×

Փոլ Հոբսը եւ Վլադ Բալասանյանը Լուսանկարը՝ Vino&Vino

Հայաստանի գինու էվոլյուցիան. բացահայտում են Փոլ Հոբսը եւ Վլադ Բալասանյանը

Աշխարհում ամենաազդեցիկ գինեգործներից մեկը՝ Փոլ Հոբսը 2025 թվականի նոյեմբերին կրկին այցելել էր Հայաստան։ Նա հանդիպել էր գինեգործական համայնքի ներկայացուցիչների եւ գինու սիրահարների հետ Urban Gastro Wine Bar-ում, ներկայացրել Հայաստանի ժամանակակից գինեգործության զարգացման որոշիչ նախագծերից մեկի՝ Yacoubian-Hobbs գինիների պատմությունն ու վերջին տարիների բերքահավաքներից ստացված գինու տեսակները:

Փոլ Հոբսը Լուսանկարը՝ Vino&Vino


Yacoubian-Hobbs գինիների համտեսը եւ փորձագիտական քննարկումները կազմակերպել էր VINO&VINO Armenia-ն՝ նոյեմբերի 10-ին Urban Gastro Wine Bar-ում: Հանդիպման ժամանակ GastroVino-ի հետ զրույցում Փոլ Հոբսը եւ VINO&VINO-ի վաճառքի տնօրեն Վլադ Բալասանյանը պատմել են համագործակցության եւ գինու աշխարհում Հայաստանի զարգացող դիրքի մասին։

Փոլ Հոբս

- Դուք հայտնի եք նրանով, որ կարողանում եք հայտնաբերել նոր ձեւավորվող գինեգործական տարածաշրջաններ՝ մինչ գլոբալ շուկայում դրանց ճանաչելի դառնալը: Ի՞նչ բիզնես տրամաբանություն ձեզ համոզեց, որ Հայաստանն արժե դիտարկել ոչ միայն զգացմունքային, այլ նաեւ ռազմավարական ներդրման տեսանկյունից։

- Ինձ համոզեցին տարածաշրջանի պատմական նշանակության եւ, հատկապես, Վայոց ձորի տերուարի բարձր որակի համադրությունը, որտեղ գտնվում են նաեւ խաղողի մեր այգիները: 


Գիտեի, որ դժվարություններ կլինեն, սակայն ռազմավարական տեսանկյունից Հայաստանը մի վայր է, որը կարող է իսկապես համաշխարհային մակարդակի գինի արտադրել։

- Հայկական գինիները՝ հատկապես Yacoubian-Hobbs-ը, առեւտրային տեսանկյունից ինչի՞ շնորհիվ են մրցունակ միջազգային շուկայում, որտեղ բրենդային ճանաչելիությունը դեռ ձեւավորման փուլում է։

- Կարծում եմ՝ միշտ գալիս է «որակ–գին» հարաբերակցությանը, եւ անկեղծ ասած, այս գինին իր որակով զգալիորեն գերազանցում է մրցակիցներին։ 

Լուսանկարը՝ Vino&Vino


Մատակարարներին ու գնորդներին արժեւորել ստիպելը դժվար է։ Դժվար է ստեղծել իրազեկում եւ վստահություն գինու կամ տարածաշրջանի նկատմամբ, բայց երբ նրանք համտեսում են գինին, լսում դրա պատմությունը եւ դիտարկում դրա արժեքը, հասկանում են, որ ստանում են մի բան, որն իսկապես եզակի է եւ արդարացված գին ունի:

- Ձեզ համար ի՞նչ կարեւորություն ուներ Հայաստանում ճիշտ ներկայացուցիչ ընտրելը եւ ինչու՞ է հենց VINO&VINO-ն է լավագույնը ձեր բրենդի համար։

- Միշտ կարեւոր է գտնել մատակարարի, որը պատրաստ է աշխատել ձեզ հետ եւ կապել ձեր բրենդը հանրության հետ։ VINO&VINO-ի դեպքում՝ նրանք հատուկ վերաբերմունք ունեն բարձրորակ գինիների հանդեպ ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում։ Նրանք իրենց հաճախորդների համար ներմուծում են լավագույնը։ 

Լուսանկարը՝ Vino&Vino


Նրանք հասկանում են որակը, արժեքի նշանակությունը մարդկանց համար։ Նրանք տեսնում են գինու սոցիալական նշանակությունը, կարծում եմ՝ դա շատ կարեւոր է։ Նրանք պատմություններ փոխանցելու վարպետներ են եւ արդեն ունեն իրենց հավատարիմ լսարանը հայկական շուկայում։

- Գնորդներն օրեցօր ավելի շատ են հետաքրքրվում գինիների պատմությամբ։ Բիզնեսի տեսանկյունից՝ ինչպե՞ս է Հայաստանի հին գինեգործական ժառանգությունը վերածվում վաճառքային առավելության։

- Կարծում եմ՝ հարցն այն է, թե ինչո՞ւ են մարդիկ սիրում իսկականը։ Մարդիկ սիրում են պատմություն։ Նրանք ուզում են իմանալ իրենց նախնիների մասին։ Այդ պատճառով ունենք թանգարաններ եւ հետ ենք գնում գերդաստանների պատմություն՝ հասկանալու, թե որտեղից ենք գալիս։ 


Ուզում ենք իմանալ՝ ինչ էին մարդիկ մտածում ու անում շատ վաղ ժամանակներում եւ ինչպես ենք զարգացել այդ ժամանակներից մինչեւ այսօր։ Կարծում եմ՝ սա պարզապես մարդու բնույթն է՝ այդպիսի բաների հանդեպ հետաքրքրություն ունենալը, դրանց մեջ ժամանակ, գումար եւ ջանք ներդնելը։ Եվ եթե սա իրականում մարդկային ինքնության մի մասն է, ապա ամեն ինչ իր էությամբ բնական է։

Լուսանկարը՝ Vino&Vino


Վլադ Բալասանյան

Վլադ Բալասանյանը վերջին 15 տարվա ընթացքում կարեւոր դեր է խաղացել Հայաստանի պրեմիում գինիների եւ ալկոհոլային խմիչքների շուկայի ձեւավորման գործում: Նա խթանել է վաճառքի էքսպոնենցիալ աճը, ներկայացրել է համաշխարհային ճանաչում ունեցող շքեղ ապրանքանիշեր, ղեկավարել է լայնածավալ մարքեթինգային նախաձեռնություններ եւ հաստատել ռազմավարական գործընկերություններ ամբողջ աշխարհում հարգված արտադրողների հետ: Նրա աշխատանքը նպաստել է Հայաստանի ինտեգրմանը համաշխարհային գինիների համայնքին եւ բարձրացնել երկրի մասնագիտական խմիչքների մշակույթը։

- Ինչպե՞ս ներգրավվեց VINO&VINO-ն Yacoubian-Hobbs գինիների ներկայացման գործում։

- VINO&VINO-ում միշտ կենտրոնացել ենք այնպիսի բրենդներ ներկայացնելու վրա, որոնք ունեն իսկություն եւ գերազանցություն։ Yacoubian-Hobbs-ը լիովին համապատասխանում է այդ փիլիսոփայությանը։ Աշխատում եմ Հայաստանի պրեմիում գինու սեգմենտի զարգացման վրա արդեն ավելի քան տասը տարի, եւ այս գործընկերությունն ամբողջովին համահունչ է մեր առաքելությանը՝ հայ արտադրողներին կապել համաշխարհային մակարդակի արտադրողների հետ։ 

Լուսանկարը՝ Vino&Vino


Մենք բարձր ենք գնահատում Փոլի հարգանքը Հայաստանի նկատմամբ եւ hպարտ ենք, որ մեր թիմին վստահվեց այս գինիների ներկայացումը շուկային։

- Դուք երկար տարիներ վերահսկում եք Հայաստանի պրեմիում խմիչքների շուկայի զարգացումը։ Ի՞նչու է այս համագործակցությունը կարեւոր։

- Այս համագործակցությունն ավելացնում է սպասումները՝ ինչ կարող է լինել հայկական գինին։ Երբ Փոլի նման արտադրողը ներդրում է անում Հայաստանում, դա միջազգային մակարդակով ուղերձ է, որ մեր ոլորտը առաջ է շարժվում։ Կրթական ծրագրերի, համտեսների եւ ռազմավարական բաշխման միջոցով մենք պարզապես գինի չենք վաճառում, այլ ձեւավորում ենք Հայաստանի՝ որպես համաշխարհային գինեգործական ոլորտի լուրջ խաղացողի ընկալումը։

- Դուք մեծապես ավելացրել եք VINO&VINO-ի պորտֆելը եւ զգալիորեն բարձրացրել վաճառքները։ Այդ փորձը ինչպե՞ս նպաստեց այս նախագծին։

- Իմ աշխատանքը միշտ կենտրոնացած է եղել բացառիկ միջազգային բրենդներ հայտնաբերելու, դրանց ներկայացման պայմանների շուրջ բանակցելու եւ կայուն աճ ապահովող ռազմավարություններ մշակելու վրա։ Տարիների ընթացքում հայկական շուկա ենք բերել աշխարհի հեղինակավոր արտադրողներից մի քանիսը՝ սկսած Pernod Ricard-ի պորտֆելից մինչեւ այնպիսի հայտնի գինեգործարաններ, ինչպիսիք են Opus One-ը, Sassicaia-ն եւ Petrus-ը։

Լուսանկարը՝ Vino&Vino


Այս փորձը հնարավորություն է տալիս Yacoubian-Hobbs-ին ապահովել ուժեղ շուկայական դիրքավորում, HoReCa ոլորտում պրոֆեսիոնալ կրթություն եւ բրենդային մշակույթի լիարժեք ինտեգրում։ Այս քայլերը ստեղծում են երկարաժամկետ արժեք, ոչ թե պարզապես սկզբնական տեսանելիություն։

- Դուք պահպանում եք մասնագիտական հարաբերություններ միջազգային արտադրողների հետ։ Ինչպե՞ս այն օգնել Հայաստանի գինու ոլորտին։

- Իմ դերը ենթադրում է սերտ աշխատանք արտադրողների հետ՝ հասկանալու նրանց փիլիսոփայությունը եւ շուկայական նպատակները, տեսլականը տեղափոխել տեղական շուկա։ Այս համագործակցությունները օգնել են, որ հայ գնորդներն ավելի գիտակից եւ ընտրողական դառնան։ Միաժամանակ դրանք ուժեղացրել են Հայաստանի ներկայությունը միջազգային ցուցահանդեսներում, ինչպիսիք են Vinexpo Paris-ը, Barcelona Wine Week-ը, Vinitaly-ն եւ Bar Convent Berlin-ը, որտեղ մեր թիմը ձեւավորում է երկխոսություն համաշխարհային առաջատարների հետ եւ ներկայացնում Հայաստանին որպես լուրջ ներուժ ունեցող գործընկեր։

- Yacoubian-Hobbs-ի հետ համագործակցությունն ինչ նշանակություն ունի հայկական գինու ապագայի համար միջազգային հարթակում։

- Մենք դեռ ճանապարհի սկզբում ենք, բայց առաջընթացը շատ ուժեղ է։ Yacoubian-Hobbs-ը ճանապարհ բացեց, որպեսզի Հայաստանը դիտարկվի արդեն ճանաչված գինեգործական տարածաշրջանների կողքին։ Մեր պատասխանատվությունն է շարունակել զարգացնել կրթությունը, հյուրընկալությունը եւ հայկական գինին տեղավորելը այն շուկաներ, որտեղ գնորդները գնահատում են իսկությունը։

Լուսանկարը՝ Vino&Vino


Նվիրված արտադրողների եւ Փոլի նման միջազգային դեսպանների շնորհիվ հավատում եմ, որ առաջիկա տասնամյակում Հայաստանը կդիտվի որպես ինքնատիպ եւ հարգված գինեգործական տարածաշրջան։

-  Ինչո՞վ էր այս միջոցառումը անձամբ ձեզ համար կարեւոր։

- Ինձ համար ամենակարեւոր պահն այն էր, որ հայկական գինիները ներկայացվում էին հենց այստեղ՝ Հայաստանում, մեր ժամանակի ամենաազդեցիկ գինեգործներից մեկի միջոցով։ Սա ցույց տվեց, թե որքան հեռու է հասել մեր ոլորտը։ Միաժամանակ հաստատեց այն աշխատանքը, որը մեր թիմը տարիներ շարունակ նվիրվել է այն գործին, որ բարձրացնի Հայաստանի գինու մշակույթը կրթության, բրենդային զարգացումների եւ շուկայի կառուցման միջոցով։ Այդպիսի պահերը ոչ միայն առաջընթաց են ցուցադրում, այլեւ՝ հնարավորություններ։

Սոնա Միքայելյանը Լուսանկարը՝ Vino&Vino


Փոլ Հոբսի եւ VINO&VINO-ի համագործակցությունը վկայում է, թե որքան առաջ է շարժվել Հայաստանի գինեգործությունը եւ ինչքան մեծ ներուժ դեռ առջեւում կա։ Հոբսը բերում է համաշխարհային փորձ եւ նոր ձեւավորվող գինեգործական տարածաշրջանները բարձրացնելու ապացուցված կարողություն, իսկ VINO&VINO-ն ապահովում է ենթակառուցվածք, շուկայական փորձագիտություն եւ կրթության ու ռազմավարական գործընկերությունների միջոցով սպառողական մշակույթ ձեւավորելու կարողություն։ Միասին նրանք ոչ միայն գինի են ստեղծում՝ նրանք կառուցում են շուկա, նշաձող եւ Հայաստանի գինեգործության պատմության նոր գլուխ։

Լուսանկարը՝ Vino&Vino


VINO&VINO-ն Հայաստանում ներկայացնում է ներմուծված գինիներ եւ ալկոհոլային խմիչքներ: Ընկերությունը նաեւ Երեւանի կոնյակի գործարանի ARARAT ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչն է, Pernod Ricard պորտֆոլիոյի պաշտոնական եւ Յակուբիան-Հոբս գինիների բացառիկ ներկայացուցիչն է Հայաստանում:

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին