Տոնական սեղանին հայկական գինի ունենալու համար Եվրոպայում բնակվող հայերին ու եվրոպացիներին այսուհետ բավարար է ընդամենը մի քանի «քլիք» անել:
Եթե նախկինում պետք էր ամիսներ առաջ ընկեր-բարեկամներին խնդրել, որ Հայաստանից գինի ուղարկեն կամ փնտրել այն մասնագիտացված խանութներում, այսօր արդեն Winesofarmenia.store օնլայն հարթակը ձեր նախընտրած հայկական գինին կհասցնի Եվրոպայի ցանկացած անկյուն: Առաքումն իրականացվում է ընդամենը 1-3 օրում, քանի որ գինիներն ուղարկվում են ոչ թե Հայաստանից, այլ՝ Բեռլինում ստեղծված միասնական լոգիստիկ պահեստից:
Լուսանկարը՝ Wines of Armenia
Օնլայն հարթակը Wines of Armenia մեծ նախագծի մի բաղադրիչն է: Այն իրականացնում են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունն (GIZ) ու Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը՝ ԱԿԲԱ Ֆեդերացիայի աջակցությամբ:
«Wines of Armenia-ն երեք բաղադրիչ ունի: Առաջինը՝ Բեռլինում հայկական գինիների միասնական լոգիստիկ կենտրոնն է, երկրորդը՝ Winesofarmenia.store առցանց առեւտրի հարթակը, երրորդը՝ հաճախորդների սպասարկման կենտրոնը, որը պատասխանում է առաքման եւ գինիների հետ կապված ցանկացած հարցի», - ասում է GIZ-ի կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն եւ ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի փորձագետ Սիրվարդ Ամատունին:
Նախագիծը մեկնարկել է 2018թ.-ին, իսկ 2019թ.-ին բարձրացվել է Եվրոպայում հայկական գինիների միասնական կենտրոն ունենալու հարցը: Հատկապես համավարակի շրջանում ակնհայտ է դարձել՝ առանց տեղում միասնական պահեստ ունենալու, լոգիստիկան բարդ խնդիր է դառնում ու դժվարանում է աշխատանքը Եվրոպայի դիստրիբյուտորների հետ:
«Համավարակի ժամանակ անհնար դարձավ նաեւ օֆլայն վաճառքն ու անհրաժեշտություն առաջացավ ստեղծել օնլայն վաճառքի կետ: 2021թ.-ի դեկտեմբերից սկսեց գործել Winesofarmenia.store-ը: Դրա հիմնական նպատակներից մեկն է օգնել որակյալ գինի ունեցող փոքր եւ միջին արտադրողներին հասնել եվրոպական շուկա: Անհատապես սա անելը շատ բարդ կլիներ, քանի որ ԵՄ-ում գործող դիտրիբյուտորները նախընտրում են աշխատել խոշոր արտադրողների հետ», - ասում է Սիրվարդ Ամատունին:
Սիրվարդ Ամատունին | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Նրա խոսքով՝ հարթակից գնումներ են կատարում ոչ միայն ԵՄ տարածքում բնակվող հայերն, այլեւ՝ եվրոպացիները: Winesofarmenia.store-ը հասանելի է հինգ լեզվով՝ իտալերեն, գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն եւ ռուսերեն.
«Զբոսաշրջիկները, վերադառնալով իրենց երկիր, կարող են այն պատվիրել Wines of Armenia հարթակի միջոցով, ունենալ տանը կամ նվիրել ընկերներին: Այս մեկ տարվա տվյալներով գնումների առումով առաջատար է գերմանական շուկան, հետո Ֆրանսիան է, Մեծ Բրիտանիան: Գնորդների թվում թե՛ հայեր են, թե՛ եվրոպացիներ: Վերջինների համար հայկական գինին հաճելի, «էկզոտիկ» բացահայտում է»:
Դեկտեմբերի 6-ից հունվարի 6-ը Winesofarmenia.store-ում գինիների մեծ մասի վրա գործում է 10 տոկոս զեղչ:
Հարթակի ստեղծման ու առաջխաղացման հարցում GIZ-ին ու Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամին աջակցել է ԱԿԲԱ Ֆեդերացիան:
Լուսանկարը՝ Wines of Armenia
«Մեր կազմակերպության նպատակն է ամեն կերպ աջակցել նորարարական գյուղատնտեսության զարգացմանը: Ցավոք, այսօր Հայաստանում գյուղատնտեսությամբ զբաղվողների միջին տարիքը 60 տարեկանն է: Աշխարհում մրցունակ լինելու համար գործընթացներում պետք է ներգրավվել երիտասարդների: Այս առումով Wines of Armenia նախագծի նպատակները համընկնում են մեր առաջնահերթություններին», - ասում է ԱԿԲԱ Ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Հարություն Պողոսյանը:
Նրա խոսքով՝ իրենց նախաձեռնությամբ ԵՄ տարածքում իրականացվել են մարքեթինգային գործառույթներ, որոնց նպատակը հայկական գինիների ու դրանց վաճառքի օնլայն հարթակի ճանաչելիության բարձրացումն էր:
Լուսանկարը՝ Wines of Armenia
Հայկական գինիները Եվրոպայում ճանաչելի դարձնելու մյուս ճանապարհը միջազգային ցուցահանդեսներին մասնակցելն է: Այստեղ եւս Wines of Armneia հարթակը գործառույթներ ունի:
«Եթե նախկինում expo-ների համար գինիներ էին տեղափոխում Հայաստանից, ինչը բարդ էր ու թանկ, հիմա հնարավոր է ցուցահանդեսների համար գինիներ առաքել Բեռլինի լոգիստիկ կենտրոնից», - ասում է Սիրվարդ Ամատունին:
Նրա խոսքով՝ Wines of Armenia նախագիծը նույնպես կազմակերպում է ճանաչողական միջոցառումներ ու համտեսներ: Նոյեմբերի 24-26-ը նման միջոցառում անցկացվել է Գերմանիայում.
«Հիմնական թիրախը հայ համայնքն էր, քանի որ շատ դեպքերում տեղի հայերն էլ լավ ծանոթ չեն հայկական գինիներին: Համտեսից հետո իրենք կարող են մեր գինու «դեսպաններ» դառնալ ու տարածել այն արդեն իրենց ընկեր եվրոպացիների շրջանում»:
Լուսանկարը՝ Wines of Armenia
Winesofarmenia.store-ում ներկայացված լինելու կարեւորագույն չափանիշը գինու որակն է:
«Այն ստուգելու ամենաարդար մեխանիզմը կույր համտեսն է, որն իրականացնում ենք Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի հետ համատեղ: Գինիները գնահատում են արտադրողները՝ իմանալով միայն դրա գույնն ու խաղողի տեսակը:
Հարթակում ներկայացվում են այն գինիները, որոնք 100 բալից 85 եւ ավելի բալ են ստանում», - ասում է Սիրվարդ Ամատունին:
Նախագծի մեկնարկից առ այսօր անցկացվել է երկու կույր համտես եւ նոր համտեսի արդյունքներով օնլայն հարթակի տեսականին պարբերաբար թարմացվում է: Այսօր Winesofarmenia.store-ում հասանելի է 100-ից ավելի հայկական գինի՝ 21 արտադրողից:
Գինու կույր համտես | Լուսանկարը՝ Wines of Armenia
«Wines of Armenia-ն ավելի ճանաչելի է դարձնում ոչ միայն օնլայն հարթակում ներկայացված գինիները, այլեւ նպաստում է առհասարակ հայկական գինու տարածմանը Եվրոպայում եւ աշխարհում», - ասում է Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը.
«Կարելի է ասել՝ այս հարթակը Հայաստանի գինիների դեմքն է»:
Հիմնադրամի տնօրենի խոսքով՝ Եվրոպա ուղարկվող բոլոր գինիների պիտակները թարգմանվում են եւ համապատասխանեցվում անհրաժեշտ ստանդարտներին:
Զարուհի Մուրադյանը | Լուսանկարը՝ Wines of Armenia
«Winesofarmenia.store-ի կարեւոր առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ կարողանում ենք ուղիղ կապ ապահովել գինին արտադրողի ու գնորդի միջեւ: Յուրաքանչյուր ամիս ընկերություններին վաճառքների մանրամասների վերաբերյալ հաշվետվություններ են ուղարկվում, այնպես որ արտադրողը հասկանում է՝ ով է իր գնորդը, որ երկրից ու ինչ է հիմնականում պատվիրում», - ասում է Զարուհի Մուրադյանը:
Յանա Շախրամանյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: