Հայ սպառողը գնահատում է շոտլանդական The Macallan վիսկիի ոչ միայն բազմաշերտ համը, այլեւ պատմությունն ու ժառանգությունը: Սրանում համոզվել է բրենդի ամբասադոր Աննա Մետաքսասը՝ Հայաստան իր կարճ այցի ընթացքում։
Նա Երեւանում մասնակցել է հատուկ ընթրիքի, որի ժամանակ հայ սպառողին ներկայացվել է բրենդի նոր փաթեթավորումը։ Այցի ընթացքում Աննան անցկացրել է վիսկիի համտեսի վարպետության դաս, դասընթացներ՝ ալկոհոլի ոլորտի մասնագետների համար եւ ծանոթացել տեղական շուկային։
Լուսանկարը՝ The Macallan
GastroVino-ի հետ զրույցում Մետաքսասը պատմել է 200-ամյա The Macallan-ի եզակիության մասին, բացատրել՝ ինչպես է բրենդը վերահսկում ամբողջ արտադրական շղթան եւ խոսել նոր դիզայնի մասին։
Ներկայացնում ենք Աննա Մետաքսասի հետ հարցազրույցը․
– Ի՞նչն է դարձնում The Macallan-ը եզակի եւ ճանաչելի այլ շոտլանդական վիսկիների շարքում։
– Արդեն 200 տարի է, ինչ գոյություն ունի The Macallan-ը։ Որպես թորման գործարան՝ մենք վերահսկում ենք ոչ միայն վիսկիի պատրաստման գործընթացը, այլեւ տակառների արտադրությունն ու դրանք շերիով հարստացնելու փուլը՝ համագործակցելով Valdespino Jerez-ի հետ: Սա մեզ թույլ է տալիս հասնել բարձրագույն որակի՝ ոչ միայն ճաշակի պրոֆիլում, որը ստանում ենք տարբեր տակառներից, այլեւ բնական գույնի հարցում, որը ստանում է վիսկին տակառից:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Մեր գործընթացը շատ յուրահատուկ է՝ յուրաքանչյուր քայլում ունեցած վերահսկողության եւ հետագծելիության մակարդակների առումով։ Սա թույլ է տալիս ստեղծել ոչ միայն դասական հավաքածուներ, այլեւ ավելի ստեղծագործական տարբերակներ։
– Կարո՞ղ եք նկարագրել 12, 15 եւ 18 տարեկան վիսկիները եւ խորհուրդ տալ, որտեղից սկսել The Macallan-ի փորձառությունը։
– Double Cask հավաքածուն կատարյալ հավասարակշռություն է ամերիկյան եւ եվրոպական կաղնու միջեւ, 100% շերիով համեմված եւ 100% բնական գույնով։ Սա վառ, թարմ, քաղցր եւ էլեգանտ վիսկի է, կատարյալ առաջին ծանոթության համար։
12 տարեկան վիսկին խմելիս զգացվում են թարմ ցիտրուսային նոտաներ, մեղր եւ վանիլ։
15 տարեկանում համերը դառնում են ավելի հարուստ՝ ֆաջ, կաթնային շոկոլադ, համեմունքներ եւ չորացրած մրգեր։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
18 տարեկանում եվրոպական կաղնու ազդեցությունն ավելի խորն է՝ խիտ ֆաջ, թոֆֆի, դառը շոկոլադ եւ համեմունքների բարդ շերտեր։ Սա ավելի կոմպլեքս եւ հասուն վիսկի է։
– The Macallan-ն ունի թե հարուստ համային պրոֆիլ, թե ուժեղ բրենդային պատմություն։ Ձեր կարծիքով՝ հայ սպառողն ավելի շատ գրավվա՞ծ է պատմությամբ, թե՞ համով։
– Ես այստեղ եմ ընդամենը 24 ժամից մի փոքր ավելի, բայց հասկացել եմ, որ հայ սպառողը շատ է գնահատում պատմությունն ու ժառանգությունը։ Դուք ունեք նաեւ սեփական սպիրտային ավանդույթը՝ բրենդին։ Գնահատում եք այն ժամանակն ու գործընթացը, որը պահանջվում է հնացված խմիչք ստեղծելու համար։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Կարծում եմ՝ այստեղ կա որոշակի հարազատություն։ Հաշվի առնելով հնացված խմիչքների նկատմամբ նախընտրությունը՝ դուք, հավանաբար, ավելի լավ եք հասկանում տակառում տեղի ունեցող համային զարգացումը, քան շատերը։ Ուստի կարծում եմ, որ սա պատմության, ժառանգության եւ համի գեղեցիկ համադրություն է։
The Macallan-ին եւ հայ սպառողին միավորում է ժամանակի եւ վարպետության հանդեպ հարգանքը։
– Ինչպե՞ս է The Macallan-ը կարողանում պահպանել համային կայունությունը տարբեր թողարկումների եւ տարիների ընթացքում։
– Հիմնականում սա կախված է տակառներից։ Շոտլանդական թորման գործարանում վարպետների թիմը պատասխանատու է ամբողջ գործընթացի համար, սակայն նրանք սերտորեն համագործակցում են Իսպանիայում գտնվող մեր թիմերի հետ՝ թե տակառների արտադրամասերում, թե Valdespino Jerez -ում, որտեղ պատրաստում ենք շերի մեր տեխնիկական պահանջներին համապատասխան։ Թիմերն ունեն ամբողջական տվյալներ յուրաքանչյուր տակառի վերաբերյալ։ Սա թույլ է տալիս վիսկիներն ըստ համային տեսակների, խորության եւ բնական գույնի։ Քանի որ կարամելային երանգի համար գունանյութ չենք ավելացնում՝ չափազանց կարեւոր է ոչ միայն համի, այլեւ գույնի հետեւողականությունը, որն ապահովվում է բնական գույնով՝ սկսած ամենաերիտասարդ՝ 12 տարեկան վիսկիից մինչեւ ամենահին՝ 84 տարեկան վիսկի։
– Վերջերս The Macallan-ի որոշ վիսկիներ ներկայացվեցին նոր դիզայնով, ո՞րն է դիզայնը թարմացնելու հիմնական շարժառիթը։
– Մեկ տարի առաջ նշել ենք The Macallan-ի 200-ամյակը, ինչը կարեւոր հանգրվան էր մեր պատմության եւ ժառանգության համար, անցկացրել ենք բազմաթիվ միջոցառումներ աշխարհի տարբեր ծայրերում՝ պատմելու մեր պատմությունը եւ հարստացնելու սպառողի փորձը։ Թարմացնելով դասական հավաքածուները՝ նոր կյանք ենք հաղորդել մեր պատմությանը։ Սա ավելի շատ վերադարձ է արմատներին, քան բրենդի թարմացում, պարզապես ավելի բարձր եւ հստակ ենք պատմում մեր պատմությունը սպառողին:
– Դիզայնի փոփոխությունը ազդո՞ւմ է շշի պարունակության վրա։
– Բացարձակապես ոչ։ Փոփոխվել է միայն փաթեթավորումն ու շիշը, ոչ թե վիսկին։ Double Cask եւ Sherry Oak հավաքածուները շարունակում են արտադրվել նույն պրոցեսով։ Թարմացվել է արտաքին տեսքը՝ ընդգծելով գույները, որոնք շատ կարեւոր են The Macallan-ի համար։
Լուսանկարը՝ The Macallan
Կարմիրը ներկայացնում է եվրոպական կաղնին, սպիտակը՝ ամերիկյանը։ Պիտակը դարձրել ենք պարզ ու ընթեռնելի։ Այս թարմացումը նպաստում է, որ մեր արտադրանքը շարունակի լինել ժամանակակից եւ դուր գա ինչպես ավագ, այնպես էլ՝ նոր սերնդին։
– Ո՞վ է դիզայնի հեղինակը եւ ինչո՞ւ ընտրվեց նա։
– Դիզայնի հեղինակը Դեւիդ Քարսոնն է՝ աշխարհահռչակ գրաֆիկ դիզայներ, The Macallan-ի երկարամյա գործընկեր։ Նա օգտագործել է The Macallan-ի վեց հիմնասյուները, պատմությունն ու ժառանգությունը՝ վերափոխելու բրենդի ինքնությունը՝ ներառելով թե լոգոն, թե արշավը, թե փաթեթավորումն ու շիշը։ Նոր լոգոն ներկայացնում է The Macallan-ի թորման գործարանի տանիքը, իսկ փաթեթավորումն ու շիշը ցույց են տալիս բրենդի պատմության տարբեր շերտերը։
- Ո՞րն է The Macallan-ի վերաբերյալ ամենատարածված թյուր պատկերացումը, որը կցանկանայիք պարզաբանել հայ սպառողի համար։
- Կարծում եմ՝ թյուր պատկերացում չէ, պարզապես այն փաստն է, որ մարդիկ բավարար չափով տեղեկացված չեն։ The Macallan-ը եզակի է նրանով, որ իր վիսկիների մեծ մասը շերիով համեմված տակառներում է հնացնում։ Մենք օգտագործում ենք շերիով համեմված տակառներ, որոնք ստեղծվում են մեր սեփական գինով։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Բուրբոնի տակառները՝ որպես արդյունաբերական ստանդարտ, օգտագործում ենք միայն ավելի ստեղծագործական կամ փորձարարական թողարկումների դեպքում։ Մեր ստորագրությունը շերիով համեմված տակառներն են։ Double Cask եւ Sherry Oak հավաքածուներում մեր վիսկիների մեծ մասը հենց այդպիսին է։ Իսկ միայն շատ սահմանափակ թողարկումների դեպքում ենք ավելացնում բուրբոնի տակառներ։ Բայց չկա The Macallan, որը հնացված լինի միայն բուրբոնի տակառներում։
– Կա՞ այլ կարեւոր բան, որ հայ լսարանը պետք է իմանա ապրանքանիշի մասին։
– The Macallan-ը մոտ մեկ տարի է, ինչ Հայաստանում է։ Առաջիկայում կներկայացնենք ավելի լայն պորտֆել՝ տարբեր համային արտահայտություններով։ Յուրաքանչյուր սպառող կգտնի վիսկի, որը համապատասխանում է իր ճաշակին։
Գուցե սխալվում եմ, բայց իմ ունեցած զրույցներից տպավորություն ունեմ, որ Հայաստանում վիսկիի սպառողների մեծ մասը տղամարդիկ են։ Լավ կլինի նշել, որ The Macallan-ը հիմնադրել է Ալեքսանդր Ռիդը, բրենդի կարեւոր կերպարներից մեկը եղել է Ռոդերիկ Քեմփը, բայց 1920-ականներին The Macallan-ի գլխավոր տնօրենը կին էր՝ Ջանեթ Հարբինսոնը։ Հենց նա է պահել The Macallan-ը ամենադժվար ժամանակներում։ Եթե չլիներ նրա նվիրվածությունը, կիրքն ու սերը, հավանաբար The Macallan-ն այսօր այն բրենդը չէր լինի, ինչ կա։ Նրա օրոք է թորվել աշխարհի ամենաթանկ միածիկ վիսկին՝ The Macallan Fine and Rare 1926-ը։
– Եվ վերջում՝ ո՞րն է Ձեր անձնական առաքելությունը որպես The Macallan-ի բրենդ ամբասադոր։
– Առաջին հերթին ապրանքանիշը ներկայացնելն է, մարդկանց օգնելը, որ The Macallan-ը չընկալեն որպես բարդ կամ «վախեցնող» բրենդ։ Վիսկիի աշխարհում շատ տեխնիկական տերմիններ կան, բայց ամենակարեւորը հաճույքն է։ Մենք ուզում ենք, որ մարդիկ հասկանան, թե ինչ են համտեսում, եւ հատկապես՝ ինչու են սիրում։ Մարդիկ կարող են վայելել The Macallan-ը ինչպես ուզում են՝ մաքուր, կոկտեյլում, խառնած ըմպելիքով կամ սննդի հետ համադրված։ Ահա թե ինչու է արդեն 200 տարի ստեղծվում մեր վիսկին։
Անի Խչոյան
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի եւ The Macallan-ի


×




Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: