×

Լուսանկարը՝ «Երեմյան Ակադեմիա»

Իտալացի խոհարարները տպավորված են «Երեմյան Ակադեմիայով»

«Խոհարարական արվեստի եւ հյուրընկալության Երեմյան Ակադեմիայում» «Իտալական խոհանոցի օրեր» միջոցառման շրջանակում անցկացվեց իտալացի խոհարարների եւ ուսանողների վարպետության դասի եւ փորձի փոխանակման ծրագիրը։

Լուսանկարը՝ «Երեմյան Ակադեմիա»


Հայաստանում Իտալիայի դեսպանության նախաձեռնությամբ իրականացված «Համակեցություն, կայունություն եւ նորարարություն. իտալական խոհանոցի բաղադրիչները մարդկանց առողջության եւ մոլորակի պաշտպանության համար» միջոցառման շրջանակում Հայաստան էին ժամանել Իտալիայի Անսել Քեյսի անվան խոհարարության բարձրագույն ուսումնական հաստատության պրոֆեսորներ Ռաֆֆաելե Մասսանովան, Ջաքուինտո Միքելե Անիելլոն եւ ուսանողներ։

Լուսանկարը՝ «Երեմյան Ակադեմիա»


Նախաձեռնության նպատակն էր ներկայացնել Հայաստանի եւ Իտալիայի խոհարարական մշակույթների առանձնահատկությունները, ոլորտային մասնագիտական կրթական հաստատությունների փորձն ու մոտեցումները, կիսվել արժեքավոր գիտելիքներով եւ հմտություններով։ 

Լուսանկարը՝ «Երեմյան Ակադեմիա»


Միջոցառման շրջանակում «Երեմյան Ակադեմիա» էր այցելել նաեւ Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Րիզոն։ Դեսպանն իր խոսքում նշեց, որ խոհանոցը ոչ միայն տվյալ երկրի մշակույթի մի մասն է, այլեւ զարգացման կարեւոր գործոններից մեկը.

Լուսանկարը՝ «Երեմյան Ակադեմիա»


«Առաջին հերթին շնորհակալություն եմ հայտնում «Երեմյան Ակադեմիային» համագործակցության համար, ինչպես նաեւ մեր իտալացի խոհարարներին, առանց որոնց այս միջոցառումը չէր կայանա։ Խոհանոցը պատմում է ոչ միայն տվյալ երկրի մշակույթի, այլեւ ավանդույթների մասին։ Նաեւ խոհարարական արվեստի շնորհիվ են զարգանում երկրները, դրանց տնտեսություններն ու արտադրության ոլորտը։ Եվ դուք պետք է լինեք այդ մարդիկ, ովքեր ամբողջ աշխարհին կպատմեն իրենց երկրի ու մշակույթի մասին, եւ կանեն ամեն ինչ, որպեսզի պահպանվեն դարերով մեզ հասած ավանդույթները»,- ուսանողներին դիմելով՝ ասել է դեսպանը։



«Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի խոսքով` Ակադեմիան  ստեղծվել է հենց այդ առաքելությամբ՝ կրթել խոհանոցի գիտակ դեսպանների, ովքեր ամբողջ աշխարհում կպատմեն իրենց խոհարարական արվեստի յուրահատկությունների մասին.

Լուսանկարը՝ «Երեմյան Ակադեմիա»


«Ուրախ եմ, որ այս միջոցառումը «Երեմյան Ակադեմիայում» է անցկացվել, եւ մեր խոհարարներն ու ուսանողները հնարավորություն են ունեցել միմյանց փոխանցել իրենց գիտելիքները, փորձն ու հմտությունները։ Իտալական խոհանոցն ամենահայտնիներից է, եւ իտալացի պրոֆեսորներն էլ փաստեցին, որ մեր երկու խոհանոցներն ունեն նմանություններ։ Միջերկրածովյան այս մշակույթի առանձնահատկությունները լավագույնս ներկայացնելու համար մենք Ակադեմիայում էլ հատուկ առանձնացրել ենք իտալական խոհանոցի ծրագիր, նաեւ բացել ենք «Կազա Նոստրա» ռեստորանը, եւ մեր բնակիչներին ներկայացնում ենք իրական իտալական մշակույթն ու հին բաղադրատոմսերով ամենահայտնի ուտեստները»։

Լուսանկարը՝ «Երեմյան Ակադեմիա»


Վարպետության դասի ժամանակ Իտալիայից ժամանած վեց ուսանողներ «Երեմյան Ակադեմիայի» հայ ուսանողերի եւ շեֆ խոհարարների հետ խոհանոցում նախ պատրաստել են իտալական, ապա հայկական ուտեստներ, միմյանց հետ կիսվել խոհանոցային գաղտնիքներով ու նրբություններով։

Լուսանկարը՝ «Երեմյան Ակադեմիա»


Իտալիայից ժամանած խոհարարները տպավորված էին «Երեմյան Ակադեմիայի» հնարավորություններով, տեխնիկական հագեցվածությամբ եւ ուսանողներին տրվող գիտելիքներով.

Լուսանկարը՝ «Երեմյան Ակադեմիա»


«Մեզ մոտ այսպիսի հագեցվածություն ունեն խոհարարական բարձրագույն ուսումնական հաստատությունները, որտեղ ուսանողները կարող են սովորել հինգ տարի խոհարարական դպրոցում սովորելուց հետո միայն։ Ուստի մենք շատ տպավորված ենք այս նախագծով։ Հայկական խոհանոցն իսկապես յուրահատուկ է, համեղ ու տարբերվող։ Մենք գրեթե նույն մթերքներն ենք օգտագործում, բայց այստեղ կա մոտեցումների տարբերություն, ինչն այն ավելի առանձնահատուկ է դարձնում»,-նշել են պրոֆեսորները։

Ծրագրի մասնակից հայ եւ իտալացի ուսանողները ստացել են մասնակցության հավաստագրեր։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին