2025 թվականը Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի համար մեծ նախագծերի տարի էր, իսկ հաջորդը՝ դրանց իրականացման ժամանակահատված։
Հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը GastroVino-ի հետ զրույցում պատմել է առաջին անգամ Concours Mondial de Bruxelles-ը Հայաստանում անցկացվելու եւ ոլորտի զարգացման ծրագրերի մասին։
Concours Mondial de Bruxelles-ը՝ Հայաստանում
Այս տարվա ամենակարեւոր ձեռքբերումներից մեկն այն է, որ 2026 թվականին Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ կհյուրընկալի աշխարհի ամենամեծ գինու մրցույթը՝ Concours Mondial de Bruxelles-ը։ Սա գրեթե երեք տարի տեւած հետեւողական աշխատանքի արդյունք է, որի ընթացքում հիմնադրամը սերտորեն համագործակցել է մրցույթի կազմակերպիչների հետ։
Մրցույթը Հայաստան կբերի շուրջ 400 միջազգային փորձագետ 65 երկրից՝ լրագրողներ, գնորդներ, մատակարարներ, սոմելիեներ, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ։ Հատկապես կարեւոր է, որ Հայաստանը աշխարհի տարբեր երկրների կրթական ծրագրերում դիրքավորվի որպես գինեգործական երկիր, ինչը հնարավորություն կտա միջազգային հարթակներում ներկայացնել հայկական խաղողի սորտերը, տերուարը եւ հարուստ պատմամշակութային ժառանգությունը։
Միջոցառումն ունի նաեւ զբոսաշրջային եւ բիզնես բաղադրիչ։ Մրցույթից հետո միջազգային լրագրողները հինգ օր բացահայտելու են Հայաստանը, ինչը կնպաստի երկրի ճանաչելիությանը որպես զբոսաշրջային ուղղություն։ Սա դրական ազդեցություն կունենա արտահանման, գինու զբոսաշրջության եւ միջազգային համագործակցությունների զարգացման վրա։
Զարուհի Մուրադյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Concours Mondial de Bruxelles-ի անցկացման համար երկիր ընտրելիս մեծ կարեւորություն է տրվում այդ երկրի գինիների որակին, մշակութային արժեքներին, ենթակառուցվածքներին եւ կազմակերպչական հնարավորություններին։ Հայաստանը կարողացել է բավարարել բոլոր չափորոշիչները։ Ընդ որում` մրցույթի անցկացման համար դիմած երկրների թվում են եղել նաեւ Վրաստանը, Մոլդովան, Ռումինիան։ Տարածաշրջանում առաջին անգամ նման մասշտաբային գինեգործական միջոցառում է անցկացվելու։
Հիմնական միջոցառումը նախատեսված է 2026 թվականի մայիսի 19-ից 23-ը։ Գործընկերներին խնդրել ենք, որ մրցույթի չորս օրերին ավելացվի եւս մեկը, որպեսզի մասնակիցներին հնարավորություն տրվի այցելել Վայոց ձոր, ծանոթանալ Արենիի քարանձավին, մարզի տերուարին եւ գինեգործական ընկերություններին։
Խաղողի տնկարկների ռեեստրը՝ որպես ոլորտի կառավարման գործիք
Մյուս առանցքային եւ երկարաժամկետ ծրագիրը խաղողի տնկարկների ռեեստրի ստեղծումն է, որի ուղղությամբ հիմնադրամը մի քանի տարի շարունակ աշխատել է։ Այն հիմնարար նշանակություն ունի ոլորտի զարգացման համար, քանի որ ցանկացած հաջող քաղաքականություն պետք է հիմնված լինի հստակ տվյալների վրա։
Ռեեստրը թվային հարթակում կներառի ամբողջ խաղողի տնկարկների անձնագրային տվյալները՝ այգիների տեղակայումը, սեփականատերերի տվյալները, սորտերը եւ մշակման նպատակները։ Սա հնարավորություն կտա վերահսկելի դարձնել ամբողջ արտադրական շղթան՝ խաղողի արտադրությունից մինչեւ գինու վաճառք։
Ծրագրի շրջանակում երկու տարի շարունակ անօդաչու սարքերի միջոցով քարտեզագրվել են խաղողի այգիները, հավաքագրվել տառաթվային տվյալներ, իրականացվել են այցելություններ ֆերմերներին։ Այժմ ծրագիրը ավարտական փուլում է, համակարգը գրեթե պատրաստ է, առաջիկայում կհանձնվի վերջնական տարբերակը։
Զարուհի Մուրադյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
2026 թվականին նախատեսվում է խաղողի մթերման պիլոտային գործընթացն իրականացնել ռեեստրի միջոցով։ Բոլոր խաղող արտադրողներն ու մթերողները պարտադիր պետք է գրանցվեն հարթակում, ինչը թույլ կտա հստակ տեսնել՝ որքան եւ ինչ նպատակով է մշակվել խաղողը։
Ռեեստրը կօգնի պետությանը մշակել ավելի նպատակային աջակցման ծրագրեր, ներդրողներին՝ ճիշտ կողմնորոշվել ներդրումային որոշումների հարցում, իսկ վերահսկող մարմիններին՝ ապահովել հետագծելիություն։ Այն կարեւոր դեր կունենա թե գինեգործության, թե կոնյակի արտադրության զարգացման հարցում։
Հիմնադրամի 10-ամյակը եւ ձեռքբերումների ամփոփումը
2026 թվականը խորհրդանշական է նաեւ այն պատճառով, որ լրանում է Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի 10-ամյակը։
Տասը տարվա ընթացքում գրանցվել է զգալի առաջընթաց, գրեթե կրկնապատկվել են գինու արտադրության եւ արտահանման ծավալները, աճել է գինեգործական ընկերությունների թիվը, բարձրացել է մեկ շնչին բաժին ընկնող գինու սպառումը։ Եթե 2018 թվականին Հայաստանում գործում էր մոտ 25 գինեգործական ընկերություն, ապա այսօր այդ թիվը հասել է շուրջ 180-ի։
Չնայած բազմաթիվ մարտահրավերներին՝ պատերազմ, համավարակ, աշխարհաքաղաքական անկայունություն, որոնք անմիջական ազդեցություն են ունեցել սպառման եւ արտադրության վրա, ոլորտը շարունակել է զարգանալ։ Այսօր հայկական գինին ավելի հետաքրքիր եւ պահանջված է միջազգային շուկաներում, եւ եթե նախկինում հիմնադրամն էր առաջարկում համագործակցություններ, այժմ առաջարկներն ավելի հաճախ գալիս են դրսից։ Միասնական աշխատանքի եւ ոլորտի ներսում համագործակցության շնորհիվ Հայաստանը քայլ առ քայլ ամրապնդում է իր դիրքը որպես գինեգործական երկիր։
Անի Խչոյան
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի


×




Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: