×

Ալեքսը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Ալեքսի կամքի ուժով բացած Աղավնատունն ու ԿինԷա գինիները

Դիլիջանից 20 կմ հեռավորության վրա եւ բնության մեջ փակված Աղավնավանք գյուղի մասին ես եւ ինձ պես շատերն իմացել ենք Ալեքսից: Նա հարազատ գյուղի մասին պատմում է աղավնավանքցիների ավանդույթների, խոհանոցի եւ գինու միջոցով:

Ալեքսի հետ զրույցը սկսելիս հարցնում եմ՝ ինչպես որոշեց գյուղում փոփոխություններ բերել. «Դեռ փոքրուց տեսնում էի, որ գյուղում մարդիկ շատ վատ էին ապրում, բայց դրան հակառակ երիտասարդները շատ լավ էին սովորում, հետո լքում գյուղը: Պետք էր մի բան անել, որ այս օրինաչափություն դարձած վիճակը կոտրվեր»:

Մինչեւ սեփական գինին արտադրելն ու Աղավնատուն գինու հյուրատուն հիմնելը, Ալեքսը ֆեյսբուքյան խմբերում հայտարարություններ էր գրում, արշավախմբեր բերում Աղավնավանք եւ արշավների վերջում հյուրերին տանում գյուղացիների տներ, որտեղ լավաշ էին թխում կամ մասնակցում ինչ-որ ավանդական կերակրատեսակի պատրաստման:

GastroVino-ի հետ զրույցում Ալեքսը պատմել է Աղավնավանքի, գինու հյուրատան վերածվող Աղավնատան եւ ԿինԷա գինիների արտադրության մասին:

Խոհանոցն ու ավանդույթները՝ Աղավնավանքի այցեքարտ

Աղավնավանքը 1988-ից հետո վերաբնակեցվել է 17 տարբեր շրջաններից բռնագաղթած հայերով: Շուրջ 300 բնակիչ ունեցող գյուղը մինչեւ այսօր տարբեր մշակույթների, ավանդույթների, խոհանոցների ու բարբառների կրող է: Տարիների ընթացքում խորացող սոցիալական խնդիրները գյուղը ծերացող էին դարձրել, երիտասարդները աշխատանք էին գտնում եւ հեռանում, բայց ես հստակ որոշում ունեի՝ մնալու եմ գյուղում եւ ինչ-որ բան եմ ստեղծելու, որը եւ ինձ կպահի այստեղ, ես ինձ հետ գոնե մի քանի երիտասարդի:

Ալեքսը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Սկզբում ոչ մի բան չկար՝ ոչ Աղավնատունը, ոչ գինիները, ընդամենը կայի ես, ով ֆեյսբուքով հայտարարություններ էր գրում եւ արշավախմբեր բերում Աղավնավանք: Ամենահարուստ անտառներ ունեցող գյուղին ծանոթանալուց բացի՝ հյուրերին տանում էինք նաեւ գյուղացիների տները՝ լավաշ թխելու կամ ինչ-որ ավանդական ուտեստ պատրաստելու:

Հետո որոշեցի Աղավնատուն անունով ավանդական հյուրընկալության կենտրոն ստեղծել, որը, բացի բիզնես լինելուց, առաջին հերթին կունենա սոցիալական կոնցեպտ, որտեղ կներկայացնենք աղավնավանքցիների այցեքարտը՝ հարուստ խոհանոցը: Աղավնատան բացումը եղավ 2019 թվականին:

Կամքի ուժով բացված Աղավնատունը

Աղավնատան քարը քարին դնելը սկսեցի ոչինչ չունենալով՝ կամքի ուժով, սիրով եւ հոգատարությամբ: Նման կենտրոն բացելու գաղափարս շատերի մոտ ծիծաղ էր առաջացնում, ասում էին՝ անհույս բան է, ով պետք է գա, բայց համոզված էի. որ այն հաստատ հաջողելու ներուժ ունի: Ու որքան չէին հավատում, այնքան ավելի էի կամքի ուժով լցվում, որ պետք է սարքեմ, բոլորին հավատացնեմ, որ կլինի:

Ալեքսը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Կառուցելիս ոչինչ չգիտեի, հարազատներս, ընկերներս էին օգնում: Կառուցման ողջ ընթացքը ինտրիգներով լի է եղել, վարպետ չէինք կանչում, ընկերներով հոսանքի մոնտաժ էինք անում, միացնում ու սպասում՝ կամ աշխատի, կամ հրդեհ կբռնկվի (ծիծաղում է-խմբ.):

Շինարարության ընթացքում էլ որոշեցի նաեւ իմպրովիզ անել՝ գինեհյութի նստվածքն օգտագործել շինարարության մեջ: Փայտը գունավորող քիմիական նյութը որոշեցի փոխարինել գինու նստվածքով, որը շատ հետաքրքիր երանգներ ունի: Տարբեր փայտերի վրա փորձեցինք, յուրահատուկ երանգներ ստացանք ու գինու նստվածքն էլ անվանեցինք «վինոգրադնի պենոտեքս»:


Աղավնատանը նաեւ թոնիր ունենք, որը ներսից ամբողջությամբ գինու տակառի տեսք ունի: Ու չնայած ժողովրդական տեսակետին, թե թոնիրը ձմեռը չեն պատում՝ կքանդվի, մենք այն ձմեռը պատեցինք եւ առաջին անգամ շահագործեցինք 2018թ․ դեկտեմբերի 31-ին: Ի դեպ, պարտադիր պայման է, որ թոնիրն, անպայման, բերքատու ծառի չոր ճյուղերով վառվի, որ հացն ավելի համով լինի:


Այդտեղ հյուրերի համար լոշ թխելու վարպետաց դասեր ենք անցկացնում: Լոշը պատրաստվում է թթխմորով, արտաքինից այն ոչ հաց է, ոչ լավաշ:

Կինէա գինիները

Աղավնատան աշխատանքներին զուգահեռ տեղում սկսեցինք նաեւ փոքր քանակությամբ գինի արտադրել: Էնդեմիկ սորտերի հետ էինք աշխատում, որոնք քիչ թե շատ մոռացված են, բայց յուրահատուկ խաղողի տեսակներն են, որոնք լուրջ ազդեցություն են թողել հայկական գինեգործության պատմության վրա:

Արտադրության սկզբում գինիները վաճառում էինք միայն Աղավնատանը, բայց ընթացքում արտադրությունը մեծացրեցինք եւ մեր բրենդի համար ընտրեցին ԿինԷա անունը՝ կապելով հայ կնոջ կերպարի հետ:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


ԿինԷա սպիտակ գինին պատրաստում ենք Նոյեմբերյանի շրջանում աճող Լալվարի սորտից: Տավուշն ընդհանրապես հայտնի է խաղողի սպիտակ սորտերով: Լալվարին յուրահատուկ համ ունի, բայց այգիները շատ քիչ են մնացել:

Կարմիրը պատրաստում ենք Արմավիրում աճող Տիգրանի խաղողի տեսակից: Այն աճում է միայն Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում: Տիգրանին գերակշռող համահոտային երանգներ ունի, որոնք անգամ կուպաժային գինիների մեջ առանձնանում են:

Տարեկան արտադրում ենք մոտավորապես 12 հազար շիշ կարմիր եւ սպիտակ երիտասարդ գինի: Տեղական շուկայում հիմա ներկայացված չենք, վաճառում ենք միայն Աղավնատանը եւ արտահանում Ռուսաստան, փոքր քանակությամբ էլ՝ Վրաստան, Ամերիկա եւ Ավստրալիա:

Սկզբում արտահանելու նպատակ էլ չունեի: Գինին ուղարկել էի Մոսկվայում խմիչքի կորպորատիվներ կազմակերպող ընկերությունում աշխատող ընկերներիս՝ համտեսելու: Գինեսերներին հետաքրքրեց ԿինԷան եւ Մոսկվայից առաջին խմբաքանակի պատվերը ստացա։ Այդպես սկիզբ դրվեց արտահանմանը: Գինին այս տարի կներկայացնենք նաեւ Հայաստանի մի քանի մասնագիտացված խանութներում, բայց մասսայական վաճառք չենք ունենա: Հետագայում կարտադրենք նաեւ 3-4 հազար շիշ ռեզերվային գինի:

Ալեքսը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Աղավնավանքը խաղողի արտադրական այգիներ չունի, քանի որ ամբողջ գյուղն անտառներով է ծածկված, բայց գյուղացիներով ուզում ենք էնդեմիկ տեսակների՝ ցուցադրական այգի հիմնել, ինչը եւս կնպաստի Աղավնավանքը, որպես գյուղական զբոսաշրջության ուղղություն զարգացնելու համար:

Աղավնատունը դառնում է գինու հյուրատուն

2020թ-ին, երբ պատերազմը սկսեց, Աղավնատունը դադարեց գործել եւ մինչեւ այժմ էլ գործում է միայն գինու արտադրամասը: Ես, ընկերներս եւ գյուղի տղամարդկանց մեծ մասը մեկնեցինք Արցախ: Հետ գալուց հետո ուզում էի ավելի շատ կպնել, ամրանալ այն հողին, որտեղ ծնվել եմ, դրա համար պետք է ավելի շատ աշխատել, ավելի շատ ծաղկեցնել այն, ինչ ստեղծել ես:

Ալեքսը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Որոշեցի Աղավնատունն ընդլայնել, տանիքը քանդել, երկրորդ հարկ կառուցել եւ դարձնել գինու հյուրատուն: Այն իր ճարտարապետական տեսքով, մոտիվներով ու լուծումներով ամբողջությամբ գնում է դեպի էնոտուրիզմ: Ամռանը շահագործման պատրաստվող Աղավնատան ներքեւում կլինի գինու արտադրամասը, համտեսի սրահը, իսկ վերեւում հյուրատունը՝ ամբողջությամբ փայտից պատրաստված հինգ սենյակով:

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին