×

Լուսանկարը՝ «Երեմյան Ակադեմիա»

Իտալացի խոհարարներն ու ուսանողները տպավորված էին հայկական խոհանոցով

«Խոհարարական արվեստի եւ հյուրընկալության Երեմյան Ակադեմիայում» «Իտալական խոհանոցի օրեր» միջոցառման շրջանակում երկրորդ տարին անընդմեջ անցկացվել է իտալացի խոհարարների եւ ուսանողների վարպետության դասի եւ փորձի փոխանակման ծրագիրը։ Առաջին անգամ այն իրականացվել էր 2022 թվականի դեկտեմբերին:

Լուսանկարը՝ «Երեմյան Ակադեմիա»


Նոյեմբերի 17-ին «Երեմյան Ակադեմիան» հյուրընկալել էր Իտալիայի Վիտտորիո Վենետոյի անվան «Ալֆրեդո Բելտրամե» հյուրանոցային եւ ռեստորանային սպասարկման պետական մասնագիտական ինստիտուտի պրոֆեսորներ Դոմենիկո Անդոլֆատոյին, Տուլլիո Մարչիին, Լետիցիա Կավալլինիին եւ ինստիտուտի ուսանողներին։ Այս տարվա միջոցառման խորագիրն էր՝ «Իտալական խոհանոցի սեղանի շուրջ. համը որպես առողջության գրավական»։


Նախաձեռնության նպատակն է ներկայացնել Հայաստանի եւ Իտալիայի խոհարարական մշակույթների առանձնահատկությունները, ոլորտային մասնագիտական կրթական հաստատությունների փորձն ու մոտեցումները, կիսվել արժեքավոր գիտելիքներով եւ հմտություններով։  

Լուսանկարը՝ «Երեմյան Ակադեմիա»


Իտալացի շեֆերը շատ տպավորված էին հայկական խոհանոցի համերով եւ բույրերով,  ուրախ էին, որ իրենց ուսանողներն առիթ ունեցան ծանոթանալու եւ բացահայտելու  հարուստ ավանդույթներ ունեցող հայկական խոհանոցը։

Լուսանկարը՝ «Երեմյան Ակադեմիա»


«Բացահայտեցի, որ դուք հայկական խոհանոցում օգտագործում եք խաղողի տերեւներ. Իտալիան թեեւ գինեգործության հին ավանդույթներ կրող երկիր է, բայց երբեք չենք մտածել, որ գինեգործության մեջ այդքան կիրառվող խաղողի տերեւները կարելի  է նման հիանալի կերպով օգտագործել նաեւ խոհանոցում:

Լուսանկարը՝ «Երեմյան Ակադեմիա»


Այսօր մեր ուսանողները ծանոթացան հայկական տոլմայի պատրաստման գործընթացին եւ այն նորովի բացահայտում էր իրենց համար»- ասել է պրոֆեսոր Դոմենիկո Անդոլֆատոն։

Լուսանկարը՝ «Երեմյան Ակադեմիա»


«Անչափ հաճելի էր զգալ ձեր խոհանոցի բույրերը։ Ինձ համար բացահայտում էր հայկական կանաչեղենի բույրերը եւ դրանց կիրառությունը խոհանոցում։ Չեմ կարող չնշել՝ ուղղակի ֆանտաստիկ էր մածունը, այսպիսի համ ես զգացել էի շատ վաղ տարիքում, ինձ հիշեցրեց իմ մանկության համը: Անմիջապես զգացվեց, որ կաթը, որից ստացվում է մածունը, շատ բարձրորակ է եւ բնական: Այդ համը կտանեմ ինձ հետ» - նշել է պրոֆեսոր Տուլլիո Մարչին։

Լուսանկարը՝ «Երեմյան Ակադեմիա»


Վարպետության դասին Իտալիայից ժամանած ուսանողները «Երեմյան Ակադեմիայի» հայ ուսանողների եւ շեֆ խոհարարների հետ նախ պատրաստեցին իտալական, ապա՝ հայկական ուտեստներ, միմյանց հետ կիսվելով խոհանոցային գաղտնիքներով ու նրբություններով։

Լուսանկարը՝ «Երեմյան Ակադեմիա»


Իտալացի ուսանողները «Երեմյան Ակադեմիայի» ուսանողների եւ շեֆերի օգնությամբ սովորեցին պատրաստել հայկական ավանդական խոհանոցի երկու ուտեստ՝ լավաշով իշխան չամիչով փլավի հետ եւ տոլմա, իսկ իտալացի ուսանողներն ու շեֆերը կիսվեցին ամենաիտալական աղանդերի՝ տիրամիսուի եւ հայտնի իտալական ուտեստի՝ նյոկիի պատրաստման փորձով։

Լուսանկարը՝ «Երեմյան Ակադեմիա»


Որպես եզրափակում՝ «Երեմյան Ակադեմիայի» շեֆ հրուշակագործ Ռոզա Խաչատրյանի հետ իտալացի ուսանողները պատրաստեցին հայկական ավանդական գաթա։

Հայ եւ իտալացի ուսանողները տպավորված ու ոգեւորված էին վարպետության դասով։

«Մեր երկրի խոհանոցը հարուստ է համեմունքներով, սակայն վարպետության դասի ընթացքում հաճելիորեն բացահայտեցի հայկական կանաչեղենը եւ համեմունքները, որոնք այնքան թարմ ու բուրավետ էին, եւ պարզվեց՝ դուք համեմունքներ մեզանից շատ եք օգտագործում»,- նկատել է իտալացի ուսանող Ալեսանդրո Սաչիլոտոն։

Լուսանկարը՝ «Երեմյան Ակադեմիա»


«Ինձ տպավորեց  թիմային աշխատանքը, որով առանձնահատուկ տարբերվում էին ակադեմիայի ուսանողները, դուր եկավ, թե ինչպես են կազմակերպված եւ միավորված աշխատում խոհանոցում»,- ասել է իտալացի ուսանող Աննա Կլեմենզան։

«Շատ կարեւոր փորձառություն էր աշխատել իտալացի շեֆերի եւ ուսանողների հետ, որովհետեւ «Երեմյան Ակադեմիայում» ունենք իտալական խոհանոցի դասաժամեր եւ շատ լավ փորձ էր անձամբ աշխատել իրենց հետ, միասին պատրաստել հայկական եւ իտալական ուտեստներ, նաեւ նոր պրակտիկ գիտելիքներ ձեռք բերեցինք շփման ընթացքում», -պատմել է «Երեմյան Ակադեմիայի» ուսանող Սուրեն Գեւորգյանը։

Լուսանկարը՝ «Երեմյան Ակադեմիա»


«Երեմյան Ակադեմիայի» շեֆ խոհարար Վարդան Խաչատրյանը եւս արդյունավետ է գնահատել վարպետության դասը.

«Արդեն երկրորդ տարին է մեր ուսանողները հնարավորություն են ունենում շփվելու իտալացի խոհարարների եւ ուսանողների հետ՝ պրակտիկ գիտելիքներով փոխանակվելով: Ամեն անգամ ուրախությամբ ենք ներկայացնում եւ ճանաչելի դարձնում հայկական խոհանոցի հարուստ ավանդույթներն ու առանձնահատկությունները»։

Լուսանկարը՝ «Երեմյան Ակադեմիա»


Միջոցառման շրջանակում «Երեմյան Ակադեմիա» էին այցելել նաեւ Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Րիզոն եւ Իտալիայի խորհրդարանի ներկայացուցիչները։

Լուսանկարը՝ «Երեմյան Ակադեմիա»


«Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի եւ Ակադեմիայի տնօրեն Աիդա Տիգրանյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են Ակադեմիայում, ծանոթացել են կրթական հաստատության ենթակառուցվածքներին, պայմաններին եւ ուսումնական ծրագրերին, հանդիպել վարպետության դասին մասնակցող հայ եւ իտալացի ուսանողների հետ։

Լուսանկարը՝ «Երեմյան Ակադեմիա»


Ծրագրի մասնակից հայ եւ իտալացի ուսանողները ստացել են վարպետության դասի մասնակցության հավաստագրեր։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին