×

Ռուբեն Սիրադեղյանը Լուսանկարը՝ Yeremyan Products

Yeremyan Products. «Ա» կարգի կաթնամթերք եւ ամբողջական տեղեկատվություն սպառողի համար

Կաթի «ստացման բաղադրությունը»՝ գունավոր եւ նկարազարդ պիտակների փոխարեն։ Բարձրորակ կաթ արտադրող «Երեմյան Փրոդաքթս» ապրանքանիշը ներկայացվել է վերաբրենդավորված տարբերակով։ Շուկայում կրկնօրինակման փորձերի, սպառողներին բարձրորակ կաթնամթերք ներկայացնելու եւ մակնշմամբ կաթնամթերք սպառելու կարեւորության մասին զրուցել ենք «Երեմյան Փրոդաքթս» գործարանի տնօրեն Ռուբեն Սիրադեղյանի հետ։

- Ի՞նչ է իրենից ներկայացնում փաթեթավորման այս նոր տարբերակը։ Որո՞նք են առանձնահատկությունները։

- «Երեմյան Փրոդաքթսի» բրենդինգի առաջին տարբերակը սիրվել է եւ՛ մեր, եւ՛ մեր սպառողների կողմից, բայց այսօր մենք նոր ասելիք ունենք սպառողներին․ վերաբրենդավորումն անհրաժեշտ է առաջին հերթին այդ նպատակով։

Մեր վերաբրենդավորումն ավելի շատ ինֆորմացիոն բնույթի է, քան արտաքին տեսքի փոփոխության։ Նոր փաթեթավորումը մինիմալիստական ոճի է, եւ բրենդի նոր կոնցեպտով շեշտը դրել ենք ոչ թե գեղեցիկ գույների, նկարազարդումների, այլ հենց ամբողջական տեղեկատվության վրա։ Այս նոր մոտեցմամբ մենք մեր առջեւ խնդիր ենք դրել նաեւ կրթել, ուղղորդել, որպեսզի գնորդը կարողանա ճիշտ ընտրություն կատարել։

Սպառողը պետք է նախեւառաջ, ինչպես որ հարկն է, ստանա անհրաժեշտ տեղեկատվություն, որի հիման վրա էլ կիմանա՝ ինչպես տարբերակել բարձրակարգն ու ինչ չափանիշներով առաջնորդվել կաթնամթերք ընտրելիս։ Այդ իսկ պատճառով էլ բաձր կարգի կաթնամթերքը պետք է ունենա համապատասխան մակնշում, մատչելի ու համապարփակ ձեւով ներկայացված տեղեկատվություն։

Մենք ամեն անգամ խոսում ենք մեր արտադրության գործընթացի մասին, եւ ժամանակն է, որ սպառողն ինքը դա տեսնի։ Շշի վրա պատկերավոր ձեւով ընգծել ենք մեր աշխատանքը՝ կաթի ստացման ամբողջ պրոցեսը,՝ «Սերմից՝ սեղան» փակ շղթան։

Լուսանկարը՝ Yeremyan Products


Մենք հստակ ցույց ենք տալիս, թե ինչպես ենք ցանում սերմը, ինչպես ենք ստանում կերը, ինչպես է դա մշակվում ու հասնում կենդանիներին, եւ ինչպես է տեղի ունենում կանթամթերքի բուն արտադրական, փաթեթավորման, տեղափոխման ու սպառողին հասնելու գործընթացը։ Շշի վրա զետեղված այս ամբողջ տեղեկատվությունը բառ առ բառ եւ տառ առ տառ համապատասխանում է դրա պարունակությանը։ Ոչ մեկն իրավունք չունի սպառողին թերի, առավել եւս սխալ տեղեկատվություն տալու. սպառողը պետք է իմանա, թե ինչ է գնում, ինչ է օգտագործում, ինչ բաղադրություն ունի դա եւ ինչպես է հասել իրեն։

Այսօր մենք երկրում ունենք պարենի անվտանգության խնդիր, մենք պարզապես չգիտենք, թե ինչ ենք սպառում։ Իսկ ոչ ամբողջական ու թերի տեղեկատվությունը, ինչպես ցույց տվեցին վերջին իրադարձությունները, կարող է շփոթեցնել սպառողներին, ապակողմնորոշել եւ ընդհանուր առմամբ խեղել սպառողական վարքն ու մշակույթը։ Արդյունքում՝ սպառողները կարող են անհայտ ծագման, անառողջ բաղադրությամբ ու վնասակար հավելումներով արտադրանքները  գերադասել կաթի նման սննդարար, բնական ու առողջարար մթերքից։

Մեր համար սկզբունքային է, որ սպառողներին տրվող տեղեկատվությունը լինի ամբողջական ու հասանելի։ Սպառողը պետք է իմանա, թե ինչու ընտրել հենց այդ արտադրանքը, ինչին ուշադրություն դարձնել առաջին հերթին, որ ցուցիչներն են առավել կարեւոր, պիտակին գրված յուրաքանչյուր ցուցիչ ինչ է իրենից ներկայացնում:

- Ո՞րոնք են բարձրակարգ արտադրանքի հիմնական առանձնահատկությունները, կա՞ արդյոք որեւէ մակնշում, որ կօգնի նրանց ճիշտ կողմնորոշվել։

- Մենք բազմաթիվ ուսումնասիրություններ ու վերլուծություններ ենք կատարել աշխարհի գրեթե բոլոր երկրների կաթի արտադրության ոլորտներում։ Միջազգային լավագույն փորձն ու ստանդարտներն ուսումնասիրելու արդյունքում դուրս բերեցինք, որ Միացյալ Նահանգների գյուղատնտեսության դեպարտամենտն (USDA) ունի հստակ նորմեր, որոնք սահմանում են բարձր կարգի կաթի չափանիշները՝ մակնանշելով դրանց համախումբը որպես «Ա» կարգ։

Լուսանկարը՝ Yeremyan Products


«Ա» կարգը հենց այն նշաձողն է, որն իր մեջ միավորում է այդ ամենաբարձր ստանդարտները, արտադրության խիստ կանոններն ու ընթացակարգերը։ Կաթի որակավորման տվյալ պրակտիկան Հայաստանում դեռեւս չի կիրառվում։ Մենք պատասխանատվություն ենք ստանձնել մեր սպառողին եւս ներկայացնել «Ա» կարգի կաթնամթերք, ու դրանով թե՛ մեր ու թե՛ Հայաստանի կաթնարտադրության ոլորտում որակի բարձր ստանդարտ ենք սահմանել։ «Ա» կարգի կաթն արտադրվում է սանիտարական խիստ վերահսկողության պայմաններում։ Որպեսզի կաթը ստանա «Ա» կարգի դասակարգում, այն պետք է բավարարի սննդարար բաղադրության եւ մանրէաբանական կազմի, արտաքին տեսքի սահմանված պահանջներին, իսկ դրանք բավականին խիստ են։

Նախ կաթը պետք է ունենա մաքուր եւ բնական տեսք, պետք է պարունակի բավարար քանակությամբ յուղայնություն եւ սպիտակուց, զերծ լինի ավելացված ջրից, կոնսերվանտներից եւ այլ կողմնակի նյութերից: Կաթը պետք է զերծ լինի վնասակար բակտերիաներից եւ բավարարի դրանց քանակի հատուկ պահանջները: Այս ստանդարտների ապահովման համար պահանջվում է կաթի արտադրության ամբողջ գործընթացի ճշգրիտ կառավարում՝ կովերի առողջությունից մինչեւ կիթի գործընթաց եւ  վերամշակում։

Իհարկե, նման չափանիշներով կաթի արտադրությունը հեշտ գործընթաց չէ, բայց մենք մեր առջեւ հստակ նպատակ ենք դրել ներկայացնել միմիայն բարձրակարգ արտադրանք եւ ձեւավորել կաթի արտադրության ու սպառման նոր մշակույթ։

- Իսկ ինչո՞վ է տարբերվում ձեր արտադրանքը մնացածներից, եւ ի՞նչ նորույթների սպասել առաջիկայում։

- Տարբերությունները շատ-շատ են։  Նախ նշեմ, որ մենք «Մեկ ֆերմայի» գաղափարն ենք որդեգրել, այսինքն կաթը միայն մեր ֆերմայում պահվող ու բուծվող կովերի կաթն է, եւ ոչ մի այլ տնտեսվարողից կամ ֆերմերից մենք կաթ ձեռք չենք բերում. սա մեզ համար սկզբունքային հարց է։ Շատ խիստ վերահսկողություն ենք սահմանել։

Լուսանկարը՝ Yeremyan Products


Օրինակ՝ բուժում ստացած, պատվաստված կենդանիները պահվում են առանձին, եւ իրենց կաթը չի օգտագործվում։ Մեր դեպքում կաթի արտադրության ամբողջ գործընթացն ինքնին տարբերակիչ առանձնահատկություն է։

Մենք ավելացնում ենք մեր ապրանքատեսականին։ Այս տարի կընդլայնենք մեր արտադրության ծավալներն ու կներկայացնենք եվրոպական պանիրների լայն տեսականի։

- Yeremyan Products-ից հետո նմանօրինակ արտադրանք եւս հայտնվեց շուկայում։ Ընդհուպ՝ նույնատիպ շշի, գույների եւ ընդհանուր փաթեթավորման կրկնություններ եղան։ Կարելի՞ է ասել, որ վերաբրենդավորման պատճառներից մեկը նաեւ կրկնօրինակման փորձերն էին։

- Երբ ստեղծվում է որեւէ բրենդ ու հաջողություններ է գրանցում, սկսում են կրկնօրինակումներ անել. Հայաստանում սա տարածված երեւույթ է։ Հետեւաբար, չեմ կարող նաեւ ժխտել, որ դրդապատճառներից մեկը նաեւ կրկնօրինակումն է եղել։

Ի վերջո, բրենդը կրկնօրինակելը գուցե, եւ որոշ առումով հեշտ է, բայց նույն կարգի բարձրորակ արտադրանքը՝ ոչ այդքան։ Ու ոչ թե բրենդինգով է պետք մրցակցել, այլ շեշտը բարձր որակի վրա դնելով։  

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին