×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Gastro Couture՝ «Երեմյան Փրոջեքթս»-ի հերթական նորարարությունը

Gastro Couture նախագծի միջոցով հայկական խոհանոցը մատուցվեց բարձր նորաձեւության տեսքով: «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ու «Հարմոնի Երեւան» նորաձեւության տան համատեղ ցուցադրությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 17-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: 

Gastro Couture հավաքածուի մոդելները ստեղծվել են ավանդական ուտեստների ոգեշնչմամբ: Նպատակը ազգային խոհանոցի եւ հյուրընկալության ավանդույթների պահպանումն է՝ նորովի ներկայացման միջոցով, ինչպես նաեւ հայկական բարձր նորաձեւության ավանդույթների զարգացումն ու տարածումը:


Լուսանկարը՝ Մեդիամաքս

GastroVino-ի հետ զրույցում «Երեմյան Փրոջեքթս»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանն ասել է՝ նախագծի միջոցով հանրությանը ցանկացել են ցույց տալ, որ հայկական խոհանոցը համեմատելի է նաեւ նորաձեւության հետ:

«Գաստրո եւ նորաձեւության ոլորտները հաճախ են համատեղվել: Այս կերպ աշխարհահռչակ դիզայներները ցանկացել են յուրօրինակություն, համ ու հոտ հաղորդել իրենց հավաքածուներին: Բայց մենք Gastro Couture-ի միջոցով նպատակ ունենք նորաձեւության հայեցակարգով ներկայացնել հայկական խոհանոցի էսթետիկան եւ բարձր խոհանոցի հնարավորությունները»,- մանրամասնել է նա:


Դավիթ Երեմյանը՝ տիկնոջ հետ Լուսանկարը՝ Մեդիամաքս

Ընդգծելով երկու ոլորտների համատեղման հնարավորությունը՝ Դավիթ Երեմյանը հավելել է՝ ինչպես նորաձեւության ոլորտում են շարունակաբար նոր մոտեցումներ եւ ստեղծագործություններ ի հայտ գալիս, այնպես էլ խոհանոցում անդադար աշխատում են նոր համային լուծումներ գտնելու, յուրօրինակ ուտեստներ ստեղծելու եւ բարձրակարգ մատուցման ուղղությամբ: 

Ցուցադրության հայեցակարգը խնջույքն էր: Այն բաղկացած էր 3 մասից՝ մատուցման արվեստ, ավանդական խոհանոց եւ ռեստորան այցելելու էթիկա: 


Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Ցուցադրության առաջին մասում ներկայացված էր ճաշկերույթի պատրաստվելու ընթացքը. շեշտել ենք սպասքադրման գործընթացի կարեւորությունը: Օգտագործվել են տարրեր հայկական այն ավանդական ուտեստներից, որոնց հաճախորդը կարող է հանդիպել «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ռեստորաններում»,- մանրամասնել է «Հարմոնի Երեւան» նորաձեւության տան հիմնադիր Լիլիթ Տոնականյանը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Դահլիճում տեղակայված էր 50 մետր երկարությամբ առատ սեղան՝ լի հայկական ավանդական ուտեստներով եւ քաղցրավենիքով. ղափամա, տոլմա, ժենգյալով հաց, գաթա, հայկական չրեր եւ մրգեր: Մոդելները քայլում էին հենց այս սեղանի կողքով՝ հյուրերի համար ավելի ակնառու դարձնելով համանման լուծումներն ու գունային առանձնահատկությունները:

Ցուցադրության ընթացքում ներկայացվեց 42 հագուստ, որից 11-ը հայկական ուտեստներ էին արտացոլում: «Հարմոնի Երեւան»-ի գլխավոր դիզայներ Միքայել Դանիելյանը նշել է, որ այս հավաքածուն աննախադեպ է եւ տարբերվում է մյուսներից: 


Լիլիթ Տոնականյանը և Միքայել Դանիելյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Մենք ոչ միայն միայն ցանկացել ենք ստեղծել նորաձեւություն, այլեւ պետք էր փորձել մոդելներում ցույց տալ հայկական ուտեստները: Շատերը զարմանում էին՝ ինչպես կարելի է համադրել գաստրոնոմիան եւ բարձր նորաձեւությունը, սակայն քանի որ այսօր խոհանոցն այնքան է զարգացել, որ դարձել է ոչ միայն սնունդ, այլեւ արվեստ, միավորումը հեշտությամբ ստացվեց»,- մանրամասնել է նա: 

Դիզայների խոսքով՝ մեծ ջանքեր են գործադրել հագուստը ուտեստներին նմանեցնելու, համապատասխան ֆակտուրաներ ստանալու համար: Լավաշի մոդելի դեպքում այրել են բնական կտորները՝ թոնրի լավաշի երանգը ստանալու համար, ժենգյալով հացի մոդելի դեպքում էլ կանաչու շերտեր են ստացել՝ մետաքսը կտրատելով եւ կրկին այրելով:


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Միջոցառման հեղինակները հույս են հայտնել, որ այն կնպաստի ինչպես հայկական ավանդական խոհանոցի, այնպես էլ հայկական նորաձեւության ճանաչելիության բարձրացմանն ու տարածմանը:

Գայանե Ենոքյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին