Ինչպես ավելի վաղ հաղորդել ենք, ՀՀ առողջապահության նախարարությունը նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է արգելել հանրային սննդի օբյեկտներում աղամանի առկայությունը սեղանի վրա` առանց սպառողի կողմից պահանջի ներկայացման: 2022 թվականի մարտի 15-ից ուժի մեջ է մտել հանրային սննդի օբյեկտներում ծխելու արգելքը: Այս հարցերի մասին GastroVino-ն զրուցել է Ռեստորանների հայկական միության գործադիր տնօրեն Վահե Գեւորգյանի հետ:
Աղամանի առկայության ստուգումը՝ սյուրռեալիստական սցենար
Մեր հիմնական մտահոգությունն այն է, որ այս նախագծով ստեղծվում է տնտեսվարողին ստուգելու, աշխատանքային ռեժիմը խանգարելու հերթական մեխանիզմը: Աշխարհում մեղմացվում են նաեւ կորոնավիրուսով պայմանավորված կարգավորումները, որպեսզի տնտեսվարողները կարողանան ավելի «ազատ շնչել», մինչդեռ մեզ մոտ հակառակ գործընթացն է:
Այս նախագծով ոստիկանը մտնելու է տնտեսվարողի տարածք եւ ստուգելու աղամանի առկայությունը կամ բացակայությունը: Թվում է, թե փոքր բաղադրիչ է, սակայն ընդհանուր համատեքստում դիտարկելու դեպքում սա դառնում է տնտեսվարողին խանգարելու հերթական բացասական տարբերակը: Չենք ուզում այստեղ անպայման միտում տեսնել, բայց բանակցելու ենք, որպեսզի այս կարգավորման համար առնվազն ավելի քաղաքակիրթ տարբերակ գտնենք:
Բավականին տարօրինակ, սյուրռեալիստական սցենար է. մարդիկ նստած ճաշում են, եւ ոստիկանը մտնում է ստուգելու՝ աղաման կա՞, թե՞ ոչ, կամ ե՞րբ է դրվել:
Բացի սա, այս կարգավորումը հավելյալ խոչընդոտ է արագ սննդի կետերի համար, որոնք աշխատում են սեղանների նախնական set-up-ի տարբերակով: Օրվա ընթացքում յուրաքանչյուր հաճախորդին աղամանը մոտեցնելն ու հետո այն սեղանից վերցնելը հավելյալ ռեսուրսներ է պահանջելու:
Շահարկվում է հանրային առողջության գործոնը: Եթե հանուն դրա է արվում, մենք, իհարկե, սատարում ենք նման քաղաքականությունը, բայց միեւնույն ժամանակ կարծում ենք, որ նման հարցերի լուծմանը պետք է մոտենալ, նախ եւ առաջ, քարոզչական արշավների եւ իրազեկվածության բարձրացման ճանապարհով: Այս պարագայում Առողջապահության նախարարությունը պետք է հանրային լայն իրազեկում իրականացնի, օրինակ, աղի օգտագործման վնասների վերաբերյալ: Աղի հետ կապված նաեւ ձեւավորված ավանդույթ կա, եւ վարչական մեթոդի կիրառմամբ ստիպելը, որ մարդիկ հրաժարվեն դրանից, առնվազն արդյունավետ չէ:
Առաջիկայում Ռեստորանների հայկական միությունը նախաձեռնելու է քննարկում կառավարության համապատասխան ներկայացուցիչների հետ: Բանակցելու ենք, որպեսզի այս կարգավորման վերահսկողությունը վերանայվի եւ փորձենք գտնել մի տարբերակ, որը չի խոչընդոտի ռեստորանների կամ արագ սննդի կետերի բնականոն աշխատանքին:
Սրճարաններում չծխելու սովորույթի ձեւավորում
Հանրային սննդի օբյեկտներում ծխելու արգելքը խնդրահարույց է բացօթյա սրճարանների պարագայում: Կարեւոր է այն հանգամանքը, որ մեր միության անդամ ընկերությունները մշտապես հենց իրենք են նախաձեռնել քաղաքակիրթ կարգավորումներ, եւ նախքան այս օրենքի նախագծի ներկայացումն էլ արդեն իսկ մեր շատ գործընկերներ ունեին առնվազն ծխող եւ չծխող սրահներ: Այսինքն՝ փակ տարածքներում չծխելու ուղղությամբ աշխատանք տարվում էր, որի շնորհիվ էլ այսօր արդեն կա որոշակի ձեւավորված ավանդույթ:
Մեր ժամանակներում բացօթյա սրճարանները դեռեւս ասոցացվում են ծխելու հնարավորության հետ՝ սրճարան-սուրճ-ծխել կապը դեռեւս առկա է սովորույթի մակարդակում: Իհարկե, մենք դա չենք խրախուսում, բայց առաջարկելու ենք, որ հանրային սննդի օբյեկտների բացօթյա տարածներում ծխելը թույլատրվի որոշակի պայմաններով, կամ առնվազն, անցումային ժամանակահատվածը երկարացվի:
Սրճարանների ոլորտում ներդրողների համար այս 1,5 տարին շատ կարճ ժամանակահատված էր վերապրոֆիլավորվելու կամ ներդրումը վերադարձնելու համար: Գուցե հնարավոր լինի բացօթյա հատվածում սրահների բաժանման, կամ հաճախորդին մոտ տարածքում ծխելու որոշակի պայմաններ ստեղծելու տարբերակների կիրառումը:
Վստահ ենք, որ ինչպես փակ տարածքներում ձեւավորվեց չծխելու սովորույթը, նույն կերպ էլ ինքնաբերաբար սա եւս կարող է դադարել խնդիր լինելուց: Սակայն մինչ այդ, փոխզիջումային տարբերակը պետք է լինի:
Ձեւ, թե՞ նաեւ բովանդակություն
Գաղտնիք չէ, որ նման տիպի կարգավորումները պահվում են միայն Երեւանում, իսկ ավելի շատ՝ քաղաքի կենտրոնում: «Կացնային» մեթոդները նման հարցերում արդյունավետ չեն, եւ պետք չէ ստիպել ընկնել ձեւի հետեւից՝ առանց մտածելու բովանդակության ու հռչակված նպատակների իրագործման մասին:
Վահե Գեւորգյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ռեստորանների հայկական միությունը հավակնություն չունի խոսելու ոլորտի բոլոր ներկայացուցիչների անունից, սակայն այն սրճարաններ եւ ռեստորաններ ներկայացնող ամենամեծաքանակն կառույցն է: Հաճախ անհատական մակարդակով լսում ենք հայտարարություններ, որոնցով փորձ է արվում ներկայացնելու ոլորտը՝ չհիմնված դրա իրական հնարավորության վրա: Սրանք հիմնականում քաղաքական բնույթ են կրում: Այս պատճառով ցանկանում ենք ընդգծել, որ որպես ոլորտի շահերը հետապնդող կազմակերպություն, մենք մշտապես փորձում ենք հավասարակշռություն պահպանել ի շահ ոլորտի՝ անհրաժեշտության դեպքում քննադատելով կառավարության աշխատանքը, բայց միեւնույն ժամանակ աշխատելով համապատասխան կառույցների հետ՝ ոլորտին առնչվող կարգավորումների հղկմանը կամ վերանայմանը հասնելու նպատակով: Կարծում ենք, որ սա է ճիշտ ճանապարհը:
Գայանե Ենոքյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: