։ Սա էլ, ինչպես շատ գաղափարներ, առաջացել է պատահաբար։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ժամանակ խնայելը կնոջ ամենաթույլ տեղն է ու այս համեմունքը կարող է թեթեւացնել կանանց հոգսը։ Սովորաբար ուտեստ պատրաստելիս մենք կարող ենք ժամանակ ծախսել առանձին գազար, կանաչի, պղպեղ լվանալու, կտրատելու եւ ավելացնելու համար, բայց այն պահից սկսած, երբ «հնարեցի» այս համեմունքային խառնուրդը, ինքս էլ այն օգտագործում եմ ուտեստներ պատրաստելիս։
«Նուրբ» արտադրանք
«EcoSnack»-ի սպառումը, հիմնականում, առցանց է լինում։ Խանութներից, երբեմն, առաջարկ ենք ստանում, բայց չեմ ուզում, որ մեր արտադրանքը ներկայացված լինի սուպերմարկետներում։ Ճիշտ է, պահպանման ժամկետը 12 ամիս է, բայց անհրաժեշտ են հատուկ պայմաններ, հետո էլ, «ձեռքի աշխատանք» է, ավելի նուրբ է, քան այն չրերն ու չիպսերը, որ կիլոգրամով վաճառվում են խանութներում։
Ռիտա Պետրոսյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Սպառողներին առաջարկում ենք գնումներ անել մեր կայքից, ուր ներկայացված է մեր ամբողջ արտադրանքը, ինչպես նաեւ տուփերի մոտ քսան տարբերակ՝ մրգային միքսեր, պաստեղներ եւ մրգային չիպսեր, թեյի տուփեր՝ մեր չիպսերի հավելումով եւ այլն։
Անի Խչոյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ EcoSnack-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: