2018 թվականին գինու ոլորտի հետ տարբեր առնչություն ունեցող երեք կանայք որոշեցին ստեղծել իրենց արտադրանքը. հիմնեցին Wine Formula ընկերությունն ու սկսեցին Hovaz wine գինու արտադրությունը։ 2022 թվականին բացվեց նրանց համտեսի սրահը։ Ընկերությունը մտադիր է նաեւ խաղողի այգիներ եւ գինու գործարան հիմնել Տավուշի մարզում։
Hovaz wine-ի գինիների, Տավուշում փրփրուն գինի արտադրելու եւ համտեսի սրահի մասին GastroVino-ին պատմել են Wine Formula-ի համահիմնադիր եւ տնօրեն Վարդուհի Տոնոյանը եւ Hovaz Wine Rooms սրահի պատասխանատու Նելլի Մակինյանը։
Կանացի ընկերություն՝ կանացի գինով
Hovaz wine-ի ստեղծման հետեւում կանգնած է երեք կին, բոլորն էլ գինեսեր են, ընկերությունն առավել հաճախ ներկայանում է Վարդուհի Տոնոյանի դեմքով, ով 2012 թվականից սկսած հայկական ալկոհոլային խմիչքները ներկայացնում է Եվրոպայում։
«2018 թվականին մի քանի էնտուզիաստ ընկերուհիներով որոշեցինք գինու արտադրություն հիմնել։ Բրենդի անուն մտածելու ժամանակահատվածը համընկավ կովկասյան ընձառյուծի՝ Խոսրովի անտառ վերադարձի հետ։ Որոշեցինք բրենդի անունը դնել «Հովազ» եւ շահույթի 10%-ը տրամադրել բնապահպանական կազմակերպություններին՝ կովկասյան ընձառյուծի պահպանման համար»,-
պատմում է Վարդուհի Տոնոյանը։
Վարդուհի Տոնոյանը | Լուսանկարը՝ Hovaz Wine
Hovaz wine-ը արտադրությունը սկսել է կարմիր գինուց, այս պահին ունի չորս տեսակի գինի՝ կարմիր դասական, հնացված, սպիտակ եւ վարդագույն։ Բոլորը միասին՝ ընկերությունն այս պահին արտադրում է 20 հազար շիշ գինի։
Hovaz Wine Rooms՝ համտեսի սրահ
2022 թվականի աշնանը Դիլիջանում բացվեց ընկերության համտեսի սրահը, որտեղ ներկայացված են ինչպես Hovaz wine-ի, այնպես էլ՝ հայկական արտադրության այլ գինիներ։
«Սկսել ենք համտեսի սրահից, բայց նպատակ ունենք Տավուշի մարզում գինու գործարան կառուցել, խաղողի այգիներ հիմնել։ Սրահում պրոֆեսիոնալ համտեսը հնարավոր է միայն մեր գինիներով կամ այլ գինով, եթե գինեգործն է այն ներկայացնում։
Վարդուհի Տոնոյանը | Լուսանկարը՝ Hovaz Wine
Ներկայացված են հատկապես փոքր արտադրողների գինիները, ուզում ենք աջակցել նաեւ Winesofarmenia.store-ի համտեսը հաղթահարած բոլոր գինիների արտադրողներին»,- ասել է Վարդուհի Տոնոյանը։
Hovaz wine-ի գինիները ներկայացնողը
Hovaz wine rooms-ը բաց է 11։00-22։00-ն։ Այցելուները կարող են գալ համտեսի, գինի գնելու կամ մեկ գավաթ գինով, սուրճով աշխատելու։ Համտեսի սրահում հյուրերին դիմավորում է Նելլի Մակինյանը, ով իրենց եւ մյուս արտադրողների գինիները ներկայացնում է ամենապատկերավոր նկարագրություններով, այնքան, որ առանց գինին փորձելու կարող ես համն ու բույրը զգալ։
Նելլի Մակինյանը | Լուսանկարը՝ Hovaz Wine
Hovaz Wine Rooms սրահի պատասխանատու Նելլին պատմել է Hovaz wine-ի սպիտակ, վարդագույն, կարմիր դասական եւ կարմիր հնացված գինիների մասին։
«Սպիտակը խաղողի Կանգուն սորտից է պատրաստվում։ Այս գինուն բնորոշ են մեղրային բույրերն ու համերը, ըմպելիս ցիտրուսային մրգեր են զգացվում, սպիտակ ծաղիկներ։ Մեր սրահում կան գավաթների նկարներ, որոնք ցույց են տալիս խաղողի սորտերին հատուկ համաբույրային պատկերները։ Համտեսների ժամանակ խորհուրդ եմ տալիս օգտվել դրանից, որովհետեւ կարող ես ծանոթ համ զգալ, բայց այդ պահին չհասկանալ, չմտաբերել, թե ինչ է։ Միաժամանակ շեշտում եմ, որ պետք չէ հիմնվել նկարի վրա, ավելի լավ է ասել, թե ինչ համեր ու բույրեր են զգում։
Չնայած գինին աննախադեպ ալկոհոլ ունի սպիտակի համար՝ 14%, բայց բնորոշ է Հայաստանի կլիմային։ Արեւային շատ օրեր ունենք, խաղողի հասունացման ընթացքում շաքարը բարձրանում է եւ ունենում ենք բարձր ալկոհոլով գինիներ»,- ասել է նա։
Համտեսների ժամանակ Նելլին գինեսերներին առաջարկում է կռահել սպիտակ գինու ալկոհոլի քանակը եւ շատերը կարծում են՝ ալկոհոլի պարունակությունը գինու մեջ առավելագույնը 11-12% է։
«Սա նշանակում է, որ գինեգործին հաջողվել է պահել բալանսը։ Սպիտակի համար կատարյալ է 11-12%-ը։ Եթե բարձր ալկոհոլը զգացվի, ապա լիովին կծածկի բույրերն ու համերը, այրող զգացողություն կլինի, գինու պատկերը կփչանա։
Նելլի Մակինյանը | Լուսանկարը՝ Hovaz Wine
Hovaz wine-ի սպիտակը ամառային գինի է։ Համտեսների փորձից մի կարծրատիպ է կոտրվել, որ սպիտակը միայն տաք եղանակին է իդեալական խմելը։ Ամբողջ ձմեռ սպիտակի շատ երկրպագուներ հայտնվեցին եւ այն լավ վաճառվեց»,- ասել է Նելլի Մակինյանը։
Hovaz wine-ի վարդագույնը պատրաստվում է Արենի սորտից, ալկոհոլը 13% է, հատկապես այս տարվա «Երեւանի գինու օրերին» մեծ հետաքրքրություն է առաջացրել։
Լուսանկարը՝ Hovaz Wine
«Այս գինին 2019 թվականի վինտաժ է։ Սպիտակ եւ վարդագույն դասական գինիները խորհուրդ է տրվում ըմպել, երբ դրանք երիտասարդ են, որպեսզի ժամանակի հետ չկորցնեն թարմությունը։ Այս գինին, սակայն, բոլորովին չի կորցրել թարմությունը։ Թեթեւ գինի է, սառը մատուցվելու շնորհիվ թարմություն է փոխանցում։ Կարմիր հատապտուղների բույրեր եւ համեր ունի, ծորենու (բարբարիս) կոնֆետի, չհասած ելակի բույր է զգացվում, որը նաեւ ինձ դրդեց փորձել համադրել թարմ ելակի հետ եւ կատարյալ համադրություն ստացվեց»,- ասել է Նելլի Մակինյանը։
Լուսանկարը՝ Hovaz Wine
Կարմիր դասական գինին պատրաստվում է Արենի խաղողից, այդ սորտին բնորոշ համաբույրային առանձնահատկություններ ունի։
«Ըմպելիս կարող եք բալի, սալորի բույր ու համ զգալ, շատերը շոկոլադի համ են զգում, սա բնորոշ է Արենիին, բայց առավել շատ հատուկ է հնացված գինիներին։ Այն մարմնեղ չէ, թեթեւ կարմիր գինու սիրահարների համար է, ալկոհոլը 13% է։
Լուսանկարը՝ Hovaz Wine
Հնացված կարմիրի ալկոհոլը 13,5% է, 12 ամիս հնացվել է արցախյան տակառում։ Տակառը հրաշալի կերպով հարստացրել է գինու թե բույրը, թե համը։ Ըմպելիս փայտային բույրեր են զգացվում, երբեմն նույնիսկ՝ կաշվի բույր, որը եւս բնորոշ է տակառի ազդեցությանը։ Վերջերս մեր կարմիր ռեզերվը Concours Mondial de Bruxelles մրցույթում ստացավ ոսկե մեդալ։ Այս նույն մրցույթին անցած տարի շահել էինք արծաթե մեդալ։ Այդ նույն գինու նմուշն ուղարկեցինք այս տարի եւ շահեցինք ոսկե մեդալ։ Դա վառ ապացույց է, որ գինին շշի մեջ զարգացել է, էլ ավելի լավացել»,- ասել է Hovaz Wine Rooms-ի պատասխանատուն։
Նա նշել է, որ Hovaz wine-ի բոլոր գինիները հաճելի է ըմպել ինչպես տարբեր ուտեստների հետ համադրելով, այնպես էլ՝ առանց դրանց։
Տավուշը՝ փրփրուն գինու բարենպաստ գինեգործական մարզ
Նելլի Մակինյանը նշել է, որ Hovaz Wine Rooms-ը թույլ է տալիս մեծացնել բրենդի ճանաչելիությունը, միաժամանակ՝ պատմել գործընկերների, գինի պատրաստելու նրանց մեթոդների մասին, ներկայացնել Հայաստանի հարուստ գինեգործությունը։ Նրա խոսքով՝ Դիլիջանն այս նպատակի համար հարմար վայր է, որովհետեւ քաղաք այցելում եմ զբոսաշրջիկներ տարբեր երկրներից։
Hovaz Wine Rooms-ի այցելուները շուտով կկարողանան մասնակցել փրփրուն գինու արտադրության որոշ էտապներին:
Լուսանկարը՝ Hovaz Wine
«Մեր նախագիծը մեկնարկել է տեղում փրփրուն գինու արտադրություն սկսելու մտքից: Մեր փրփրուն գինին արտադրում ենք տրադիցիոն մեթոդով, որի ժամանակ տրասնֆորմացիան խաղաղ գինուց փրփրունի ամբողջությամբ տեղի է ունենում շշի մեջ: Շուտով այցելուները կկարողանան մասնակցել վերջնական էտապներին եւ տեղում համտեսել մեր առաջին փրփրուն գինին: Գինին վարդագույն է, պատրաստվում է Արենի սորտից, բայց մեր ծրագրերում է նաեւ Տավուշին բնորոշ Լալվարի սորտն օգտագործել փրփրունի համար»,- ասել է Նելլի Մակինյանը։
Նա նշել է, որ Տավուշի մարզում արեւային օրեր քիչ են լինում եւ մարզում աճող խաղողից հնարավոր է ստանալ հաճելի, բարձր թթվայնության գինիներ։
«Ցավալի է, բայց նույնիսկ մեր հայրենակիցներից քչերը գիտեն, որ Տավուշն էլ մեր հիմնական գինեգործական մարզերից մեկն։ Այն սպիտակ, փրփրուն գինիների համար բարենպաստ գինեգործական մարզ է։ Տեղում պատրաստված փրփրուն գինի փորձելու հնարավորությունը այդ փաստը մատուցելու լավագույն տարբերակն է»,- ասել է Նելլի Մակինյանը։
Անի Խչոյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: