×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Kuwa Izakaya. Տեղական մթերքով եւ ճապոնական կոնցեպտով երեւանյան բարը

Քրիստինայի, Արայիկի եւ Նիկիտայի զբոսանքը Երեւանում ավարտվեց «խենթ» գաղափարի ծնունդով։ Մոտ վեց ամիս առաջ ընկերները որոշեցին հիմնել ճապոնական կոկտեյլ բար։ Առաջին հայացքից Հայաստանն ու Ճապոնիան նմանություններ չունեն, բայց Kuwa Izakaya-ում վառ լույսի ներքո ներկայացվում են երկու երկրի խոհանոցային, մշակութային ու կենցաղային ընդհանրությունները։ Բարը բացվել է հունիսի 30-ին, գտնվում է Տերյան 19 հասցեում եւ գործում է 14։00-ից 02։00-ը։

Kuwa Izakaya-ի հիմնադիրները GastroVino-ին պատմել են, որ ճապոնական կառուցվածքով ուտեստների համար օգտագործում են միայն հայկական մթերք եւ ուտեստների բաղադրիչներ գտնելու համար մեկնել են Հայաստանի տարբեր բնակավայրեր։

«Բոլոր ճանապարհները բերում են «Կուվա»»

Քրիստինա Նեչիտայլենկո, մարքեթինգի ղեկավար

Ավելի քան 12 տարի զբաղվում եմ ռեստորանների մարքեթինգով։ Աշխատում էի Մոսկվայում, վերջին տարիներին աշխատանքս ավելի շատ միջազգային շուկայի հետ էր կապված։ Անցած տարի Հայաստան հյուր էինք եկել, զբոսնելու եւ Արայիկի հետ շփվելու ընթացքում Երեւանում ճապոնական բար բացելու խենթ գաղափար ծնվեց։ Գտանք բարի տարածքը, ձեւակերպեցինք գաղափարը, պատմեցինք դրա մասին տեղացի ծանոթներին, նրանք արագ միացան մեզ եւ աջակցեցին ներդրումների հարցում։

Գնահատելի է, երբ մարդիկ այդքան արագ վարակվում են քո գաղափարով եւ որոշում աջակցել։ Պրոցեսը հեշտ չէր, բայց ավարտին հասցրեցինք 5 ամսում։

Քրիստինա Նեչիտայլենկոն Լուսանկարը՝ Kuwa Izakaya


Մի քանի օր է, ինչ բացվել ենք, բայց արդեն մշտական այցելուներ ունենք։ Հաճելի է, երբ այցելում են մեր բար եւ հետո վերադառնում որեւէ մեկի հետ։ Բոլոր բարերն ու ռեստորանները կարող ենք ասել, որ տարբերվում են սննդով, խմիչքով, մենք եւս բացառություն չենք, բայց նաեւ տարբերվում ենք սպասարկմամբ: Չունենք մատուցողներ, բոլոր աշխատակիցները մատուցում են, պատրաստում ուտեստներ եւ կոկտեյլներ, անձնակազմին ուսուցանելու համար մեծ ջանք ենք ներդրել։ Բոլոր աշխատակիցները շփվում են հյուրերի հետ, պատմում բարի, ուտեստների, խմիչքների մասին։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մենք կատակում ենք, որ բոլոր ճանապարհները բերում են դեպի «Կուվա», որովհետեւ հատակը սալաքարերից է։ Սալաքարերով ճանապարհը փողոցից պարզապես թեքվում է դեպի «Կուվա» եւ շարունակվում բարում։

«Վեճի պատճառների փոխարեն փնտրում ենք ընդհանրություններ»

Ճապոներեն «Կուվա» նշանակում է թթենի։ Այս ծառը կարեւոր է ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Ճապոնիայի համար, որտեղ մեծ նշանակություն ունի մետաքսի արտադրության հարցում։ Կա նաեւ սենտիմենտալ պատմություն՝ իմ, Արայիկի եւ Նիկիտայի մանկությունն անմիջականորեն կապված է թթենիների հետ, մեր բոլորի բակերում այս ծառը եղել է։ Ես ծնվել եմ Ուկրաինայում, մեր բակում սեւ թթի երկու ծառ կար: Դրանց ճյուղերին նստած կերել եմ պտուղները։ Նիկիտան մեծացել է Ռուսաստանի հարավում՝ Ստավրոպոլի երկրամասում, նա եւս մանկության տարիներին շատ է կերել թութ, նույնն էլ կարելի է ասել Հայաստանում ծնված Արայիկի մասին։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Բարի կոնցեպտը կառուցել ենք Հայաստանն ու Ճապոնիան միավորող երեւույթների շուրջ։ Հայաստանն ու Ճապոնիան մինչեւ 19-րդ դարի ավարտը որեւէ կապ չեն ունեցել, դրանից հետո ձեւավորվել են իրար նման երեւույթներ խոհանոցում, մշակույթում, ավանդույթներում։ Հիմա այնպիսի ժամանակներ են, երբ մարդիկ առավել շատ ուշադրություն են դարձնում տարբերություններին եւ վեճերի պատճառներ փնտրում։ Կարծում ենք՝ հակառակ կողմից նայելու, ընդհանրություններ փնտրելու դեպքում կարելի է հասկանալ, որ մեզ բոլորիս միավորողն ավելի շատ է, քան՝ բաժանողը։

Պավել Բարկովը Լուսանկարը՝ Kuwa Izakaya


Մեր բարմենը Պավել Բարկովն է, նա բարի բոլոր հեղինակային կոկտեյլները ստեղծել է Հայաստանի եւ Ճապոնիայի ընդհանուր երեւույթների, պատմությունների հիման վրա։
Կոկտեյլներից մեկը նվիրված է Դիանա Աբգարին, ով Ճապոնիայում Հայաստանի առաջին դեսպանն է եղել։ Կոկտեյլներից մեկն էլ անվանել ենք «Չան-Ջան»։ «Ջանը» Հայաստանում բոլորին է պարզ, իսկ «Չանն» էլ գրեթե նույնն է Ճապոնիայում։

«Գառնիից մինչեւ Վրաստանի սահման փնտրել ենք ամենալավ բաղադրիչները»

Արայիկ Ամզայան, տնօրեն

Իզակայա ձեւաչափը ենթադրում է հավասարաչափ խմիչք եւ սնունդ։ Բարում երկու ուղղությունն էլ փորձել ենք բարձր մակարդակի վրա դնել։ Ճաշացանկում ունենք քսան տեսակի ուտեստ՝ նախուտեստից մինչեւ աղանդեր, բարում՝ մոտ 30 հեղինակային կոկտեյլ։ Ուտեստների չափաբաժինները մեծ չեն, բայց գները համարժեք են։

Արայիկ Ամզայանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Անձնակազմի կեսը հայ է, մյուս կեսը՝ ռուսներ, որպեսզի եւ տեղացիները, եւ օտարերկրացիներն իրենց հարմարավետ զգան, լեզվի, մթնոլորտի խնդիր չլինի։

Kuwa Izakaya-ն ներկայացված է որպես բար, ուր աշխատում է «Միշլենի» մրցանակ ունեցող խոհարար։

Շեֆ խոհարար Նիկիտա Պոդերյագինը առաջինն է, որ Մոսկվայում արժանացել է «Միշլեն» ուղեցույցի մրցանակի՝ որպես երիտասարդ շեֆ։ Նա մրցանակն իր հետ տեղափոխել է Հայաստան։ Բարում «Միշլենի» աստղը զգացվում է ամեն տեղ՝ ուտեստների պատրաստման, մատուցման, սպասարկման մեջ։

Լուսանկարը՝ Kuwa Izakaya


Բարի բացմանը նախորդած աշխատանքների ընթացքում շատ ենք ճամփորդել Հայաստանում՝ Գառնիից հասել ենք մինչեւ գրեթե Վրաստանի սահման, փնտրել եւ բացահայտել ամենալավ բաղադրիչները՝ կլինի Տավուշի սունկ, խոզի միս, լեռնային ուտելի բույսեր։ Այդ փնտրտուքների ընթացքում գտել ենք նուշի հսկայական այգիներ։ Թարմ նուշը, որն արտաքինից նման է ծիրանի ցոգոլի, մարինացրել ենք եւ մատուցում ենք կոկտեյլների հետ։

Ճապոնական «կմախք», հայկական բաղադրիչներ

Բաղադրատոմսերը գրեթե ամբողջությամբ հեղինակային են, ուտեստներն իրենց կոնցեպտով եւ կմախքով՝ ճապոնական, իսկ բաղադրիչները՝ միայն հայկական։ Օրինակ՝ Սեւանի ապխտած սիգայով մուս ենք պատրաստում եւ մատուցում ճապոնական վաֆլիների հետ։ Մեզ մոտ հնարավոր է համտեսել ծիրանով կիմչի, տավուշյան կախասնկով ասիական նախուտեստ։

Լուսանկարը՝ Kuwa Izakaya


Ունենք «Արիշտա-Ռամեն»։ Լապշան պատրաստում ենք արիշտայի մեթոդով եւ մատուցում միասին, դժվար է պատկերացնել արդյունքը, բայց ուտելիս մեկ հայկական, մեկ էլ ճապոնական համ է զգացվում։ Հայկական խոհանոցին ամենամոտ ուտեստը, որ ունենք, խորովածն է։ Ճապոնիայում պատրաստման հայտնի մեթոդ կա, կոչվում է «յակի», կարճ շամփուրներով միսը եփվում է բարձր ջերմաստիճանով, կրակին շատ մոտ։ Պատրաստման ընթացքում գլազուրապատում ենք սոուսներով, որոնց մեջ կա դոշաբ, հայկական համեմունքներ։ Ունենք տեղական հավ, խոզ, ձկնային ուտեստներ՝ պատրաստված մեզ հատուկ եղանակով, այս ընթացքում մեր հյուրերը հասցրել են սիրել ասիական ոճով պատրաստված խորոված սմբուկը։

Աղանդերից ունենք խորոված ծիրան, որը մատուցում ենք ռեժանի կրեմով եւ նուշով։ Ունենք ճապոնական փուդինգ, պատրաստելիս օգտագործում ենք թարմ եւ քաղցր եգիպտացորեն, որը եւս ասոցացվում է Սեւանի, Տավուշ տանող ճանապարհի հետ։

Լուսանկարը՝ Kuwa Izakaya


Մենյուն մեծ չէ, այնպիսին է, որ ամբողջությամբ կարողանան փորձել, հասկանալ եւ կրկին վերադառնալ։ 2-3 ամիսը մեկ՝ կախված սեզոնային մթերքներից, մենյուն կփոփոխվի, այնպես որ, վերադարձող հյուրերը չեն հասցնի ձանձրանալ։
 
Ուտել, խմել կամ ուտել եւ խմել

Նիկիտա Պոդերյագին, շեֆ խոհարար

Մեր հյուրերին առաջարկում ենք փորձառության երեք ձեւաչափ՝ գալ եւ համտեսել հետաքրքիր ուտեստների փոքր չափաբաժիններ, երկրորդը՝ խմել կոկտեյլներ եւ շփվել բարմենի, անձնակազմի մյուս անդամների հետ, եւ երրորդ՝ պատվիրել կոկտեյլ, մեզ վստահել այդ խմիչքի հետ համադրվող հետաքրքիր ուտեստի ընտրությունը։ Կան ուտեստներ, որոնք ամբողջությամբ շրջում են կոկտեյլի մասին պատկերացումը եւ կան կոկտեյլներ, որոնք ուտեստի ընկալումն են փոխում։ Դրանք մեկը մյուսին ոչ թե ավելի լավ են դարձնում, այլ առաջարկում են բոլորովին նոր փորձառություն։

Նիկիտա Պոդերյագինը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մենք ունենք ոչ մեծ, բայց հյուրերի համար հետաքրքիր բար եւ խոհանոց, այս ամենին ավելանում է անձնակազմի անկեղծ շփումը։ Այստեղ հյուրերը շրջապատված են մարդկանցով, որոնք գիտեն իրենց անելիքը, տարված են աշխատանքով, կյանքի ոճով, որովհետեւ բարի կամ ռեստորանի աշխատանքն ինչ-որ առումով մտածելակերպ է։

Լուսանկարը՝ Kuwa Izakaya


Ոմանք Kuwa Izakaya-ն ընկալում են որպես ավանդական ասիական ռեստորան եւ գալիս են սուշի ուտելու։ Պետք է հասկանալ, որ մենք, առհասարակ, ռեստորան չենք, կոկտեյլ բար ենք, որտեղ հրաշալի կոկտեյլների հետ կարելի է համադրել հիանալի ուտելիքներ՝ պատրաստված մեզ հատուկ ոճով։ Երբ ուզում են սուշի պատվիրվել, ասում եմ՝ հենց որ Հայաստանում ծով կլինի, այդ ժամանակ էլ թարմ ձկներով սուշի կմատուցենք, իսկ մինչ այդ չեմ ուզում հյուրերին առաջարկել սառեցված, հեռվից բերված մթերք։ Թարմ, համեղ սուշիի համար անհրաժեշտ է նույն օրը որսած ձուկ։

Լուսանկարը՝ Kuwa Izakaya


Օրերս սուշի ցանկացող մեր հյուրերից մեկին ասացի, որ միայն տեղական մթերք ունենք, առաջարկեցի համտեսել գրիլի վրա պատրաստված եւ նռան եփած հյութով պատված թառափ, ասացի՝ փորձեք, եթե չհավանեք, չեք վճարի եւ քաղաքավարի կբաժանվենք, իսկ եթե հավանեք, ինձ կվստահեք ձեր մյուս ուտեստների ընտրությունը։ Հետո մեծ բավականությամբ նայում էի, թե ինչպես է հյուրը երրորդ ուտեստը համտեսում։ Մարդիկ միշտ էլ պատրաստ են էքսպերիմենտների։

«Բարի համար ընտրում եմ ինձ զարմացնող մթերքները»

Հայաստանում ահռելի քանակով մթերքներ կան եւ բարի ուտեստների համար ընտրում եմ նրանք, որոնք ինձ զարմացնում են, որակյալ են, ուզում եմ պատրաստել մեր ոճով եւ դրանց մասին պատմել մարդկանց։ Երբ ռեստորանը ցանկություն եւ հնարավորություն է ստանում պատմել մթերքի, բարը՝ ալկոհոլի մասին, հյուրի մոտ հետաքրքրություն է առաջանում, այլապես որեւէ վայր այցելող մարդը հազիվ թե հարցուփորձ անի, թե ուտեստի համար մթերք որտեղից կամ ումից են գնում։

Նիկիտա Պոդերյագինը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Հայաստանում մարդիկ հպարտանում են երկրով, արտադրանքով, բայց հաճախ չգիտեն, թե ով է կանգնած այս կամ այն մթերքի հետեւում, հետաքրքրվում ես եւ չես կարողանում պարզել, թե ումից կարող ես գնել որեւէ ապրանք։ Իմացել էինք, որ Հայաստանում նուշի այգիներ կան եւ ահռելի ժամանակ ծախսեցինք դրանք գտնելու համար։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Բարը կահավորելիս, սպասք ընտրելիս էլ համագործակցել ենք տեղացի վարպետների հետ։ Մեզ մոտ հյուրը կարող է պատվիրել «Չան-Ջան» կոկտեյլ, վայելել «Սականա», որի համար թառափն աճեցվում է մեր բարից ընդամենը 28 կմ հեռավորության վրա, նստած լինել աթոռի վրա, որը պատրաստում են մեզանից 800 մետր հեռավորության վրա եւ ուտել սպասքից, որի ստեղծողները գտնվում են Կոմիտաս պողոտայում։ Հրաշալի է, երբ գիտես՝ ովքեր են ստեղծողները, կարող ես պատմել նրանց մասին եւ հուշել մարդկանց, թե որքան ճանապարհ է պետք անցնել այս կամ այն մթերքը գնելու համար։

Լուսանկարը՝ Kuwa Izakaya


Ռուսաստանում աշխատելիս ունեինք 400-450 մթերք, իսկ Հայաստանում՝ ավելի քան 800 եւ սա միայն իմ գտած մթերքներն են։ Ուզում ենք պատմել տեղական փոքր արտադրությունների մասին եւ եթե որեւէ մեկին կոգեշնչի որեւէ բան աճեցնել, արտադրել, ապա պատրաստ կլինենք աջակցել։ Հյուրերը, փոքր տնտեսությունները կարող են իրենց հետ տեղական հետաքրքիր մթերքներ բերել բար։ Ուրախ կլինենք, եթե այս տարբերակով նոր բաղադրիչներ գտնենք մեր խոհանոցի համար։

Անի Խչոյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին