×

Արթուր Լյումենն ու Շանթ Ղազարը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Lumen Coffee-ի ցիկլը՝ կանաչ սուրճի բովումից մինչեւ գավաթ

Մինչ Շանթը պատրաստվում է բովարան տանել կանաչ սուրճի հատիկները, Արթուրն արդեն բովածն է աղում՝ v60 ֆիլտրված սուրճը ստանալու համար: Արթուր Լյումենն ու Շանթ Ղազարը Lumen Coffee սրճարան-խանութի հիմնադիրներն են, ասում են՝ սիրում են սեփական ձեռքով պատրաստել իրենց հաճախորդների երազած սուրճը:

Շանթ Ղազարը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Երեւանի կենտրոնի բակերից մեկի անկյունում «թաքնված» Lumen Coffee-ի համային նոտարներն արդեն վաղուց սրճարանի պատերից շատ հեռու են տարածվել: Հիմնադիրները GastroVino-ին ծանոթացրել են 2021 թվականի մարտին բացված սրճարան-խանութի ստեղծման պատմությանը եւ ներկայացրել սուրճի պատրաստման ամբողջ շղթան՝ կանաչ սուրճից մինչեւ բաժակ:

Բաժակով սուրճի նախավաճառքը

Արթուր. Մասնագիտացված սրճարան-խանութ բացելու գաղափարն առաջացավ 2020-ին՝ Շանթի հետ ծանոթանալուց հետո, ով 7 տարի սուրճի բարիստա է աշխատել, որից վերջին 4 տարին՝ Հալեպում: Նրա հետ կոնցեպտը մշակեցինք, հասկացանք՝ մեզ ինչ է պետք եւ ինչից սկսել:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Աշխատանքներին անցնելուց մի քանի օր հետո համավարակային իրավիճակը մեզ հարցի առաջ կանգնեցրեց՝ շարունակե՞լ նախագիծը, թե՞ ոչ, քանի որ մեր ֆինանսական աղբյուրները դադարեցին գործել: Այնուամենայնիվ, որոշեցինք չհանձնվել եւ սրճարանի բացման համար անհրաժեշտ միջոցները գտնել crowdfunding-ի միջոցով, ինչը մեզ մոտ մի քիչ ստանդարտներից դուրս ստացվեց:

Արթուր Լյումենը Լուսանկարը՝ Մեդիամաքս


2020-ի օգոստոսին հայտարարեցինք crowdfunding-ի մեր գաղափարի՝ 40% զեղչի կտրոնով սուրճի նախավաճառք մասին: Այսինքն՝ մարդիկ նախապես գնում էին իրենց սուրճը, իսկ այն վերցնում բացվելուց հետո: Այս գաղափարը հետաքրքրեց ոչ միայն անհատներին, այլեւ մեծ ընկերություններին, որոնք իրենց աշխատակիցներին բաժակով սուրճ հյուրասիրեցին:

Արթուր Լյումենը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ֆլեշմոբի մեկնարկից մինչեւ այսօր Lumen Coffee-ի վաճառած բաժակով սուրճի քանակն արդեն հասել է շուրջ 34 հազարի:

Կանաչ սուրճը՝ Եթովպիայից, Եմենից, Քենիայից...

Արթուր. Lumen Coffee-ում կանաչ սուրճ ներկրում ենք Եմենից, Եթովպիայից, Քենիայից, Կոստա Ռիկայից: Շուտով սուրճ կբերենք նաեւ Կոլումբիայից:

Ներկրում ենք միայն 100% արաբիկա տեսակի սուրճ: Ի տարբերություն ռոբուստայի, արաբիկան ավելի նուրբ սուրճ է, եւ դրա աճեցման համար ավելի մեղմ պայմաններ ու հատուկ բարձրություն է անհրաժեշտ: Արաբիկան հիմնականում աճում է հասարակածի վրա ընկնող երկրներում, որտեղ ջերմաստիճանը շատ չի տատանվում: Այն հարուստ է շատ տարբեր համերով եւ յուրաքանչյուր երկրի արաբիկա իր համային նոտաներն ունի:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մինչ մեզ անհրաժեշտ քանակությամբ սուրճ պատվիրելը, օնլայն caping score ենք անում, այսինքն՝ նայում ենք բոլոր պարամետրերը՝ որ երկրից է, ով է ֆերմերը, ընտրում ենք մոտ 10-15 տեսակի սուրճ, պատվիրում ենք փոքրիկ փաթեթներով՝ մոտ 250 գրամ կամ կես կիլոգրամ, բովում ենք մեզ մոտ, եթե արդարացնում է սպասելիքները, արդեն մեծ քանակությամբ ենք պատվիրում:

Բովումը

Շանթ. Ներկրած կանաչ սուրճը պահում ենք մեր բովարանի վերեւի հատվածում: Այն պետք է պահվի 25-ից ցածր ջերմաստիճանում՝ 6 ամսից մինչեւ 2 տարի, դրանից հետո կանաչ սուրճը կորցնում է իր համային հատկությունները:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մինչ բովելն ու բովելուց հետո սուրճի համի վրա շատ բաներ կարող են ազդեցություն ունենալ՝ սկսած այն բանից, թե բերքը հավաքելուց հետո ինչպես է առանձնացվել դրա վրայի կեղեւը: Սուրճի երկրներում այն հիմնականում առանձնացնում են երկու տարբերակով՝ washed (լվանալով) եւ natural (բնական ճանապարհով):

Washed-ի դեպքում սուրճը հատուկ ապարատի միջոցով լվանում են եւ վրայից կեղեւը դուրս է գալիս: Natural-ի դեպքում լցնում են հատուկ ծղոտե սեղանների վրա, որտեղ մնում է 3-4 շաբաթ, այնուհետեւ բնական ճանապարհով դուրս է գալիս կեղեւը: Այս դեպքում կեղեւի մրգային համերը մտնում են սուրճի մեջ:

Շանթ Ղազարը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Արթուր. Սուրճը չես կարող բովել, անմիջապես հետո աղալ եւ խմել: Իսկական համերը փոխանցելու համար բովելուց հետո այն պետք է 2-3 օր թողնել, որպեսզի գազերը դուրս գան, համերը ստաբիլանան, նոր միայն պիտանի դառնա խմելու համար:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Սովորաբար բովելուց, աղալուց հետո քափինգ ենք անում. հատուկ լայն գդալներով վերցնում ենք բաժակի մեջ լցված սուրճը, նրանից հոտ քաշում եւ հատուկ ձայնով կում անում հեղուկը: Այդ կերպ սկսում ես դրա համային բոլոր նոտաները զգալ: Այս պրոցեսին կարող են մասնակցել նաեւ մեր հաճախորդները:

Պատրաստման եղանակները՝ 30 վայրկյանից 24 ժամ

Արթուր. Մեր մենյուում ներկայացված 12 տեսակ սուրճերից յուրաքանչյուրն իր պատրաստման առանձնահատուկ եղանակն ունի՝ քեմեքս, աէրոպրեսս, քոլդբրյու եւ այլն: Մեզ մոտ ամենակարճ պատրաստման եղանակն էսպրեսոյինն է՝ մոտ 27-30 վայրկյան: Սուրճ ունենք, որի պատրաստումը տեւում է 24 ժամ: Սուրճը լցնում ենք հատուկ տարայի մեջ, ջուր ավելացնում, թողնում 24 ժամ թրմվելու: Այսինքն՝ տվյալ օրը սարքում ենք հաջորդ օրվա համար:

Շանթ Ղազարը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Սուրճ ունենք, որը պատրասվում է 6 ժամվա ընթացքում: Աղացած սուրճը լցվում է հատուկ տարայի մեջ, իսկ դրա վերեւում կախված մեկ այլ տարայից ջուրը 5 վայրկյանը մեկ կաթիլ-կաթիլ թափվում է սուրճի վրա, 6 ժամվա ընթացքում «հավաքվում» է պատրաստի սուրճը:

Սովորեցնել սիրել սուրճը

Շանթ. Լավ սուրճ պատրաստելու համար երկու բան է պետք՝ սուրճի «գիտություն» եւ տեխնիկա: «Գիտությունը» սովորել եմ Լիբանանում, իսկ տեխնիկան ու արագությունը՝ Հայաստանում: Հիմա այդ երկուսի կիրառումը փորձում եմ տալ մեր հաճախորդներին՝ այսինքն` սովորեցնել ոչ միայն համեղ սուրճ ընտրել, այլեւ սիրել դրա պատրաստման ողջ շղթան:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Արթուր. Երբ հաճախորդին պատմում ես իր համար պատրաստվող սուրճի մասին, նա ավելի շատ է սկսում սիրել այն, ստացած ինֆորմացիան ավելի է մոտեցնում մարդուն սուրճին:

Արթուր Լյումենն ու Շանթ Ղազարը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Շուտով կսկսենք նաեւ փոքրիկ տեսահոլովակներ պատրաստել, որտեղ կպատմենք՝ ինչպես տան պայմաններում ճիշտ սուրճ պատրաստել, ինչպես սուրճը պահել տանը, որպեսզի համը մաքսիմալ պահպանվի եւ կարողանան զգալ այն:

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին