×

Դավիթ Երեմյանը, Միքայել Դանիելյանը եւ Լիլիթ Տոնականյանը

GASTRO COUTURE. համեղ նորաձեւություն ու նորաձեւ խոհարարություն

Հոկտեմբերի 17-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում  կայացավ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության եւ «Հարմոնի Երեւան» նորաձեւության տան՝ հայկական ուտեստների նորաձեւ շքերթը՝ GASTRO COUTURE-ը: Արվեստը սահմաններ չի ճանաչում, ստեղծագործական աշխատանքով անընդհատ զբաղվող մարդու երեւակայությունն՝ առավել եւս: GASTRO մոլորակի առեղծվածն ու COUTURE-ի միտումները. ստեղծարար էսթետիկայի երկու աշխարհ՝ մետաղ եւ թավիշ, կրակ եւ մետաքս, նվիրում եւ հոգի, խոհանոց եւ նորաձեւություն։ Սա այն դեպքն է, երբ վիրտուոզների բարձր պրոֆեսիոնալիզմի դրսեւորման արդյունքում ստեղծվում են անսովորը, նորաձեւը, տպավորիչն ու համեղը: 


GASTRO COUTURE բացառիկ նախագծի երկու կողմերը՝ «Երեմյան Փրոջեքթսը» եւ «Հարմոնի Երեւանը» պատմում են GASTRO-ի եւ COUTURE-ի, ստեղծարարության եւ արժեքների ու ավանդույթների պահպանման եւ դրանց նորովի ներկայացման յուրօրինակ մշակույթի մասին:

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյան

Գաղափարը՝ բարձր թռչելու երազանքի հետքերով

«Երեմյան Փրոջեքթս»-ի յուրաքանչյուր նախաձեռնություն, անշուշտ, միտված է հանդես գալու խոհարարական ստեղծագործական նորարարությամբ ու նոր ասելիքով։ Մենք երկար տարիների փորձ ունենք հայկական ազգային խոհանոցի ուտեստները վերհանելու ու նորովի մատուցելու, նոր ու յուրահատուկ ռեստորանային կոնցեպտուալ նախագծեր իրագործելու։ 


Դավիթ Երեմյանը

Եվ այսօր արդեն մեր «համերի ճանապարհը» երազանքի հետքերով մեզ հասցրեց դեպի բարձր խոհանոց ու ֆյուժնի արվեստ: «Լիվինգսթոն» ռեստորանը բարձր թռչելու մեր նոր երազանքն է, այստեղ արդեն ունենք ֆյուժն խոհանոց, որը, ինչպես ցանկացած բարձր խոհանոց, չկրկնվող է ու յուրօրինակ: Բայց մենք անընդհատ ստեղծագործում ենք ու փորձարկումերի դիմում։ Այսօր արդեն նպատակ ունենք հենց ազգային խոհանոցի ուտեստները ֆյուժն դարձնելու, եւ այդ ձգտումը բերեց մի անսպասելի, նույնիսկ կասեի խենթ գաղափարի՝ GASTRO-ի եւ COUTURE-ի համադրման մտքի. սա համարձակ եւ միաժամանակ շատ էսթետիկ նախագիծ է: GASTRO COUTURE-ը մեր պատկերացումների մարմնավորումն է, այն է՝ հայկական խոհանոցն ու մշակույթը ներկայացնել նորովի, ցույց տալ, որ խոհանոցը ոգեշնչման աղբյուր է, արվեստ, եւ այդ արվեստը սահմաններ չի ճանաչում՝ լինի դա խոհանոց, թե՛ նորաձեւություն։ Ըստ էության, մենք այս գեղեցիկ ու նոր մոտեցմամբ ցույց ենք տալիս համեղ նորաձեւություն ու նորաձեւ խոհարարություն: 


Կոնցեպտը՝ արվեստների ոգեշնչումից

Գաստրո եւ նորաձեւության ինդուստրիաները հաճախ են համատեղվել: Այս կերպ աշխարհահռչակ դիզայներները ցանկացել են յուրօրինակություն, ես կասեի, համ ու հոտ հաղորդել իրենց հավաքածուներին: Բայց մենք GASTRO COUTURE-ի միջոցով նպատակ ունենք նորաձեւության կոնցեպտով ներկայացնել հայկական խոհանոցի էսթետիկան եւ բարձր խոհանոցի հնարավորությունները: Երկու տարբեր, բայց միաժամանակ համատեղելի աշխարհներ, որոնց միաձուլումից ստացվում է բարձր արվեստի նոր գործ: Սա հնարավորություն է ցույց տալ, որ խոհանոցն էլ կարող է լինել նորաձեւ։ Այս գեղեցիկ մտահղացումն իրագործում ենք մեր գործընկերների՝ «Հարմոնի Երեւան» նորաձեւության տան հետ, որի բարձրակարգ եւ պրոֆեսիոնալ մասնագետներին ոգեւորեց այս գաղափարն ու թեւեր տվեց մեզ հետ բարձր թռչելու դեպի GASTRO COUTURE-ի աշխարհ։


«Հարմոնի Երեւան» նորաձեւության տան հիմնադիր Լիլիթ Տոնականյան  

Բարձր խոհանոցի եւ բարձր նորաձեւության պահանջներին համապատասխան

Շատ ուրախ եմ «Երեմյան Փրոջեքթսի» հետ մեր այս համագործակցության համար: Այնպես, ինչպես «Երեմյան Փրոջեքթս»-ն է կարեւորում բարձրակարգ սպասարկումն ու բարձր խոհարարական արվեստը, գաստրոմշակույթի զարգացումը մեր երկրում, այնպես էլ մենք մեր աշխատանքում ու ոլորտում կարեւորում ենք յուրաքանչյուր մանրուք եւ մատուցման ձեւ։ Երկար տարիներ լինելով շուկայում՝ մենք էլ ենք կերտել մեր յուրօրինակ ձեռագիրը, որով փորձում ենք տարբերվել: 

Ինչպես խոհարարներն են ունենում իրենց հատուկ բաղադրատոմսը, այնպես էլ մենք ունենք գաղափարը հագուստի վերածելու եւ յուրօրինակ կերպարներ ստեղծելու մեր հատուկ տեխնիկան: Ինչպես բարձր խոհանոցում, այնպես էլ բարձր նորաձեւությունում, յուրաքանչյուր ստեղծագործություն՝ համապատասխանաբար ուտեստ եւ զգեստ, յուրօրինակ է եւ չկրկնվող։

Ցուցադրություն՝ մշակույթի մասին

Ինչպես մեր նախորդ ցուցադրությունները, այս մեկը եւս առանձնանում է իր կոնցեպտով։ Կոնցեպտը խնջույքն է՝ ցուցադրության առաջին մասում ներկայացված էին ճաշկերույթի պատրաստվելու ընթացքը. շեշտել ենք սպասքադրման գործընթացի կարեւորությունը: Երկրորդ բլոկում ներկայացրել էինք «ուտեստներ»-ի կերպարները։ 


Օգտագործվել են տարրեր հենց այն հայկական ավանդական ուտեստներից, որոնց հաճախորդը կարող է հանդիպել «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ռեստորաններում։ Երրորդում ցանկացել էինք ընդգծել ռեստորան գնալիս պատրաստվելու արարողակարգի կարեւորությունն ու էսթետիկան։ Այստեղ մարդիկ են, կերպարներ, ովքեր մասնակցում են ճաշկերույթի որեւէ բարձրակարգ ռեստորանում եւ իրենց տեսքն էլ նույնքան տարբերվող է, որքան այդ ռեստորանի խոհանոցը:


Լիլիթ Տոնականյանը եւ Միքայել Դանիելյանը

«Լիվինգսթոն» ռեստորանի շեֆ-խոհարար Մարտին Բուդաղյան

Հայկականը՝ բարձր նորաձեւությունում եւ բարձր խոհանոցում

Այնպես, ինչպես բարձր խոհանոցը, բարձր նորաձեւությունը եւս ունի իր ուրույն մոտեցումները, բաղադրատոմսերն ու բաղադրիչների համադրության գաղտնիքները։ Կարեւոր է հատկապես մթերքի հետ աշխատելու տեխնիկան: Մեր հայկական թարմ եւ բոլորիս հայտնի մթերքները ստեղծագործելու անսահման հնարավորություններ են տալիս՝ ստանալու բարձր խոհանոցին բնորոշ յուրօրինակ եւ չկրկնվող ուտեստներ: GASTRO COUTURE-ն ուտեստի հետ աշխատանքի, հայկական խոհանոցի մեկնաբանման յուրօրինակ ձեւ է, մոտեցում, որը եւս մեկ անգամ ապացուցում է, որ մենք խոհանոցում նորաձեւ ենք:


Մարտին Բուդաղյանը

Նորաձեւ մատուցման արվեստը

Բարձր խոհանոցի առանձնահատկությունը կոնկրետ մթերքի կամ ուտեստի մեջ չէ, այլ նրա, թե ինչպես ես մատուցում, որտեղ, ինչ մթնոլորտում, ինչ սպասարկմամբ։ Կարեւոր է ինչպես ափսեի պարունակությունը, այնպես էլ  մթնոլորտն ու տրամադրությունն այն վայրի, որտեղ համտեսում ես ուտեստը: 

«Հարմոնի Երեւան» նորաձեւության տան կրեատիվ տնօրեն Միքայել Դանիելյան

Ստացված համագործակցություն

Նախագծի գաղափարը շատ լուրջ մոտեցում էր պահանջում։ Առաջին քայլերից մեկը կտորների հետեւից արտերկիր գնալն էր։ Մեզ համար հստակ էր, որ կերպարներում պետք է անպայման հայկական շունչը լինի եւ կան տարրեր, որոնք պետք է շեշտել։ Բայց դրա հետ մեկտեղ փորձեցինք պահել բարձր նորաձեւության միտումները։ Սկզբում անիրական էր թվում, որովհետեւ հագուստների մեջ պետք էր օգտագործել հենց հիմնական ուտեստների տարրեր։ Բայց ճիշտ համադրությունների եւ հետեւողական աշխատանքի շնորհիվ կարողացանք ստանալ այն, ինչ ուզում էինք:  


Միկա Դանիելյանը

Couture-ը նոր՝ GASTRO մեկնաբանմամբ

Այս հավաքածուն տարբերվում է հենց իր մոտեցմամբ։ Յուրաքանչյուր հագուստ պատրաստված է ուտեստի «ձեւով» եւ դետալներով։ Կերպարները ստեղծելիս «Հարմոնի Երեւանը» պահել է իր  ձեռագիրն ու ոճը: Մեր ստեղծած բոլոր կերպարներում հոգի եւ շունչ ենք ներդնում։ Աշխատանքը բարդ էր նախեւառաջ տեխնիկապես։ 


Քանի որ կտորները սովորական կտորներ չեն, դրանց հենց նուրբ ու մանրակրկիտ աշխատանք էր պետք։ Բացի դրանից, մեզ համար շատ կարեւոր էր նաեւ վերջնական տեսքը, որպեսզի նորաձեւության եւ խոհանոցի միաձուլումը եւ այդ երկուսի «հանդիպման» արդյունքը լիներ միաժամանակ շքեղ եւ էսթետիկ։ 


Նորաձեւության ինդուստրիայում ուտեստների, մթերքների, մրգերի օգտագործման դեպքերի կարելի է հանդիպել, բայց հենց գաստրոնոմիայի եւ նորաձեւության համագործակցության այս ձեւաչափն իր տեսակով բացառիկ էր:  

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին