Տպագրիչներ 13 հասցեում վերջերս բացվել է «Ջերմոց» սրճարանը։ Այցելուներին այն առաջարկում է բարձրորակ սուրճ, համեղ սնունդ եւ հաճելի մթնոլորտ։
Սրճարանի համահիմնադիրներից Տիգրան Մելքոնյանը, որը զբաղվում է վիդեո եւ լուսանկարչությամբ, GastroVino-ին պատմել է, որ, «Ջերմոցն» իր սրճարանային առաջին նախագիծն է, այն շատ ավելի բարդ, բայց նաեւ ավելի հաջողված է, քան ինքը պատկերացնում էր։ Նա նաեւ պատմել է Թորգոմ պապի արվեստանոցի տարածքը սրճարան դարձնելու, ճաշացանկի «փոթորկի» եւ մյուս ուտեստների մասին։
Ինչո՞ւ «Ջերմոց»
Սրճարանի կոնցեպտը մաքսիմում շատ բույսեր է ենթադրում, այս պահին եղած բույսերի քանակը մեզ չի գոհացնում, բայց շատացնելու ենք, տարածքն էլ՝ ավելի կանաչեցնելու։ Ջերմոցն ասոցացվում է տաք, հարմար միջավայրի հետ, իսկ մեր տարածքն օրվա ընթացքում արեւոտ, լուսավոր է լինում, այցելուներն իրենց հանգիստ ու հարմարավետ են զգում։
Շատ սրճարաններ եմ գնում եւ փորձել եմ «Ջերմոցում» հավաքել այն ամենը, ինչ չեմ գտել մյուս վայրերում։ Օրինակ՝ քաղաքի ակտիվ փողոցներում, եթե փորձես սրճարանից մի պահ դուրս գալ ծխելու համար, անցորդները կարող են վրայովդ անցնել, որովհետեւ սրճարաններն ավելի շատ ակտիվ վայրերում են։ Տպագրիչները Երեւանի իմ ամենասիրելի փողոցներից է, զարմանում եմ, որ մինչեւ հիմա այսքան հանգիստ է մնացել։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Աշխատանքային օրերին փողոցի այս հատվածում կայանված շատ մեքենաներ կան, իսկ երեկոյան եւ հանգստյան օրերին կատարյալ լռություն է, այնքան հանգիստ, որ կարող եք լսել թռչունների երգը։
Թորգոմ պապի արվեստանոցը
Այս տարածում տասնամյակներ առաջ եղել է Թորգոմ անունով մի քանդակագործի արվեստանոց։ Հարեւանները պատմում են, որ նա չշփվող մարդ է եղել, ասում են՝ ամեն առավոտ երկու կարտոֆիլ, մեկ հավկիթ ցանցավոր տոպրակի մեջ դրած եկել է արվեստանոց, դուռը բացել, զբաղվել քանդակներով եւ երկրորդ հարկից նայել, թե ինչ տեսք ունեն իր ստեղծագործությունները։ Նրա մահից հետո տարածքը մի քանի անգամ սեփականատեր է փոխել, բայց ոչ ոք չի վերանորոգել։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Վարձակալության պայմանագիրը կնքեցինք 2022 թվականի մայիսի 25-ին, սրճարանը բացվեց 2023թ․ ապրիլի 28-ին։
Որակյալ սուրճ
Լավ սուրճի մեծ սիրահար եմ։ Սուրճի նկատմամբ սերն արթնացրել է ընկերներիցս մեկը՝ Արթուր Լյումենը։ Կարեւոր էր, որ «Ջերմոցում» լինի լավ սուրճ եւ այցելուն կարողանա ընտրել ոչ միայն Ամերիկանոյի եւ Կապուչինոյի միջեւ, այլ, թե որ երկրից բերած հատիկով է ուզում խմել սուրճը։ «Ջերմոց» գալիս են «քթի մազ» սուրճ սիրողները, իսկ նրանց համար պատրաստված սուրճը պետք է որակյալ լինի, լավ բովված, ճիշտ պատրաստված, մատուցվի ճիշտ բաժակով եւ ջերմաստիճանով։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Մեզ մոտ սուրճի երկու տեսակի հումք կա, որոնք վերցնում ենք Lumen Coffee-ից։ Առաջինը Կոստա Ռիկայից եւ Եթովպիայից բերված սուրճերի խառնուրդ է, 50/50 հարաբերակցությամբ, 100% Արաբիկա։ Այս պահին երկրորդ սուրճը Եթովպիայից է բերված, բայց պարբերաբար փոխվելու է, օրինակ՝ 10 օրից կարող եք այստեղ խմել Քենիայից բերված սուրճ, հետո՝ Կոստա Ռիկայից։
Համեղ ուտեստներ
«Ջերմոցում» մատուցվում են ուտեստներ, որոնց համար մարդիկ Երեւանի կենտրոնի ակտիվ հատվածից կգան դեպի Տպագրիչների փողոց։ Ճաշացանկում կան ինչպես վերցրած ու փոփոխած բաղադրատոմսերով, այնպես էլ՝ մեր շեֆ խոհարարի հեղինակային ուտեստները։ Ունենք հավով սենդվիչ, որը մի կողմից շատերին ծանոթ է, բայց մյուս կողմից՝ տարբերվող համ ունի, որովհետեւ գետնանուշի կարագով է։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Մատուցում ենք «Սպիտակ փոթորիկ» կոչվող ուտեստը, որի անվանումն արագ ենք որոշել եւ մեզ դուր չի գալիս, բայց այնքան համեղ է, որ մենյուն փոփոխելիս ուտեստը կպահենք, իսկ անվանումը՝ կփոխենք։ Այն պատրաստվում է սպիտակ ֆունչոզայով, սերուցքային սոուսով եւ կարամելով։ Մեր շեֆ խոհարարի բաղադրատոմսն է։ Ճաշացանկում փորձել ենք շեշտադրել կարտոֆիլը։ Երեւանում կարտոֆիլով քիչ ուտեստներ կան։ Մենք չունենք ֆրի, գյուղական կարտոֆիլ, բայց փոխարենն ունենք Բենեդիկտ։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ամեն տեղ այն սաղմոնով է, մեզ մոտ՝ կարտոֆիլով։ Ունենք Նյոկի, բաթաթով (քաղցր կարտոֆիլ) պատրաստված ուտեստ եւ բոլորի սիրելի տապակած կարտոֆիլը, բայց կրկին յուրօրինակ համով ու գեղեցիկ մատուցմամբ։
Super friendly սրճարանը
«Ջերմոցը» սթարթափ է, նախագծի վրա աշխատում է մոտ քսան մարդ եւ բոլորն իրար օգնում են տարբեր գործերում։ Մեզ հաջողվել է հավաքել թիմ, որի անդամները հաճույքով են գալիս աշխատանքի, բոլոր իրավիճակներում ինքնակազմակերպվում։ Տասն օրվա ընթացքում ինքս էլ փորձել եմ տարբեր գործեր անել, հասցրել եմ մատուցող լինել ու համոզվել, որ այն ինձ մոտ շատ վատ է ստացվում։ Հյուրերին սուրճն անհաջող մատուցելուց հետո էլ որոշել եմ, որ էլ երբեք ոչինչ չեմ մատուցելու։
Տիգրան Մելքոնյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Ջերմոց» սրճարանը super friendly միջավայր է ոչ միայն աշխատակիցների եւ այցելուների, այլ նաեւ նրանց կենդանիների համար։ Այցելուները կարող են գալ կենդանիների հետ, եթե, իհարկե, համոզված են, որ նրանք սրճարանը չեն ավիրի (ծիծաղում է-խմբ.)։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Սրճարանը բացվում է 09։00-ին, փակվում՝ 23։00-ին։ Ժամանակի հետ գուցե աշխատանքային ժամերը վերանայենք։ Առաջիկայում նախատեսում ենք նաեւ դրսում մի քանի սեղան ունենալ։
Անի Խչոյան
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: