Աշխարհահռչակ գինիների եւ ոգելից խմիչքների վաճառքում մասնագիտացված Vino & Vino ընկերությունը սպառողներին էլ ավելի մոտ է դարձել: Նոր՝ Մաշտոց 45 հասցեում բացված խանութ-սրահում հաճախորդներին ոչ միայն կօգնեն սիրելի խմիչքների ընտրության հարցում, այլեւ շատ շուտով հնարավորություն կտան տեղում գինու համտեսների մասնակցել:
GastroVino-ի հետ զրույցում Vino & Vino-ի մարքեթինգի ղեկավար Սոնա Միքայելյանը պատմել է նոր բացված խանութի, համտեսի սրահի եւ ընդլայնվող տեսականու մասին:
Նոր խանութ-սրահը
Նոր խանութ բացելու որոշումը վաղուց ունեինք, պարզապես հարմար տարածք չէինք գտնում: Պարոնյան 28/1 հասցեի խանութը, որքան էլ կենտրոնում է, սպառողի համար «ոտքի տակ» չէ: Որպեսզի ավելի մոտ լինենք գինեսերներին եւ մեր առաքելությունն ավելի լավ կատարենք, այն է՝ տարածենք համաշխարհային գինեգործությունն իր բոլոր կանոններով, որոշեցինք կենտրոնում եւս մի խանութ ունենալ: Նոր խանութը գործում է 2023 թվականի դեկտեմբերից 20-ից:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Քանի որ խանութը մասնագիտացված է, մեծ ուշադրություն ենք դարձնում, որպեսզի մեր աշխատակիցները պրոֆեսիոնալ լինեն եւ կարողանան լավագույնս սպասարկել ու օգնել հաճախորդին, դառնան այս ոլորտում նրանց խորհրդատու-ընկերները: Մեր աշխատակիցների թիմը անցել է թե՛ ալկոհոլային, թե՛ սպասարկման ոլորտի վերաբերյալ դասընթացներ եւ վերապատրաստվել Պարոնյանի խանութ-սրահում:
ARARAT կոնյակների ողջ տեսականին՝ խորհրդանշական տարածքում
Vino & Vino-ի նոր խանութի տարածքը մեզ համար նաեւ խորհրդանշական է, քանի որ ժամանակին այստեղ գործել է ARARAT կոնյակների խանութը, իսկ Vino&Vino-ն Երեւանի կոնյակի գործարանի պաշտոնական ներկայացուցիչն է։
Լուսանկարը՝ Vino & Vino
Այս խանութում եւս ներկայացված է ARARAT կոնյակների ամբողջ տեսականին՝ առանձնացված հատուկ դիզայնով դարակաշարով, որտեղ կարելի է գտնել մինչեւ 70 տարի հնացման կոնյակներ։
Լուսանկարը՝ Vino & Vino
Համտեսի սրահը
Մաշտոց 45 հասցեում գործող խանութն իր բնույթով տարբերվելու է մյուսներից, քանի որ ունենալու է նաեւ առանձին համտեսի սրահ՝ գործող գինու բարի նման: Համտեսի սրահ ունենալը հրամայական էր մեզ համար, քանի որ այսքան տեսականի եւ լավ մասնագետներ ունենալով՝ ուզում ենք նաեւ տարածել գինի ըմպելու, եւ ընդհանրապես, խմիչք ընտրելու եւ վայելելու մշակույթը:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Համտեսի սրահը նախատեսում ենք բացել առաջիկա ամսվա ընթացքում։ Այնտեղ ոչ միայն գեղեցիկ մթնոլորտում կկարողանանք համտես անցկացնել, այլեւ հաճախորդը կարող է գալ խանութ, իր գինին ընտրել եւ տեղում վայելել։ Գինու հետ կունենանք նաեւ համապատասխան խորտիկներ:
Սրահում կանցկացվեն թեմատիկ վարպետաց դասեր, ինչպես նաեւ արդեն ավանդական դարձած մեր դասընթացները։
Անընդհատ ընդլայնվող տեսականին
Vino&Vino-ի տեսականին շարունակ ընդլայնվում է։ Մեզ մոտ ներկայացված են 3 հազար դրամից մինչեւ 1 մլն եւ ավել արժողությամբ խմիչքներ: Ունենք նոր բրենդներ, նոր անուններ ամբողջ աշխարհից՝ Նոր Զելանդիայից մինչեւ ԱՄՆ: Բացի գինիներից՝ ունենա նաեւ թունդ ալկոհոլային խմիչքների հետաքրքիր տեսականի՝ գրապա, ռոմ, վիսկի, տեկիլա, մեզկալ, լիմոնչելո եւ այլն: Այստեղ յուրաքանչյուրն իր ճաշակին, քիմքին, գրպանին համապատասխան խմիչք կարող է ընտրել:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Պարոնյանի խանութում էլ, այստեղ էլ գինու մառան ունենք, որտեղ հավաքված են աշխարհի լավագույն ապրանքանիշները, գինեգործության ամենահայտնի անունները, ինչպիսիք են՝ Château Latour, Château Margaux, Château Haut-Brion, Château Mouton Rothschild, Sassicaia, Tignanello, Opus 1 եւ այլն։
Արփի Ջիլավյան
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: