×

Փոլ Հոբսն ու Վիգեն Յակուբյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Յակուբյան եւ Հոբս. «Գինու միջոցով բացահայտում ենք Հայաստանն աշխարհի համար»

Հուլիսի 22-ին Հայաստանում Yacoubian-Hobbs գինիների պաշտոնական ներկայացուցիչ Vino & Vino ընկերությունը InVino-ում հանդիպում էր կազմակերպել գործընկերների համար: Նախքան միջոցառման մեկնարկը GastroVino-ն զրուցել է Վիգեն Յակուբյանի եւ Փոլ Հոբսի հետ:

- Ձեր համատեղ «ճանապարհորդությունը» սկսվել է մոտ 15 տարի առաջ՝ 2008թ-ին: Ի՞նչի մասին եք մտածում այսօր, երբ հետ եք նայում:

Վիգեն Յակուբյան

Իրականում այն սկսվեց ավելի վաղ՝ 2003 թվականին, երբ ես կնոջս հետ ընթրիքի ժամանակ պատվիրեցի 2001 թվականի Paul Hobbs Pinot Noir Cuvée Agustina հրաշալի գինին: Ոգեւորությունս այնքան մեծ էր, որ նամակ գրեցի արտադրողին: Հաջորդ օրը՝ վաղ առավոտյան, տեսա, որ Փոլն անձամբ է պատասխանել էլեկտրոնային նամակիս:

Այսպիսով, մեզ միավորեց ընկերության եւ հետաքրքրության միաձուլումը: Շատ բան է փոխվել, որովհետեւ մեր նախագիծը սկսվեց երազանքից, որը կյանքի կոչվեց Փոլի շնորհիվ՝ հենց նա կամրջեց իմ երազանքը իրականության հետ:

Փոլ Հոբս

Այս ընթացքն ուղեկցվել է վերելքներով եւ անկումներով: Շատ բաներից գոհ էինք, բայց եղել են նաեւ հիասթափություններ՝ հեռավորության վրա աշխատելու բարդությունների պատճառով, նաեւ ի հայտ եկավ համաճարակն՝ առաջացնելով որոշակի խափանումներ:

Երբ նոր էի Հայաստան եկել, գինու մշակույթն այնքան էլ զարգացած չէր: Հիմնական փոփոխությունը հենց գինու նկատմամբ հետաքրքրության մեծ աճն է: Չեմ կարող մտաբերել մի երկիր, որն այդքան արագ փոխվի գինին գնահատելու առումով, քան Հայաստանն է, եւ սա բնավ չափազանցություն չէ: Ես շատ երկրներ չգիտեմ, որտեղ այդքան մեծ ոգեւորությամբ ընդունեցին գինին։ Սա իսկապես անհավանական է։ Հավանաբար, ամենակարեւոր փոփոխությունը հենց դա է:

Փոլ Հոբսն ու Վիգեն Յակուբյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Եթե նայենք տեխնոլոգիական կողմից, ապա Հայաստանում դեռ երկար ճանապարհ կա անցնելու, բայց այստեղ եւս էական բարելավում եւ ներդրումներ կան: Մենք գիտենք, որ գինեգործությունը մեծ ազդեցություն ունի օժանդակ ճյուղերի՝ սննդի, հյուրանոցների, զբոսաշրջության վրա: Այնպես որ, այս սերմերը, որոնք ոչ միայն մենք, այլեւ ուրիշները ցանել են, բերել են էական փոփոխությունների, որոնք կարող եք տեսնել նաեւ ենթակառուցվածքներում: Եվ սա շատ գոհացուցիչ է: Թող չընկալվի որպես ինքնագովասանք, բայց կարծում եմ, որ մենք դրա մի մասն ենք: Մենք այս նոր Հայաստանի խթանողի մի մասն ենք: Անձամբ իմ համար դա շատ հուզիչ է, որովհետեւ դա միանգամայն նոր մշակույթ էր, քանի որ ես ոչինչ չգիտեի աշխարհի այս հատվածի մասին եւ շատ հետաքրքիր է տեսնել, թե որքան արագ է այս երկիրը շարժվում առաջ:

- 15 տարին գինեգործության մեջ էակա՞ն ժամանակաշրջան է։

Վիգեն Յակուբյան

Մենք շատ երկար էինք պլանավորում: Երբ գտանք խաղողի այգին, հողը, այն իսկապես դեռ սաղմնային փուլում էր, եւ մենք պետք է սպասեինք եւս 5, 6, 7 տարի։ Մենք փորձարկում էինք կատարում խաղողի տեսակների հետ, եւ արդյունքները գերազանցեցին մեր ակնկալիքները։ Հետո սկսեցինք մարքեթինգով զբաղվել։ Ակնհայտ է, որ շատ բան է զարգացել: Փոլն ավելի լավ կգնահատի դա 15 տարվա համատեքստում, բայց ես կարծում եմ, որ մեր ապրանքանիշը դեռ շատ երիտասարդ է: Մենք զարգանում ենք, սովորում ենք, եւ ամեն ինչ դեռ մեր առջեւում է:

Վիգեն Յակուբյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Փոլ Հոբս

Իմ կարծիքով, 15 տարին ավելի դանդաղ ընթացավ, քան ես կցանկանայի, բայց մենք որոշակի դժվարությունների եւ սահմանափակումների միջով անցանք: Իհարկե, կցանկանայինք ավելի արագ շարժվել:

- Իսկ ո՞րն է ձեր բրենդի հիմնական հավակնությունը: Ո՞րն է այն կետը, որին հասնելով, կասեք, որ «հիմա ամեն ինչ լավ է»:

Փոլ Հոբս

- Ինձ համար միանշանակ է, որ սա համաշխարհային կարգի խաղողագործական տարածաշրջան է՝ հաշվի առնելով հողը, կլիման եւ այլն: Մենք գիտենք, որ այստեղ եղել է հին, պատմական գինու մշակույթ, եւ մենք ցանկանում ենք այդ ուղերձը հասցնել աշխարհին, եւ լավ միջոց ենք դա անելու համար, միգուցե՝ լավագույններից մեկը:

Փոլ Հոբսը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մենք կարող ենք արտահանում կատարել 60-70 երկիր։ Մենք ունենք կապեր եւ հնարավորություններ տարբեր վայրեր հասնելու համար: Բայց մեր հիմնական հավակնությունն այն է, թե ինչպես հասնել նրան, որ աշխարհում մարդիկ հասկանան Հայաստանի մշակութային նշանակությունը գինու, նրա պատմական նշանակության ու մեծության միջոցով: Իհարկե, մենք դեռ սովորում ենք, մենք դեռ շատ աշխատանք ունենք կատարելու ինքներս մեզ ապացուցելու համար: Մենք գիտենք, որ դա լինելու է, վստահում ենք մեր ուժերին, բայց դեռ պետք է հաղթահարենք որոշ մարտահրավերներ:

Վիգեն Յակուբյան

Մենք գիտենք ինքներս մեզ: Վստահաբար, շատ այլ արտադրողներ նույնն են անում, բայց Փոլի եւ նրա՝ աշխարհում որպես գինեգործ կարգավիճակի շնորհիվ Հայաստանը բացահայտվեց եւ ներկայացավ իր գինիներով: Երբ 10 տարի առաջ Ամերիկայում ասում էիր «հայկական գինի», մարդիկ չգիտեին, որն է դա, իսկ այսօր ավելի շատ տեղեկացված են։

Փոլ Հոբս

Մենք երկուսս էլ խորապես հավատում ենք, որ մեր կատարած աշխատանքն օգնում է այլ ժողովուրդներին գնահատել այլ վայրերի պատմությունն ու կարեւորությունը: Ես քիչ գիտեի Հայաստանի մասին, բայց հիմա շատ ավելին գիտեմ:

- Դուք խոսեցիք արտահանման մասին։ Իսկ որքանո՞վ է ձեզ համար կարեւոր տեղական շուկան:

Փոլ Հոբս

- Տեղական շուկան միշտ հիմնարար կարեւորություն ունի: Եթե դու չունես ուժեղ տեղական շուկա, դու նման ես մարդու, ով հոգի չունի: Պատկերացրեք, որ մարդիկ գալիս են այստեղ եւ չեն գտնում գինիները: Գինու խանութը, որտեղ մենք գտնվում ենք այս պահին, իմաստ է հաղորդում մեր աշխատանքին: Մենք շատ շնորհակալ ենք այս փոփոխության համար, քանի որ այն գոյություն չուներ, երբ մենք սկսում էինք:

Վիգեն Յակուբյան

- Շատ լավ հարց է: Տեղական շուկան միշտ կլինի մեր գինու, պատմության, ամեն ինչի խարիսխը: Այն իր սնուցումն այստեղից է ստանում, եւ եթե դու թույլ ես այստեղ, եթե չես ուզում լինել այստեղ, չեմ կարծում, որ պետք է գինի արտադրես։

Վիգեն Յակուբյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մի բան, որը պետք է նշեմ Փոլի մասին, նրա բացարձակ հարգանքն է, որը ես տեսել եմ երկրի հանդեպ առաջին իսկ օրվանից: Մտածում էի, որ նա մի մարդ է, ով տասնամյակներ շարունակ գինի է պատրաստում եւ գալու է մեզ ինչ-իմաստով դատելու: Բայց նա լսում է գյուղացուն եւ միշտ ասում, որ նրանք գիտեն մի բան, որը մենք չգիտենք: Եվ հենց դա է մեր ծրագրի հիմքում:

Փոլ Հոբս

- Մի զվարճալի պատմություն պատմեմ: Երևի, մոտ 8 տարի առաջ գնացինք մի գյուղ, ու գյուղապետն ասաց՝ գնանք տեղացի տղաներից մեկի տուն եւ փորձենք նրա պատրաստած արտադրանքը։ Շատ հասարակ մի տուն էր, եւ ես իսկապես տպավորված էի, թե որքան համեստ ու անկեղծ են այդ մարդիկ: Նրանք մեզ համար հյուրասիրություն էինք պատրաստել եւ ինչ-ոչ պահի Վիգենն աննկատ թեքվեց իմ կողմ եւ ցածրաձայն հարցրեց. «Արդյո՞ք սրանք անվտանգ են ուտելու համար»: Ասացի՝ այո, իհարկե։ Հետո մեզ ուղեկցեցին ներքնահարկ, որտեղ տան տերն իր գինին է պատրաստում, եւ Վիգենը կրկին հարցրեց. «Ի՞նչ ես կարծում, անվտա՞նգ է այս գինին խմել» (ծիծաղում է- հեղ.):

Փոլ Հոբսն ու Վիգեն Յակուբյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Վիգեն Յակուբյան

- Եվ մենք խմեցինք ու կերանք եւ ամեն ինչ հրաշալի էր: (ծիծաղում է- հեղ.):

Փոլ Հոբս

- Իհարկե, դա ինձ համար բնական միջավայր էր, քանի որ մեծացել եմ գյուղում: Մենք գնալով դառնում ենք ավելի ու ավելի քիչ ագրարային, ապրում ենք քաղաքներում, հեռու ենք այնտեղից, որտեղից գալիս է մեր սնունդը։ Հողն ինձ հիշեցնում է իմ մանկությունը: Ինձ իսկապես հաճելի էր շփվել այդ տղայի հետ: Նրանք զբաղվում են հողագործությամբ այնպես, ինչպես մենք էինք զբաղվում ԱՄՆ-ում 1950-ականներին՝ նախքան առեւտրային գյուղատնտեսության, պարարտանյութերի հայտնվելը:

Վիգեն Յակուբյանի եւ Փոլ Հոբսի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին