Nikkei-ը պարզապես խոհանոց չէ, այլ մշակութային երկխոսություն, որտեղ ճապոնական ճշգրտությունը եւ ավանդական տեխնիկան միախառնվում է Պերուի թարմ, գունեղ եւ հյութալի համերի հետ։
Ծագումը
Nikkei բառը ճապոներենից նշանակում է «ճապոնական ծագում ունեցող մարդիկ, ովքեր բնակվում են Ճապոնիայից դուրս»։ Այս եզրույթը հատուկ վերաբերում է Պերուում ճապոնական սփյուռքին, որտեղ հենց նրանք դրեցին Nikkei խոհանոցի հիմքը։
Nikkei-ի պատմությունը սկսվում է 1900-ականներին, երբ մոտ 1 000 ճապոնացի ներգաղթածներ «Սակուրա Մարու» նավով ժամանեցին Պերուի Կալաո նավահանգիստ՝ աշխատելու շաքարի եւ բամբակի ֆերմաներում։ Տարիների ընթացքում նրանց թիվը աճեց եւ 1936-ին Պերուում արդեն կար մոտ 36 000 ճապոնացի։
Քանի որ ճապոնական բաղադրիչներ՝ շոյուն, միսոն, հոնդաշին կամ վասաբին, որոնք օգտագործում էին ամեն օր, Պերուում հասանելի չեն, նրանք սկսեցին հարմարվել տեղական բաղադրիչներին՝ աջի ամարիլոն (պերուական դեղին չիլի պղպեղ), պիսկոն, կիտրոնը, եգիպտացորեն, քինոան, կարտոֆիլը եւ Խաղաղ օվկիանոսի առաջարկած տարբեր տեսակի ձկները։
Լուսանկարը՝ Exquisite Taste Magazine
Այսպես ծնվեց Նիկկեյ խոհանոցը՝ համադրելով Պերուի թարմ ձկան, էկզոտիկ մրգերի եւ տարբեր համեմունքների հարստությունը ճապոնական ավանդական խոհանոցի հետ։
Տարածումը
20-րդ դարի կեսերից Nikkei-ը սկսեց տարածվել Լիմայի ռեստորաններում եւ արագ ներթափանցեց միջազգային շուկա։
Nikkei-ի համաշխարհային ժողովրդականությունը մեծապես նպաստել են ճապոնացի երկու խոհարարներ՝ Nobu ռեստորանների եւ հյուրանոցների ցանցի հիմնադիր Նոբու Մացուհիսայան եւ ֆյուժն սուշիի հիմնադրի համբավը վայելող Տոշիրո Կոնիշին։
Լուսանկարը՝ Sushi Oribe
Nobu-ի այցեքարտային ուտեստներից է ծովախեցգետնի սեւիչեն՝ ծովախեցգետնի առատ կտորներով, որոնք համեմված են աջի պանկայով (պերուական չիլիի մածուկ), թարմ կոճապղպեղով, համեմով եւ ճապոնական յուզուով:
Հայտնի ուտեստներն ու դրանց բաղադրիչները
Սեւիչե՝ (թարմ ձուկ համեմունքներով, կոճապղպեղով, սոխով եւ վագրի կաթով մարինացված) համարվում է Nikkei խոհանոցի խորհրդանիշը։
Լուսանկարը՝ Exquisite Taste Magazine
Ինկա նիգիրի՝ (ապխտած թունա ձուկ, դեղին չիլիի, խրթխրթան քինոաի եւ չալակիտա՝ սոխից եւ չիլիից պատրաստված սոուսում)։
Պուլպո ալ օլիվո (բարակ կտրատած ութոտնուկը մանուշակագույն ձիթապտղի սոուսով)։
Տիրադիտո՝ (բարակ կտրատած հում ձուկ պերուական պղպեղով եւ լայմի հյութով)։
Այսօր Nikkei խոհանոց կարելի է գտնել Եվրոպայի, Ամերիկայի, Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի խոշոր քաղաքներում։
Հայաստանի շեֆերից սեւիչեի սիրահար է Խորեն Հարությունյանը: 2020 թվականին պատմել էինք, թե ինչպես էր սեւիչե ընդգրկվել Դիլիջանի Papanino House ռեստորանի ճաշացանում:
Այնուհետեւ սեւիչեն տեղ գտավ երեւանյան El Mestizo ռեստորանի ճաշացանկում, որի բրենդ շեֆը Խորենն էր: El Mestizo, սակայն, փակվեց 2024 թվականի գարնանը:
Nikkei խոհանոցային տարրեր ուներ նաեւ 2021 թվականին Կասկադում բացված Black Cat ռեստորանը։ Այն փորձեց նոր ձեռագիր եւ ֆյուժն մոտեցում բերել, սակայն փակվեց 2023 թվականին։
Աննա Բաբայան


×




Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: