×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Լօշ»-ի տեղափոխումը Դիլիջանից Երեւան եւ նորացվող մենյուն

Դիլիջանի «Լօշ» ռեստորանը 2020-ին Դիլիջանից տեղափոխվեց Երեւան՝ իր հետ մայրաքաղաք բերելով սիրված ապուրները, պիցցաները, «բզբզալու թաթխուկներն» ու այն ամենը, ինչ հասցրել էր գրավել այցելուներին։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Այժմ այն գործում է Մոսկովյան 3 հասցեում, ավելի փոքր տարածքում, քան նախկինում, բայց սպասարկման հետաքրքիր լուծումներով։

«Լօշ»-ը Vardo group ընկերության երրորդ նախագիծն է՝ «Կճուճ» ռեստորանից եւ «Հաղարծնի գաթա» սրճարանից հետո։ Հիմնադիր Վարդա Ավետիսյանը GastroVino-ի հետ զրույցում պատմել է դժվարությունների եւ այժմ թարմացվող մենյուի մասին։

«Լօշ»-ն անհրաժեշտություն էր

«Լօշ»-ի պատմությունը սկսում է Դիլիջան քաղաքից։ Անհրաժեշտությունն առաջացել էր այն ժամանակ, երբ «Կճուճ» ռեստորանի այցելուների թիվը մեծ էր։ Մեզ մոտ կարող էին միաժամանակ լինել UWC Dilijan քոլեջի ուսանողները, որոնք նախընտրում էին փռի մեջ պատրաստվող պիցցաներ, տարբեր թխուկներ, եւ զույգեր, որոնք ավելի ռոմանտիկ միջավայր էին ուզում ունենալ։ Բոլորը գալիս էին համեղ ուտելիքի հետեւից, բայց ամեն բան, կարծես, խառնվում էր։

2017-ին ինքս իմ առաջ նպատակ դրեցի, որ 2018-ին կունենանք մեկ ուրիշ՝ ֆորմատով տարբեր վայր, նախատեսված երիտասարդների, ուսանողների համար։

Դիլիաջանի «Լօշ»-ը Լուսանկարը՝ «Լօշ»


Ընտրեցինք երկհարկանի, մեծ տարածք, մի հարկում բացեցինք «Լօշ»-ը։ Բավարար գումար չունեինք, ստիպված բոլոր աշխատանքներն ինքներս էինք անում, այսպես 4-5 անգամ ներկեցինք պատերը ու ընթացքում սովորեցինք գործեր, որոնք ռեստորատորի համար պարտադիր չէ իմանալ։

Ամենուր լոշիկներ

Ռեստորանի անունը շատ ուղիղ դրեցինք՝ «Լօշ»։ Մեր մենյուի գրեթե բոլոր ուտեստների հետ կան լոշիկներ, նույնիսկ աղցանները մատուցվում են լոշերի վրա, տակոները՝ լոշիկների մեջ, ռոլերը եւս լոշիկներ են, նաեւ մրգերով ու պանիրներով լոշեր ունենք, լահմաջոն ու պիցցան էլ ինձ համար լոշ են։

Վարդա Ավետիսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Դիլիջանում «Լօշ» այցելում էին ոչ միայն ուսանողները, այլեւ ընտանիքները, քանի որ երեխաները կարող էին համեղ ուտել եւ խաղաղ տարածքում գտնվող տնակում։

Ռեստորանը սիրելի էր նաեւ արշավականների կողմից, նրանց համար նախատեսված հատուկ «լանչ բոքսեր» էինք պատրաստում։

Դեպի մայրաքաղաք

Դիլիջանում «Լօշ»-ը բավական լավ աշխատեց, մինչեւ որ սկսեց համավարակը եւ այն չդիմակայեց դժվարություններին։ Սեփական տարածքում չէինք, բավական բարձր վարձ էինք վճարում, ստիպված եղանք փակել։

Մինչ այդ՝ 2020-ի սկզբին, պայմանագիր էինք կնքել Երեւանում գործող «Լոֆթ» ինքնազարգացման ու ժամանցի կենտրոնի հետ։ Քանի որ «Լօշ»-ը շատ սիրված էր Դիլիջանում՝ որոշել էինք, որ այն կկերակրի նաեւ այդ կենտրոնի այցելուներին, համավարակի պատճառով, սակայն, բացումը հետաձգվում էր։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


2020-ի սեպտեմբերին «Լօշ»-ը տեղափոխվեց Երեւան, դժվար ժամանակ էր, պատերազմը սկսեց ու մեր տարածքը վերածվեց շտաբի, որտեղից օգնում էինք մարդկանց, կերակրում։ Սկիզբն այսպես դրվեց, դրանից հետո սկսեցինք գործնական ուղղությամբ աշխատել։ «Եթե կյանքը լիմոն է տալիս՝ լիմոնադ պատրաստիր» արտահայտությունը մեր մասին է, այս դեպքում էլ հենց այդպես վարվեցինք։

«Լօշ»-ը թարմացնում է մենյուն

Դիլիջանում «Լօշ»-ը շատ ավելի լայն մենյու ուներ, քան Երեւանում, բայց հուսով ենք, որ այն դեռ կաճի։ Ձեւաչափն ուղղված է երիտասարդներին, արագ սննդին, բայց, միեւնույն է, ճաշակ զարգացնող է, համեղ, յուրօրինակ, որովհետեւ նույնիսկ երբ փոքր գումար ես ծախսում ուտելու վրա, միեւնույն է, այն պետք է բավականություն պատճառի, երջանկացնի, գոհացնի, հետաքրքիր լինի, ամենօրյա, սովորական սննդից տարբերվող լինի։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Փորձում ենք երիտասարդներին մատուցել հնարավորինս մատչելի, բայց լավ սնունդ, ջանք չենք խնայում։ Ինքս էլ սովորում եմ ավելի մատչելի աշխատել, սա ինձ համար մեծ «մարտահրավեր է»։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Լօշ»-ը հարմար է «Լոֆթ»-ի ֆորմատին, քանի որ մարդիկ այստեղ աշխատում են, ընթացքում՝ քաղցում։ Սկուտեղների փոխարեն օգտագործում ենք փայտե արկղեր, որոնց մեջ տեղավորվում է լավ փաթեթավորված կամ թղթե սպասքի մեջ դրված ուտելիքը, փորձում ենք պլաստիկ գրեթե չօգտագործել։ Օգտվողները կարող են ուտելիքը տանել արկղով, շրջել ողջ կենտրոնով եւ վերջում վերադարձնել միայն արկղ-սկուտեղը։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Այստեղ հաճախ են հավաքվում նաեւ խմբերով եւ հենց այդ դեպքերի համար վերջերս մեր մենյուում ավելացան սենդվիչների, տակոների եւ այլ ուտեստների «բոքսեր»։ Երիտասարդները կարող են ժամանակ անցկացնել իրար հետ եւ, միաժամանակ, համեղ ուտելիք կիսել։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Արդեն մի քանի տարի է, ինչ սկզբունքորեն չենք վաճառում գազավորած ընպելիքներ, փոխարենը առաջարկում ենք մեր տնական լիմոնադները, «տատիկի կոմպոտ», «սարի լիմոնադ», թարմ քամած հյութեր։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Երիտասարդները սիրում են նաեւ մեր աղանդերը՝ բրաունի, chocolate chip cookie, պատրաստում ենք նաեւ տարբեր թոփինգներով պեչեններ, թխուկներ։

Լավագույն առաքման ձեւն են փնտրում

Այժմ մեր այցելուները հիմնականում «Լոֆթ» եկող երիտասարդներն են, ընդմիջման ժամին այցելում են նաեւ հարակից գրասենյակների աշխատակիցները, առաքումների պահանջարկ կա, բայց դեռ չենք կազմակերպում, քանի որ սիրում ենք ամեն ինչ լավ անել, հետո գումար վաստակել։

Վարդա Ավետիսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մեզ դուրս չի գալիս միջնորդ կազմակերպությունների աշխատաոճը, ուզում ենք ինքներս լավագույն առաքման ձեւ մշակել, ուզում ենք սխալված չլինել։ Հավանաբար, շուտով առաքումներ կանենք Երեւանի կենտրոնում, հետո ավելի լայն տարածք կսպասարկենք։

Անի Խչոյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին