×

Խուլիանա Դել Ագիլա-Էռնեկյանը եւ Սոնա Միքայելյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Bodega del Fin del Mundo գինիների համտեսը Vino & Vino-ի նոր սրահում

Vino & Vino ընկերության նոր համտեսի սրահում անցկացվել է Bodega Del Fin Del Mundo արգենտինական գինիների համտեսը։ Աշխարհահռչակ գինիների եւ ոգելից խմիչքների վաճառքում մասնագիտացված ընկերության համտեսի սրահը գտնվում է Մաշտոց 45 հասցեում գտնվող խանութում։

GastroVino-ի հետ զրույցում Vino & Vino-ի մարքեթինգի ղեկավար Սոնա Միքայելյանը պատմել է, որ սրահի այցելուները կարող են մասնակցել նաեւ համտեսների կամ համտեսել իրենց նախընտրած խմիչքը։

Սոնա Միքայելյանը եւ համտեսի մասնակիցները Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Խանութը բացվել է նախորդ տարվա դեկտեմբերին, անհամբեր սպասում էինք, թե երբ կգա այն պահը, որ կկարողանանք բացել նաեւ այստեղ գտնվող համտեսի սրահը։ Այս գաղափարն այլեւս իրականություն է եւ պատրաստ ենք հյուրեր ընդունել։ Սրահի այցելուները կարող են ընտրել աշխարհահռչակ գինիների եւ ոգելից խմիչքների ներկայացված լայն տեսականուց իրենց նախընտրած խմիչքն ու տեղում վայելել։ Սրահում այցելուները կարող են նաեւ պրոֆեսիոնալ խորհրդատվություն ստանալ իրենց հետաքրքրող խմիչքների վերաբերյալ»,- ասել է Սոնա Միքայելյանը։

Vino & Vino-ում ներկայացված են ոգելից խմիչքներ աշխարհի տարբեր անկյուններից։ Վերջերս ընկերությունը սկսել է Հայաստան ներմուծել նաեւ հայկական «Կարաս» գինիների հիմնադիրների արգենտինական նախագծի՝ Bodega del Fin del Mundo-ի գինիները։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Սրահի բացմանը կազմակերպված համտեսի ընթացքում Արգենտինայում արտադրված գինիները ներկայացրել է «Կարաս» գինիների եւ Bodega Del Fin Del Mundo-ի սեփականատեր եւ նախագահ Խուլիանա Դել Ագիլա-Էռնեկյանը:

Նա պատմել է ապրանքանիշի հետեւում գտնվող մարդկանց՝ իր ընտանիքի անդամների մասին, թե ինչպես են ցեղասպանությունից փրկվելու համար հաստատվել Արգենտինայում, Խորհրդային Միության անկումից հետո վերադարձել Հայաստան, սկսել զբաղվել գինեգործությամբ ու այս ուղղությամբ ներդրում արել Արգենտինայում։

Խուլիանա Դել Ագիլա-Էռնեկյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Այժմ իր ընտանիքը գինի է արտադրում երկու երկրում՝ Հայաստանում եւ Արգենտինայում՝ Պատագոնիայում։ Fin del Mundo-ն այս շրջանի ամենամեծ գինեգործարանն է։ Ինչպես «Կարասում», այնպես էլ այս գործարանում գինու արտադրության համար 100 տոկոսով օգտագործում ենք մեր սեփական այգիների խաղողը։ Սովորաբար գինի արտադրողները խաղող են գնում այլ արտադրողներից, բայց մենք անում ենք հակառակը, ինչը հնարավորություն է տալիս վերահսկել արտադրության ողջ շղթան»,- ասել է նա։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Vino & Vino-ում ներկայացված է Bodega del Fin del Mundo-ի շուրջ 12 գինի, համտեսի ընթացքում Խուլիանա Դել Ագիլա-Էռնեկյանը ներկայացրել է դրանցից 7-ը՝ սպիտակ եւ կարմիր գինիներ, որոնք պատրաստված են «Շարդոնե», «Մալբեկ», «Պինո Նուար», «Սիրա» եւ խաղողի այլ տեսակներից։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Գինիները Պատագոնիայի բնակլիմայական պայմանների վառ արտահայտումն են գինու շշի մեջ՝ անսպասելի զարմացնելով իրենց համահոտային յուրահատուկ նրբերանգներով։

Գինեսերները կարող են ձեռք բերել Bodega DelFin Del Mundo գինիները Vino & Vino-ի խանութ սրահներից կամ առցանց։

Անի Խչոյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյան


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին